HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԵՏՄ-ն կեղծիքի միություն է, ինչպե՞ս կարող է այն երկար գոյատևել»

Հարցազրույց քաղաքագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ:

-Անցյալ տարի մեզ հետ զրույցում ասել էիք, որ ԵՏՄ-ն կարճ կյանք է ունենալու: Հիմա՞ նույն կարծիքի՞ն եք:

-Իհարկե, նույն կարծիքին եմ: Եթե մի միություն, որի ապրանքաշրջանառությունը հավասար է գրեթե զրոյի, մի միություն, որի յուրաքանչյուր անդամ վերմակը քաշում է իր վրա (Ղազախստանն ու Բելառուսն օրինակ), մի միություն, որին միացել են տնտեսական զարգացման շատ ցածր մակարդակ ունեցող երկրներ, միություն, որը քաղաքական բոլոր ալյանսներում սպառված է, որովհետև համաշխարհային հանրության կողմից ընդունված չէ, միություն, որի անդամները տարբեր ձևով են քվեարկում ՄԱԿ-ում (միայն Հայաստանն է, չէ՞, որ Ղրիմի մասին բանաձևի ժամանակ իրեն ստրկավարի պահեց, մնացածները շատ անկախ ձայն դրսևորեցին)… Այսինքն՝ պետք է միանգամից ասել, որ Պուտինի ցանկությունը՝ վերականգնել Սովետական Միությունը, չիրականացավ, քանի որ Սովետական Միությունը շատ կենտրոնացված, ցենտրալիզացված համակարգ էր, և այնտեղ որոշումները միանձնյա էին: Իսկ այստեղ ինչքան էլ Ռուսաստանը փորձի հավակնել, ցանկանալ, գործարկել այն փաստը, որ ինքը միանձնյա է գործելու, չի ստացվելու, միգուցե Հայաստանի վրա կստացվի, բայց մնացած մյուս երկրների վրա՝ երբեք:

-Բայց որոշ երկրների դեպքում միտում է նկատվում ԵՏՄ-ին միանալու:

-Օրինակ, ո՞ր երկրները:

-Օրինակ, Իրանը, Ադրբեջանը:

-Ադրբեջանը, Աստված հեռու պահի, որ միանա ԵՏՄ-ին, որովհետև վճարելու է այն գինը, որն ամենաահասարսուռ գինն է մեզ համար. դա Ղարաբաղն է: Եվ մենք գտնվելով մի ճամբարում՝ տնտեսական և քաղաքական, կանգնելու են խնդրահարույց մեծ հարցի առաջ: Ադրբեջանն ուրիշ գին Ռուսաստանից չի ուզելու. ուզելու է Ղարաբաղի առումը և վերջ: Բայց Ադրբեջանը, կարծում եմ, բավականաչափ խելացի է, որ հասկանա՝ Ղարաբաղը չարժի այն կորուստները, որոնք Ադրբեջանը կկրի ԵՏՄ-ին միանալով: Այն բավականաչափ ռեսուրսներով երկիր է, և ամբողջ այդ ռեսուրսները հանձնելու է Մոսկվային՝ կորցնելով միանձնյա քաղաքականություն վարելու հնարավորությունը: Չեմ կարծում, թե որևէ իշխանություն ուղղակի կհամադրի օգուտները ազգային հպարտության համար՝ անելով նման զոհողություն: Ղարաբաղն Ադրբեջանի համար նման ստրատեգիական միավոր չէ, ինչպիսին, ասենք, Հայաստանի, քանի որ այնտեղ կա նաև Իրանի գործոնը: Եվ Իրանը երբևէ չի ուզենա, որ Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին: Իսկ եթե Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին, վերջինս միանգամից կմտնի կոնֆլիկտային գոտի:

Ինչ վերաբերում է Իրանի՝ ԵՏՄ-ին միանալուն, Ռուսաստանի պրոպագանդան պարբերաբար թեմաներ է մտցնում համաշխարհային շրջանառության մեջ, որոնք ունենում են մեկ օրվա կյանք. օրինակ, Չինաստանն ուզում է միանալ ԵՏՄ-ին, Թուրքիան ուզում է միանալ ԵՏՄ-ին:

-Ո՞րն է նպատակը:

-Շատ ներողություն, շատ տգեղ աղջիկներ մեկ-մեկ ասում են, որ իրենք շատ ուզողներ ունեն: Դրանով փորձում են հրահրել հետաքրքրությունը: Նման անարվեստ քայլ է: Բոլորը տեսնում են, որ միավորող միությունը տգեղ է: Դա ակնհայտորեն տգեղ միություն է, որի իրական ու հայտարարված նպատակները տարբեր են: Դա արդեն կեղծիք է: Իր տնտեսական հնարավորությունները ցածր են, քաղաքական ամբիցիաները՝ բարձր, իր վարած քաղաքականությունը գաղտնի է, իսկ ուրիշից պահանջում է բացարձակ թափանցիկություն: Ահա 3 կեղծիք: Դա կեղծիքի միություն է, ինչպե՞ս կարող է այն երկար գոյատևել: Այն հայտարարված է իբրև տնտեսական միություն, իսկ հետապնդում է զուտ քաղաքական նպատակներ:

-Կեղծիքի դաշտո՞ւմ էր սեպտեմբերին սահմանային լարվածությունը:

-Դա Հայաստանի վրա ազդելու լծակներից մեկն է: Տեսնո՞ւմ եք հիմա՝ մեր ներքին կյանքում հայտնվել են ռուսական քաղաքականության ավելի ակտիվ գործիչներ, փիլիսոփաներ, ճարտասաններ:

Մենք կանգնած ենք ուրիշ փաստի առաջ: Պատերազմական այդ հրահրումները հոգեբանական լծակի մի ձև են, և հայկական բանակը շարքից հանելու, ոգին (հայկական բանակն, իսկապես, լավ ոգի ունի) կոտրելու փորձարկում է: Անընդհատ գտնվում ենք այդ փորձարկումների մեջ՝ ոնց անենք, որ դեմորալիզացիայի ենթարկենք Հայաստանի միակ, քիչ թե շատ անկախ, քիչ թե շատ ազգային ինստիտուտը: Ցավոք, դա հիմա բանակն է: Ես կուզենամ, որ Հայաստանի անկախ, ազատ գործող, պրոֆեսիոնալ ինստիտուտը լիներ արտգործնախարարությունը: Այդ ժամանակ մեր զինվորների կյանքով չէ, որ կկարողանայինք ապահովել ներկա վիճակը: Բայց քանի որ բանակն է, փառք և պատիվ, բայց դա բավարար չէ: Մեր սահմանի վրա խժդժություններ են, մեր արտգործնախարարն աֆրիկյան երկիր է փնտրում, որ դիվանագիտական հարաբերություն հաստատի: Չեմ հասկանում՝ մենք պատրաստվում ենք բոլորով քոչել Աֆրիկա՞, թող մեզ տեղեկացնեն:

Հասկանում եմ, որ սննդի դեֆիցիտի պայմաններում մեզ կարող է պարտադրեն որդեգրել աֆրիկյան որոշ սովորույթներ, մասնավորապես, կաննիբալիզմը: Բայց չեմ կարծում, որ հայերն իրենց բազմադարյա համագործակցությամբ համակերպվեն դրա հետ: Բոլոր պարագաներում արդյունավետ համագործակցություն չէ:

-Թուրքական ռազմական ուղղաթիռները երկու անգամ հատեցին Հայաստանի օդային սահմանը: Պատահակա՞ն էր դա, թե՞ ակնարկ Ռուաստանին՝ սիրիական իրադարձությունների ֆոնին:

-«Վիքիլիքսի» տեղեկությունը կա, ըստ որի՝ մեր սահմանն ուղղակի ծակ-ծակ է, այսինքն՝ տեղեր կան, որ ցանկացած ահաբեկչական խումբ, ցանկացած հետախույզ կարող է հանգիստ անցնել: Ռուսական սահմանապահ զորքերը տեղ-տեղ են պաշտպանում մեր սահմանը: Դա դեռ միայն խաղաղ պայմաններում: Իսկ ինչ վերաբերում է օդային տարածքը խախտելուն, այո, օդային տարածքը խախտվում է, ինչի մասին ասում է քաղավիացիայի պետը: Սա նշանակում է, որ մեր երկրում քաղաքական ինքնորոշման դիֆիցիտ կա: Մենք չենք գիտակցվում կամ ինքնագիտակցվում և հանդես գալիս իբրև անկախ պետականություն: Որովհետև անկախ պետականությունում, թեկուզ իրավական շրջանակներում նվազագույնը պետք է պատասխաներ արտգործնախարարությունը: Բայց քանի որ այն նույն ռուսական արտաքին քաղաքականության շարունակությունն է, իրենք գուցե համարում են, որ Ռուսաստանն արդեն խոսել է, հերիք է, Հայաստանն էլ Ռուսաստանի շարունակությունն է, ի՞նչ իմաստ ունի պատասխանել:

Քաղավիացիայի պետն ի՞նչ կապ ուներ: Այդ ուղղաթիռները զբոսաշրջայի՞ն էին, տո՞ւր էր Հայաստանի վրայով:

-Սիրիական իրադարձություների ի՞նչ սցենար եք կանխատեսում: Հնարավո՞ր է երկու ճակատների ձևավորում. մի կողմից՝ Իրան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Արևմուտք: Եվ Հայաստանն ի՞նչ դեր է ունենալու այդտեղ:

-Գոնե այդ հարցում Ռուսաստանն ամեն կերպ փորձում է մտնել Արևմուտքի հետ համագործակցության մեջ: Այս ամբողջ ռմբակոծություններն ուղղված են նրան, որ Ռուսաստանը դրսում պատրանք ստեղծի, թե ինքն ինչ-որ քայլեր է անում Արևմուտքի հետ, որպեսզի հասնի սանկցիաների հանմանը, մի ձևով նավթի թանկացումն ապահովի (միևնույն ժամանակ տնտեսական շահերն է լուծում, ռումբերը գցում է այնտեղ, որտեղ նավթային կենտրոններն են): Կան երեք ակնհայտ գործոններ: Եթե կասկածող լինի և կմեղադրի ինձ քաղաքական տգիտության մեջ, թող ինքը մտածի իր քաղաքական գրագիտության մասին: Շատ տեղերում այդ տնտեսական, նավթային, գազային ալյանսում զարմանալիորեն Ասադը և «Իսլամական պետությունը» գործում են մի տեղ («Financial Times»-ում կարող եք կարդալ, դեղին մամուլ չէ, հեղինակավոր գործոն է): Երկրորդ՝ ներկայացնել, որ ԱՄՆ-ն կողմ է «Իսլամական պետությանը», առնվազն ծիծաղելի է, որովհետև ԱՄՆ-ն դեռ սկզբից իր համախոհների հետ բացահայտեց, որ «Իսլամական պետությունը» պիտի գոյություն չունենա և հեռանա, այլ բան է, որ դրա հետ մեկտեղ պետք է հեռանա նաև Բաշար Ասադը: Ռուսաստանն իր քաղաքական վերջին հայտարարություններում ակնհայտորեն մատնանշեց, որ ամեն կերպով պահելու է Ասադի ռեժիմը: Սակայն ներքին քննարկումներում դիվանագիտական օտարերկրյա պաշտոնյաներն ասում են, որ ՌԴ-ն վարում է իր սովորական երկակի խաղը, ինչպես Սերբիայի հարցում: Հայտարարում է, որ պաշտպանում է, բայց դիվանագիտորեն պատրաստ է հանձնել Ասադին իր բարենպաստ պայմանների համար:

-Դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է անցկացվելու: Օրենսդիր մարմնին մեծ լիազորություններ են տրվում: Իշխանության երկարակեցության հա՞րցն է լուծվում այդ փոփոխություներով: Ի՞նչ նախադրյալներ են ստեղծվում:

-Ես արդեն ասել եմ և կրկնում եմ. անձնապես (դա կուսակցական որոշում չէ) չեմ պատրաստվում մասնակցել որևէ ընտրական գործընթացի, այսինքն՝ չեմ ձգտում գնալ խորհրդարան: Հիմա պատասխանատվությամբ հայտարարում եմ և իմ խոսքի տերն եմ լինելու: Երկրորդ լրատվամիջոցն եք, որտեղ հայտարարում եմ:

Կարող է լինել սահմանադրական փոփոխություն (չեմ ասում բարեփոխում), կարող է լինել իշխանության անվերջ վերարտադրություն, կարող է լինել ընդդիմության գալուստ (Մոսկվայցի մեզ մոտ նոր «ընդդիմություն» է եկել, ներկրել են ԵՏՄ-ից, որը տնտեսապես շատ հզոր «ընդդիմություն» է): Մեծամասնություն կազմող այդ մարդկանցից որևէ մեկը համակարգային փոփոխության կրող չէ՝ թե՛ մտածողությամբ, թե՛ գործերով, թե՛ տնտեսության մենաշնորհային դիրքերով, թե՛ ռեսուրսների, պաշտոնների բաշխմամբ: Որովհետև ցանկացած էֆեկտիվ մենեջեր, ոչ թե փող կծախսեր այս պետության սահմանադրական բարեփոխումների համար, այլ կկրճատեր բյուրոկրատական համակարգը, կմտածեր մենաշնորհի՝ գոնե 4-5 հոգու միջև բաշխման մասին, այդ ընթացքում գները գոնե մի քիչ կիջնեն, կվերանայեր արտաքին քաղաքականությունը, որովհետև ակնհայտ է, որ սա սուզվող «Տիտանիկ» է:

Եվրամիության վերջին ստրատեգիական զեկույցով ակնհայտորեն ցույց է տրված, որ Հայաստանում Ռուսաստանի կողմից չկառավարվող ընդդիմություն կարելի է հաշվել մատների վրա: Իսկ Ռուսաստանը նույն հետադեմ, նույն մենաշնորհային, նույն բյորոկրատական քաղաքականության կրողն է: Եվ հիմա այս ֆոնին եթե ես ունենայի սահմանադրական բարեփոխումներ Իսրայելի մակարդակով, երբ ասենք 1 տոկոսով յուրաքանչյուր կուսակցություն կարող է անցնել պառլամենտ, և այդ ֆոնի վրա անցներ, ասենք, Կանաչների կուսակցությունը, նույն «Ազատ դեմոկրատները», «Լուսավոր Հայաստանը», քաղաքակրթամետ ստրուկտուրաները մասնակցեին, կմտածեի, որ գոնե մի-մի տոկոս մուտք կունենան, և գոնե մի 25 տոկոս այլ կերպ մտածող մարդիկ կլինեն:

Սակայն այս ընտրական գործընթացն այդ հնարավորությունը չի տալիս: Ներսից համակարգափոխություն չի կարող լինել, ես կսպասեմ դրսից համակարգափոխության, որովհետև ինչքան ուզեն դրսից փիլիսոփաներ գործուղեն Հայաստան, ակնհայտորեն աշխարհը շարժվում է դեպի մոդեռնացում: Ես կսպասեմ:

-Այդ դեպքում ինչո՞ւ են անհրաժեշտ այդ փոփոխությունները:

-Միգուցե վերարտադրության, միգուցե ավելի վտանգավոր թեմա կա՝ Ղարաբաղի հարցի հանգուցալուծման դաժան հետևանքներ: Գուցե դա ռուսական մռայլ սցենար է. Ղարաբաղի գոնե հարակից տերիտորիաների հանձնման պատասխանատվությունն իշխանությունն ուզում է բաժանել բազմաթիվ մարդկանց միջև: Դա վարկած է: Տեսեք՝ ԵՏՄ մտնելու պատասխանատվությունը միանձնյա կրեց իր ուսերին, հիմա գուցե չի ուզում:

Լուս.՝ womennet.am

Մեկնաբանություններ (1)

Ղարապյղցի
Դե մունք ալ կեղծիքի վարպետ ենք ըլի, պյա 20 տարի ա հու՜նց անք էշ քշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter