HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տեղեկատվության աղբյուրի բացահայտման գործով ՍԴ-ն որոշում կայացրեց հօգուտ ԶԼՄ- ների

Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի (ilur.am) դիմումների հիման վրա հարուցված գործին վերաբերող որոշման եզրափակիչ մասը: Երկու լրատվամիջոցները վիճարկում էին օրենքների մի շարք հոդվածների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Մասնավորապես՝ լրատվամիջոցները պահանջում էին «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 279-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 18, 19, 3, 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Հոդվածները հակասահմանադրական չեն, բայց սխալ են կիրառվել

Դատարանը նշված հոդվածները հակասահմանադրական չճանաչեց, սակայն բովանդակային մասով ամբողջությամբ բավարարեց դիմողների պահանջը:

Մասնավորապես՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ իրավունքի գերակայությունով առաջնորդվող ժողովրդավարական պետությունում իրավական որոշակիության և իրավունքների սահմանափակման սկզբունքներից ելնելով, տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահը կարող է գերակա ճանաչվել այն չբացահայտելու հանրային շահից այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունը կանխելու կամ ծանր և առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար: Այդ իրավապայմաններից առնվազն մեկի առկայությունը միայն իրավաչափ հիմք կարող է հանդիսանալ օրենքով սահմանված կարգով տեղեկատվության աղբյուրի բացահայման համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 279-րդ հոդվածը ևս համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ ՍԴ-ի կողմից որոշումով արտահայտված իրավակարգավորումների շրջանակում:

Դատարանը որոշեց, որ «այլ հաղորդումների գաղտնիության բացահայտման» արտահայտության մեջ չի կարող ընդգրկվել տեղեկատվության աղբյուրի բացահայտումը, ինչն ինքնուրույն իրավակարգավորման առարկա է:

Սահմանադրական դատարանը նաև որոշեց, որ դիմողների նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները նրանց նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:

Նշենք, որ ՍԴ-ում գործի քննությունն ընթանում էր գրավոր ընթացակարգով և տևեց մոտ 10 րոպե, այնուհետև դատարանը հեռացավ որոշում կայացնելու:

«Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն էին իրավաբաններ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը, իսկ «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ն ներկայացնում էին փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը: Ազգային ժողովը սույն գործով ճանաչվել էր պատասխանող կողմ:

Սկզբում Սահմանադրական դատարան դիմել էր «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն, այնուհետև՝ «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ն: ՍԴ-ն հուլիսի 28-ին աշխատակարգային որոշում էր ընդունել նշված գործերը միավորել և քննել նույն նիստում, քանի որ դրանք վերաբերում են նույն հարցին: Նշենք, որ «Հրապարակ» թերթը ազատ արտահայտման իրավունքի խախտման հիմքով գանգատ է ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՍԴ-ում միավորված գործով զեկուցող էր նշանակվել դատավոր Ա. Թունյանը:

«Հրապարակի» ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը որոշման հրապարակումից հետո ասաց, որ, ըստ էության, իրենց դիմումն ամբողջությամբ բավարարված է: Սահմանադրական դատարանը բացահայտել է վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը, նաև ասվել է, որ Քրեական դավարության օրենսգրքի 279-րդ հոդվածում շարադրված «այլ հաղորդումները» չեն կարող ընկալվել որպես հոդվածներ կամ հաղորդում:

Իրավապաշտպանն ասաց, որ իրենք ամբողջությամբ բավարարված են որոշումից և եռամսյա ժամկետում դիմելու են Վճռաբեկ դատարան՝ պահանջելով գործի վերաբացում:

Ձախից՝ Արա Ղազարյանը եւ Արտակ Զեյնալյանը

«Այլևս «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան Սահմանադրական դատարանն իր որոշման եզրափակիչ մասում ձևակերպել է: Այս կապակցությամբ շնոհավորում եմ լրատվամիջոցներին և բոլորիս»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

Արա Ղազարյանն էլ ասաց, որ պետք է սպասել նաև որոշման բովանդակային մասի հրապարակմանը, քանի որ, որպես կանոն, այն ավելի հետաքրքիր է, և գուցե այնտեղ ավելի բարենպաստ դիրքորոշումներ կան:

Ինչո՞ւ դատարանը պարտավորեցրեց լրագրողներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը

Լրատվամիջոցները ստիպված էին դիմել Սահմանադրական դատարան այն բանից հետո, երբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, 2014թ. հունիսի 26-ին դռնփակ նիստով որոշում կայացրեց բավարարել Հատուկ քննչական ծառայության հատուկ կարևորագույն գործերով քննիչ Գ. Բեգոյանի միջնորդությունը՝ քրեական գործով երկու լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն պարտադրելու պահանջի մասին: Դատարանը հաշվի չէր առել լրագրողների կարծիքը, երբ որոշել էր դատական նիստը անցկացնել դռնփակ: Սա այն դեպքում, երբ օրենքով դռնփակ նիստ կարող է անցկացվել լրագրողի միջնորդությամբ, իսկ լրագրողները պնդում էին ճիշտ հակառակը, որ գործը պետք է քննվի դռնբաց պայմաններում:

Երբ Բարձր դատարանը խորհրդակցական սենյակում էր, Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք մեծապես հենվել են միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ըստ որի՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտման երեք դեպք կա, որից երկուսը վերաբերում է դեռևս չկատարված հանցագործությունը կանխելուն, իսկ երրորդը՝ բացառապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին արդարացնելուն: Աղբյուրի բացահայտման փորձերը չպետք է ուղղված լինեն արդեն կատարված հանցագործության բացահայտմանը:

Նրա խոսքերով՝ այն ընթացակարգը, որը վերաբերում է նամակագրության գաղտնիության բացահայտմանը, օգտագործվեց տեղեկատվության աղբյուրի բացահայտման համար, ինչը նախատեսված չի եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

«Իրավական բաց կա, և այս բացը ինքնին հակասահմանադրական վիճակ է և անհրաժեշտ է հաղթահարել: Մենք նաև սա ենք ակնկալում Սահմանադրական դատարանից»,-նշում է Ա. Զեյնալյանը:

Արա Ղազարյանն էլ ասաց, որ միայն ծանր հանցագործությունն ինքնին բավարար չէ լրագրողից պահանջել բացահայտել տեղեկատվության աղբյուրը:

«Իմ կարծիքով՝ ծանր հանցագործությունը, ինչպիսին է, օրինակ, սպասվելիք ահաբեկչական ակտը, եթե իսկապես բոլոր միջոցները սպառված են, նոր միայն որպես ծայրահեղ միջոց կարելի է լրագրողից պահանջել բացահայտել իր աղբյուրը»,-ասում է Ա. Ղազարյանը:

Նրա խոսքով՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունն այն աստիճան չի ազդում դեպի հասարակություն լրատվական հոսքի ծավալի վրա, ինչին ականատես ենք եղել տարիներ շարունակ, բայց բավական է գոնե մեկ անգամ որևէ մեկը բացահայտի իր աղբյուրը, մնացած աղբյուրները «կցամաքեն», և հասարակությունը չի ստանա այդ արժեքավոր ինֆորմացիան:

Իրավաբանի խոսքով՝ կենսական նշանակություն ունի աղբյուրների չբացահայտումը, և դա պետք է արվի բացառիկ դեպքերում:

«Ցանկացած դեպքում, եթե աղբյուրի բացահայտումը կազդի լրագրողից դեպի հասարակություն լրատվական հոսքի ծավալի վրա, և որը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակության համար, չպետք է բացահայտել»,-կարծում է Ա. Ղազարյանը:

Լրատվամիջոցները վերը նշված հոդվածների սահմանադրականության հարցը բարձրացրել են այն հիմքով, որ, օրինակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածը չի ապահովում իրավական որոշակիություն։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, հոդված 279. Դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները, ինչպես նաև բանկային, ապահովագրական, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունները և առգրավումները:

Հոդվածում օգտագործված «այլ հաղորդումներ» հասկացությունը, ըստ դիմումատուների, անորոշ է, չի սահմանում, թե ինչ բնույթի կամ տեսակի հանցագործությունների դեպքում է լրագրողը կրում աղբյուրը բացահայտելու պարտավորություն։

«Կնճռոտ» է նաև «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որը չափազանց լայն հնարավորություն է ընձեռում միջամտելու խոսքի ազատության իրավունքին:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս. «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ' քրեական գործի առիթով' ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ

«Ծանր հանցագործություն» հասկացությունը անորոշ է, և որպես աղբյուրը բացահայտելու հիմք՝ չափազանց լայն: Առկա ձևակերպումները հնարավորություն չեն տալիս պարզել՝ աղբյուրի բացահայտումը և դրանով պայմանավորված հանցագործության մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանության անհատական իրավունքը գերակայո՞ւմ են տեղեկատվության ազատ հոսքի հանրային շահին, թե՞ ոչ:

Դատական վեճը սկսվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի և երկու մարզիկների միջադեպի մասին հրապարակումներից հետո

Հիշեցնենք, որ նույն տարվա մայիսի 9-ին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ երկու օր առաջ Գյումրիում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և մարզիկներ՝ Արթուր և Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջև տեղի է ունեցել  վիճաբանություն, որի ժամանակ ոստիկանության մարզային վարչության պետն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռաֆայելի գլխին, ապա ատրճանակը պահել եղբոր՝ Արթուրի կրծքավանդակին:

ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը հայտարարել էր, թե որոշվել է քրեական գործ չհարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն, 2014թ. մայիսի 30-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Քննիչը դատարան ներկայացրած միջնորդության մեջ նշել էր, որ քննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական գործողություններով Վ. Նադարյանի և մարզիկներ Արթուր և Ռաֆայել Ալեքսանյանների միջև որևէ միջադեպի մասին ապացույցներ ձեռք չեն բերվել: Ըստ նրա՝ «սպառվել են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները», ուստի լրատվամիջոցների կողմից տեղեկությունների աղբյուրի բացահայտումը կարող է օժանդակել քրեական գործով ենթադրյալ ծանր հանցագործության վերաբերյալ հաստատող կամ հերքող ապացույցներ ձեռք բերելուն:

Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և լրատվամիջոցներին պարտավորեցվել էր քննիչին տրամադրել տեղեկատվության աղբյուրը: Վերջիններս հրաժարվել էին աղբյուրը բացահայտել և բողոքարկել էին դատարանի որոշումը: Վերին ատյանները լրատվամիջոցների բողոքները մերժել էին և գործը հասել է Սահմանադրական դատարան:

Քրիստինե Խանումյան

Հարցն այնքան էր լրջացել, որ այս տարվա ամռանը ilur.am լրատվական կայքի խմբագիր, «Ստարտ Մեդիա» ՍՊԸ տնօրեն Քրիստինե Խանումյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը):

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն էր հայտնել ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ: Բարձրացված աղմուկից հետո Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ կարճվել էր քրեական գործը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter