HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճեմարանի հոգևոր նկարագիրը և կոչումը

(«Հոգևոր ճեմարանի առաքելությունը» շարքից)

Սկիզբը

Դեռևս 5-րդ դարից սկսած` Հայ եկեղեցու լուսամիտ և սրբասնունդ հայրապետներ Սահակ Պարթևը, Հովհան Մանդակունին և ուրիշներ տևապես հորդորում և պահանաջում էին հոգևորական ձեռնադրել միմիայն ուսյալ և արժանավոր մարդկանց, որոնք անցել են համապատասխան հոգևոր-կրթական հաստատության ճանապարհով: Այս նպատակի իրագործման համար նրանք բարեզարդեցին ժամանակի վանական դպրոցները, որոնք արդարորեն դարձան «ակունք իմաստութեան եւ հոգեւոր դպրութեան»: Այնտեղ մատղաշ սերնդի մեջ անխնա կերպով ջամբեցին աստվածագիտության և հոգևոր դաստիարակության բարի հունդերը, որոնք պտղաբերեցին «մեկի դիմաց` երեսուն, մեկի դիմաց` վաթսուն և մեկի դիմաց` հարյուր» (Մարկ. 4:20):

Այսօր առավել, քան երբևէ, Հայ եկեղեցին կարիք ունի գիտակից, պատրաստված և անձնվեր եկեղեցականների, որոնք ոչ միայն կրթված են արտաքին գիտությամբ, այլև իրենցում անշեղորեն կրում են մեր սրբազան նախնիներից ժառանգած ուղիղ հավատքի դավանությունը և դրանից բխող քրիստոնյայի մաքրակենցաղությունը: Այս ամենը վկայված է ինչպես Սուրբ Գրքով, այնպես էլ եկեղեցական մատենագրությամբ և սրբազան ավանդությամբ: Եկեղեցին ինքն է պատրաստում իր հոգևոր դասին, որը տեղի է ունենում ոչ միայն կրոնական ուսմամբ, այլև հոգևոր նկարագրի կերտումով: Կոչում, ուսում և նկարագիր. այս երեք հատկանիշներն անբաժանելի եռյակ են կազմում, որոնք էլ ճեմարանականի մեջ ձևավորում են ապագա հոգևորականի դիմագիծը:

Ստ. Մալխասյանցի «Բացատրական բառարան»-ում «կոչում» բառի դիմաց կարդում ենք. «Ինչ բանի որ մարդ ի բնէ կոչուած է, բնական հակում, ձիրք` ընդունակութիւն որևէ բանի»: Եկեղեցական իմաստով կոչումն այն աստվածային կանչն է, ներքին ձայնը, հոգևոր մղումը, որը թելադրում է մարդու սրտին: Ճեմարանի յուրաքանչյուր դիմորդ, որ պատրաստվում է դառնալ դպրեվանքի ուսանողը, քաջ պետք է գիտակցի եկեղեցու սպասավորի իր ներքին կոչումը և անվերապահորեն հաշվի նստի դրա հետ: Քահանայական կոչումը պարտադիր և կարևորագույն նախապայմանն է եկեղեցականների պատրաստության: Եվ սա հիմնված է սուրբգրային ճշմարտության վրա:

Քրիստոս իր փրկարար վարդապետությունը աշխարհով մեկ տարածելու ու քարոզելու համար կանչեց և ընտրեց 12 առաքյալների, որոնցից մեկը, թեև ապերախտ գտնվելով, մատնությամբ դավաճանեց, սակայն մնացյալ 11-ը և հետագայում նաև` Հուդա Իսկարիովտացուն վիճակահանությամբ փոխարինած Մատաթիան 70 աշակերտների հետ միասին հավատարիմ մնացին իրենց կոչմանը և անսակարկ կերպով լծվեցին ավետարանչության մեծապատիվ գործին: Ոչ թե առաքյալներն ընտրեցին իրենց Վարդապետին, այլ Հիսուս անձամբ կանչեց նրանց` տգետ ձկնորսներից այլակերպելով աստվածիմաստ, հմուտ և պերճախոս քարոզիչների:

Մեջբերենք երկու հատված Նոր Կտակարանից` հստակորեն հասկանալու կոչման նշանակությունը: «Մինչ Հիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսավ երկու եղբայրների` Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում, և նրա եղբայր Անդրեասին. ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին: Եվ նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»: Եվ նրանք, իսկույն թողնելով ուռկանները, գնացին նրա հետևից: Եվ այնտեղից առաջ գնալով` տեսավ երկու այլ եղբայրների` Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, մինչ նավակի մեջ էին իրենց հոր` Զեբեդեոսի հետ միասին և իրենց ուռկանները կարգի էին բերում. և նրանց էլ կանչեց: Նրանք, իսկույն թողնելով նավակը և իրենց հօրը, գնացին նրա հետևից» (Մատթ. 4:18-22):

Վերոբերյալ ավետարանական հատվածում հստակորեն ուրվագծվում է, որ նախկին ձկնորսները, անսալով Քրիստոսի կանչին, թողեցին իրենց գործը և հետևեցին իրենց Վարդապետին: Բնականաբար, եթե չլիներ այդ կոչումը, նրանք պիտի շարունակեին մնալ նույն ձկնորսները` այդպես էլ չդառնալով առաքյալներ Աստծու խոսքի քարոզության: Այսպիսով, կասկածից դուրս է, որ կոչումը նախապայման է հոգևորական դառնալու համար: Այն եկեղեցականները, որոնք առանց համապատասխան կոչման են ձեռնադրվել, այդպես էլ չեն դարձել հոգևորական` բառի ամենաճշգրիտ իմաստով: Այդպիսիններին կարելի է պարզապես անվանել սևազգեստներ, բայց ոչ` հոգևորականներ: «Գործը չեղավ, տերտեր եղավ» արտահայտությունը, որ գալիս է դեռևս խորհրդային ժամանակներից, հաճախ արտացոլում է եկեղեցական մռայլ իրականության խճապատկերը:

Պետք է ընդգծել, որ հոգևորական լինելը մասնագիտություն կամ աշխատանք չէ, որ օրապահիկը վաստակելու նպատակով կարելի լինի կրել եկեղեցական համազգեստ և վարձատրվել մատուցված գործի համար: Հոգևորական լինելը, կոչում լինելուց զատ, նաև ծառայություն է, ինքնանվիրում և առաքելություն: Այն, ըստ էության, աստվածային գործ է, որը շատ դեպքերում հենց այդպես էլ կոչվում է` քահանայագործություն: Քահանայական կոչման առկայությունը մշտապես պետք է լինի եկեղեցու ուշադրության կենտրոնում, որպեսզի առանց կոչման քահանայական ձեռնադրություն երբևէ չիրականանա: Սա նաև հաստատված է Հայ եկեղեցու «Մաշտոց» ծիսամատյանով, համաձայն որի` նախքան ձեռնադրությունը պետք է կատարվի կոչման կամ ընծայման արարողությունը` բոլոր հերետիկոսների նզովումով, հերետիկոսությունների մերժումով, Սուրբ Հայրերին աշակերտությամբ և ուղղափառ հավատքի հրապարակային խոստովանությամբ:

Այստեղ մի փոքր շեղվենք թեմայից և երկու խոսքով անդրադառնանք վերոհիշյալ կոչման արարողության ժամանակ կարևոր պատասխանատվություն ստանձնած վկայախոսի (հուն.` խարտավիլակ) դերին: Վերջինիս պարտականությունն է վկայություն տալ ընծայյալ տիրացուների արժանավորության, մտավոր պատրաստության և հոգևոր հասունության վերաբերյալ` հիմնվելով իր անձնական ճանաչողության, թեկնածուների խոստովանահայրերի երաշխավորության և ժողովրդի վկայության վրա: Սակայն անհեթեթ է, որ ճեմարանի ուսանողների մեծամասնությունը այդպես էլ չի ունենում իր անձնական խոստովանահայրը, գոնե մեկ անգամ մասնակցած չի լինում անհատական խոստովանանքին, տարվա մեջ խիստ հազվադեպ է Սուրբ Հաղորդություն ընդունում, ու այսքանից հետո վկայախոսը, առանց խղճի խայթ զգալու, ի լուր ներկաների, ի միջի այլոց, պատասխանում է ձեռնադրիչ եպիսկոպոսի հարցմանը, թէ` «Այո՛, թեկնածուն ունի խոստովանահայր, մանկությունից սրբությամբ է սնվել, ունի Սուրբ Գրքի գիտութիւնը», և այլն: Հիշեցնենք, որ Մովսես մարգարեին տրված տասնաբանյա պատվիրաններից մեկն էլ սուտ վկայություն չտալն է: Իսկ Քրիստոս Ավետարանում զգուշացնում է հեռու մնալ փարիսեցիությունից և ձևականություններից:

Ուսումը երկրորդ կարևորագույն բաղկացուցիչն է հոգևորականի պատրաստության համար: Ուսյալ եկեղեցականների կարիքը բոլոր ժամանակներում էլ զգալի է հասարակության հոգևոր պետքերին ի խնդիր: Առանց որակյալ ուսման ապահովման` հնարավոր չէ անշեղորեն ավանդել մեր մատենագրական գոհարները, ժողովրդին լուսավորել Աստծու խոսքի մատակարարությամբ և ողջամիտ մեկնություններով: Պատահական չէ, որ Սբ. Եղիշե պատմիչը անգրագիտությունը համարում է բոլոր չարիքների մայրը. «Ամենայն չարիք ծնանին ի միտս մարդոյ յանուսումնութենէն»: Եվ սա դառը ճշմարտություն է:

Այս առթիվ դիպուկ է արտահայտվում նաև Արշակ Տեր-Միքելյանը. «Ոչ մի բան այնքան վտանգաւոր չէ նոյն իսկ եկեղեցուն, որքան այս կեղծ սպասաւորութիւնը, որովհետև քեզնից պահանջում են այն, ինչ որ չունիս, իսկ դու ստիպուած ես ծածկելու քո տգիտութիւնը` տալով նրանց այն, ինչ որ ունիս. ձուկ կը պահանջեն, իսկ դու օձ կը տաս: Այն մարդը, որ այնքան անազնիւ է, որ մինչև անգամ ծպտեալ պաշտօնեայ է դառնում, էլ ի՞նչ չի կարելի սպասել նրանից»: Իսկ մեկ ուրիշ տեղ էլ, խոսելով ուսման որակի հաշվին ուսանողների քանակի ավելացման և հոգևոր կրթության պակասի մասին, գրում է. «Մեզ պէտք չէ խարդախ, ծպտեալ, դիմայլակեալ դպրոց, այլ պէտք է, թէև աշակերտներով սակաւաթիւ, բայց եկեղեցական գիտութեամբ հզօր, բարգաւաճած հոգեւոր դպրոց: Թող նորա մէջ աւելով հաւաքած «կալակուռտա» (չակերտների մեջ բերված բառի իմաստը մեզ անհայտ է – Ե. Խ.)150 աշակերտք չլինին, այլ լինին 25-30 ընտիր տղայք` կանոնաւոր հոգևոր ուսմունք պարզերես և աներկիւղ ստացողք: Եթէ այդպէս լինի, մենք հազարապատիկ առաւել կը հաշուինք, քան թէ այժմ: Մի քանի պարզամիտներ պարծենալով ասում են` «Մեր հոգևոր դպրոցի մէջ 150-200 աշակերտք կան», ես էլ մտքիս մէջ պատասխանում եմ նոցա` «Վա՜յ այդ խեղճ, անմեղ 200 տղայոց, որ իզուր պիտի կորչին, վասն զի թերուսութիւնը նոյն բարոյական մահն է… Քահանայացուն պէտք է քարոզել գիտենայ, մեր հոգևոր դպրոցներում չկայ դրա վարժութիւնը. քահանայացուն պէտք է Սուրբ Գիրքը մեկնել կարենայ, մեկնութեան դասեր չկան մեր հոգևոր դպրոցներում. նա պէտք է դաւանագէտ, բարոյագէտ լինի, բայց մեր հոգևոր ոչ մի դպրոցում չեն սովորեցնում. նա պէտք է պատմագէտ լինի, ժամասացութիւն, պաշտամունքի էութիւնն, իւրաքանչիւր ծէս բացատրել կարողանայ, սակայն մեր հոգևոր ոչ մի դպրոցում չեն սովորել: Նա պէտք է տարրական բժշկութիւն, գիւղատնտեսութիւն գիտենայ, որոնք չեն աւանդւում մեր հոգևոր դպրոցներում: Այլ և աստուածաբանութիւնը պահանջում է բնագիտական առարկաներն ևս աւանդել, մինչդեռ դրանք դուրս են վռնդուած մեր հոգևոր դպրոցներից: Ուրեմն, ո՞րտեղ ենք քահանայ պատրաստում, մեր ո՞ր հոգևոր դպրոցի աշակերտն է արժանի քահանայութեան: Կամ ո՞ր աշակերտը կը զգայ, թէ ինքը պատրաստութիւն ունի քահանայութեան, որպէս զի  գայ և դառնայ: Մ՞իթէ քիչ ենք լսել դրանցից թէ` «Մենք եկեղեցական ոչինչ չգիտենք, քարոզել ևս չգիտենք, ի՞նչպէս հոգևորական դառնանք»: Թող այս պատասխանը պատրուակ համարեն, սակայն և այնպէս ազնիւ պատասխան է: Մէկ մարդ չունի հոգևոր զէնք, իսկ դուք պահանջում էք, որ նա գայ կռուի խաւարի դէմ. սրանից աւելի այլանդակութիւն կը լինի՞: Ուզում էք հոգևորական պատրաստել, սակայն դպրոցի վարիչ, տեսուչ էք նշանակում բնագէտին, իրաւաբանին, լեզուաբանին. այս այլանդակութեան վրայ չի՞ ծիծաղի նոյն իսկ բնագէտ գիտնականը: Հոգևոր ուսում պէտք է տաք, սակայն ուսուցիչ նշանակում էք կրօն չսովորածին, նոյն իսկ աթէիստին. սա չար ծաղր չէ: Այս կրթութի՞ւն է»…

Ավելացնենք միայն, որ ճեմարանի շրջանավարտներից մի քանիսին հետագայում առանձնաշնորվում է շարունակել իրենց կրթությունը նաև արտերկրի համալսարաններում, ինչը կարող է ունենալ ինչպես իր դրական, այնպես էլ բացասական ազդեցությունը, եթե հաշվի առնենք այն փաստը, որ սեփական եկեղեցու դավանանքը չիմացող հոգևորականները գրկաբաց պիտի տրվեն իրենց հրամցվող յուրաքանչյուր ուսմունքին` հաճախ նաև շեղվելով Սուրբ Հայրերի լուսավոր ճանապարհից: Իսկ արտասահմանյան ուսման դրական կողմն էլ թերևս այն է, որ լավագույն առիթն է ընձեռնվում` ծանոթանալու քույր եկեղեցիների և քրիստոնեական այլ համայնքների հետ` վերջիններիս ծանոթացնելով նաև Հայ եկեղեցու հետ: Սա կարող է ընդլայնել հոգևորականի մտահորիզոնը և մղել ինքնակրթության, ինչը անձի զարգացման թիվ մեկ հատկանիշն է:

Ճեմարանում առաջին գծում պետք է լինեն հոգևոր առարկաները: Լավ է, որ ապագա հոգևորականը ճեմարանում անցնում է հայ և արտասահմանյան գրականություն, համաշխարհային պատմություն, բայց անընդունելի է, երբ նա չի տիրապետում սեփական եկեղեցու պատմությանը, վարդապետությանը, չի սերտում Սուրբ Գիրքը և ծանոթ չէ աստվածաշնչական ուղղափառ մեկնություններին, չի ընթերցում Եկեղեցական Հայրերի արժեքավոր աշխատությունները և այլն:

Ի վերջոյ, ճեմարանն ավարտելուց հետո հոգևորականը եթե այդպես էլ չիմանայ, ասենք, Եղիշե Չարենցի ծննդյան և մահվան թվականները, չմտաբերի Սիամանթոյի իսկական անուն-ազգանունը կամ կարդացած չլինի Օնորե դը Բալզակի ստեղծագործությունները, դրանում սարսափելի ոչինչ չկա: Բայց եթե նա չիմանա Աստվածաշունչը, տեղյակ չլինի եկեղեցական կանոններից, չկարողանա զատորոշել ուղղափառ վարդապետությունը հերետիկոսություններից և մինչև անգամ ի վիճակի չլինի քարոզել, սա արդեն ողբերգական հետևանքներ կունենա: Վեցամյա, իսկ որոշ դեպքերում` իննամյա կրթությունը լիուլի բավարար է, որպեսզի ճեմարանում կերտվի իսկական հոգևորական: Ինչ խոսք, հոգևոր առարկաների հետ կարևոր են նաև հումանիտար հոսքի և հարակից այլ առարկաներ, որոնք ամբողջացնում և համակողմանիորեն կրթում են ճամարանականին: Չմոռանանք շեշտել նաև մարմնամարզության անհրաժեշտությունը հոգևոր դպրանոցներում, որը ուսանողի նստակյաց առօրյայից օրը դարձնում է առողջ և եռանդուն:

Կոչումից և ուսումից հետո երրորդ բաժինը վերաբերում է ճեմարանականի հոգևոր նկարագրին, ինչով էլ պայմանավորված է հենց ճեմարանի հոգևոր նկարագիրը: «Նկարագիր» ասելով` հասկանում ենք տվյալ անձի բարոյական կողմի պատկերը` վարքագիծը, նրա ինքնաարտահայտման դրսևորումը, մտածելակերպը, հոգեբանությունը: Հոգևոր նկարագիր ձեռք բերելու համար ամենից առաջ հարկավոր է ունենալ ընտանեկան դաստիարակություն, որի հիմքի վրա էլ պիտի բարձրանա ու խարսխվի քրիստոնեական դաստիարակությունը: Վերջինս ուղղակիորեն աղերսված է հոգևոր կյանքի աճի հետ, որը հղկվում և ուղղորդվում է խոստովանահայրերի կողմից: Աշխարհի բոլոր հոգևոր հաստատություններում ամեն մի ճեմարան ունի իր հոգևոր հայրը կամ առաջնորդը, որը սկզբունքորեն տեսչական կազմի անդամ լինել չի կարող: Միաժամանակ նա հաշվետու է տեսչությանը` վկայելով տվյալ անձի հոգևոր պատրաստության, հասունության, մի խոսքով` արժանավորության մասին, կամ էլ` հակառակը: Մինչդեռ խոստովանության գաղտնիքը խստիվ պահելի է:

Հոգևոր կյանքին ամենաշատ վնասակարությունը կարող է հաղորդել ինքնախաբեությունը: Յուրաքանչյուր քրիստոնյա, առավել ևս` ճեմարանի սան և հոգևորական, պետք է գիտակցի, որ ինքը պատասխանատու է Աստծուն իր կյանքի բոլոր քայլերի համար: Եթե նա ունի անկեղծ հավատք և հոգևոր գիտակցություն, ապա նրա նկարագիրը ժամանակի ընթացքում կարելի կլինի սրբագրել: Անհավատ ուսանողը կամ քրիստոնեական վարք չդրսևորող ճեմարանականը, որքան էլ փայլի իր ամբարած կրոնական գիտելիքներով, չի կարող հոգևորական դառնալ: Ճեմարանից հեռացումները, որոնք գրեթե միշտ լինում են ուսման ցածր մակարդակի պատճառով, առավելաբար պետք է կիրառվեն քրիստոնյայի կենցաղից և հոգևոր նկարագրից զուրկ անուղղելի սաների նկատմամբ` կանխելու վարակի աղբյուրը: Ընդհակառակը` թույլ առաջադիմություն ունեցող, բայց օրինակելի ուսանողներին սխալ է ճեմարանից հեռացնելը, եթե, իհարկե, ապահովում են նվազագույն, բավարար գիտելիքներ և չունեն մտավոր խնդիրներ: Նրանց ևս պետք է թույլ տալ ավարտել ճեմարանը, որից հետո ուսումնական խորհրդով որոշել նրանց հետագա հոգևոր ծառայության հնարավորությունը: Երրորդ լսարանից հետո այլևս անհրաժեշտություն պիտի չլինի որևէ ուսանողի հեռացնելու` վարքի թերացման կամ վատ նկարագրի պատճառով:                  

Հ. Եղիա Խաչատրյան                                                                     (Շար. Դ.)

Գևորգյան ճեմարանի նախկին փոխտեսուչ

Լուսանկարը՝ Ֆեյսբուքի «Հայ եկեղեցականներ» խմբից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter