HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քարտեզից դուրս» ապրողները

Վարդաշենի հանրակացարանի երկար միջանցքներում եռուզեռ է: Կարմիր պղպեղ են աղում, ձմռան պահածո են պատրաստում: Լվացքի պարանները զբաղված են: Հատկապես միջանցքի խորքում արևը չի դիպչում, լվացքն ուշ է չորանում: Ամռանը բնակիչները ճաշը հիմնականում պատրաստում են միջանցքներում: Իրար հետ սուրճ են խմում: Սա մեծ ընտանիք է:

«Էս տեղը գլուբուսից դուրս ա»,- ասում է 7-ամյա Մինասն ու ուղիղ նայում աչքերիս: Ժպտում եմ: Հարցնում եմ՝ ո՞վ է ասել իրեն, կարճ է պատասխանում՝ մեծերից է լսել: «Էստեղ շատ կռիսներ կան»,- սանհանգույցի մոտ նշում է տղան: «Սարդեր էլ»,- ավելացնում է քույրը: Նրանք երկուսով վազվզվում են միջանցքում:

«Դպրոցից թուղթ էին ուզել: Մինասիկիս պիտի տանեմ առաջին դասարան, մեր [հանրակացարանի] դիրեկտորն ասաց՝ մեր բնակիչը չես, եթե սեփականաշնորհած ես, մենք թուղթ չունենք քեզ տալու, ով չի սեփականաշնորհել, ինքն է իմ բնակիչը: Ասաց՝ գնա Ֆիրդուս, էնտեղ անշարժ գույքի ծառայություն կա, տարբեր համարներով զանգեցին, մեկ էլ էդտեղից մեկն ինձ ասաց՝ ազիզ ջան, ձեր հանրակացարանը գլոբուսից դուրս ա: Ասացի՝ բա լավ, իմ էրեխեն դպրոց չգնա՞: Ունեմ-չունեմ մի տղա ունեմ: Անցել ա մի 10-25 օր չերեզներով հարցրել եմ, վերջը գնացի պասպորտսեղանից վերցրեցի»,- նշում է նա:

Մինասյանների ընտանիքն ապրում է հանրակացարանի առաջին հարկում, որը, սակայն կիսանկուղային է, ու գետնահարկ տանող աստիճաններով են գնում: Սենյակի դռան մոտ սպիտակ վարագույր է կախված, ձախ մասում հեռուստացույց կա: Սենյակը կիսամութ միջանցքում է:

Սենյակն ավելի շատ նման է արհեստանոցի. երկաթի կտորներով ծանրաբեռնված սեղանի կողքին մանկական օրորոցն է: «Մինասիկի մահճակալն է, չնայած էրեխու ոտերը դուրս են մնում հիմա, փոքր է օրորոցը, բայց դեռ կարողանում ա տեղավորվել, էս դիմացի մահճակալն էլ մերն է՝ իմն ու ամուսնունս է»,- ասում է 7-ամյա Մինասի մայրը՝ Աննա Պետրոսյանը: Հարևան սենյակում բնակվում է ամուսնու մայրը 9-ամյա Մարիամի հետ: «Տեղ չունենք, մի սենյակի մեջ չենք կարա հավաքվենք բոլորով, դրա համար աղջիկս ու սկեսուրս մի սենյակում են մնում, մենք էլ՝ մի»,- նշում է Աննան:

Սենյակում հատակը դժվար տեսանելի է: Իրերն այնքան մոտ են շարել, որ ազատ տարածություն գրեթե չի մնացել: «Սունկ ենք աճեցնում. կանաչ մեծ-մեկ սնկեր»,- պատերին նայելով շարունակում է նա: Սենյակն այնքան խոնավ է, որ պատերը բորբոսնում են: Սենյակում ամեն բան խոնավանում է: «Խոնավ աղ, խոնավ բրինձ…»,- թվարկում է Աննան:

Մանկատան աղջիկը՝ հանրակացարանում

Աննան 46 տարեկան է: 4 երեխա ունի. 2 աղջիկ՝ առաջին ամուսնուց, մեկ աղջիկ ու տղա էլ՝ երկրորդ ամուսնուց: 27 տարեկանից ապրում է հանրակացարանում: «Ցավոք սրտի, բախտս լավ չի դասավորվել, ամուսնացա, բայց շուտ բաժանվեցի: Իմացել են՝ մանկատան երեխա եմ, դուրս են շպրտել, ապրել եմ վարձով Էրեբունի մասիվում»,- ասում է 46-ամյա կինը: Նրա ձայնը հետզհետե խզվում է, զսպած արցունքները սկսում են արագ հոսել: Տեսարանը չափազանց ճնշող է: Կոկորդիս մեջ բառերը, կարծես, չորանում են: Չեմ կարողանում խոսել:

6 տարեկանում մայրն իրեն ու քրոջը տարել է Նուբարաշենի մանկատուն: Աննան ասում է՝ մայրը ստիպված էր, որովհետև հայրը հարբեցող էր, շատ էր ծեծում մորն իրենց աչքի առաջ:

Մանկատան պատուհանի մոտ շատ էին սպասում մոր այցերին: Ճիշտ է, նշում է Աննան, հաճախակի չէր կարողանում գալ, բայց գալիս էր: Մայրը հացթուխ էր, աշխատում էր նաև ճաշարանում: «Մայրս շատ լավն էր, իրենից շատ գուրգուրանքներ տեսանք, հիմա ես իմ էրեխեքին շատ-շատ եմ սիրում»,- ասում է Աննան:

Ամուսնուց բաժանվելուց հետո Երևանի, ինչպես ինքն է ասում, «խառը-խշտիկ» տեղերում տներ էր մաքրում: Հիշում է՝ երբ աշխատանքից տուն էր գնում, մետրոյում մուրացիկ երեխաների էր հանդիպում, աշխատած փողից նրանց էլ էր տալիս: «Հետո հարևանս հարցնում էր՝ էլի փող ես տվե՞լ էդ էրեխեքին: Ես էլ գնում էի խանութներից նիսյա առևտուր անում»,- սա ասելուն պես ժպտում է:

Սպիրտից-ժավելից ձեռքերն սկսել էին կոշտանալ, վերքոտվել: ««Փարոսից» մի տիկին Մազմանյան ունեինք, ինքը հիմա էստեղ չի, ինձ տարավ մեր առաջվա թաղապետի մոտ՝ Արարատ Խրիմյանի, հանրակացարանում սենյակ վերցնելու համար: Սկզբից չէին ընդունում, ասում էին՝ բա պիտի հերթով լինի, հանձնաժողովով լինի: Իրար հետ մտանք, դաժե դիմումս տիկին Մազմանյանն ա շարունակել գրել, ձեռքերս ճաքել էին, արյուն էր կաթում: Ու ինձ տվեցին էս մի սենյակը»,- պատմում է նա: Այդ սենյակում այժմ բնակվում է Աննայի աղջիկներից մեկն ամուսնու հետ:

Աննան մեկ ամիս է՝ շնչառական խնդիրներ ունի: Ասում է՝ շունչը կտրվում է օրվա տարբեր ժամերի, սկսում է խեղդվել: «Ջրի պրոբլեմներից մի ականջս լավ չի լսում, աչքերս լավ չեն տեսնում»,- նշում է 4 երեխաների մայրը: Մեկ տարի առաջ բժշկի է գնացել, ասել են՝ շաքար ունի, իսկ հիմա վախենում է դիմել բժշկի: Ասում է՝ գիտի, որ մի հիվանդություն ունի, վախենում է իմանալ այդ մասին:

Նա խնամում է նաև ամուսնու մորը՝ Մարիամ Կզլգյոզյանին: 1 տարի է՝ 70-ամյա կինը չի կարողանում անկողնուց վեր կենալ: Պատմում է, որ Նորքի 4-րդ զանգված գնալիս մայթից մոտ 20 մետր հեռավորության վրա մեքենա է խփել իրեն: Անցորդները նրան հասցրել էին Նոր Նորքի հիվանդանոց, իսկ վարորդը փախել էր: Ոստիկանությունից հարցաքննել էին, հագուստն էին տարել փորձաքննության, բայց հետո ասել էին՝ փախել է: Տիկին Մարիամի խոսքով՝ իրեն ասել էին, թե երևի գլխապտույտ է ունեցել, ընկել է: Բայց կինը հերքում է դա՝ ասելով, հնարավոր չէ, իրեն հարվածել է կանաչ մեքենան ու փախել:

Մարիամը տատը 1,5 ամիս մնացել է հիվանդանոցում, որից հետո դուրս են գրել՝ ասելով, որ ամեն բան կարգին է: Կինը, սակայն, մինչ օրս ցավեր ունի: «Ծնկից վերև ցավեր ունեմ: Չեմ կարողանում վեր կենալ տեղիցս»,- ասում է նա: 2-րդ կարգի հաշմանդամ է 1985-ից: «Ինֆարկտ եմ տարել, ասթմա ունեմ»,- նշում է նա՝ հազիվ նստելով անկողնու մեջ:

Մարիամ Կզլգյոզյանը 20 տարի աշխատել է Երևանի ռելեի գործարանում, 19 տարի՝ «Էրեբունի» հիվանդանոցի ուռոլոգիայի բաժանմունքում՝ որպես սանիտար: Ամսական ստանում է 44.000 դրամ հաշմանդամության թոշակ:

Տատը, նայելով կրտսեր Մարիամին, նշում է, թե լավ է սովորում դպրոցում, ինքն էլ էր լավ սովորում, բայց չկարողացավ հասնել իր երազանքին: 9-ամյա Մարիամն ասում է՝ մեծանա բժշկուհի է դառնալու: Իր տատի երազանքն է կատարելու: 7-ամյա Մինասն էլ որոշել է ոստիկան դառնալ, ինչպես ինքն է ասում՝ գողերին ձերբակալի:

«Կյանքի մասին ի՞նչ եմ մտածում... Եսիմ, մտքերս խառն են, ոչ մի բան չեմ կարող ասել, կյանքս ուժե գնացել է, կուզեի, որ կյանքիս կեսն էլ էրեխեքիս նվիրեի: Հավատացյալ չեմ, ճիշտ է, բայց տանը, Աստծուն խնդրելով, ապրում եմ: Պայքարում եմ առողջությանս համար… Ինչի՞ տենց ստացվեց, չգիտեմ…»,- ասում է Աննան:

Ամուսինը՝ Սերոբ Մինասյանը, աշխատում է վարսավիրանոցում՝ որպես էլեկտրիկ և պահակ: Նույն տեղում նաև Աննան է աշխատում՝ հավաքարարություն է անում: Ամսական 30.000 դրամ է ստանում դրա համար:

Երազանքների մասին Աննան լռում է, կրկին ասում է՝ մտքերս խառն են, եսիմ, է՜: Հետո վայրկյաններ անց աչքերը սրբելով՝ ժպտում է, թե «տուն ունենայինք, գոնե տան մեջ տուալետ ունենայինք»:

Երևանի քաղաքապետարանը Երևանի տոնի առթիվ նվեր էր տարել Մինասյաններին՝ փոշեկուլ: Աննան շնորհակալություն է հայտնում Տարոն Մարգարյանին, իսկ ես մտածում եմ՝ այդ փոքր սենյակի մեջ նույնիսկ հատակը չի երևում, շարժվելու տեղ չկա՝ որտե՞ղ է գործածելու այդ փոշեկուլը:

«Գլոբուսից դուրս»

Հանրակացարանի շենքը վթարային է, բնակիչները հստակ չգիտեն՝ 3-րդ, թե՞ 4-րդ կարգի է, միայն ցույց են տալիս օրեցօր թափվող պատերը: «Ամեն անգամ գալիս նկարում են, գնում, ոչ մի բան չի փոխվում դրանից»,- նշում է Աննան, հետո ավելացնում, որ հանրակացարանում բաղնիք չկա, սանհանգույց կոչվածն էլ վտանգավոր է՝ մեկ-մեկ կարիճներ են երևում, իսկ առնետներն այնքան շատ են, որ սենյակների դռները միշտ փակ են պահում: «Էստեղը գլոբուսից դուրս ա»,- կրկնում է 7-ամյա Մինասն ու ժպտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter