HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թատրոնից հարսանիք. լոռեցի դերասանն այժմ թամադայություն է անում

Ալավերդու քաղաքային թատրոնի դերասան Գարիկ Էվոյանը շուրջ 10 տարի առաջ անակնկալ հեռացավ թատրոնից. «Գարիկը մեր թատրոնի տղամարդու միակ լավագույն դերակատարներն էր: Նրա հեռանալուց հետ մենք շուրջ մեկ տարի ուշքի չէինք գալիս և չէինք կարողանում աշխատել»,- ասում է թատրոնի ռեժիսոր Հրաչյա Պապինյանը:

Թատրոնից հեռանալուց հետո Գարիկ Էվոյանը դարձել է նույնքան հանրահայտ թամադա: Այսուհանդերձ, ալավերդցիների գնահատմամբ, քաղաքային թատրոնում շնորհալի դերասանի տեղը դեռ բաց է մնում:

«Հետքը» զրուցեց Գարիկ Էվոյանի հետ:

Ալավերդու  քաղաքային թատրոնում որպես դերասան  արդեն մեծ համբավ ու հեղինակություն էիր վայելում, մեկ  էլ ալավերդցիներիս համար անակնկալ  դարձար թամադա: Ինչո՞ւ:

Ես Ալավերդուց տեղափոխվեցի Երևան` վտարված բոլոր ասպարեզներից, ուր կարող էի լինել: Թատրոնով ընտանիք չէի կարողանում պահել: Առհասարակ, որևէ մեկի համար ամենամեծ ամոթն իր զավակի սովն է: Ես չգիտեի, որ թամադայությունն արդեն դառնում է գործ: Մի օր ընկերներիցս մեկն ինձ հիշեցրեց. «Դու ինձ ասել ես, որ ամեն գործ էլ կանես` ընտանիքդ պահելու համար»: Ասացի`իհարկե, մենակ երեխեքս չսովեն: Ընկերս ասաց` թամադայի գործ կա: Ուղարկեց մի հարսանյաց սրահի տիրոջ մոտ, ով իր ընկերն էր:

Որքա՞ն ժամանակ եք խաղացել Ալավերդու քաղաքային թատրոնում:

Մի 20 տարի: 2004թ.-ից թատրոնում չեմ կարողանում խաղալ, թեև այն համարում եմ իմը նույնքան, ինչքան քաղաքային թատրոնի հիմնադրման պահին: Ես Երևանի Պարոնյանի թատրոնում 1,5 տարի խաղում էի, նույնպես ստիպված եղա թողնել: Ուզում եմ ինձ նախկին դերասան դեռ չհամարել, թեև արդեն 10 տարի է՝ հեռացել եմ թատրոնից: Երևի մեկ ու կես  տասնյակ դեր եմ խաղացել:

Մինչ այդ թամադայի պարտականություն երբևէ կատարե՞լ էիր:

Մայրական պապս ու հայրս հաճախ էին հանդիպում  մարտադաշտում` սեղանի շուրջ: Երկուսն էլ խոսքաշեն մարդիկ էին: Երկուսն էլ լավ թամադա: Մի օր որ հայրս ու պապս հոգնեցին  կենացներից, պապս, թե. «Այ գյադա, հլա դու մի բան ասա, ես ու հերդ խմենք»: Ես հրաժարվեցի: Պապս թե` էլ զահլես մի տանի, հետն էլ գերազանցիկ տղա ես: Քանի որ երկու մեծերի ներկայությամբ ես կենաց ասացի, խոսքս զավեշտահումորային  ստացվեց: Հերս, թե. «Բայց լավ էլ ասավ, չէ՞»: Այսինքն համն ու  հոտը տեղն էր: Պապս ասավ. «Սրանից եդը դու կասես, մենք կխմենք»: Մինչև հիմա էլ ես ասում եմ, ուրիշը խմում է:

Հիմա   թամադաների գործը ոնց որ բիզնես է դարձել:

Հիմա թամադայությունը նահանջում է, գալիս է շոումենությունը: Դա նախկին շուլուխապետն է: Հարսանիքում թամադան նաև շոու  է կազմակերպում: Եվ կան շոումեններ, ովքեր նաև թամադայություն են անում: Դա մրցակցություն չէ, դա բազմազանություն է, որովհետև նույն մարդը երկուսն էլ  կարողանաում է լինել:

Հարսանիք ղեկավարելիս օգտվո՞ւմ ես մեր  ազգային կենացներից:

Հարսանեկան ծեսերի 70 տոկոսը նույնական է` հայկական: Ես կենացների համար չեմ նախապատրաստվում, որովհետև հետո, երբ կրկնում ես կենացը, այն դեպքում խոսքը կամ թույլ, կամ ճապաղ է դառնում: Լոռու կոլորիտը ամենաապրող կոլորիտներից մեկն է: Վերջերս մայրս մի օրհնանք տվեց, ասաց. «Աստծո հով փեշը վրեդ լինի»: Ես հուզվեցի: Այ էդ աստիճանի մեր ժողովրդի շուրթին օրհնանքը կենդանի է: Ես սնվում եմ ժողովրդական բանահյուսությունից:

Լոռեցու պարզությունը  չի՞ խանգարում թամադայի  դերում: 

Դա իմ կռվանն է, որովհետև հարսանիքի ժամանակ չի կարելի շատ բան թողնել հարսանքավորի հասկացողությանը, պետք է ամեն ինչ պարզ լինի:

Քո հայտնի հումորը օգտագործո՞ւմ ես հարսանիք ղեկավարելիս:

Ոչ, չեմ կիրառում, հումորը կարող է չհասկացվել, անեկդոտը կրկնված լինել, առակը ձգձգվող է: Բայց շոյող կատակներ անելու որևէ հնարավորություն բաց չեմ թողնում: Մռայլ թամադա չեմ:

Երբ կենաց ես ասում, չե՞ս վախենում, որ մաղթանքդ տեղ չհասնի:  

Երեկ ես մի տղայի հանդիպեցի, ում երկու անգամ «ամուսնացրել եմ»: Ու դա իմ միակ դեպքը չէր: Գիտեմ, որ իմ օրհնածներից շատերը, ցավոք, բաժանվել են: Բաժանությունների հին  պատճառները պահպանվում են: Բայց մի մեծ ցավ է ավելացել: Ես դեմ չեմ գենդերային հավասարությանը, բայց կանայք հասարակության մեջ դիրք ստանալով` լիդեր են դարձել: Ավանդական ընտանիքի ֆորմատը նահանջում է: Հիմա արդեն բավական է` երեխան օրինական հայր ունենա, դա  բավարարում է կնոջը, համարում է, որ դա բարոյականության ծիրում է: Ես ավանդական ընտանիքը ազգային արժեք եմ համարում և ցավում եմ, որ ընտանիքի հին ֆորմատը նահանջում է:  

Հարս ու փեսային առաջնահերթ ի՞նչ խորհուրդ ես տալիս:

Խորհուրդ չէ, պահանջներ եմ դնում: Պահանջում եմ երջանիկ լինել: Չվախենալ իրար սիրելուց, քանի որ, երբ սիրում ես` զիջում ես, ընդառաջում ես, ներում ես, նախաձեռնում ես: Պահանջում եմ չվախենալ առավել ևս սիրված լինելուց, ինչը պատասխանատվություն է առաջացնում: Հիմա սիրված լինելու պատասխանատվությունից խուսափողները շատ են:

Թամադայի գործը ի վերջո արհե՞ստ է, թե՞ արվեստ:

Արհեստ է միանշանակ: Ուրիշ բան, որ որևէ մեկը մեծ վարպետությամբ ու շուքով է անում, դա դարձնում է մատնանշելի մակարդակի: Էդպես Լոռիում մինչև հիմա օձնեցի թամադա Թամազյան Վանոյին հիշում են` որպես չխմող թամադա: Վանոն համոզեց, որ թամադան խմելու համար չէ: Թամադան հարսանքավորների ուրախությանը ընթացք տվողն է, ուրախության կրակին յուղ ավելացնողը: Դա մեծ կուլտուրա է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter