HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եղնիկների» Նովիկ. «Չեմ էլ սպասում ինչ-որ գնահատականի»

Նայում եմ փայտյա խարխուլ տնակի պատուհանի մոտ նստած նախկին հրամանատար Նովիկ Գյուլումյանին: Նա այն մարդկանցից է, որոնց համար պատերազմի մասին խոսելը դժվար է: Մեր զրույցի սկզբում դադարները նմանվում էին մեծ տարածությունների՝ ամայի, փոշոտ, սառը: Նովիկը հարցին կարճ է պատասխանում, ես լռում եմ: Նա չի շարունակում խոսքը, իսկ ես փորձում եմ հարց չտալ: Հրադադարից 22 տարի անց նա, թերևս, առաջին անգամ է խոսում իր անցած ճանապարհի մասին:

Երբ պատերազմն անխուսափելի էր

Նովիկ (անձնագրով՝ Արմո) Գյուլումյանը ծնվել է Շահումյանի Վերինշեն գյուղում: Այդտեղ էլ ամուսնացել է: 4 երեխա ունի: Գյուղն այն ժամանակ ուներ 5.500 բնակիչ, իսկ ամբողջ Շահումյանի շրջանում բնակչությունը մոտ 16.000 էր:

1989 թ. նախապատերազմական շրջան էր: Ասում է՝ հասկացել էին, որ պատերազմն անխուսափելի էր: Ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները ռուսների հետ գալիս էին գյուղի բարձունքին կանգնում, բարձրախոսներով հայտարարություններ անում, թե անձնագրային ստուգում է, պետք է մտնեն գյուղ: «Առիթ էին փնտրում գյուղ մտնելու, իսկ եթե մտնեին, կզինաթափեին մեզ և կտարհանեին գյուղը: Այսինքն՝ գյուղն ավելի շուտ կհայաթափվեր»,- նշում է զրուցակիցս:

Նույն թվականին Վերինշենի ներքևի թաղամասի տղերքով ձևավորվում է գյուղի առաջին ջոկատը, այնուհետ վերին թաղամասում՝ երկրորդը: Հետո երկու ջոկատները միավորվում են, հրամանատար են ընտրում Սամսոն Մարիանյանին: Վերջինս, զրուցակցիս խոսքով, առողջական խնդիրներ ուներ: Մանաշիդում վիրավորված երկու հոգու հետ նա գնում է բուժվելու: Հրամանատար է դառնում Նովիկ Գյուլումյանը:

Ջոկատի կամավորների թիվն աընդհատ մեծանում էր՝ անցնելով 70-ից: Տղաների պաշտպանության տակ էին նաև Բուզլուխն ու Էրքեջը: Կապը հարևան Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի հետ էր: Ռադիոկապն արդյունավետ չէր, ձիով էին գնում-գալիս: Այդ ժամանակ Գետաշենում Թաթուլ Կրպեյանի ջոկատն էր: Վերինշենցիները զենք-զինամթերք էին տանում նրանց համար, իսկ Մարտունաշենում «Արաբո» ջոկատն էր:

Նահանջ Շահումյանից

Շահումյանի գրավումը կազմակերպված հարձակում էր Կիրովաբադում տեղակայված ռուսական (նախկին խորհրդային) 23-րդ դիվիզիայի կողմից: 1992-ի հունիսի 13-ն էր: Այդ ժամանակ արդեն Բուզլուխն ու Մանաշիդն ընկել էին, և նույն ճակատագիրը սպասվում էր Վերինշենին: Դրան նախորդող օրը Նովիկը կազմակերպում է վերինշենցիների տարհանումը: Դրա համար պաշտպանություն էր անհրաժեշտ: «Մի 20 տղա եմ ուղարկում, որ կազմակերպեն բնակիչների տարհանումը: Ասացի՝ մեքենաների մեջ իրեր չդնեն, բնակիչներին տեղավորեն, հանեն գյուղից: Տղերքը գնում են, կազմակերպում են էդ ամեն ինչը, բայց մենակ մի հոգի է հետ գալիս, էն էլ անհայտ կորում է: Չգիտեմ էլ՝ ինչու հետ չեկան, երևի գնացին ընտանիքների հետ»,- ասում է նա:

Շահումյանի գրավման առավոտյան 3 ավտոմեքենաներով գյուղ է գնում: Շրջում են գյուղի փողոցներով, տներով, վերցնում են մնացած մարդկանց: «Ահագին մարդ ենք հանել: Ծեր ամուսիններ կային, էդպես էլ դուրս չեկան գյուղից, մնացին: Ավտոն կանգնեցրինք, բայց չուզեցին գան»,- նկատում է նա: Թաղերում պտտվելիս ադրբեջանցիներն արդեն գյուղ էին մտել: «Ես տեսել եմ, թե տանկերը ոնց են մտել գյուղ»,- սա ասելուն պես լռում է: Իրենց հաջողվել է գյուղից դուրս գալ:

Նովիկն ասում է՝ Հայաստանից Վազգեն Սարգսյանն ասել էր՝ դիմացեք, տանկեր եմ ուղարկելու: «Բայց էդպիսի բան չեղավ, սուտ էր: Այս մասին կա Շահենի գրքում»,- նկատում է նա:

«Օգնության մասին ես խոսում, մինչդեռ... Երևում է, որ դա կազմակերպված բան է եղել, չգիտեմ՝ ում հետ: Շահենն է գրել այդ մասին, ասել է՝ դա Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր»,- շարունակում է զրուցակիցս:

Վերինշենից տարհանված բանկիչները, ըստ նրա, շատ տանջալից ճանապարհ անցան: Մեքենան որտեղ հնարավոր էր, տարել էր, հետո մի մասը Երիցմանկուք-Ջրաբերդ ճանապարհով էին գնացել, մի փոքր մասը՝ Թալիշի ճանապարհով:

«Ես Թալիշով եմ իջել, Հակոբ Կամարի գյուղ կա՝ նախկին Լյուլասազ, եկա էդտեղ, «Տիգրան Մեծ» ջոկատի տղերքն էին մի քանի հոգի, մեկ էլ Հատուկ գնդի Վոլոդյա Կարապետյանը՝ մի «Ֆագոտ» դրած, արդեն ռուսի տանկը Մատաղիսում էր: Ուզում էինք խփել: Մի օր առաջ որ ռուսները պիտի մտնեին Կարաչինար, Վոլոդյան էստեղից հրաման է ստանում, որ Հատուկ գունդը պիտի դուրս գա: Դա կազմակերպված էր վերևից: Անձամբ Լևոնն (նկատի ունի ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին- հեղ.) էր հրաման տվել, որ գունդը դուրս գա: Վոլոդոյան չի համաձայնել, իսկ վերևից նորից հրաման եկավ, որ ինքն արդեն հրամանատար չէ, ուրիշին էին նշանակել»,- վերհիշում է նա: Հետո ձեռքով կոշտ տրորում է ճակատը: Երբ Հատուկ գունդը դուրս եկավ, Վոլոդյա Կարապետյանը եկավ Շահեն Մեղրյանի մոտ, ասաց, որ չի կարող հետ գնալ:

Հունիսի 13-ին երեկոյան Նովիկն իր ջոկատով Գյուլիստանում էր՝ Շահեն Մեղրյանի մոտ: 3 օր անց Շահենի հետ հանդիպել են Մատաղիսում: Այդ ժամանակ արդեն Թալիշն ընկել էր: Այնուհետ Հաթերքում մնացին մի քանի օր. բնակիչների տարհանումն էին կազմակերպում: Հաթերքում էլ Մեղրյանն ասել էր պարտիզանական ջոկատ ձևավորելու մասին: «Ասացի՝ իմ ջոկատի տղերքին հավաքեմ, դուք էլ ձեր տղերքին հավաքեք, ինչքան կարաք: Ինձ ասացին՝ գնացեք, տեղը գիտեք, բազայի համար տեղ արեք: Գնացինք, բազայի տեղն արեցինք: Էդտեղ շատ էի եղել, մեր որսատեղն էր, տարածքն ընտրեցինք, բարձրացանք Քաչալ սար, ասացի՝ ամեն ինչ արված ա: 7 հոգով էինք»,- ասում է Նովիկը:

Դիվերսիաների մասին

1992-ի հունիսի 21-ին ձևավորվել է «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը: Առաջին մեկ շաբաթը նախնական հետախուզություն էին անում, որից գետո սկսել էին դիվերսիոն գործողությունները: Շահեն Մեղրյանը ջոկատի հրամանատարն էր, Նովիկ Գյուլումյանը՝ տեղակալը: 

«Մեղրյանի ծրագիրն էսպիսին էր՝ դիվերսիան անում էինք տարբեր ուղղություններով, կարճ ժամանակում պիտի լինեինք ամեն գյուղում: Ասենք, մի օր եղել ենք Վերինշենում, մի բան ենք արել, մյուս օրը հասել ենք Թալիշ, երրորդ օրը՝ Սարսանգ: Թուրքերի մեջ էնպիսի կարծիք կար, որ մենք շատ ենք: Դա հսկայական տարածք էր: Մի օրում անցնում էինք 40 կմ, մեր բեռն էլ թեթև չէր, նաղդ իմ բեռը մի 30 կիլո էր»,- նշում է զրուցակիցս: Մինչ 1993-ի ապրիլ ջոկատը գործել է ամբողջությամբ շրջափակման մեջ: Այդ ժամանակահատվածում մի շարք դիվերսիաներ են իրականացրել: Բազմիցս մտել են Վերինշեն, որն արդեն թալանված, քանդված էր: Իր տունն է գտել:

93-ի հունվարին 5 օրով Երևան էր եկել՝ ընտանիքին գտնելու համար: Մոտ 8 ամիս լուր չուներ ընտանիքի մասին: Շահումյանցիներին բերել էին Երևանի ավտոկայանի մոտ գտնվող գիշերօթիկ դպրոց: Այդտեղից էլ մի մասին տարել էին Երրորդ գյուղ, մի մասին էլ՝ Արարատի մարզի Կիրովի սովխոզի դպրոցին կից շենքը: «Ժողովրդին տեղավորելուց հետո Շահենը կանչեց մեզ: Տղերքին հավաքեցի, գնացի: Պլանն էսպիսին էր, խոսքը Շահումյանը վերցնելու մասին էր: Ասում էր՝ ես պիտի գնամ Երևան, շատ զենք, մարդ բերեմ, դուք պլանավորված հետախուզություն պիտի անենք: Ինքը հետ եկավ, որ պիտի իր հետևից զենք, մարդ ուղարկեին»,- նշում է նա:

Արտատափը, որ պետք է ծածուկ մնար

Մեղրյանի հրամանն է եղել, որ Արտատափում տեղակայված բազայի մասին չիմանային՝ բացի ջոկատի տղերքից: Նույնիսկ շփոթեցնում էին ուղղաթիռների օդաչուներին: Ուղղաթիռն իջնում էր Քաչալ սարի վրա, որտեղից ոտքով մոտ 10-12 կմ՝ դեպի Արտատափ: Այդտեղից էլ գնում էին Եղակեր: Այստեղ հիմնավորեցին երկրորդ բազան: Ուղղաթիռներն իջնում էին Եղակերի վրա արդեն այն ժամանակ, երբ Վազգեն Մանուկյանն ասել էր, որ գործողություներ են սկսելու այդտեղ:

Արտաքին աշխարհի հետ կապը միայն ուղղաթիռներով էր. դրանք բերում էին սնունդ, անհրաժեշտ իրեր: «Էդ ուղղաթիռների օդաչուները հերոս էին: Նրանք գիտեին, որ վտանգը կա, իրենց կարային խփեին, բայց մեկ է՝ թռնում էին»,- նշում է նա: Երբեմն անբարենպաստ եղանակի պատճառով ուղղաթիռները չէին գալիս: «Այդ ժամանակ ի՞նչ էիք անում, որտեղի՞ց էիք գտնում սնունդը»,- հարցնում եմ նրան:

Մեղմ ժպտում է: Ասում է՝ որս էին անում կամ դիվերսիա էին անում Շահումյանի գյուղերում. իրենց կարտոֆիլը, որ չէին հասցրել հավաքել, քանդում էին, բերում, մի անգամ նույնիսկ ճանապարհին մի «բիտոն» պանիր էին գտել:

Տոնաշենի մարտը

Մարտի 27-ին՝ Տոնաշենի կռվի ժամանակ, Նովիկը ոտքից վիրավորվել է: Այդ օրը մերոնք 3 զոհ, 5 վիրավոր տվեցին: Կռիվը բաց դաշտում էր: Ծանր լինելը պայմանավորված էր մի քանի խմբերի կողմից անսպասելի հարձակումներով: Նովիկն ասում է՝ իրենք հիմնվել էին Ղարաբաղի հետախուզության տվյալների վրա, ըստ որոնց, Տոնաշենում միայն մի խումբ կար: Մինչդեռ հետո պարզվեց, որ մի քանի տների մեջ մի քանի խմբեր կան: «Մենք եկանք առաջին տան վրա, պարզվեց կողքերի տներում էլ խմբեր կան: Մեր մեջքից ոնց որ խփեին մեզ: Հետո ղարաբաղցիները չէին պատկերացնում, որ «Եղնիկները» կարող էին գործողություն անել: Հետո վիրավորվեցինք»,- ասում է նա:

Վիրավորներին տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, թեև ուղղաթիռը դիերով պիտի գնար Երևան: Երրորդ օրը մահացավ կոկորդից վիրավորված 22-ամյա Հայկը: Նովիկի ձայնը խզվում է: Ասում է՝ տղան նոր էր ամուսնացել:

Հոսպիտալում Նովիկին տեսության էր գնացել գեներալ Գուրգեն Դալիբալթայանը, իսկ երկրորդ օրը՝ այն ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս իր հետ քարտեզ էր տարել ու դիմել Նովիկին, որ «Եղնիկների» բազայի տեղը նշի: Նովիկն էլ պատասխանել էր, թե «անգրագետ մարդ է, քարտեզներից գաղափար չունի»: Դա, իհարկե, այդպես չէր:

Դիվերսիաներից տպավորիչը

Քարվաճառի ազատագրումից առաջ ջոկատի տղաները դիվերսիա էին արել Սարսանգի ջրամբարի մոտ: Փակել էին Սարսանգից Հաթերքով դեպի Քարվաճառ տանող ճանապարհը, որպեսզի հակառակորդը զինամթերք չկարողանա տանել հարկ եղած դեպքում:

«3 սուտկա անընդհատ կռիվ ենք տվել, պահել ենք, որ էդտեղով ոչ մի զինամթերք չանցնի դեպի Քելբաջար: Ուրիշ է, երբ կարճ մտնում ես, դիվերսիան անում, դուրս գալիս, այլ բան է, որ մի տեղում մի քանի օր ես մնում: Այդպես քո տեղը իմանում են: Թաքնվելու տեղ էլ չկա, ճանապարհ էր, դրանից վերև էինք կանգնում: Մեզ սկսել էին խփել, բայց կանգնեցինք, խփեցինք»,- ասում է զրուցակիցս:

Ապրիլի 2-ին Քարվաճառն ազատագրվեց:

Մեղրյանի չիրագործված երազանքը

Նովիկը հիշում է, որ Մեղրյանին վերջին անգամ հանդիպել է Հայկի հուղարկավորության ժամանակ, որից հետո գնացել է Նորքի հիվանդանոց: Այդտեղ էլ 93-ի ապրիլի 17-ին իմացել է հրամանատարի զոհվելու մասին: Այդ մասին չի ուզում խոսել: Շահենի զոհվելու պատճառները մինչ օրս անհայտ են Նովիկի համար:

«Շահենի զոհվելուց հետո հետո շատ բան կոտրվեց: Տղերքը հուսով էին, որ Շահումյանը 100 տոկոսով վերցնելու էին՝ 93-94-ին: Վստահ եմ, որովհետև ամեն ինչ դրան են տանում, նախապատրաստություններն արվել էին: Ինքը որ եկավ Երևան, հետ եկավ, տեսա, որ նաստրաենին էն չէր, բայց չէր կոտրվում, ասում էր՝ ասում էինք, որ վերցնելու ենք, վերցնելու ենք: Երկրորդ հարցն ա՝ կկարողանայի՞ն պահել, թե ոչ»,- նշում է ազատամարտիկը: Շահենի հուղարկավորության օրը, շարունակում է խոսքը, տղերքը դուրս են եկել Գյուլիստանից: Թվով քիչ են եղել, բայց հարձակման վտանգ չի եղել: Եթե նրանք մնային, հետագայում մարդիկ կմիանային:

«Էդպես էլ չկարողացա պարզել՝ ո՞վ է հրաման տվել, որ իրենք դուրս գան, զարմանալի էր, ոնց որ ուղղաթիռի հարցը: Էն սահմանը, որ Ղարաբաղի ու Շահումյանի միջև գծած էր (նկատի ունի նախկին ԼՂԻՄ-ի ու Ադրբեջանական ՍՍՀ-ի Շահումյանի շրջանի սահմանը- հեղ.), տղերքն անցած են եղել, հրաման են տվել, բերել կանգնեցրել էնտեղ, ոնց որ Սովետի ժամանակ էր: Այսինքն՝ թե՛ Ղարաբաղից, թե՛ Հայաստանից չեն ուզել գնալ»,- ասում է նա:

Վերքերը դեռ չլավացած՝ Նովիկը վերադարձել էր «Եղնիկներ»: «Տղերքը սպասում էին, Չալյանն (Սերգեյ Չալյանը ջոկատի շտաբի պետն էր- հեղ.) արդեն ոտքը անդամահատել էր, ասացի՝ եկեք ընտրենք Սերգեյին, զբաղվի էդ գործով, չէին ուզում, բայց համոզեցի: Հրամանով հրամանատար չէին նշանակել մինչև 95 թ.: Շահենից հետո հրամանատար չունեինք, դա մեր մեջ էինք ընտրել»,- ասում է նա: 

Շահումյանը մնաց

Ասում է՝ այն քչերից էր, որ հրադադարի լուրը վատ ընդունեց: Այդ ժամանակ հասկացան, որ Շահումյանն ազատագրելու գործը մնաց: «Հույս ունեինք, որ կվերցնեինք այն»,- նշում է նա, դարձյալ լռում: Ձեռքը նորից կոշտ քսում է ճակատին, հետո հայացքը հառում գետնին:

Մինչ 2006 թ. ծառայել է զինվորական համակարգում: 2003-06 թթ. Հաթերքում իր իսկ կազմավորած պայմանագրային գումարտակի հրամանատարն էր: 2006-ից թոշակի է անցել:

22 տարվա հեռավորությունը

Առաջին աստիճանի «Մարտական խաչ», «Արիության» և գերատեսչական տարբեր մեդալներ ունի, դրանց տեղն, ասում է՝ ազնվությամբ չգիտի. կնոջից, երեխաներից հարցնենք, կասեն: «Կյանքում մեդալ չեմ կպցնի»,-նշում է Նովիկը:

Թեև բնակվում է Երևանում, բայց մտքերով թափառում է Շահումյանում: Ժամանակի ընթացքում ծննդավայրի կարոտը խտանում է ու հանգիստ չի տալիս: Չի համակերպվում Երևանին, իսկ երեխաները հարմարվել են: «Չիմացանք՝ ժամանակը ոնց թռավ, ոնց մեծացանք»,- ասում է նա: Պատերազմի հավանակություն, ըստ Նովիկի, միշտ էլ կա, և եթե լինի, ասում է, իր ուժերի ներածին չափով կրկին կգործի:

Մենք հրաժեշտ ենք տալիս Նովիկին: Նայում է դեպի սպիտակ շունը, որ նստել է տան մոտ: Նախկին հրամանատարն ընտանիքի հետ բնակվում է 1992-ին փախստականներին հատկացված փայտաշեն տնակում: Նովիկի ընկերներից մեկն ասում է՝ նրա աչքի առաջ ամեն ինչ թալանել, տարել են, ինքը կյանքում մի բան չէր վերցնի, ոչ մի բանից չի օգտվել, դրա համար էլ «էս օրին է հասել»: Երևանի քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է՝ որոշում է կայացրել Ն. Գյուլումյանին բնականարան հատկացնելու մասին, բայց, ինչպես ինքն է ասում, հերթը երևի չի հասել: «Դե ինձ նմանները երևի շատ են, դրա համար»,- տան բակում ասում է Նովիկը: «Ձեզ նմանները հաստատ շատ չեն լինի»,- հակադարձում եմ նրան: «Ես չեմ արել, որ ինչ-որ մեկը գնահատի, հիշի: Արել եմ իմ խղճի, իմ էրեխեքի համար: Չեմ էլ սպասում ինչ-որ գնահատականի»,- պատասխանում է նա:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter