HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նորակառույց սպանդանոցները դեռեւս չեն կարող կանխել անասունների բացօթյա մորթը

Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի վարչական տարածքում գտնվող սպանդանոցը ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ հիմնված 5 սպանդանոցներից մեկն է: Նորակառույց սպանդանոցում, որը պատրաստ էր շահագործման այս տարվա գարնանից, մինչ օրս ընդամենը 4000 գլուխ ոչխարի մորթ է կատարվել: Նշված խմբաքանակը սպանդանոց են բերել Իրան արտահանողները:

Սպանդանոցի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ներգրավվել է ՊԳԿ-ի ծրագրով իրականացված դասընթացներին ու դարձել ծրագիրն իրականացնող կողմերից մեկը: «Մինչ այդ, Ողջաբերդ գյուղում փոքր սպանդանոց ունեի, որտեղ մորթ էի կատարում, հետո Պարենի ծրագրին մասնակցեցի եւ որոշեցինք շինություն կառուցել: Մեկ հերթափոխի ժամանակ 25 խոշոր եւ 100 մանր եղջերավոր անասունի մորթ կարող է կատարվել: Անասնաբույժը տեղում ստուգում է, երաշխավորելուց հետո մորթ է կատարվում ու պահեստավորվում»,- հայտնեց նա:

Արմենը սպանդանոցն իր գումարով է կառուցել եւ այն պատկանում է իր հիմնադրած «Զոր» ՍՊԸ-ին, իսկ ՄԱԿ-ի ՊԳԿ-ն նոր մոդելային սպանդանոցը կահավորել է անհրաժեշտ սարքավորումներով: Սակայն դժվարանում է ասել՝ շահավետ կլինի՞ դրա գործարկումը, թե՝ ոչ: Մեկ գլուխ ոչխարի մորթի համար 1500 դրամ են սահմանել, որը մեծ գումար չէ, սակայն գյուղացիները մորթ կատարելու համար սպանդանոցից չեն օգտվում: Կենդանիներին սպանդանոցներ հասցնելը գյուղացուց լրացուցիչ եւ զգալի ծախսեր է պահանջում: 

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության սպանդանոցներ կառուցելու նպատակը մեր երկրում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելը, մսի եւ մսամթերքի անվտանգությունն ապահովելն է եղել:  Դրան հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր կանխարգելել բնակավայրերում եւ ճանապարհամերձ տարածքներում կենդանիների մորթը: Սպանդանոցները շահագործող հինգ մասնավոր ընկերությունները դրանք կառուցել են այն հեռանկարով, որ կենդանիների մորթը կուղղորդվի դեպի սպանդանոցներ, եւ այդ դեպքում իրենք կարող են շահույթ ունենալ:

 «Այս նոր սպանդանոցների հիմնումը զգալի խթան կհանդիսանա երկրում մսի եւ մսամթերքի ոլորտի կայուն զարգացման գործընթացում՝ ապահովելով անվտանգ եւ հիգիենիկ արտադրանք եւ դյուրացնելով մսի եւ մսամթերքի վերահսկողությունը, ինչպես նաեւ հետզհետե կնվազեն բակային մորթերը»,- սպանդանոցներից մեկի բացման ժամանակ լավատեսորեն հայտնել էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Այս թեմայով «Հետքի» նախորդ հրապարակումներից մեկին արձագանքելով` ընթերցողները նշել էին, որ այս ծրագրով կառուցված 5 սպանդանոցներն էլ պարապուրդում են, իսկ մորթը շարունակվում է կատարվել փողոցներում, մայթերին, բակերում եւ այլուր՝ սանիտարահիգենիկ պայմանները չպահպանելով:

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ է արվում բնակավայրերում եւ ճանապարհամերձ տարածքներում կենդանիների մորթը նվազագույնի հասցնելու համար եւ, արդյոք, նախարարությունը գյուղացիներին պարտավորեցնելու մեխանիզմ ունի՞, որպեսզի մորթը իրականացնեն սպանդանոցներում, պատասխանեց· «Հիմա  մենք պատրաստում ենք սպանդանոցների ռազմավարություն, եւ այն ուղարկել ենք շահագրգիռ կազմակերպություններին՝ քննարկելու համար: Արդարադատության նախարարության հավանությունն ստանալուց հետո փաստաթուղթը կներկայացնենք կառավարությանը»:

Փոխնախարարը նշեց, որ փաստաթղթով հարցը կարգավորելու երկու տարբերակ են նկատի ունեցել՝ գյուղացին պետք է իր անասունները բերի եւ վաճառի սպանդանոցին, կամ` սպանդանոցը շահագործողն ինքը պետք է մեքենաններով գյուղերից հավաքագրի անասուններն ու տեղափոխի սպանդանոց, անասնաբուժական վերահսկողությամբ մորթ կատարի ու մատակարարի խանութներին, սպառման այլ կետերին:

Նշված տարբերակներից թե որը հավանության կարժանանա, ինչպես նշեց փոխնախարարը, հայտնի կդառնա նոյեմբեր ամսվա վերջին, երբ փաստաթուղթը կքննարկվի կառավարությունում եւ կընդունվի համապատասխան ռազմավարությունը:

Գյուղատնտեսության նախարարը նշել էր նաեւ, որ սպանդանոցների կառուցումը շարունակական է լինելու եւ նախարարությունն իր առջեւ խնդիր է դրել հանրապետության բոլոր մարզերում նմանօրինակ սպանդանոցներ հիմնել: Նշվածներից բացի, գյուղնախարարության տվյալներով, Հայաստանում գործում է շուրջ 20 սպանդանոց, սակայն դրանից մսամթերքի հիգիենիկ եւ որակական նորմերը չեն բարելավվում:

Գ. Բաղիյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բացօթյա մորթը միանգամից կանխելը շատ դժվար կլինի, փաստաթղթի ընդունումից հետո էլ այն կշարունակվի կատարվել տեղերում: «Դրա կիրառությունը միանգամից ապահովելը հնարավոր չէ, ժամանակ է պետք: Երբ սպանդանոցները կկարողանան ողջ հանրապետությունում ապահովել գործընթացը` դրանից հետո կանխարգելող քայլեր կձեռնարկվեն, բայց քանի դեռ չունենք բավարար սպասարկման կետեր, հնարավոր չէ պատժիչ մեխանիզմներ կիրառել»,- հայտնեց նա: 

Մեր հաջորդ հարցին, թե մասնավոր ընկերությունները, որոնք տնօրինում են սպանդանոցները, ունե՞ն ոլորտը կարգավորելու պարտավորվածություն, Գ. Բաղիյանը պատասխանեց· «Սպանդանոցները պետք է իրենց քաղաքականությունն ունենան՝ ռազմավարությունից թելադրված»:

Հանրապետության 4 մարզի 5 համայնքում նորաոճ սպանդանոցների կառուցումը ֆինանսավորել է Հունաստանի Հանրապետության կառավարությունը՝ ներդնելով 1, 622, 000 ԱՄՆ դոլար: Այս ծրագրով երկու սպանդանոց կառուցվել է Կոտայքի մարզում՝ Արզնի եւ Մայակովսկի գյուղերի վարչական տարածքում: Երկու իրար մոտ համայնքներում սպանդանոցը կառուցելիս, արդյոք, համաչափությունը հաշվի առնվե՞լ է կենդանիներին տեղ հասցնելու առումով: «Իրացման մեծ շուկան Երեւան քաղաքն է եւ հաշվի է առնվել, որ ինչքան մոտիկ լինի սպառման կետին` այնքան շահավետ է»,- հայտնեց փոխնախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter