HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիճը կվերադարձվի գյուղացիների՞ն, թե՞ կմնա Վարդան Այվազյանին

Վրաստանի բնապահպանության նախարարությունը Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչներին խոստացել է վերադարձնել լճում ձուկ որսալու իրավունքը: Խոստման իրականացումը, սակայն, անընդհատ ձգձգվում է:

Հիշեցնենք, որ Տաբածղուր գյուղի համանուն լճում ձուկ որսալու արտոնագիրը հանձված է ՀՀ ԱԺ պատգամավոր, ծնունդով տաբածղուրցի Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» ՍՊԸ-ին (შპს "ტბები"):

Օգոստոսին գյուղում տեղի ունեցած ընդհարումից հետո Վրաստանի բնապահպանության փոխնախարար Գոգա Մելիքաձեն, ով նույնպես այդ օրն այցելել էր գյուղ, խոստացել էր գյուղացիների հարցին լուծում տալ գյուղացիների օգտին:

Սկզբում հոկտեմբերի 1-ին, այնուհետև՝ 20-ին, հիմա էլ գյուղացիներին 26-ին են հրավիրել նախարարություն, որպեսզի նրանց հետ պայմանագիր կնքեն:

«Փոխնախարարն ասաց, որ Այվազովի (Վարդան Այվազյանին Այվազով է անվանել փոխնախարարը-հեղ.) հետ հանդիպել են, նախարարն ասել է՝ էդ ժողովրդին մի նեղացրու, լավ ժողովուրդ է ապրում էդտեղ: Կգաք 26-ին կամ 27-ին Թիֆլիս, էդ պայմանագիրը կնքենք ձեզ հետ: Փոխնախարարի խոսքով՝ պայմանագիրը պետք է լինի ժողովրդի օգտին: Այսինքն՝ լիճը պետք է տան գյուղացիներին»,- պատմեց Տաբածղուրի բնակիչ Հովհաննեսը:

Գյուղացիներն այժմ ձուկ որսում են լճից: Մեկ անգամ փորձ է արվել արգելել նրանց ոստիկանության միջոցով, սակայն նրանք հավաքվել և ասել են, որ ապրելու հնարավորություն չունեն և մինչ վերջնական որոշումը «սոված մեռնիլ չեն ուզե»:

Միաժամանակ, շարունակվում է Վարդան Այվազյանի դեմ դատական գործընթացի բողոքարկումը: Հիշեցնենք՝ Տաբածղուր գյուղի բնակիչները դատի էին տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում էին անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու՝ Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  Թբիլիսիի քաղաքային դատարանը հուլիսի վերջին մերժել էր բնակիչների հայցը, որից հետո գյուղացիները դիմել էին վերադաս դատարան:

Նիստերը, սակայն, վերադաս դատարանում չեն կայանում, քանի որ «Լճեր» ՍՊԸ-ի ներկայացուցիչը չի ներկայանում նիստին: Դատական նիստերն առայժմ հետաձգվում են:

Տաբածղուրցիները սպասում են պայմանագրերի կնքմանը. եթե իրենց օգտին հարցը չլուծվի, պայքարը իրավական հարթությունում շարունակելու են:

«Խոստացել ենք, որ սարեցու պես կանգնելու ենք, սարեցու պես կանգնած ենք»,-ասաց Հովհաննեսը: 

Տաբածղուրի մասին ամբողջական պատմությունը կարող եք դիտել այստեղ

Մեկնաբանություններ (2)

Սուրեն
Երբ գյուղն հիմնադրվեց, իրավունք բաժանող/ծախող չկար: Հիմնադրողներն այս լճի բարիքների համար եկել այս սարերը: Իրանք ձուկ որսալու իրավունքը վաստակել են ի սկզբանե: Էդ ով եղավ միմիստրության չինովնիկը որ գյուղացու լիճն ու բարիքը իրեն վրա դորտ-ու-բեշ ծախեն:
Մ,Գրիգորյան
Հայաստանի ընդերքը կողոպտելուց դեռ չի կշտացել, հիմա էլ Վրաստանի ջրերն է լափում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter