HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդիմության համախմբումը եւ մեր սպասելիքները

Սարո Սարոյան, քաղաքական մեկնաբան

Հանրության շրջանում ընդհանրապես կա այն համոզմունքը, որ գործող վարչախմբի դեմ պայքարի գործում ընդդիմադիր ուժերի ցանկացած միավորում ավելացնում է պայքարողների ուժը։ Հայաստանում արդեն տեւական ժամանակ է, որ հենց այս համոզմունքի հիման վրա կատարվում են այնպիսի կեղծիքներ, որոնք պարալիզացնում են հանրային-քաղաքական դաշտը։ Հանրության ուշադրությունը բեւեռելով ընդդիմադիր ուժերի դաշինք կազմելու փաստի վրա, նրա մեջ հույս արթնացնելով ու հավատ ներշնչելով առ այն, որ այդ համախմբման արդյունքում է, որ տապալվելու է գործող վարչախումբը՝ միավորման մեջ մտած քաղաքական ուժերն ու գործիչները հանրությանը տարիներ շարունակ «ծարավ ման են տալիս» հայաստանյան քաղաքական «անապատում»։

Խնդիրը կարիք ունի պարզաբանման, քանզի հանրային քննարկումներում ընդհանրապես ընդունված է այն տեսակետը, որ ընդդիմադիր ուժերի միավորման արդյունքում ավելանում է պայքարի ներուժը: Այդ տեսակետը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ առավել հզոր ուժին եթե հնարավոր չէ դիմագրավել միայնակ ու սեփական փոքր ուժերով, ապա տարբեր սուբյեկտների միավորման դեպքում տեղի է ունենում ռեսուրսների, հնարավորությունների կենտրոնացում, որի արդյունքում արդեն ձեւավորվում է այնքան ներուժ, որն ունակ է դառնում հաղթահարել դիմացը կանգնած հզոր ուժին:

Ներկայացված սկզբունքը ներքին քաղաքականության մեջ ընդհանրապես գործում է մասնակիորեն, սակայն հայաստանյան պայմաններում այն բացարձակապես չի գործում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Հանուն հանրային շահի կհամագործակցեմ սատանայի հետ

Հանրային հարաբերություններում քաղաքական գործունեությունն ամենից բարդ ոլորտն է: Այստեղ իրար են բախվում սուբյեկտների շահերը, մարդկային ամբիցիաները, հանրային տարբեր խմբերի համակրանքի ու հակակրանքի գործոնները, որոնք թույլ չեն տալիս, որ քաղաքական տարբեր ուժերի համախմբման ժամանակ տեղի ունենա նաեւ նրանց համապատասխան ներուժերի մեխանիկական միավորում: Ներուժերի մեխանիկական միավորում կարող է տեղի ունենալ, եթե հանրային տարբեր զանգվածները դաշինք կազմող բոլոր ուժերի նկատմամբ որոշակի համակրանք ունենան, իսկ միավորվող սուբյեկտների նպատակներն ու քաղաքական գործիչների ամբիցիաներն էլ որոշակի աստիճանակարգության ու զսպման ենթարկվեն:

Սակայն մեր քաղաքական դաշտում իրական ուժերի միջեւ եղած անտագոնիզմն այնպիսին է, որ կյանքի կոչվող տարբեր դաշինքները շատ դեպքերում խնդրի առաջ են կանգնեցնում հանրային այն խմբերին, որոնք համակրանքով են լցված եղել իրենց պաշտելի ուժերի նկատմամբ: Նախկինում ստիպված լինելով կուրորեն պաշտպանել իրենց կուսակցական կուռքերին` այդ խմբերն ու անհատները քաղաքական ուժերի համախմբման ժամանակ երբեմն ստիպված են լինում հանրային քննարկումներում արմատապես փոխել վերաբերմունքը իրենց համար անընդունելի կամ անգամ` հակակրելի, դաշինք կազմող մյուս ուժերի նկատմամբ: Քաղաքական գործիչների համար եթե նման վարքը հեշտությամբ է տրվում (հայաստանյան ներքաղաքական կյանքում ճանաչում է գտել «հանուն նպատակի անգամ սատանայի հետ համագործակցելու» թեզը), ապա ոչ բոլոր քաղաքացիներն են ընդունակ նման ծավալի դեմագոգիայի ու անսկզբունքայնության: Ահա հենց այս պատճառով է, որ կազմավորվող դաշինքները որքան ծառայում են քաղաքական ուժերի հեղինակության բարձրացմանը, շատ դեպքերում նույնքան էլ վանում են առանձին հանրային շերտերի:

Քաղաքական գործընթացներում տասը կուսակցություն եթե մեկտեղես, համաժողովրդական մի պայքար հաստատ կավերես

Գործող վարչախմբի դեմ պայքարի դրոշակ բարձրացնելիս ընդդիմադիր առանձին դաշինքների ներուժը երբեմն ամլանում է, երբ դրանցում ներգրավված ուժերը բոլորովին տարբեր նպատակներ են հետապնդում: Սեփական ամբիցիաները եւ կառավարման լծակներին տիրելու անհագ ծարավը քաղաքական գործիչներին առկա իրավիճակի գնահատման եւ համապատասխան վարք ցուցաբերելու գործում շատ փոքր հնարավորություններ են թողնում: Քաղաքական ուժերը եւ դրանք ներկայացնող գործիչները նման դեպքերում հակված են լինում գործել միմիայն անձնական շահերից դրդված: Եւ եթե միանձնյա ղեկավարմամբ առաջնորդվող «անձ-կուսակցությունների» պարագայում որոշումները հեշտությամբ են տրվում, ապա դաշինքների ժամանակ յուրաքնչյուր գործիչ խնդրին նայում է սեփական շահերի դիտանկյունից եւ որոշում կայացնում ըստ այն նպատակի, որն իսկապես ունենում է իր մտքում: Արդյունքում քաղաքական ուժերի դաշինքներում կայացվող որոշումները երբեմն լինում են իրավիճակային` ուղղված սեփական դաշինքի ներսում հակադրությունների հաղթահարմանը, ոչ թե գործող վարչախմբի դեմ պայքարի համար գործուն մեխանիզմներ կիրառելուն:

Հարյուր զրո իրար գումարելիս մեկ չես ստանա

Գործող վարչախմբի դեմ դաշինքների ձեւով պայքարի անհեռանկարայնության մյուս հանգամանքը կապված է հայաստանյան քաղաքական սուբյեկտների կազմավորման առանձնահատկությունների հետ:

Հարկ է նկատել, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրության շրջանում մտացածին կամ իրական հեղինակություն վայելող որոշակի անձի շուրջ կազմավորված արհեստական կուսակցությունների, ինչպես նաեւ շատ նեղ խմբակային շահեր հետապնդող կլանների տեսքով են ներկայանում: Երբ ընդդիմադիր նշված «կուսակցություններն» այլոց հետ դաշինքի մեջ են մտնում, տեղի չի ունենում ներուժի կենտրոնացում մի պարզ պատճառով: Տվյալ «կուսակցությունները» չունեն որեւէ էական ռեսուրս, որը գործող վարչախմբի դեմ պայքարում նշանակություն կարող է ունենալ: Բացի տվյալ լիդերի հանրության շրջանում քիչ թե շատ ճանաչված լինելու հանգամանքից` հիմնված առավելապես տվյալ գործչի արհեստականականորեն պահվող վարկի վրա, այդ «անձ-կուսակցությունները» չունեն հանրությանը ներկայացնելու եւ գործող վարչախմբի դեմ կիրառելի որեւէ այլ գործուն միջոց: Ըստ էության դաշինք կազմելու ժամանակ կատարվում է միայն անձերի` ընդդիմադիր կեղծ լիդերների կամ հանրությանը միայն անվանապես հայտնի առանձին գործիչների պարզ միավորում: Ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող տարբեր «ուժերի» միավորման ինչ-որ նոր ֆորմատներն, այսպիսով, պայմանավորված են լինում կոնկրետ խնդրով: Այն է` տվյալ դաշինքները քաղաքական ուժերին ծառայում են ընդամենը սեփական քաղաքական ակտիվությունը ցուցանելու եւ հանրության շրջանում սեփական վարկը բարձրացնելու միջոց:

Ներկայացված պատկերը բոլորովին չի նշանակում, որ ընդհանրապես քաղաքական ուժերի համախմբումը գործող վարչախմբի դեմ պայքարի գործում իր մեջ ներուժ չի պարունակում: Պարզապես խնդիրը քաղաքական ուժերի կոնկրետ գործողությունների եւ պայքարի մեխանիզմների մեջ է պարփակված: Տեսականորեն հաջողության բերող որոշակի գործողություններ ու մեխանիզմներ նույնքան արդյունավետ կարող են լինել նաեւ առանձին ուժերի կողմից կիրառվելու դեպքում: Երբ կազմավորվում են քաղաքական որոշակի դաշինքներ, ապա դրանց անհրաժեշտությունը պետք է մեկնաբանվի կոնկրետ գործողության դիմելու այն խնդրից ելնելով, որը հնարավոր չէր ինքնուրույն իրականացնել նախկինում, սակայն որը հնարավոր է դառնում երկու եւ ավել ուժերի համախմբման դեպքում: Առանց ցուցանելու դաշինքի կազմավորման նպատակները, այդ նպատակների կյանքի կոչման համար իրենց լուծմանը սպասող խնդիրները, ինչպես նաեւ վերջիններիս լուծման մեխանիզմները, բայց դրա փոխարեն, կենտրոնանալով քաղաքական ուժերի դաշինքի փաստի վրա, հանրությանը հավատ ներշնչել թե գործող վարչախմբի մոտալուտ տապալմանը մնացել են հաշված օրեր, կամ թե` ինքնին արդեն իսկ արժեք է ինչ-որ ուժերի համախմբումը, ահա այդ ամենը սովորական շուլլերություն է, որը լայն տարածում է գտել հայաստանյան քաղաքական դաշտում: Դաշինքի ու համախմբման փաստը հանրությանը ներկայացնելու հետ մեկտեղ քաղաքական ուժերը պարտավոր են ներկայացնել իրենց պայքարի տեխնոլոգիական հիմքերը եւ պատասխանել երկու պարզ հարցի` ի՞նչ չէին կարող անել նրանք առանձին-առանձին, բայց կարող են անել միասին եւ ինչպե՞ս են պատրաստվում դա անել: Այլապես դաշինքի մասնակից ուժերի կողմից ներկայացվող «հավատացեք մեզ ու մենք կտապալենք վարչախմբին» հռետորական կոչը սովորական շուլլերություն է` ենթակա աղբամանը նետելուն:

Մեկնաբանություններ (2)

Աննա
Հարգելի Սարո, շատ դիպուկ եք բնութագրել ըդդմիադիր քաղաքական միավորներին (ի դեպ, մեծ վրիպում է «քաղաքական ուժ» բնութագրումը, քանզի «ուժ»ը նշանակում է ներգործուն պոտենցիալով օժտված մարմին, իսկ եթե ներգործուն և ազդու չէ, ապա նա պարզապես միավորում է կամ կառույց), սակայն արդյո՞ք նրանց շուլլերությունն է, որ ամլացրել է մեր քաղաքական դաշտը։ Արդյո՞ք մենք՝ քաղաքացիներս, վաղուց կորցրած լինելով նրանց նկատմամբ վստահությունը, չենք ապացուցում, որ այո, նրանք շուլլեր են։ Այդ դեպքում, ինչու՞ պետք է մեզ հուզեն նրանց շուլլերությունները և ոչ թե մեր՝ քաղաքացիներիս քաղաքական ուժ դառնալու խնդիրը։ Ի՞նչն է մեզ այս տրանսֆորմացիան անելուն խանգարում։
Սարո Սարոյան
Հարգելի Աննա, ամբողջությամբ ընդունում եմ ձեր նկատառումները։ Հոդվածը գրելիս տուրք եմ տվել քաղաքական միավորի մեզանում ընդունված տերմինին, որն անշուշտ չի արտահայտում առկա վիճակը։ Հետագայում ուշադիր կլինեմ այդ հարցում եւ երեւույթը նկարագրելիս խոսքս կկառուցեմ՝ ընտրելով պատշաճ տերմին։ Ինչ վերաբերում է քաղաքացիների քաղաքական ուժ դառնալու հարցին, ապա պետք է նշեմ, որ դրան խանգարում են հենց ընդդիմադիր միավորների շուլլերությունները։ Դրանք հանրային տրամադրությունները վերափոխում են այնպես, որ մարդկանց անգործության են մատնում։ Հանրությունը սպասում է կուսակցական Փրկիչների ի հայտ գալուն ու ոչինչ չի ձեռնարկում։ Իսկ Փրկիչները չկան ու չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter