HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուդիկ Մալխասյան. «Սա շոկոլադի գործարան չէ, կոյուղու մաքրման կայան է»

Վանաձորի կոյուղու մաքրման կայանը շահագործվել է  1967թ.-ին: Այս մաքրման կայանի գործարկելը անթույլատրելի է եղել, որի պատճառով էլ  խորհրդային վերջին տարիներին Վանաձորում կառուցվել է հզոր տարողությամբ կոյուղու նոր մաքրման կայան: Անկախությունից հետո նորակառույց կոյուղու մաքրման կայանը  եղել է Լոռու մարզպետարանի հաշվեկշռում, իսկ 2005թ. այն  հանձնվել է Վանաձորի քաղաքապետարանին: 

Այդ մաքրման կայանից այժմ մնացել են ավերակներ:  Շահագործվող կոյուղու հին մաքրման կայանի առաջնային երկու    պարզարանների տարողությունը օրական ունի 22 000 խմ հզորություն: Վանաձորից կայան մտնող կոյուղու կեղտաջրերի քանակն այսօր օրական կազմում է 55 000-65 000 խմ, դրանից միայն 22 000 հազարն է մտնում կայան, մնացածը թափվում է Դեբեդ գետը:

«Դա ավելցուկն է»,- ցույց տալով կայանի հենապատից Դեբեդ թափվող կոյուղու հսկայական հոսքը՝ ասաց մաքրման կայանի տնօրեն Ռուդիկ Մալխասյանը: Կայան օրական մտնող 22 000 խմ կոյուղաջրերը կենսաբանական մաքրման չեն ենթարկվում: Ռ.Մալխասյանի ասելով՝  մաքրման կայանում կոյուղաջրերի միայն մեխանիկական մաքրում է կատարվում: Կոյուղու մաքրման գործող կայանը տեղավորված է «Վանաձոր-Ալավերդի» միջպետական ճանապարհի վրա գտնվող Վանաձորի հին գերեզմանոցի հարևանությամբ` մայրուղու աջ եզրին: Ճանապարհի այդ հատվածով անցնելիս աղտոտված օդի հոտից վարորդները անմիջապես փակում են  իրենց մեքենաների լուսամուտները: Անտանելի հոտերից մաքրման կայանի  տարածքում նույնպես հնարավոր չէ շնչել:

Ռուդիկ Մալխասյան  Հարություն Անտոնյան

Երբ դժգոհեցի, կայանի տնօրեն Ռուդիկ Մալխասյանն ասաց. «Սա շոկոլադի գործարան չէ, կոյուղու մաքրման կայան է»: Նա բացատրեց, որ  տարածված գարշահոտությունը կոյուղաջրերի երկու պարզարանների արտահոսքերի հետևանք է: Իրականում գարշահոտությունը շրջակա միջավայրում տարածվում է նաև բաց պարզարաններից  ու հոսող կոյուղաջրերի բաց դիտահորերից: Պարզարանները  գրեթե քանդման շեմին են: Անբարեկարգ ու անհուսալի վիճակում են նաև  մաքրման կայանի վարչական շենքը, տեխնիկական մյուս  կառույցները և բակը: Կայանը տարիներ շարունակ համաճարակային վտանգներ է ստեղծում Դեբեդ գետում, որտեղ ամռանը լողանում են երեխաները, ոռոգվում են Դեբեդի  ավազանում գտնվող համայնքների այգիներն ու վարելահողերը: Կոյուղաջրերով աղտոտված Դեբեդի ձկներով կերակրվում է  Վանաձորից  մինչև Բագրատաշեն ձկնորսությամբ սնվող Դեբեդի ավազանի համայնքների սոցիալապես անապահով բնակչությունը:

«Լոռի–ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի  գլխավոր տնօրենի տեղակալ Հարություն Անտոնյանը երեկ մեզ  հայտնեց, որ ներկայումս  KFW բանկի դրամաշնորհի, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն վերակառուցում  է Վանաձորի ջրագծերի և կոյուղու ներքին ցանցի 70 տոկոսը: Հաջորդ փուլով `2018 թ․-ին, կվերականգնվեն Վանաձորի 8-րդ ճնշումային գոտու և 13 գյուղական համայնքերի ներքին ցանցերը, որից հետո պետք է կառուցվի Վանաձորի կոյուղու նոր մաքրման կայան` կրկին  KFW բանկի վարկավորմամբ, որի համար «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն բանկի հետ  բանակցություններ կարող են սկսել միայն 2019թ.-ին: Պատասխանելով  «Հետքի» հարցին՝ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը հայտնեց, որ Վանաձորում կոյուղու մաքրման նոր կայան նախատեսվում է կառուցել KFW բանկի կողմից:

Ի տարբերություն Հ. Անտոնյանի՝ Տ. Պապանյանն ասաց, որ նոր մաքրման կայանի կառուցման նախագծային աշխատանքները պետք է կատարվեն 2016թ.-ին:  Տ.Պապանյանը նաև հայտնեց, որ KFW բանկի կողմից  ֆինանսավորվող կոյուղու նոր մաքրման կայանը կառուցվելու  է քանդված մաքրման կայանի տարածքում: Թե այդ դեպքում ինչու է քանդվել մաքրման կայանի նախկին շենքը,  Տ.Պապանյանը պատասխանեց. «Խորհրդային տարիներին կառուցված  կոյուղու մաքրման կայանը մեզ  հանձնվել է 2005թ.-ի.` լրիվ ավերված, կոնստորուկցիաների արմատուրաները հանված վիճակում, մենք դրանց նկարները պահպանում ենք»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter