
ՄԻՊ-ը չի դիմի Սահմանադրական դատարան. ՀՔԱՎ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի, որով վերջինս առաջարկել է Սահմանադրական դատարանում բողոքարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի՝ համաձայնություն տալու որոշումը, հայտնել է ԱԺ-ի որոշման սահմանադրականությունը վիճարկելու բավարար հիմքերի բացակայության մասին:
«ՄԻՊ-ը նշում է, որ ԱԺ-ի որոշումը ինքնին մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների ուղղակի սահմանափակում չի պարունակում: Հետաքրքիր է, որ ՄԻՊ-ը արհեստականորեն տարանջատում է համաձայնություն տալու՝ ԱԺ-ի որոշումը այն փաստաթղթի բովանդակությունից, որին տրվել է համաձայնություն:
Հետաքրքիր է՝ ինչպես կվարվեր ՄԻՊ-ը հետևյալ դեպքերում. ԱԺ-ը համաձայնություն է տալիս Քրեական օրենսգրքի մեջ փոփոխություն կատարելու մասին պատգամավորների նախաձեռնությունը հանրաքվեի դնելուն, որով դրվում է ՀՀ-ում մահապատիժ կիրառելու վերաբերյալ հարցը: Կամ, օրինակ, ԱԺ-ը համաձայնություն է տալիս հանրաքվեի դնելու ՀՀ Նախագահի այն նախաձեռնությունը, որով նա առաջարկում է Հայաստանի Հանրապետությունը ընդգրկել Իրանի Իսլամական Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության կազմում:
Արդյո՞ք, այս դեպքերում ՄԻՊ-ը՝ որպես սահմանադրական և ըստ էության՝ անկախ մարմին, հարցին պետք է ձևական մոտեցում ցուցաբերի՝ գտնելով, որ նշված համաձայնությունների մասին ԱԺ որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հիմքերը բավարար չեն: Գտնում ենք, որ ՄԻՊ-ի մոտեցումը արհեստական է և ոչ բովանդակային ԱԺ հայտնի որոշման նկատմամբ, որով համաձայնություն է տրվում հանրաքվեի դնելու մարդու իրավունքները և հիմնական ազատությունները սահմանափակող նորմեր:
Գուցե ՄԻՊ-ը խուսափում է արդեն գործողության մեջ դրված «անհաջող կադր» որակումից:
Ցավով ենք արձանագրում, որ Հայաստանում արդեն օրինաչափություն է ձևավորվել, երբ պետության և հասարակության համար կենսական նշանակության հարցերում պետական ինստիտուտները հրաժարվում են իրենց սահմանադրական պարտականությունները կատարելուց:
Ժամանակին Սահմանադրական դատարանը հրաժարվեց Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման սահմանադրականության հարցի վերաբերյալ մեր դիմումը քննարկելուց՝ հրաժարվելով ՀՀ Սահմանդրությունը պահպանելու իր անմիջական և ուղղակի գործառույթներից:
Վերջում ընդգծենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի, ստացված դիմումի հիման վրա բողոքը քննարկման ընդունելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու փոխարեն՝ պատասխանել է գրությամբ»,- գրված է ՀՔԱ Վանաձորյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել