HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողոմոնի ազատությունը «Հետքի» ու բոլորիս հաղթանակն է

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Նամակս գրում եմ հոկտեմբերի 22-ի առավոտյան. վճռորոշ օր է: Մոտենում է ժամը 12-ը: Գիտեմ, որ հենց այսօր որոշվելու է Սողոմոնի ազատության հարցը: Անհամբեր եմ դառնում: Մտքերով տեղափոխվում եմ դատական նիստերի դահլիճ: Ուզում եմ ներշնչել դատավորին, որ դրական որոշում կայացնի, չնայած լավ գիտեմ` որոշումը նախօրոք կայացվել է նախագահականում: Միևնույնն է` շարունակում եմ հավատալ մտքի աներևակայելի ուժին, որ Հավատից է ծնվում: Գրիչը մի կողմ եմ դնում, վերցնում դասագրքերս, չի ստացվում մի տող անգամ կարդալ, չեմ կենտրոնանում:

Դատական նիստն ավարտված է: Ժամը 14:00: Լուրերով դեռ բան չեն ասում: Հանկարծ շրխկոցով բացվում է դռան վրայի վոլչոկը, բանտի աշխատակիցն ուրախ-ուրախ ասում է.

- Մհեր, Սողոմոնն ազատվեց:

Ուրախությունից շունչս կտվում է:

- Փառք քեզ, Տեր Աստված,- ասում եմ ես ու ձեռքս հանելով «վոլչոկից» ամուր սեղմում եմ երկար ժամեր-դարեր սպասված լավ լուր բերող աշխատակցի ձեռքը:

Տեղս չեմ գտնում վանդակի մեջ, արագ քայլում եմ պատից պատ, խաչակնքվում ու անընդհատ կիսաբարձր ասում. «ԱԶԱՏ ա, Սողոն դուրսն ա, մենակ, թե ոտքի կանգնի ու վայելի կյանքը»:

Ուրախության արցունքները խեղդում են կոկորդս: Ոնց եմ ուզում Ազատության մեջ սեղմել Սողոմոնի ձեռքը, ասել, որ ինքն արժանի է ամենալավին:

Հիմա նստած գրում եմ ու աչքիս առաջ են գալիս Սողոմոնի հետ այս չորս պատերի մեջ 100 կողպեքի տակ անցկացրած տարիները: Իսկ ավելի շատ հիշում եմ Ազատության 32 օրերը, որոնցից մի քանիսը միասին ենք անցկացրել: Ինչքան փորձության միջով ենք միասին անցել: Առաջին անգամ նրան տեսնելով հասկացել եմ` Սողոմոնը հանցագործ չէ:

Եթե չլինեին «կամուրջներ սարքող» լրագրողները

Այսօրվա պես հիշում եմ 2010 թ-ի դատավարությունը Սողոմոնի ու իմ փախուստի գործով: Լրագրողներ էին եկել: Այսինքն`մեզ հնարավորություն էր տրված մարդկանց հասցնելու այս քարե գերեզմանոցում ապրող կենդանի մարդկանց ձայնը: Բայց ակնկալիքներն առանձնապես մեծ չէին, քանի որ երբ 2004 թ-ին փախել էինք Գորիսի բանտից, մի քանի օր անց բռնվելուց հետո նորից բեմի վանդակի մեջ էին մեզ փակել ու դատում էին: Նորից հանդիսատես, լրագրողներ, որ գրեցին հոդվածներ, որպեսզի «ներկայացմանը» չմասնակցած քաղաքացիներն էլ տեղեկանան, որ երկու բանտարկյալներ ուզում են ապացուցել` մարդասպան ու հանցագործ չեն, որ դատարանները պարզապես սխալվել են: Հետո լուր տարածող թերթերը հայտնվեցին աղբարկղերում, իսկ մենք` Սողոմոնն ու ես դարձյալ մնացինք ֆիզիկական անազատության մեջ: Այն ժամանակ` 10 տարի առաջ 1-2 ժամանոց դատական «ներկայացումն» ավարտվեց, լրագրողները 1-2 հոդված հրապարակեցին, մարդիկ ինչ-որ ժամանակ խոսեցին այդ դատավարության ու մեր մասին, հետո թերթերը հայտնվեցին աղբարկղերում ու բոլորն անցան իրենց առօրյա գործերին:

Մի քանի տարի անց` 2009-ին կրկին փախուստ արեցինք Սողոմոնի հետ, որպեսզի նորից բղավենք մեր անարդար դատավճիռների մասին: Ազատության 21 օրերից հետո մեզ դարձյալ ձերբակալեցին: Սողոմոնին անճանաչելի էին դարձրել, այնքան էին ծեծել, իսկ ես ինքնասպանության փորձ էի արել: 2010-ից սկսվեց երկրորդ փախուստի գործով դատավարությունը: Առանձնապես չէի ուզում մասնակցել դատ կոչվող «թատրոնին», որտեղ Սողոմոնին ու ինձ տվել էին գլխավոր դերերը: Բայց ինտուիտիվ զգում էի, որ պետք է մի անգամ էլ երկխոսության փորձ անել հանրության հետ:

Լավ հիշում եմ, 2010-ի փետրվարն էր, նոր-նոր էի ապաքինվում վիրահատությունից, վզիս սպին դեռ վառ կարմիր էր, ամաչում էի, սվիտրս վերև բարձրացնում վզիս մոտ, որ լրագրողները չտեսնեն, տեսախցիկով չֆիքսեն: Խոսքը մեզ տվեց դատավոր Արթուր Օհանյանը: Սողոմոնը միշտ էլ քչախոս է եղել, լուռ ու համեստ: Նա բավարարվեց դատավորին իր հագի սև սպեցովկան նվիրելով` ի նշան բողոքի: Ես դիմեցի լրագրողներին` մտեք արխիվներ ու թերթեք մեր քրեական գործերը: Անկեղծ չէի հավատում, որ մեկը կկատարի մեր խնդրանքը: Լրագրողներն էին, որ կամուրջ կառուցեցին Ողջերի աշխարհի ու այս փակ համակարգի միջև: 

«Հետքը» եղավ այն լրատվամիջոցը, որը սկսեց բացել քողարկված փաստաթղթերը ու ցույց տալ մարդկանց, թե ինչպես են Հայաստանում կայացվել մահապատժի դատավճիռները 1990-ականներին: Հիմա, երբ ինքս իրավագիտության ֆակուլտետում եմ սովորում, գիտակցում եմ, որ այդպիսի չհիմնավորված շտապողականությամբ, առանց ապացույցների մարդկանց ճակատագրեր չի կարելի որոշել: «Հետքի» շնորհիվ մարդիկ սկսեցին տեսնել ու արձագանքել բանտային խնդիրներին:

Առանց մի վայրկյան մտածելու կարող եմ ասել` Սողոմոնի ազատությունը «Հետք» թերթի հաղթանակն է, լրագրողական հաղթանակ: Եթե չլիներ «Հետքի» համառությունը, որևէ մեկը չէր իմանա մեր պատմության, չէր իմանա Սողոմոնի հիվանդության, նրա քաղաքական դատավճռի, նրա ընտանիքի ողբերգության, իսկ վերջում էլ հիվանդության  մասին: Այլ հարց է, որ Սողոմոնը պիտի վաղուց լիներ ազատության մեջ: Իսկ եթե իշխանական կապեր ունենար, մեկ օր էլ չէր ազատազրկվի: Դա քննարկման այլ թեմա է: Բայց որևէ մեկը չէր հավատում, որ ցմահ բանտվածը կարող է ազատություն վերադառնալ: Մահապատժի դատավճիռն այս անգամ չիրագործվեց: Լրագրողները խափանեցին այն: Ազատության փաստն այսօր իրականություն է: Ցավում եմ, որ հիվանդության հիմքով եղավ Սողոմոնի ազատությունը, բայց ուրախ եմ, որ եղբայրս վերջապես ազատ է, տեսնում է հարազատ մարդկանց:   

Համոզված եմ, որ նման նպատակասլաց աշխատանքի արդյունքում մի օր էլ դատաիրավական համակարգը կճանաչի դատական սխալները և կգիտակցի, որ անմեղ դատապարտվածի նկատմամբ արդարության վերականգնումը ոչ թե թուլության, այլ, ընդհակառակը` ուժի նշան է: Միայն այս կերպ կարելի է վերականգնել վստահությունը դատարանների նկատմամբ:

Ազատության գարեջուրը

Երեկոյան հեռուստացույցի ալիքներն եմ փոխում: Սողոմոնին են ցույց տալիս: Պառկած է, հազիվ է խոսում, ինչքան հուզված է: Գարեջուր են նվիրում նրան իր իսկ ցանկությամբ: Հիմա պատմեմ Ձեզ ազատության գարեջրի պատմությունը:

2004 թվական, դեկտեմբեր:

Գորիսի բանտից կատարած փախուստից հետո մի համեմատաբար ապահով տեղում էինք, այնուամենայնիվ զգոնությունը կորցնել չէր կարելի: Մի պահ տեսադաշտիցս կորցրեցի Սողոմոնին: Սկսեցի անցնել սենյակից սենյակ ու Սողոմոնին փնտրել: Ձայն եմ տալիս, բայց` լռություն: Դուրս եմ գալիս` շուրջբոլորը ամայի տարածություն, մարդ չկա: Այ քեզ բան, ուր կորավ հետախույզը: Անհանգիստ եմ` չլինի տունը շրջապատել են, Սողոյին չեզոքացրել… հիմա էլ ես եմ նշանի տակ… նորից ներս եմ մտնում, արագ-արագ սենյակից սենյակ անցնում: Չկա Սողոմոնը: Վերջապես մտքովս անցնում է, որ բաղնիքում կարող է լինել: Դուռը ներսից փակ է: Թակում եմ ու ձայն տալիս: Ոչ մի պատասխան: Արդեն բռունցքով եմ հարվածում, բայց էլի լռություն: «Այ մարդ, բան եղած չլինի հետը»,- մտածում եմ ես ու թափ հավաքելով` ոտքով ուժեղ հարվածում դռանը: Ներսի փականը պոկվում է, դուռը բացվում: Բայց… լոգարանից մոտ կես մետր բարձրության վրա փրփուրներ են երևում: Մոտենում եմ և ինչ տեսնեմ. Սողոմոնը պառկած է լոգարանում` փրփուրների մեջ, ականջներին մեծ ականջակալներ է դրել, աչքերը փակ, դեմքը երանության մեջ, երաժշտություն է լլսում,մյուս ձեռքին մի մեծ գավաթով գարեջուր է: 

-Սողոմոն, Սողո,- մի քանի անգամ գոռում եմ ականջի տակ:

Մի կես րոպեից Սողոմոնը բացում է աչքերը, երազանքներից իրականություն վերադարձածի պես ու իրեն հատուկ հանդարտությամբ հարցնում.

-Հո չե՞ն շրջապատել:

Երբ Սողոմոնը պառկած էր, մի քանի անգամ նամակ եմ գրել, հիշեցրել ազատության մասին մեր պատմությունները, որ ուժ տամ նրան պայքարելու, հավատալու Ազատությանը:

Մի փոքր ուշ` արդեն տնից դուրս, նայելով եղևնիներով պատված լեռներին, միասին գարեջուր էինք խմում ու վայելում ազատությունը:

Դե, Սողոմոն, պինդ եղի, որ շուտով դու անես իմ 4-րդ գրքի` ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը: Այս գիրքը Քեզ եմ նվիրում:

Քո ու Քո հարազատների հետ հազարավոր մարդիկ` Քեզ ծանոթ ու անծանոթ բարեկամներ ուրախանում են, որ ԱԶԱՏ ես

Քո братишка Մհեր  

Մեկնաբանություններ (3)

Մարիետա
կներեք, իսկ ինչպե՞ս է նրա առողջությունը։ Որքա՞ն կդիմանա։ Փաստորեն ինչքան հասկանում եմ եթե ծանր հիվանդ չլիներ, մերոնք էլ ոչ էլ էս բանը կանեին
Վահագն
Աստված պահապան
Ռուզան
շնորհավորում եմ, անհավատալի ուրախ եմ, շնորհակալություն, Հետք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter