Կիրակի, 23 սեպտեմբերի

Լոռու մարզպետ. «Չի բացառվում «Քիմպրոմի» նոր սեփականատեր հայտնվի»



Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսին  լրագրողներին ներկայացրեց  մարզի սոցիալ-տնտեսական վիճակը:

Ասուլիսին մարզպետը նախ անդրադարձավ «Վանաձորի Քիմպրոմի» աշխատողների 10 ամիսների չվճարվող աշխատավարձին: Հայտնեց, որ խնդիրը քննարկվել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Արդեն անցած շաբաթ «Քիմպրոմի» աշխատակիցները ստացել են իրենց երկու ամիսների աշխատավարձը: Մնացած 8 ամիսների կուտակված աշխատավարձը կստանան այս տարվա դեկտեմբերի 15-ից ոչ ուշ»,- ասաց Ա. Նալբանդյանը, ով նաև անդրադարձավ «Քիմպրոմի» ճակատագրին. «Չի բացառվում «Քիմպրոմի» նոր սեփականատեր հայտնվի, չնայած այստեղ ստեղծված դժվարություններին: Բանակցություններն ընթացքի մեջ են»: Ա.Նալբանդյանը խոստացավ  լրագրողներին  լրացուցիչ ներկայացնել  նոր  քննարկումների արդյունքները:

Վերադառնալով մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին՝ մարզպետը նշեց, որ մարզի տնտեսության աճի 76-80 տոկոսն ապահովում է արդյունաբերությունը: Նա մտահոգություն հայտնեց միջազգային շուկայում պղնձի գների անկման հետևանքով հանքարդյունաբերությանը սպասվող մարտահրավերների, այդ թվում աշխատատեղի կրճատման  շուրջ: Այսուհանդերձ , Ա. Նալբանդյանն նշեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո 2014թ.-ի ամբողջ տարում մարզում  արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 69 միլիարդ 941մլն դրամ, իսկ  2015թ. 1-ին կիսամյակում  արտադրանքի ծավալը կազմել է 57 միլիարդ 689 մլն դրամ:

Նշվեց, որ  2015թ.-ին մարզի ճանապարհաշինության վրա տարբեր ֆինանսական աղբյուրներից ծախսվել է 5 միլիարդ 564 մլն դրամ: Ա. Նալբանդյանը հատկապես կարևորեց  Ստեփանավան –Օձուն ճանապարհատվածի  և  Տաշիր-Գոգավան` Վրաստանի սահմանամերձ ճանապարհի ընթացող վերանորոգման աշխատանքերը: Հայտնեց նաև, որ  ընթացքի մեջ են պետբյուջեի 485 մլն դրամ հատկացումով մարզի 30 համայնքերում իրականացվող շինարարական  հրատապ ծրագրերը,  6,1 միլիարդ դրամ նախահաշվային արժեքով կառուցվում է Վանաձորի բժշկական կենտրոնը, «Տաշիր»  բարեգործական հիմնադրամի կողմից Տաշիրում և Ստեփանավանում կառուցվում են մանկապարտեզներ:

Ա.Նալբանդյանը  անդրադարձավ նաև  3,8 մլն դոլար նախահաշվային արժեքով Վանաձորի տեխնոպարկի   կառուցմանը, որտեղ  առաջիկա մի քանի տարիներին կստեղծվեն լուրջ աշխատատեղեր: 

Մարզպետը նշեց նաև «Հայ մանուկներ» հիմնադրամի կողմից  Դսեղ-Դեբեդ համայնքերի խաչմերուկում կառուցվող «Սմառթ»  և «Թումո» ոսումնական կենտրոնների  կառուցման  կարևորությունը: Գյուղատնտեսության հետ կապված Ա. Նալբանդյանմ ասաց, որ  այս տարի մարզում արտադրվել է շուրջ 45 հազար տոննա ցորեն և հատիկ-ընդեղեն:

Աճ է նկատվել կարտոֆիլի և  մյուս մշակաբույսերի արտադրության գործում:  Մարզում գրանցված պտղի արտադրության անկումը բացատրեց Շնող, Ճոճկան, Մեծ Այրում համայնքների այգիների կարկտահարությամբ:

Ա. Նալբանդյանն անդրադարձավ  նաև  մարզի սոցիալ- տնտեսական խնդիրներին  առնչվող «Հետքի» ահազանգերին: Կարկտահարված ճոճկանում հակակարկտային կայան տեղադրելու հետ կապված՝  հայտնեց, որ կառավարությանը ներկայացրել  է առաջնահերթ 20 հակակարկտային կայաններ տեղադրելու պահանջ, որի մեջ ներառված է նաև Ճոճկան գյուղը:  «Առաջարկությունը հաստատվելու դեպքում  Ճոճկանում 2016թ.-ին անպայման կտեղադրվի հակակարկտային կայան»,- հավաստիացրեց նա:

Անդրադառնալով Արջուտի աղբավայրի համաճարակային  վտանգներին՝  Ա. Նալբանդյանը բացատրեց, որ այն  ոչ միայն Արջուտի,  նաև վանաձորցիների համար լուրջ խնդիր է առաջացնում, որովհետև Վանաձորն այսօր կենցաղային աղբը թափելու տեղ չունի: «Դրա համար KFW բանկի վարկային ծրագրով  կներառվի մարզի 3 խոշոր աղբավայրերը` Վանաձոր, Ալավերդի և Տաշիր –Ստեփանավան հատվածում, որը  քննարկման փուլում է: Այս պահին Արջուտի աղբավայրի հարցի լուծման տարբերակ չունենք»,- բացատրեց Նալբանդյանը:

Լրագրողներից մեկը մարզպետին տեղեկացրեց, որ  Արջուտում Վանաձորի աղբը թափվում է  նաև գյուղացիների սեփական վարելահողերի վրա. «Գյուղապետ Վ.Մկրտչյանը  պարտադրում է գյուղացիներին չօգտագործվող այդ  հողերի հարկը վճարել»,- հայտնեց  լրագրողը: Մարզպետը խոստացավ լուծել խնդիրը:

Ա. Նալբանդյանը  նաև խոստացավ ծանոթանալ  ոսկու հանքի շահագործման հետ կապված Արջուտի  գյուղապետ Վ. Մկրտչյանի կողմից տրված համաձայնության օրինականությանը:  

Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի թունելների վտանգների մասին  Ա.Նալբանդյանը  հայտնեց, որ միջպետական ճանապարհի  վերանորոգման շինարարական աշխատանքերը կսկսվեն 2016թ.-ին: Վերանորոգման աշխատանքերում ընդգրկված են ճանապարհի բոլոր  թունելների  հիմնանորոգումը:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ