HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հորդորներով, սպառնալիքներով փորձ էր արվել կանխել գառնեցիների մասնակցությունը հանրային քննարկմանը

«Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկը (ՊՀ) այսօր Գառնի գյուղում հանրային լսում էր կազմակերպել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ ծրագրի» բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունները բնակչության հետ քննակելու նպատակով: Գառնիի բնակիչները, որոնք ծրագիրը մերժել են այդ մասին հայտարարվելու սկզբից մինչեւ օրս՝ այն համարելով Գառնի համայնքի տնտեսական շահերին հակասող եւ հակաբնապահպանական ծրագիր, անհասկանալի են համարում այդ թեմայով որեւէ քննարկում կազմակերպելը:

ԾԻԳ-ը, ինչպես նաեւ կառավարական շրջանակներն արդեն քաջածանոթ լինելով բնակիչների տեսակետին, ավելի երկար էին նախապատրաստվել այս հանդիպմանը: Հանրային լսումից մեկ շաբաթ առաջ ծրագրի իրագործման դեմ պայքարողների հետ պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակներից հանդիպումներ են եղել, փորձ էր արվել հորդորներով, սպառնալիքներով կանխել նրանց մասնակցությունն այսօրվա հադիպմանը, նախադրյալներ ստեղծել հանրային լսումն իրենց կանխորոշած սցենարով անցկացնելու եւ ցանկալի արդյունք արձանագրելու համար: 

Այս սցենարն իրագործելու համար Գառնի էին ժամանել Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Լեւոն Պետրոսյանը:

Հանրային լսում անցկացնելու վերաբերյալ բնակչությանն այս անգամ էլ չէին իրազեկել, ուստի բազմամարդ հրապարակն անակնկալի էր բերել նաեւ նրանց: Հանդիպումը նախատեսված ժամից բավականին ուշացումով սկսվեց, որովհետեւ նրանք սպասում էին իրենց հրավիրյալներին՝ Գառնիի երեք հանրակրթական դպրոցների ուսուցիչներին ու մանկապարտեզի դաստիարակներին:

Գյուղի արվեստի դպրոցի սրահում նրանց տեղավորելուց հետո Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը ԾԻԳ-ի ներկայացուցիչներին առաջարկեց սկսել քննարկումը: Մշակույթի տան առջեւ հավաքված բազմությունը, բնականաբար, չէր կարող տեղավորվել փոքրիկ սրահում եւ մասնակից դառնալ քննարկմանը: Վրդովված գառնեցիները համայնքի ղեկավարից պահանջեցին հանդիպումն անցկացնել դրսում, որպեսզի բոլորն էլ կարողանան լսել եւ իրենց կարծիքը հայտնել քննարկվող թեմայի վերաբերյալ: Տեւական վիճաբանությունից հետո նրանք պարտադրանքով սրահից դուրս հրավիրեցին մարզպետի տեղակալի ցուցումով աթոռներին հաստատուն տեղ գրաված ուսուցիչներին, որից հետո քննարկումը տեղափոխվեց մշակույթի տան դահլիճ:

«Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը գառնեցիներին տեղեկացրեց, որ անցնող 6 ամիսներին Ազատ գետում ջրաչափումներ են կատարվել, առաջին երեք ամիսներին բավարար ջրաքանակ է գրանցվել, իսկ վերջին երեք ամիսներին ջուրը բավականաչափ նվազել է, սակայն օրենքով նախատեսված 850 լ/վրկ բնապահպանական թողքն ապահովելուց հետո, վերջին տվյալներով, 400 լ/վրկ ջուր է մնում գետում, ուստի ծրագիրը կարող են իրականացնել: Միաժամանակ, Արտաշատի տարածաշրջանի շահառու գյուղերում նախատեսվում է ոռոգման կաթիլային համակարգ տեղադրել, որպեսզի եղած ջրաքանակով կարողանան այդ գյուղերին ապահովել ջրով:

Միաժամանակ, գետը ցամաքեցնելու գառնեցիների արտահայտած մտավախություններին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ տեղադրվելու են ջրաքանակի ավտոմատ կառավարման համակարգեր, որը գյուղացիներին հնարավորություն կտա տնից համակարգչով հետեւել վերցվող ջրաքանակին եւ վերահսկելի դարձնել այն:

Գառնեցիները վերջին մեկ տարում այս նախադասությունները լսում էին թերեւս հարյուրերորդ անգամ, միաժամանակ ականատես էին եղել, թե ինչպես ՋՕ-ի աշխատակիցները փակեցին գյուղի ոռգման ջուրը եւ այն լցրին գետը, որպեսզի ջրաչափող հանձնաժողովն առկա ջրաքանակից մեծ թիվ գրանցի: Ուստի, ընդհատեցին բանախոսին եւ հայտարարեցին, որ իրենք այս իշխանություններին չեն վստահում եւ շարունակությունը լսելու ցանկություն չունեն:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել ենք, որ Ազատի կիրճում առկա բնության չորս հուշարձանները, որոնք հաստատված են ՀՀ կառավարության 14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն որոշման հավելվածով, Քաղցրաշենի ծրագրում համապատասխան գնահատում չեն ունեցել: Պրն Նալբանդյանին ուղղված իմ հարցերից մեկն այն էր, թե թույլատրելի՞ է ծրագրի իրագործումը՝ առանց ճշտելու դրանց տեղադիրքը:   

Բանախոսը պատասխանեց, որ նշված հուշարձանների վերաբերյալ կոորդինատային հաստատված համակարգ չկա, իրենք փորձ արել են բնապահպանության նախարարությունից ստանալ այն ծրագրի իրականացման ե՛ւ սկզբում, ե՛ւ ընթացքում: «Բնապահպանության նախարարությունը քանի դեռ չունի այդ հուշարձանների հստակ տեղադիրքը եւ կոոդինատային համակարգը, որը հաստատված կլինի հուշարձանների անձնագրով, ոչ ոք չի կարող ասել՝ դրանք խնդիր ստեղծո՞ւմ են ծրագրի իրականացման համար, թե՞ ոչ»,- հայտնեց Մ· Նալբանդյանը:

Մեր հաջորդ հարցը՝ շահառու 12 համայնքներից որի՞ն են տալու 400 լ/վրկ ջուրը, երբ այն հազիվ 2 գյուղի բավարարի, եւ արդյոք հաշվարկներ կատարվե՞լ են ծրագրի տնտեսական արդյունավետությունը գնահատելու առումով, նա պատասխանեց· «Ցանկացած ծրագրի դեպքում տնտեսական արդյունավետությունը որոշվում է ոչ թե մեկ տարվա ցուցանիշով, այլ 50 եւ ավել տարիների»:

Նշենք, որ վերջին 4 տարվա արդյունքներով մեր հանրապետությունում սակավաջրություն է գրանցվել: Միաժամանակ, գլոբալ էկոլոգիական միտումները լավատեսություն չեն առաջացնում, որ հաջորդ տարիները ջրառատ են լինելու: Հետեւաբար, սխալված չենք լինի, եթե ասենք, որ Քաղցրաշենի ծրագրում 12 շահառու գյուղեր ներառելը խաբեություն է, եւ այն արվել է զուտ ծրագրի կարեւորությունն ընդգծելու առումով:

Հերթական հանդիպումն ավարտվեց գառնեցիների կտրուկ դիմադրությամբ եւ մերժումով: Հանդիպմանը ներկա գտնվողները մեկ անգամ եւս հայտարարեցին, որ բոլոր բացատրությունները եւ ծրագիրն իրագործելու համար հիմնավորումներ գտնելու փորձերն ապարդյուն ջանքեր են. Ազատ գետում բավարար քանակի ջուր չկա այս ծրագիրն իրագործելու համար, ուստի իրենք մերժում են ցանկացած քննարկում:

Ոչինչ չտվող եւս մեկ հանդիպում Գառնիում ավարտելուց հետո «Ջրային տնտեսություն ԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցները շտապեցին Քաղցրաշենի ծրագիրը քննարկելու Արտաշատի տարածաշրջանի շահառու համայնքների հետ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter