HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողոմոն Քոչարյանն ազատության մեջ է (լուսանկարներ, տեսանյութ)

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ այսօր ծանր հիվանդությունների հիմքով ազատություն ստացավ 21-րդ տարին անազատության մեջ գտնվող, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանը:

Սա առաջին դեպքն է անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ ցմահ բանտարկյալը ազատվում է պատժի հետագա կրումից: Ինքը` դատապարտյալը, սակայն, չէր կարող ներկա գտնվել իր ազատման վերաբերյալ միջնորդության քննությանը. նա գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում` անկողնային վիճակում: Որդու ազատման լուրը չկարողացավ լսել նաև Սողոմոն Քոչարյանի մայրը, ով նրան խնամում է հիվանդանոցում: 

Դատարանի դահլիճում էին Սողոմոն Քոչարյանի քույրերը, հարազատները: Հուզված հետևում էին դատավորի ամեն բառին: Ներկա էին նաև քաղաքացիներ, նրա մարտական ընկերները: 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սողոմոն Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը ներկայացրեց Սողոմոն Քոչարյանի դիմումը` ուղղված դատարանին: «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մոտ երկու ամիս գտնվող դատապարտյալը խնդրել էր դատարանին առանց իր ներկայության լսել ազատման միջնորդությունը` նշելով, որ ի վիճակի չէ մասնակցել, քանի որ անշարժ է, անկողնային վիճակում:

«20 տարի է սպասում եմ ազատությանը, ուստի խնդրում եմ որոշումը կայացնել նույն օրը` հոկտեմբերի 22-ին»,- նշված էր Քոչարյանի նամակում: Իր ազատման վճռի լուրը Սողոմոն Քոչարյանին հայտնել է մայրը: Վերջինս տեղեկացրեց, որ որդին հուզված է:

«Սողոմոն Քոչարյանը առաջին ցմահ դատապարտյալն է, ում գործը այդ հիմքով հասել է դատարան, ինչը մի կողմից ուրախացնող, մեկ այլ կողմից տխրեցնող փաստ է»,- նշեց Գրիշա Բալասանյանը:

Հիշեցնենք, որ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն էր տվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ` ընդունելով, որ նա տառապում է Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի մի քանի հիվանդություններով` սրտի իշեմիկ հիվանդություն, 3-րդ աստիճանի սրտային անբավարարություն: Դրական եզրակացությունն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 

«Այս պահին մի կողմ թողնենք, թե ինչու, ինչի հետևանքով է Սողոմոն Քոչարյանը ազատազրկման վայրում ձեռք բերել ծանր հիվանդություններ: Արդյոք պատշաճ բժշկական օգնության պարագայում հնարավոր չէր լինի կանխել ծանր հիվանդությունների առաջացումը: Կամ՝ առաջին 7 տարիներին, մինչև ՀՀ Եվրոպայի Խորհրդի անդամ դառնալը, մահապատժի դատապարտվածի կարգավիճակում խցերի պայմանները, որտեղ առհասարակ արևի լույս չի եղել, չի օդափոխվել, պատուհանները գիշեր-ցերեկ փակված են եղել երկաթե շերտավարագույրներով և այլն իրենց հետքը չեն թողել դատապարտյալի առողջության վրա: Եվրոպայի Խորհրդի անդամ դառնալուց հետո Հայաստանի Հանրապետությունում որոշ դրական փոփոխություններ իհարկե կատարվել են, սակայն դրանք իմ գնահատմամբ, կոսմետիկ փոփոխություններ են եղել: Ցայտուն օրինակներից մեկն էլ այն է, որ անկախությունից ի վեր ոչ մի ցմահ դատապարտյալ հիվանդության պատճառով չի ազատվել պատժի կրումից»,- իր խոսքում նշեց Սողոմոն Քոչարյանի փաստաբանը` խնդրելով դատարանին ազատել Քոչարյանին:

Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արա Հովհաննիսյանը հրապարակեց և պնդեց միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հայկ Խաչատրյանը չառարկեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Աֆրիկյանի կողմից ներկայացված` Սողոմոն Քոչարյանին ազատելու միջնորդությանը:

Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի 1995թ. իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով: 20 տարի անց հայտնի է դարձել, որ մահապատժի դատավճիռը եղել է ՀՀ գլխավոր դատախազության վրա Իրանի դեսպանի կողմից քաղաքական ճնշման հետևանք: Պատժի կրման 20 տարիների ընթացքում կորցրել է ողջ ընտանիքը: Կինը մահացել է ծանր հիվանդությունից, աղջիկը` 19 տարեկան Սյուզին, ում Սողոմոնը ընդամենը 4 անգամ էր տեսել,  ինքնասպանություն է գործել անցյալ տարի: Աղջկա մահից հետո մեկ տարվա ընթացքում վատացել է Սողոմոն Քոչարյանի առողջությունը:

21-րդ տարին անազատության մեջ գտնվող, Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը օգոստոսի 26-ից բուժում է ստանում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Բժիշկները շարունակում են նրա վիճակը գնահատել ծանր: Քոչարյանը օգոստոսի 18-ից գտնվել էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ օգոստոսի 25-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից էլ մեկ օր անց մոր ու փաստաբանի դիմումի հիման վրա, նրան տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ և գտնվում է մինչ օրս:

Հ. Գ. Սողոմոն Քոչարյանի հետ այս հարցազրույցը «Հետքը» տեսանկարահանել է 2015 թ.-ի ապրիլին նրա մասին պատմող «Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում» ֆիլմի համար: Այժմ հրապարակում ենք հարցազրույցի տեսագրությունը գրեթե ամբողջությամբ:

Մեկնաբանություններ (9)

Սուսաննա
Հպարտանում եմ ձեզնով
Արսեն
Ապրեք «Հետք» ջան: Շարունակեք նույն ոգով: Հուսով եմ մի օր էլ Մհերին ու մյուս տղաներին կտեսնենք ազատության մեջ:
Հասմիկ Ա. Ա.
Կեցցե՜ «Հետքը», կեցցե՜ Զարուհիս: Առողջություն Սողոմոնին, տարոսն էլ Մհերին և մյուսներին:
Նինա
Հարգելի Սողոմոն,անչափ ուրախ եմ Ձեր համար,սակայն ինձ մտահոգեց Ձեր խոսքը,կապված Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:Միթե՞,իրոք,այսօրվա անիրավության հայրը իմ կողմից այդքան հարգված մարդն է:
Գեւորգ
Պետք է գլուխ խոնարհել Զարուհի Մեջլումյանին: Հույս է երեւում որ մյուս դժբախտների համար եւս դուռ կբացվի:
Դավիթ Հարությունյան
Շատ մեծ շնորհակալություն ձեզ ՀԵՏՔ ջան, հատկապես Զարուհի Մեջլումյան, Էդիկ Բաղդասարյան, Գրիշա Բալասանյան։ Շնորհավոր մեր Սողոմոնին Աստված իրան առողջություն տա, իսկ մյուս ազնիվ ու արդար տղեքին էլ շուտափույթ գործերի վերաբացում ու արդարացում, կամ գոնե ներում, ձեզ բեղմնավոր աշխատանք հետք ջան տղաներին էլ բարի վերադարձ։ Վերջապես ձեր համառ աշխատանքի շնորհիվ թուրք-թաթարական ռեժիմի ձեռքից ազատվեց առաջին գերին։
aram
Աստված ջան առողջություն տուր այս մարդուն
Անահիտ
լավ, ուրեմն մարդ պիտի մի ոտը գերեզման հասնի, նոր ազատե՞ք այ անխիղճներ
Սամվըլ
Շնորհակալություն Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter