HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արջուտում ոսկու հանք է շահագործվելու. «Բակտեկ-Էկո»-ն ցիանային եղանակով ոսկու անվտանգ արտադրություն է խոստացել

Վարդան Մկրտչյանը 1400 բնակիչ ունեցող Արջուտի գյուղապետ է աշխատում 1996 թ.-ից: Նրա  ասելով՝ Արջուտը ծանր վիճակում է: «Արտագաղթը էս պահի դրությամբ համայնքում շատ մեծ տոկոս է կազմում աշխատատեղ չլինելու և ապրելու միջոց չլինելու պատճառով»,- ասում է նա: Արջուտը նույնիսկ գործող մանկապարտեզ չունի: Իսկ գյուղի վարչական տարածքում գտնվող Վանաձորի աղբավայրի աղբը անտերությունից արդեն գյուղաբերանին է թափվում:

Վ. Մկրտչյանի պաշտոնավարման 19 տարիներին Լոռու մարզի Արջուտ համայնքի հիմնախնդիրները կուտակվել են: Գյուղապետն էլ առանց ծանր ու թեթև անելու դրանց լուծումները կապում է Արջուտի ոսկու հանքավայրի տերերի հետ: Արջուտը ոսկու հանքավայրին ամենամոտ բնակավայրն է, որի հետ հաղորդակցվում է 1,5 կմ երկարությամբ գրունտային ճանապարհով: «Սպասում ենք, որ ինչ որ բան պետք է լինի: Խոստանում են 150 աշխատատեղ, բոլորը կվերցնեն արջուտցիներից»,- բացատրում է գյուղապետը:

Արջուտի հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Մեսրոպյանի ասելով՝ այս պահին գյուղում հազիվ 50 ընտանիք է ապրում: Բնականաբար, գյուղում ոսկու արտադրության մասնագետներ գտնելու մասին խոսք լինել չի կարող, իսկ բոլոր աշխատատեղերի մեջ մտնում են նաև այդ մասնագետները: Արջուտցիները հարևան գյուղերի գյուղացիների հետ առավելագույնը կաշխատեն բաց հանքում, ջարդման, լուծազատման և ուղիղ ցիանավորման, նատրիում-ցիանի լուծույթի պատրաստման և մյուս վտանգավոր տեղամասերում: Վ. Մկրտչյանի ասելով՝ հանքում ոսկին մեծ քանակ չի կազմում, այն դեպքում, երբ Արջուտի տարածքում նախատեսվող ոսկու հանքաքարի վերամշակման ֆաբրիկայի կառուցման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունը հակառակն է հայտնում. «Հանքաքարի համեմատաբար պարզ նյութական կազմը և նրանում «ազատ» և հեշտ ցիանացվող ոսկու բարձր պարունակության առկայությունը, ցիանացման եղանակի կիրառման դեպքում ենթադրում են բավականին բարձր տեխնոլոգիական ցուցանիշների ստացման հնարավորություն»:

Ըստ գյուղապետի՝  «Բակտեկ-Էկո»-ի ներկայացուցիչները հանրային քննարկումներին ասել են, թե հանքի վնասները պետք է հասցնեն զրոյի: «Ես հավատում եմ և մասնագետներին, և իրենց»,- ասում է նա, որից էլ ակնհայտ երևում է, որ Վ. Մկրտչյանը ընդհանրապես ծանոթ չէ հանրային քննարկման ներկայացված հաշվետվությանը: «Զրոյական տարբերակ նշանակում է, որ նախագծով նախատեսվող գործունեությունը չի իրականացվում: Եթե նախագիծը չի իրականացվում, ապա հարստացուցիչ ֆաբրիկան չի կառուցվում և դրա արդյունքում նախատեսվող արտանետումները չեն արտանետվում մթնոլորտ, «չոր» պոչանքներ չեն տեղադրվում և վտանգ չի ստեղծվում շրջակա ջրային ռեսուրսների համար»,- կարդում ենք հաշվետվությունում:

Արջուտում 4 հանրային քննարկում է անցկացվել: Գյուղապետը մեզ ներկայացրեց քննարկումների 2 արձանագրություն: «Որքան ես գիտեմ, հանքի շահագործման հետ կապված քննարկումը կատարվել է շատ սահմանափակ շրջանակներում, ու գյուղի բնակիչները գաղափար էլ չունեն հանքից ու դրա շահագործման հետևանքներից»,- ասաց ուսուցչուհի Կարինե Խաչատրյանը: Դրա համար Կարինեն մեղադրեց գյուղապետին: «Հանքը մեզ օգուտ չի, ով որ հանքաքարը հանում է, նրան պետք է օգուտ լինի: Ինձ ու քեզ ի՞նչ: Ոչ մի բան: Ի՞նչ կարծիք ասենք հանքի մասին: Ո՞վ ա մեր կարծիքը հաշվի առնում»,- ասաց արջուտցի Ալբերտ Թամարյանը:

Դպրոցի տնօրեն Գայանե Մեսրոպյանի պատմելով՝ դպրոցի ուսուցիչները հանքի շահագործման միայն առաջին քննարկմանն են մասնակցել. «Իրենք ներկայացրին, որ հանքի շահագործման հետ կապված վտանգներ չկան, նաև չասացին, որ ֆաբրիկա էլ են կառուցելու»: Քննարկումներից մեկին ներկա Հայաստանի բնապահպանական ճակատի ղեկավար Լևոն Գալստյանը «Հետքին» հայտնեց. «Հերթական անգամ ներկայացվել էր հանքավայրի շահագործման նախագիծ, որտեղ ընդհանրապես գնահատված չեն շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա այդ գործունեության իրական ռիսկերն ու դրանց վերահսկելի դարձնելու ընկերության երաշխիքները: Բաց հանքի շահագործման հետևանքով ծանր մետաղներով աղտոտման վտանգի տակ են հայտնվելու մակերևույթային ստորերկրյա ջրերը, պայթեցումների փոշին նստելու է շրջակա տարածքների վրա ու հետագայում տարածվելու է բոլոր հնարավոր ճանապարհներով. չոր ժամանակ՝ քամիների միջոցով, իսկ տեղումների ժամանակ՝ մակերևույթային և ստորերկրյա հոսքերի միջոցով: Այդ տարածքի ջրերը կփոխեն իրենց քիմիական կազմը և վտանգավոր կդառնան օգտագործման համար»:  

Այսուհանդերձ ոսկու հանքավայրի վտանգներից անտեղյակ գյուղապետ Վ. Մկրտչյանը և Արջուտի ավագանին իր 27.06.2014 թ.-ի թիվ 10-Ա որոշմամբ «Բակտեկ-Էկո» ՍՊԸ-ին տվել են ոսկու հանքի շահագործման իրենց համաձայնությունը: «Բակտեկ-Էկո» ՍՊԸ-ն Արջուտի հանքավայրում ընտրել է ոսկու ստացման ցիանային եղանակը, որի իրական ռիսկերին Արջուտի գյուղապետն ու ավագանին նայել են մատների արանքով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter