HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շնանոցի» բնակիչները

«Չե՞ք ասի՝ «Շնանոցը» ո՞ր մասում է»,- հարցնում ենք բակում հավաքված տղաներին: «Ուղիղ գնացեք, աջ թեքվեք»,- պատասխանում են:

Կիսակառույց շենքերի հարևանությամբ միհարկանի շինությունում լույսեր են վառված: Օրվա բաց կապույտն արդեն մգանում է, ամպերը հետզհետե խտանում են: Պատուհաններին փակցված ցելոֆանե տոպրակների պատճառով ներսի լույսերը աղոտ են: Միհարկանի շինությունից փոքր-ինչ վերև՝ մոտ 100 մետր, Շահումյանի գերեզմանոցն է: Կիսակառույց շենքում աշխատող բանվորները մի պահ դադարեցնում են մուրճի հարվածները՝ նայելով մեր կողմ: Այս տարածքը կոչվում է «Շնանոց»: Այստեղ մարդիկ են ապրում:

«Շնանոցում» ապրող ազատամարտիկը

Երկար, նեղ միջանցքի վերջում լույս է վառվել: Դռների մոտ գտնվող իրերը թույլ լուսավորվում են, երևում է փոշու հաստ շերտը: Մի քանի գույնզգույն շոր է փռված մուտքի դռան մոտ: Այստեղ է բնակվում ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արթուր Ալավերդյանը: Դուռը բացում է նրա կինը՝ Շուշանիկը: Անծանոթ ենք նրանց, զարմացած նայում է մեզ, հետո դուռը լայն բացում: «Ազատամարտիկ Արթուրի տո՞ւնն է»,- հարցնում ենք՝ նայելով բազմոցին նստած Արթուրին: Ներս են հրավիրում: Արթուրը նայում է մեզ, հարց չի տալիս: «Լրագրողներ ենք»,- ժպտում ենք:

Արթուր Ալավերդյանը 45 տարեկան է: «Շնանոցում» բնակվում են 1993 թ.-ից: Խորհրդային տարիներին կառուցված այս շենքը նախատեսված է եղել ոստիկանության շների համար: Արթուրի մայրը՝ Ռայա Բգիրյանն, ասում է, որ շների բուծարանի կառուցումը կիսատ էր մնացել, այս տարի, սակայն, վերսկսել են շինաշխատանքները: Բուծարանի մաս կազմող վարչական շենքը և ճաշարանը 1990-ականներին հատկացրել են Բաքվի փախստականներին: «Մեր սեփականությունը չէ, կարևորը վարձ չենք տալիս»,- նշում է 67-ամյա կինը:

Բաքվի Արմենիքենդ թաղամասում Ալավերդյանները տուն են ունեցել, սակայն այնտեղից որևէ բան չեն կարողացել բերել: Հայաստանում, ինչպես իրենք են ասում, ամեն ինչ սկսել են զրոյից: Սկզբից վարձով էին բնակվում, հետո իրենց բերեցին «Շնանոց»: «Ու տենց մինչև հիմա էլ «Շնանոցում» ենք: Էլի լավ ա, որ գոնե տեղ ունենք»,- հատուկ շեշտում է տիկին Ռայան: Արթուրը 1988-90 թթ. ծառայել է Գերմանիայում: Այնտեղից էլ Հայաստան է եկել: Սկզբից աշխատել է «Խոպան» կոչվող թաղամասի կոշիկի արտադրամասում: Այտեղ նաև տիկին Ռայան է աշխատել: Արթուրը Կոշիկի «վրաքաշ» էր անում: «Էդ ժամանակ շարժումն սկսել էր, ես էլ պիտի գնայի Ղարաբաղ»,- ասում է նա:

18 վիրահատությունից հետո

Արթուրը եռամսյա հավաքներին է մասնակցել: 1994-ի հունիսի 5-ին Մարտակերտում ոտքից վիրավորվել է: Ասում է՝ չնայած մայիսին հրադադարի պայմանագիրը կնքվել էր, բայց սահմանին, ինչպես հիմա է, կրակոցները չէին դադարել: Այդ օրը շատ վիրավորներ կային, իրենց տեղափոխել էին Երևանի զինվորական հոսպիտալ: Մեկ շաբաթվա ընթացքում Արթուրի ոտքը վիրահատել են 4 անգամ, իսկ մինչ 1999 թ.՝ 18 անգամ: «Գազային գանգրենա էր սկսել մոտս, հիմա ոտքս անզգայուն ա»,- ասում է նա: «Իրա ոտքը պրոթեզ ա իր համար»,- ավելացնում է մայրը:

Վիրահատություններից հետո, ազատամարտիկի պատմելով, ոտքը 14 սմ-ով կարճացել էր: Կոշիկի տակ հաստ ռեզին էր խփում: 1999-ին գնացել էր Վազգեն Սարգսյանի մոտ, նա էլ հրաման էր տվել նորից վիրահատել ոտքը: Հիմա մի ոտքը մյուսից աննշան կարճ է, բայց դա, Արթուրի խոսքով, նույնիսկ առողջ մարդկանց մոտ է պատահում:

2001-ին Արթուրն ընկերոջ հետ ձուկ էր վաճառում: Այնուհետև 1,8 ամիս աշխատել է մոլիբդենի ձուլարանում: Ասում է, որ գործը թեթև էր, բայց դրանից նեղվում էր. «Տղերքը տանջվում էին, իսկ իմ գործը թեթև էր»: Այդ ժամանակ հաշմանդամության թոշակից զրկվել է (1995-ից երկրորդ կարգի հաշմանդամության թոշակ էր ստանում): Ձուլարանից դուրս գալուց հետո հիվանդանոց է գնացել, հաշմանդամության կարգը վերականգնել են: «Երևի մի 3-4 տարի ա՝ ցմահ առաջին կարգ եմ ստացել: Ինձ մոտ միոպատիա ա՝ մկանների ինֆարկտ»,- նշում է նա:

Մայրն ասում է՝ Արթուրը ցավին այնպես էր դիմանում, որ նույնիսկ բժիշկներն էին զարմանում: «Ձեռքերը, գլուխը խփում էր պատերին, բայց մի ձեն չէր հանում: Սաղ ձեռքերը կապտել էին»,- սենյակի մուտքի մոտ կանգնած՝ նշում է 67-ամյա կինը:

Արթուրը դժվարությամբ է քայլում: Սայլակ գնելու հնարավորություն չունի: Հիմնականում ձեռնափայտով է տեղաշարժվում: Ասում է՝ մի 100 քայլ կարող է անել, հետո ընկնել: Դրանից հետո 1 ժամ է անհրաժեշտ, որ կարողանա վերականգնել: Պատահել է, որ քայլելուց վնասել է իրեն: «Զարմանում են, թե միոպատիայով ոնց եմ կարողանում քայլել»,- նկատում է նա: «Բայց միշտ ձգտում եմ քայլել: Որ շատ նստեմ, կարող է էլ չկարողանամ քայլել»,- ավելացնում է:

«Մի օրվա մասին եմ մտածում»

Արթուրի խոսքով՝ իր կյանքի մասին վաղուց չի մտածում: Ապրում է իր մեկ օրով, հետո չգիտի, ինչ կլինի: Տիկին Ռայան խոհանոցում սուրճ է պատրաստում: Արթուրը նրա 4 զավակներից մեկն է (երկու աղջիկ և երկու տղա ունի, մյուս տղան տարիներ առաջ մահացել է Ռուսաստանում, աղջիկներն ամուսնացել են Իջևանում): «Արթուրը մեկ-մեկ շատ վատ տրամադրության մեջ ա լինում, ասում ա՝ ուզում եմ մեռնեմ, ցավերը շատ են»,- նշում է մայրը:

«Չվիրավորվեր, իր երեխաներին պահեր»

Արթուրը դժվարությամբ է խոսում: Պատասխաններից հետո երկար նայում է մեզ: Դադարները մեծ են զրույցի ընթացքում, դրանք հաճախ լցվում են տիկին Ռայայի խոսքով: Արթուրն ասում է՝ ցավեր միշտ ունենում է, պարզապես դրանք սովորական են դարձել իր համար: Մայրն ավելացնում է՝ որդու ձեռքով ամեն ինչ գալիս էր, իսկ հիմա որ տանը մի մեխ պիտի խփի, դժվարանում է, դրանից նյարդային է դառնում:

Արթուրը հիմա մտածում է իր երկու երեխաների՝ 5-ամյա Ալբերտի և 3-ամյա Միլենայի մասին: Սենյակի խոնավության պատճառով երեխաները հաճախակի են հիվանդանում: Մեկ շաբաթ առաջ Ալբերտին դուրս են գրել հիվանդանոցից: «Բրոնխներում թարախ էր կուտակվել, դա էլ տվել է աղիքների թունավորման: Ինֆեկցիոն պառկացրին մի շաբաթ, հիմա մի ամիս դիետա պիտի պահի»,- ասում է նա: Սննդային դիետայի մասին ասում են՝ կարագո՜վ (վերջին վանկը երկարացնելով) ճաշը պիտի ուտի, հավի սպիտակ մի՜ս պիտի ուտի… Մոր և որդու հայացքները միաժամանակ իջնում են սեղանին:

Ընտանիքն ապրում է Արթուրի 91.000 դրամ հաշմանդամության թոշակով և տիկին Ռայայի՝ 13.000 դրամ թոշակով: «20 տարի աշխատել եմ, բայց ստաժ չեն գրել, դրա համար թոշակս էդքան է»,- բացատրում է 67-ամյա կինը, հետո թվարկում է՝ վերմիշելի ցեխում է աշխատել, կոշիկի գործարանում, ճաշարանում, պահ է եղել՝ 3 տեղ միաժամանակ է աշխատել: «Յոլա ենք գնում»,- նշում է նա: Խոհանցում Արթուրից գաղտնի մեզ հետ խոսում է, թե «թոշակը ստանում են, սննդի համար պարտքն են հազիվ տալիս»: Տան միակ աչքի ընկնող գույքը բազմոցն ու հեռուստացույցն են:

«Խաղաղությունից լավ բան չկա»

Արթուրի կինը՝ 26-ամյա Շուշանիկ Հարությունյանը, լսում է մեր զրույցը, երբեմն մեղմ ժպտում է: Ասում է՝ երեխաները շարժունակ են, դժվար է, ինքն էլ երբեմն նյարդային խնդիրներ է ունենում: «Բայց կարևորը էրեխեքն առողջ լինեն»,- ավելացնում է նա:

«Միլենան ծնվել է ոտնաթաթերիը հակառակ ուղղությամբ, հետո ուղղել են»,- պատմում են ծնողները: 5-6 ամիս առաջ օրթոպեդիկ պրոթեզներն են հանել: Ալբերտը գաղտնի թոքաբորբով էր հիվանդացել, ուշ են իմացել այս մասին: «Հիմա բուժվել է»,- միաձայն են պատասխանում: Տղան վազելով նետվում է հոր գիրկը, ապա փաթաթվում է նրան: Արթուրը հայացքը խոնարհում է, աչքերը թացանում են: Հիմա նրա երազանքները կառուցվում են երեխաներով. երազում է, որ որդին կամ ոստիկան, կամ զինվորական դառնա: «Կարևորը պիտանի մարդիկ լինեն»,- նշում է նա:

«Չվիրավորվեր, իր երեխաներին պահեր»,- լսվում է տիկին Ռայայի ձայնը: Արթուրն ասում է՝ պատերազմին պիտի մասնակցեր, իր որդին էլ պիտի զինվորական դառնա: Իսկ Ալբերտն էլ թե՝ ոտի բժիշկ եմ դառնալու, որ պապային բուժեմ: Հյուրասենյակում լռում ենք բոլորս: Արթուրն ասում է. «Կարևորը պատերազմ չլինի: Խաղաղությունից լավ բան չկա»:

Շնանոցի տերերը գալու են

Այս տարի շնանոցի շինաշխատանքները վերսկսվել են: Տիկին Ռայան ասում է՝ հավանաբար, հաջորդ տարի բուծարանը պատրաստ կլինի, շներին կբերեն: Չգիտեն՝ եթե շներին բերեն, որտե՞ղ են ապրելու: Սեփականաշնորհման հարցը գլխավորն է, որը մնում է չլուծված: Դրա համար իրավաբան պիտի ունենան: «Դա էլ մեծ գումար է, չենք կարող»,- ասում է բնակչուհին: «Ինչ կլինի՝ կլինի»,- բակում շարունակում է 67-ամյա կինը, հետո ցույց է տալիս կիսատ շինություններից մեկը, թե երևի էս կողմում շները կապրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter