HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անօթեւան կանայք

Ամանորյա տոները Ռիմա տատը դիմավորել է Հանրապետության հրապարակի՝ դեպի Նալբանդյան փողոց տանող ճանապարհի կանգառում: Սառել էր, չէր կարողանում շարժվել, դժվարությամբ էր խոսում, կցկտուր պատասխանում հարցերին:

Միայն ծննդյան տարեթիվը հիշեց՝ 1935 թվական: Չգիտեր, թե քանի օր է դրսում ապրել, միայն հիշեց, որ մի քանի օր շարունակ նստած է եղել այդ կանգառում. ոտքերը մի քանի շերտ ստվարաթղթե տուփերով փաթաթած, գլուխը՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ, շնչելով վերարկուից ներս՝ փորձում էր տաքանալ:

Տիկին Ռիմային դժվարությամբ կարողացանք ուղղորդել եւ տեղավորել Հաղթանակ գյուղում գտնվող 1-ին տուն-ինտերնատին կից գործող Անօթեւանների ժամանակավոր կացարան: Տեղ չկար: Անօթեւանների ժամանակավոր կացարանը գործում է 2006-ից: Այժմ այնտեղ 44 անօթեւան է ապաստանել:

Կացարանի հավաքարարն ասում է, որ ձմռանը սովորաբար տեղ չի լինում, իսկ ամռանը ապաստան խնդրողներն ավելի քիչ են: Տղամարդկանց համար հիմա այլեւս տեղ չկա, կանանց սենյակներում դեռ կարելի է ազատ մահճակալ գտնել: Այժմ տիկին Ռիման անօթեւանների ժամանակավոր կացարանում է: Կացարանի նրա հարեւաններն ասում են, որ Ռիման հոգեպես առողջ չէ, պահվածքն էլ՝ ոչ ադեկվատ:

Անօթեւանների ժամանակավոր կացարանի բաժանմունքի նոր ղեկավար Հայկ Պողոսյանն ասում է, որ իրենք լուրջ խնդիրներ են ունենում հոգեկան հիվանդ անօթեւանների հետ: Երբեմն նրանք ուղեգրով գալիս են իրենց մոտ' ապաստանելու, բայց հետո տուն-ինտերնատի հոգեբանները պարզում են, որ անձը հոգեկան հիվանդություն ունի, մինչդեռ հոգեբուժարանը տեղեկանք է տվել, որ տվյալ անձն իրենց մոտ գրանցված չէ:

«Այսօր մենք իրավական ոչ մի լծակ չունենք, որ կարողանանք օգտագործել: Ներկա դրությամբ ունենք տասնյակից ավելի հոգեկան հիվանդներ, ովքեր, եթե ավելի լուրջ նայենք, վտանգ են ներկայացնում թե հարեւանի, թե մեր աշխատողի, թե մյուսների համար»,- ասում է Հայկ Պողոսյանը:

Տուն-ինտերնատի ղեկավարությունը ստիպված է դատարան դիմել նման մարդկանց հոգեկան անկայուն վիճակը փաստաթղթով հիմնավորելու համար, քանի որ հոգեբուժարանները հիմք չեն ընդունում տուն-ինտերնատի մասնագետների եզրակացությունը եւ այդ մարդկանց չեն տեղավորում հոգեբուժարաններում:

Անօթեւանների ժամանակավոր կացարանը ոմանց համար դարձել է մշտական

Անօթեւանների ժամանակավոր կացարանում կարելի է մնալ 2 ամիս: Անօթեւաններն այստեղ ստանում են երեքանգամյա սնունդ, սենյակները ջեռուցվում են, շաբաթը մեկ անգամ լողանում են, անհրաժեշտության դեպքում հագուստ են ստանում: Կանայք եւ տղամարդիկ ապրում են առանձին սենյակներում: Հանգամանքների բերումով անօթեւաններից շատերի համար ժամանակավոր կացարանը դարձել է մշտական տուն:

 Արմինե Պողոսյանն արդեն երեք տարի է' Անօթեւանների ժամանակավոր կացարանում շյուղերով գործում ու քանդում է նույն կարմիր թելը. «Պարապ եմ, բա ի՞նչ անեմ»,- ասում է նա: 51 տարեկան է: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Աշխատել է գրադարանում, հետո հաստիքը կրճատվել է, որոշ ժամանակ աշակերտների հետ է պարապել: Քույրը եւ քրոջ ամուսինը վաճառել են իրենց հայրական տունը, խանութ առել, իսկ իրեն ուղարկել Անօթեւանների ժամանակավոր կացարան:

Խոստացել են, որ եթե տուն առնեն, նորից կտանեն իրեն: Բայց դեռ չեն տարել: Արմինեին ասել են, թե վարձով են ապրում: Մինչդեռ անօթեւանների կացարանի բնակիչները պատմում են, որ նրանք ոչ թե վարձով են ապրում, այլ Արմինեին խաբել են, պարզապես չեն ուզում նրան տիրություն անել: Արմինեի թոշակը նույնպես քույրն է ստանում, իրեն փող չեն տալիս: Իսկ Արմինեն շարունակում է հավատալ, որ հարազատները հենց տուն առնեն, իրեն կտանեն:

«Էս մի անկողինն է ու էս շորերս, էլ ուրիշ ոչ մի բան չունեմ ստեղ զբաղվելու: Բայց ես ուսանողներ եմ ունեցել, ինստիտուտ ավարտած եմ, շրջապատ ունեի,- պատմում է Արմինեն եւ քիչ հետո շարունակում,- էս սենյակները երկու ամսվա համար են, մնալ հնարավոր չէ, տոթ է, մենակություն է: Շրջապատը, կատեգորիան մարդկանց, արհամարհված մարդիկ են, էլի, իրենց հետ յոլա գնալ հնարավոր չէ, ոչ մի հարց չկա ընդհանուր շփվելու»: «Մի հատ նարդի որ լիներ, նենց կխաղայի»,- կողքից ավելացնում է կացարանի մեկ այլ բնակիչ' տիկին Լիդիան:

 Արմինե Պողոսյանի հարեւանը 41-ամյա Արմինե Իվանյանն է: 4 տարի է' նա Անօթեւանների ժամանակավոր կացարանում է: Արմինեն ամուսնացած է եղել, հրճվանքով բջջային հեռախոսի մեջ ցույց է տալիս իր երեխաների լուսանկարները: Նրանք արդեն ուսանող են: Հաճախ այցելում են իրեն: Արմինեն դժվարությամբ է խոսում եւ տեղաշարժվում:

Հարցին, թե ինչ է պատահել իր հետ, չի պատասխանում, պահարանից հանում է փաստաթղթերի, թերթերի ու լուսանկարների մի փաթեթ ու ցույց տալիս մարզային թերթում տպագրված, Սիսիանի շրջանի Շենաթաղ գյուղում 2001 թ. տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին պատմող հոդվածը, որին մասնակից է եղել նաեւ եղբայրը:

Արմինեն հիվանդացել է այդ միջադեպից հետո: Եվ մինչ օրս բժիշկները չեն հասկանում, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում: Ամուսինը կրկին ամուսնացել է: Հիվանդանոցներում երկար բուժումներից հետո, ի վերջո, նրան տեղափոխել են Անօթեւանների ժամանակավոր կացարան: Արմինեի որդին երկրորդ կուրսում է սովորում, խոստացել է, որ հենց աշխատանք եւ տուն ունենա, մորն այստեղից կտանի:

 Ախալքալաքի շրջանի Օլավեր գյուղից Անօթեւանների ժամանակավոր կացարանում է հայտնվել նաեւ Օֆիկ Քթրյանը: «50-ն անց եմ, կըլնիմ մէ 60: Թիվս չիդեմ: Թիվս մոռցել եմ: Դու վե՞ր թիվն ես, դու ջայիլ ես»,- ջավախքյան բարբառով ասում է Օֆիկ տատը: «Ինչպե՞ս եք հայտվել այս կացարանում» հարցին պատասխանում է. «Մարդու հետ եկել եմ»:

Օֆիկ տատի՝ կացարանի հարեւանները պատմում են, որ նա ամուսնու երկրորդ կինն է եղել, երեխաներ չունի: 4 տարի առաջ նրան մեքենայով ամուսնու որդին է բերել, թողել ծերանոցի մուտքի մոտ ու գնացել: Օֆիկ տատը պատմում է, որ բարեկամները Օլավեր գյուղում են, բայց ինքն «էստեղ է ուզեցել, էստեղ է եկել»:

 50 տարի Երեւան քաղաքի Մոնումենտ թաղամասում ապրելուց հետո իր եղբոր հետ անօթեւանների ժամանակավոր կացարանում է ապաստանել նաեւ Ժենյա Մովսիսյանը: Նա պատմում է, որ իր եղբոր որդին պարտքով 2000 դոլար է վերցրել, չի կարողացել վերադարձնել այդ գումարը եւ տիկին Ժենյայի անունով գրավադրել է ավտոտնակը:

Բայց ավտոտնակի փոխարեն վերցրել են իրենց բնակարանը, այդպես հայտնվել են փողոցում: Ամռանը 15 օր ծառերի տակ են մնացել, ի վերջո, տեղավորվել են Անօթեւանների ժամանակավոր կացարանում: Հիմա դատական քաշքշուկի մեջ են, սպասում են Վճռաբեկ դատարանի որոշմանը:

 Մայր եւ դուստր Հրածին եւ Վարդուշ Փալանջյանները Ռոստովից են եկել Հայաստան: 7 տարի առաջ վաճառել են Ավանի իրենց բնակարանը եւ տեղափոխվել Ռոստով: Հայաստանի քաղաքացիներ են, 7 տարի ապրել են Ռոստովում, բայց էմիգրացիոն քարտը ժամկետանց է եղել, չեն կարողացել գրանցվել եւ քաղաքացիություն ստանալ: Հարսն էլ դուրս է արել տնից, վճարել տոմսերի համար եւ ուղարկել Հայաստան:

Հրածինը եւ Վարդուշը գնալու տեղ չեն ունեցել, օդանավակայանից ոստիկանները նրանց տեղափոխել են Անօթեւանների ժամանակավոր կացարան, եւ արդեն 1,5 տարի է՝ նրանք այստեղ են: Վարդուշ տատը 90 տարեկան է, չի տեսնում: Հրածինը նրան է խնամում:

«Աշխատանք չեմ կարող գտնել, նույնիսկ հավաքարարի: Ուզում եմ գնամ Տիգրան Կարապետյանի մոտ, նրան պատմեմ, տեսնեմ կօգնի՞, մի քիչ գումար տա, նորից գնամ Ռոստով, միգրացիոն քարտ վերցնենք, գոնե այնտեղի ծերանոցում տեղավորվենք»,- ասում է Հրածինը:

Անօթեւանների կացարանում «կանոնները փոխվել են»

Կացարանի բնակիչները սննդից չեն դժգոհում, Նոր տարին էլ շատ լավ են դիմավորել' թխվածքով, աղցանով, խորովածով եւ շամպայնով, պարել եւ ուրախացել են: Կացարանի կանայք պատմում են, որ գրեթե ամեն երեկո տղամարդիկ ալկոհոլային խմիչք են օգտագործում ու հարբում, երբեմն վիրավորում կանանց, վիճում նրանց հետ:

Սանիտարահիգիենիկ վիճակին իրենք էլ են հետեւում' չնայած կան հավաքարարներ: «Փողոցից եկած մարդիկ են: Եթե հարեւան անկողնում ոջլոտ կին է պառկած, դու էլ կոջլոտես, ստիպված մենք ենք մաքրում: Նույն սենյակում ենք, եթե մի պառավը կեղտոտում է, դու էլ ես քայլում, չէ՞, այդ սենյակում»,- ասում է տիկին Լիդիան:

Կացարանի բնակիչներն ազատ են, որեւէ սահմանափակում չկա նրանց համար, միայն երեկոյան' ժամը 10-ին, դռները փակվում են, եւ ոչ ոք չի կարող ներսուդուրս անել:

Հունվարի 11-ին Անօթեւանների ժամանակավոր կացարանում ժողով էր: Սամվել Թադեւոսյանի փոխարեն դեկտեմբերի 1-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Պողոսյանն է Անօթեւանների ժամանակավոր կացարանի բաժանմունքի ղեկավարը: Հավաքարար Ալվարդ Հախվերդյանն ասում է, որ ժողովից հետո «կանոնները փոխվել են». կարգուկանոն է հաստատվելու:

 Հայկ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում հավաստիացրեց, որ այսուհետեւ գործելու են կանոնակարգի համաձայն. եթե որեւէ մեկը ալկոհոլային խմիչք օգտագործի, ստիպված նրան կվտարեն կացարանից: Հայկ Պողոսյանը նաեւ նշում է, որ իրենք արդեն բարելավել են տուն-ինտերնատի բնակիչներին մատուցվող սննդի որակը:

Ապագայում եւս բարելավումներ կլինեն: Նախատեսել են ՄԱԿ-ի աջակցությամբ բուժկետ հիմնել, շարունակել կանաչապատումները տուն-ինտերնատի տարածքում եւ Մայր Աթոռի աջակցությամբ վերանորոգել մատուռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter