HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Այլընտրանքային էներգետիկան Հայաստանի համար «ճոխություն» է

Ամբողջ աշխարհում զարգանում է այլընտրանքային էներգիան, օգտագործում են վերականգնվող աղբյուրներ, սակայն Հայաստանում այս ուղղությամբ արդյունքները շոշափելի չեն: Այստեղ էներգիայի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ «ավանդականը»՝ մեծ հիդրոկայանները, ատոմային էներգետիկան և ջերմակայանները:

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Աղեկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ոլորտում աննախադեպ ծրագիր է իրականացվել: Նրա խոսքով, եթե 2002թ-ին գործում էր մոտ 20 ՓՀԷԿ, այսօր դրանց թիվը մոտ 170 է: Կան նաև կառուցման փուլում գտնվողներ փոքր հիդրոկայաններ:

Լևոն Աղեկյան

Լ. Աղեկյանն ասում է, որ 2002թ-ին ՓՀԷԿ-երի կողմից արտադրվել է 150 մլն կվտ/ժ  էներգիա, իսկ վերջին տարիներին մոտ 700 մլն կվտ/ժ-ից ավելի:

«Սա լուրջ հաջողություն է, աննախադեպ է: Ոչ մի երկրում նմանատիպ զարգացում, ընդամենը 10-12 տարվա ընթացքում չի կատարվել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՓՀԷԿ-երի համար տրվել է շատ ճիշտ սակագին, որը մասնավոր բիզնեսի մոտ առաջացրել է հետաքրքրություն: Բոլոր փոքր ՀԷԿ-երը մասնավոր են և կառուցվել են սեփական միջոցներով»,-ասում է Լ. Աղեկյանը:

Անդրադառնալով ՓՀԷԿ-երի կողմից առաջացրած բնապահպանական խնդիրներին, գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը նշում է, որ դրա հիմնական մեղավորը կոնկրետ ՓՀԷԿ-ն է, ոչ թե պետությունը: Ըստ նրա՝ ջրի համար գոյություն ունի սանիտարական նորմ, պետք է հետևել, որ նորմատիվային պահանջները պարտադիր պահպանվեն և գետի ջուրը 100 տոկոսով չվերցնեն և ուղղեն էներգիայի ստացմանը: Եթե չեն կատարվում այդ նորմերի պահանջները, ապա միակ մեղավորը փոքր ՀԷԿ-երն են, դրանց սեփականատերերը:

Աշխարհում մեծ թափով զարգանում է նաև հողմային էներգետիկան: Այդ ուղղությամբ Հայաստանում առաջընթաց գրեթե չկա: Լևոն Աղեկյանն ասում է, որ 2000-ական թվականների սկզբներին իրականացվել են քամու էներգիայի ներուժի հետազոտություններ: Սակայն, հողմակայանների համար գործող սակագինը բերում է նրան, որ մասնավոր բիզնեսը չի ցուցաբերում հետաքրքրություն:

«Այստեղ խնդիր կա, որը պետք է լուծել: Ոչ մի մասնավոր ներդրում չի անի, եթե ետգնման ժամկետը շատ մեծ է: Ես չեմ կարող ասել, որ լավ սակագին չէ, ինքս նմանատիպ  հետազոտություններ չեմ կատարել, բայց եթե լիներ այնպիսի սակագին, ինչպիսին տրվեց փոքր ՀԷԿ-երին, ապա համոզված եմ, որ մասնավոր բիզնեսը շատ արագ այդ ոլորտում ակտիվություն կցուցաբերեր: Կարծում եմ, որ պետք է վերանայել սակագինը և հիմա այդ գործընթացը գնում է»,-ասում է Լևոն Աղեկյանը:

Ըստ նրա՝ 10-15 տարի առաջ կատարված հետազոտությունները, քամու չափագրումներն արդեն հնացել են: Այն ներուժը, որ գնահատված էր, արդեն չի համապատասխանում իրականությանը, և նվազման միտում է նկատվում: Պետք է նորից կատարել չափագրումներ:

Շատ է խոսվում հատկապես արևային էներգիայի մասին: Լևոն Աղեկյանն ասում է, որ արևային էներգիան ցրված էներգիա է և չի կարող հանդիսանալ որպես էներգիայի հիմնական աղբյուր:

«Երբ ասում են արևային երկիր է՝ իհարկե ճիշտ է, ուրիշ հարց, որ պայմանավորված գործող տեխնոլոգիաներով արևային էներգիայի ինքնարժեքը բարձր է և շահութաբերություն ապահովող սակագինն ավելի բարձր կլինի, քան թե վերջնական սպառողի համար գործող սակագինը: Արևային էներգիայի մասնագետն ասում է՝ շատ է արևը, էժան է և այլն: Ոչ, բացարձակ էժան չէ: Այո շատ է, բայց ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ արևային էներգիան կայուն չէ: Ոչ քամու, ոչ արևի էներգիաները կայուն չեն, դրանք խիստ տատանողական են ըստ ժամերի, եղանակների և տարվա սեզոնների: Դրանց վրա հիմք դնելը սխալ է: Ատոմային կայանը, գործող երկու հիդրոկասկադները, ջերմակայանները բազիսային են, արևայինն ու հողմակայանները չեն կարող հանդիսանալ որպես էներգիայի հիմնական աղբյուրներ: Դրանք և թանկ են և անկայուն»,-նշում է Լ. Աղեկյանը:

Օրինակ՝ Գերմանիայի գյուղական վայրերում համատարած օգտագործվում են արևային տեխնոլոգիաները, սակայն անհատ սպառողի համար, դրանք համակարգային չեն: Այնտեղ գոյություն ունի սուբսիդավորման ռազմավարություն: Պետությունը գումարներ է հատկացնում «կանաչ էներգետիկայի» զարգացման համար և հենց դա է բերել արևային էներգետիկայի զգալի զարգացմանը: Հայաստանում վերականգնվող էներգետիկան չի սուբսիդավորվում և էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումը մնում է սպառողի հայեցողությանը: 

«Մի տեղ կարդացի, որ Հայաստանի ամբողջ տարածքը կարելի է ապահովել միայն արևային էներգիայով: Դա նոնսենս է: Ասենք թե, ֆոտովոլտային կայանը կառուցեցինք: Այդ էներգիան ցերեկը պետք չէ, պետք է երեկոյան, իսկ երեկոյան արև չկա, ի՞նչ պետք է անենք: Կամ պետք է ջուր տաքացնենք, որ հետո այդ տաք ջուրը օգտագործենք, կամ մարտկոցներ լիցքավորենք, որոնք կբավարարեն էլեկտրաէներգիայով 24 ժամ: Իսկ դրա համար պետք է կայանի հզորությունից չորս անգամ ավելի հզոր մարտկոցներ տեղադրվեն, ինչը բերում է ներդրման ծախսերի ավելացմանը» -ասում է Լ. Աղեկյանը:

Արևը ամառվա սեզոնին տալիս է էներգիա օրվա ընթացքում 5-6 ժամ, ձմռանը՝ ավելի քիչ: Լևոն Աղեկյանն ասում է, որ միայն արևային էներգիայի արտադրանքի  դեպքոմ հնարավոր չի լինի էներգիայի գրաֆիկի ապահովումը, քանի որ այդ էներգիան կայուն չէ:

«Մաքուր էներգիա» ՀԿ նախագահ Վահե Դավթյանն էլ կարծում է, որ այլընտրանքային էներգետիկայի ներդրման նպատակահարմարության հարցը պետք է բաժանել երկու մասի: Առաջինը տնտեսական մասն է:

Վահե Դավթյան

Հայաստանում գործող միակ հողմակայանը կառուցվել է 10 տարի առաջ՝ իրանական դրամաշնորհի շրջանակներում: Այն գտնվում է Լոռու մարզում: Քամուց ստացված էլեկտրաէներգիայի սակագինը գերազանցում է 40 դրամը, ինչն այն սակագինը չէ, որը կարող է մրցակցային և նպատակահարմար լինել սպառողի համար:

Ըստ ՀԿ-ի նախագահի, նույնը վերաբերում է նաև արևային էներգիային, թեև վերջինս ավելի էժան է: «Առանց պետական սուբիսդավորման այլընտրանքային էներգետիկան Հայաստանում և որևէ այլ երկրում չի կարող զարգանալ: Բավականին թանկ է, պահանջում է ենթակառուցվածքներ, որն այսօր չկան Հայաստանում: Նույն հողմակայանը կառուցելու համար մոտ 5 մլն դոլար է ծախսվել: Բնականաբար վերադարձնելիության խնդիր է առաջանում»,-ասում է Վահե Դավթյանը:

Զրուցակցիս խոսքերով պետության կողմից սուբսիդավորումը մեծ հարցականի տակ է, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առանց այն էլ Հայաստանում կա էլեկտրաէներգիայի ավելցուկ և չգիտեն, թե որտեղ այն սպառել: Եթե տարիներ առաջ լայն թափով գործում էին գործարանները, էլեկտարական տրանսպորտը, էլեկտրագնացքները, այսօր այդ ներքին սպառումը քչացել է: Այդ տարիներին նույնիսկ նախատեսվել է էլեկտրաէներգիա արտահանել մինչև Իրաք, ինչն այսօր երազանք է:

«Այս պայմաններում լրացուցիչ էլեկտրաէներգիա արտադրող համակարգեր ստեղծելը զուտ տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ: Բայց մենք ունենք պետական, ազգային անվտանգության հարց: Այս առումով պետական ծրագիր պետք է իրագործվի՝ համապատասխան հզորություններ ստեղծելու համար»,-ասում է Վահե Դավթյանը և հավելում, որ եթե առաջնորդվենք միայն բիզնես շահերով, ապա այսօր նպատակահարմար չէ նույնիսկ ատոմակայանի շահագործումը:

Նրա խոսքով՝ էլեկտրագեներացման մեջ ատոմակայանի «փայաբաժինը» կազմում է մինչև 30 տոկոս: Իսկ Ռուսաստանից վերջերս ստացված 30 մլն դոլարի դրամաշնորհը և 270 մլնի վարկը լուրջ բեռ է մեզ համար և հաշվարկված է, որ այն անդրադառնալու է արտադրվող վերջնական սակագնի վրա՝ 2,5 դրամի չափով: Սակայն այն մեզ համար ազգային անվտանգության խնդիր է լուծում և մի կողմ է դրվում տնտեսական նպատակահարմարությունը: Վահե Դավթյանն ասում է, որ պետությունը նույն կերպ պետք է վարվի նաև այլընտրանքային էլեկտրաէներգիայի դեպքում:

«Մաքուր էներգիա» ՀԿ նախագահի խոսքով՝ իրենք ունեն գիտական ուսումնասիրություններ, ոլորտը զարգացնելու առաջարկություններ, սակայն տնտեսական և բիզնես շահի գործոնը խանգարում է:

Վահե Դավթյանի նկարը՝ իր ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (8)

Ավետ
Ըստ պարզ հաշվարկների փոքր ՀԵԿ- երի արտադրած էլ․ էներգիան պետք է գրեթե համարժեք լիներ ՀԱԷԿ արտադրանքին, սակայն սակագների բարձրացման ժամանակ բոլորովին այլ հիմնավորումներ է բերվում, իբր ատոմակայանը մի քանի ամիս պարապուրդ է տվել և այլն։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ փոքր ՀԷԿ-ի արտադրած հոսանքը իր պարամետրերով ամենևին պիտանի չէ օգտագործման համա։ Էներգետիկայի մասնագետները դա գերազանց գիտեն և ավելի լավ կարող են բացատրել։ Այդ անորակ հոսանքը նրանք խառնում են ընդհանուր կաթսա ,որը կարգավորվում և նորմալացվում է ԱԷԿ կամ ՋԷԿ-երի միջոցով և ի վնաս վերջինների։ Սակայն փոքր ՀԷԿ-երը իրենց ոչ պիտանի հոսանքը վաճառում են սպառողին որպես նորմալ, այն էլ ավելի թանկ քան ԱԷԿ-ը։Պարզ ե որ նման գին նրանց համար Ռ․ Նազարյանը սահմանել է ոչ գեղեցիկ աչքերի համար։
Արա
Կարծում եմ արևային մարտկոցների առավել լայն կիրառման համար, բացի սուբսիդավորումից (որն ինքնին շատ կարևոր է) անհրաժեշտ են մի շարք փոփոխություններ: Օրինակ Հոլանդիայում արևային մարտկոց ունեցողները կարող են տեղադրել հատուկ հաշվիչներ, որոնց միջոցով ցերեկն արտադրված ավելորդ հոսանքը մտնում է ընդհանուր ցանց և հաշվիչը ետ է պտտվում... Այսինքն ավելորդ հոսանքդ ,,վաճառում,, ես էլցանցին, իսկ պակասի դեպքում գնում...
Ռոբերտ
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՓՀԷԿ-երի համար տրվել է շատ ճիշտ սակագին, որը մասնավոր բիզնեսի մոտ առաջացրել է հետաքրքրություն: Բոլոր փոքր ՀԷԿ-երը մասնավոր են և կառուցվել են սեփական միջոցներով»,-ասում է Լ. Աղեկյանը: Պարոն Աղեկյանի արտահայտած մտքերը ճիշտ են, բայց ժամանակավրեպ։ Մասնավորապես` ՁորաՀԷԿ֊ը այսօր նույնպես համարվում է ՓՀԷԿ (կառավարության համապատասխան «որոշումից» հետո), բայց այն կառուցվել է անցյալ դարի քառասունական թվականներին և ոչ մասնավոր միջոցներով, իսկ ՍԵՓԱԿԱՆատերն այդ «Որոշման» արդյունքում ըստ «Ճիշտ» Սակագնի տարեկան ստանում է ավելի քան 3,000,000 ( երեք միլիոն) ԱՄՆ դոլլարի ՆՎԵՐ…
Mushegh
fotovoltayin kayan..hehe es mi 20 tari achkis het ek hastat.. google arek abengoa u tesek inch arevayin kayanner kan hybrid vor 24 jam energia en talis.. dzer pokr heker@ sahmanapak energiayi axbyur en.. arevi energian shat ejan e ete ogtagortsvum e hayelain havakman metode u vochte fotovoltayine.
Գեւորգ
Քամու եւ արեւային էլեկտրոկայանները անհարմար ու թանկ են իրենց անկայուն արտադրողականությամբ: Հայաստանում սակայն տեղանքային հնարավորություններ կան բարձրադիր (բարձր ճնշումային) ու փոքր ծավալով ջրային կուտակիչ ավազանների օգտագործման համար, որը լիովին կարող է ծածկել վերը նշված բացասական գործոնները ու որակյալ էներգիա ստանալ:
Random Armenian
Armenia cannot build all of its electricity needs on only renewables, but they can be an important way to supplement them. Solar hot water heating is perhaps the best way. Industrial areas using solar panels during the day to supplement the electricity they use from regular sources. Here's a recent story from Hetq on the beneficial usage of solar hot water heating in a rural area: http://hetq.am/eng/news/62012/solar-power-proves-a-successful-energy-alternative-in-armenias-basen-community.html Solar hot water heating works great with and without natural gas supplies. If you have it, then the gas is used when the sun is not heating the water. Imagine this on all rural schools where the kids have heat and hot water during the day when the sun shines. And you pay less for gas on top of that. Solar hot water pays for itself within a few years. Solar hot water systems can also become a local industry.
Գեւորգ
1. Հարգելի Դավիթ, Ձեր ,,ուղղումը,, ճիշտ չէ: Կվտ - ը հզորության միավոր է, այն էներգիա չէ, էներգիան չափվում է (կվտ x ժամ) - ով: Տեքստում նույնպես սխալ է գրված՝ (կվտ/ժամ) - ը իմաստ չունի: 2. Պ-ն Աղեկյանը ճիշտ է նրանով, որ քամու եւ արեւի արտադրած էլեկտրոէներգիան իսկապես թանկ ու անհարմար են: Սակայն արեւի ջերմային էներգիայի անմիջական օգտագործումը (ասենք՝ ջրատաքացման եւ ջեռուցման համար) զգալիորեն պարզ ու էժան է եւ շատ երկրներում է տարածված (համակցված ավանդականի հետ): Այս առումով Հայաստանում գործնական մեծ հնարավորություններ են երեւում:
Rafffi
Once again, mediocre specialists spout off on a subject they seem uninformed of. Aghekyan plays word games when he says that the negative impacts of small hydro-plants are the result of nefarious owners rather than the government. Many of these plants are owned by none other than government officials and their cronies. Of course the responsible govt agencies are no interested in monitoring the operations of such hydro-plants!! Aghekyan must have his head in the sand!! Does anyone actually believe that these small hydro-plant owners are concerned about Armenia's deteriorating environment? They couldn't give a rat's ass about it. Are you telling me that solar power,in a country like Armenia, isn't viable in the long-run? Over the border in Turkey, village homes almost are all outfitted with some kind of solar water heater contraption. Question - if Armenia has a surplus of electricity why has the consumer rate gone up? Answer - Corruption, lack of vision, and government incompetence;just to name a few issues holding the country back.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter