HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Միջազգային թեմաները լուսաբանվում են սուղ միջոցներով, բայց մեծ ինտենսիվությամբ. հետազոտության արդյունքներ

Միջազգային իրադարձությունների մասին տեղեկատվություն հաղորդելիս հայաստանյան տեղեկատվամիջոցները գլխավորապես օգտվում են արտասահմանյան կայքերի բաց ռեսուրսներից: Ընդ որում, սա վերաբերում է նույնիսկ այն տեղեկատվամիջոցներին, որոնք ունեն արտասահմանյան թղթակիցներ կամ համագործակցում են արտերկրյա որևէ լրատվամիջոցի հետ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի՝ հունիսին մեկնարկած հետազոտության նպատակն է եղել պարզել, թե հայաստանյան տեղեկատվամիջոցները արտաքին քաղաքական թեմաներով տեղեկատվություն ձեռք բերելու, մշակելու և տարածելու ինչ հնարավորություններ ունեն, ինպես նաև՝ ինչ սովորություններ կան այդ ոլորտում:

Կենտրոնն ուսումնասիրել է հայաստանյան 50 տարբեր լրատվամիջոցներ, որոնց թվում՝ 11 հեռուստաընկերություններ, 3 ռադիոընկերություններ, 6 ինֆորմացիոն գործակալություններ, 9 տպագիր թերթեր և 21 ինտերնետային ձևաչափով լրատվամիջոցներ: Աշխատանքի մի մասը վերաբերում է այս լրատվամիջոցներից 15-ի՝ մեկ ամսվա ընթացքում արտադրած հայերեն բովանդակությանը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հրապարակումները հիմնականում ներկայացվում են լուրի ժանրով: Արտասահմանյան լրատվամիջոցների հետ համագործակցում է ուսումնասիրված լրատվամիջոցների 23%-ը:

«Չնայած այս՝ իմ պատկերացմամբ բավական սուղ հնարավորություններին, մեր լրատվամիջոցները բավական ինտենսիվ են ներկայացնում միջազգային թեմաները: Եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ խոսքը ընդամենը մի ամսվա բովանդակության մասին է, ապա ես պետք է ասեմ, որ հզորությունների առումով բավական մեծ թվի միջազգային թեմաներով նյութեր են արտադրվել:- «Մեդիա կենտրոնում», ներկայացնելով «Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում. միջոցներ և աղբյուրներ» հետազոտությունը, ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, -Մեկ ամսվա ընթացքում մենք ունեցել ենք օրեր, երբ որ միջազգային թեմաներով նյութերի քանակը հասել է մինչև 160 միավոր նյութի՝ մեկ առանձին լրատվամիջոցում»:

Կենտրոնը միջազգային ոլորտը լուսաբանող լրագրողների թվի, արտասահմանյան թղթակիցների, միջազգային լրատվամիջոցների հետ հնարավոր պայմանագրերի և այլ ռեսուրսների մասին հարցումներ է ուղարկել լրատվամիջոցների տնօրեններին: 50 լրատվամիջոցներից 10-ը հայտնել են, որ չեն ցանկանում պատասխանել այդ հարցերին: Պատճառաբանել են, որ համարում են, թե այդ հարցերը «կորպորատիվ նշանակության» են, քաղական են կամ որ իրենք սկզբունքորեն որևէ կայքի հարցումների չեմ ուզում մասնակցել:

Մնացած 40 լրատվամիջոցների վերլուծությունը ցույց է տալիս, որ կան լրատվամիջոցներ, որոնց ողջ անձնակազմը զբաղվում է և՛ միջազգային, և՛ սպորտային կամ այլ լուրերով: Հարցված տեղեկատվամիջոցների 1/3-ը թղթակիցներ ունեն արտասահմանյան երկրներում, հիմնականում՝ 2-5 տարբեր երկրներում (Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Լիբանան, Սիրիա):

Լայն է նաև այն երկրների աշխարհագրությունը, որոնց վերաբերում են միջազգային լուրերը: Մեկ ամսվա ընթացքում լրատվամիջոցներից մեկի լուրերում ներկայացված երկրների թիվը հասել է 113-ի: Լուսաբանված հիմնական երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Իրանը: Դրանցից յուրաքանչյուրի դեպքում կա առանձին մոտեցում: Ռուսաստանի դեպքում, օրինակ, լուսաբանվում է ինչպես ներքին կյանքը, այնպես էլ այն իրադարձությունները, որ առնչվում են Հայաստանի հետ հարաբերությանը: Ուկրաինայի իրադարձությունները, հակառակ սրան, հիմնականում ներկայացվում են որպես Հայաստանին չառնչվող գործընթացներ:

«Ադրբեջանը, ինչպես ավանդաբար, հետաքրքրում է հայաստանյան մեդիային ավելի շատ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների կտրվածքով, թեև այս վերջին մեկ տարվա ընթացքում ներքին ռեպրեսիաների և արտաքին քաղաքական խնդիրների ֆոնին Ադրբեջանի մասին այս կարգի նյութերը բավական շատացել են»,- ասում է Լաուրա Բաղդասարյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ հայաստանյան մեդիան ադրբեջանականից տարբերվում է նրանով, որ «վառ արտահայտված բացասական գունավորումներից» բացի՝ շատ են նաև չեզոք նյութերը: «Ադրբեջանական մեդիայում հակառակ պատկերն է. նեյտրալ բնույթի նյութերը ավելի քիչ են, քան ակնհայտ նեգատիվ բնույթի նյութերը»,- ասում է Լ.Բաղդասարյանը:

Վերջին շրջանում, հետազոտության համաձայն, մեծացել է հետաքրքրությունը նաև Իրանի նկատմամբ: Հակառակ սրան՝ հարևան Վրաստանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասը, քիչ տեղ են զբաղեցնում միջազգային թեմայով հրապարակումների շարքում: Հայաստանի հետ անմիջական կապ ունեցող երկրներից բացի, հետազոտության ենթակա ժամանակահատվածում եղել են հրապարակումներ, օրինակ, Գվինեա Բիսաուի կամ Կոտ դ՛Իվուարի մասին: Լ.Բաղդասարյանի կարծիքով՝ սա մասամբ բացատրում է միջազգային նորությունների հաղորդման հարցում հայկական լրատվամիջոցների ինտենսիվությունը:

Հետազոտության մասնակիցները առնչվել են նաև մեդիա ոլորտի տերմինների և սահմանումների անկատարության խնդրին: Լաուրա Բաղդասարյանի խոսքով՝ «ինտերնետային կայք» տերմինը լիովին չի արտահայտում զանգվածային լրատվամիջոցների բնույթը՝ նույն կարգում դասելով թե՛ նախարարությունների պաշտոնական կայքերը, թե՛ մասնագիտական առցանց լրատվամիջոցները ու թե՛ նրանք, որոնց համար կայքն ընդամենը մեկ այլ ձևաչափով թողարկվող բովանդակությունը ինտերնետում ներկայացնելու միջոց է:

«Սա բանավոր խոսքում տարածված մի սովորություն է, և ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հրաժարվենք այս տարածված սովորությունից և տարբերակում դնենք, սահմանենք ճշգրիտ անուններով: Օրինակ, ես ունեի առաջարկություն, որ կարող ենք անվանել «Հետք օնլայն», «Առավոտ օնլայն»՝ այն դեպքում, եթե խոսքը Aravot.am-ի մասին է, այլ ոչ թե տպագիր տարբերակի: Եթե խոսքը տպագիր տարբերակի մասին է, մենք կարող ենք ասել «Առավոտ» թերթ: Սա քննարկման հարց է», - առաջարկում է փորձագետը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիայի, մի խոսքով՝ այդ բոլոր ժամանակակից ընթացքների մեջ հայերեն լեզվի հետ կապված մի մեծ խումբ բարդ թարգմանական, տերմինաբանական խնդիրներ են առաջացել՝ առանձին բառերից սկսած, վերջացրած ամբողջական լեզու ունենալով», - ավելացնում է քննարկման մասնակից մշակութաբան Հրաչ Բայադյանը՝ նշելով երկու օրինակ՝ «մեդիա» բառը, որը հոգնակի է, սակայն հայերենում գործածվում է եզակի իմաստով՝ հոգնակիում ստանալով «մեդիաներ» ձևը, և «թվային» տեխնոլոգիաները՝ «թվանշայինի» փոխարեն:

Լաուրա Բաղդասարյանը առաջարկում է նման խնդիրները քննարկել փորձագետների, դասախոսների ու թարգմանիչների մեկ այլ հանդիպման ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter