HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են Լուկաշինի հանրակացարանի բնակիչները

Առաջին անգամ էի լսում, որ հնարավոր է գյուղում հանրակացարան լինի: Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի հանրակացարանում, որը կառուցվել է դեռևս խորհրդային իշխանության վերջին տարիներին և պետք է ծառայեր որպես ուսումնարանի ուսանողների կացարան, ապրում է ավելի քան 50 ընտանիք: Հիմնականում այստեղ գոյատևում են Արցախյան պատերազմի տարիներին գաղթած հայերն ու անապահով ընտանքիները: Նրանք անհատույց օգտագործման հիմունքներով են տնօրինում հանրակացարանի սենյակները:

35-ամյա Զարինե Գրիգորյանի մանկական հիշողություններում 1988 թվականն է, երբ ընտանիքով տեղափոխվեցին Հայաստան, եկան Լուկաշին, որտեղ իրենց, որպես փախստականների, անհատույց տնօրինման հանձնեցին հանրակացարանի սենյակները:

9 տարեկանից՝ արդեն 26 տարի նա ապրում է հանրակացարանում, որտեղ մեծացնում է իր չորս երեխաներին: Երեք տղա և մեկ աղջիկ. չորսն էլ սովորում են գյուղի միջնակարգ դպրոցում: Երեխաներից ավագը՝ Լևոնը, 15 տարեկան է, իսկ փոքրը՝ Աստղիկը՝ 10: Ընտանիքը գոյատևում է 45.000 դրամ նպաստով ու մասնավոր աշխատանքներից գոյացած գումարով:

«Հանրակացարանային պայմանները վատն են, բաղնիք, զուգարան մեկ հարկի համար ընդհանուր է եղել, հետո ամեն ընտանիք իր սենյակներում մի փոքր հարմարություն է ստեղծել ինչքանով կարողացել է»,- ասում է չորս երեխաների մայրը՝ ցույց տալով սանհանգույցի կիսափուլ ու խոնավ առաստաղը:

Զարինեն հողակտոր ունի հանրակացարանի դիմաց, ասում է, որ չի դժգոհում, մի փոքր բերք կարողանում է հավաքել, բայցդժվարությամբ: Բանջարեղեն է ցանում, որը ոռոգում է արտեզյան ջրերով, բայց տաք սեզոնին, ինչպես ինքն է ասում, ջուրը ցամաքում է, լավ չի գալիս: Հողը մնում է չոռոգված: Ցանածն էլ հաճախ չորանում է:

«Հող մշակելու համար փող պիտի ունենաս, աշխատուժ, ջուր, որ դնես աշխատացնես»,- ասում է Զարինեն:

Նրա միակ ցանկությունը, որ երեխաները լավ մարդիկ, լավ մասնագետներ դառնան. Ալեքսանը 14 տարեկան է, լավ է սովորում, ուզում է իրավաբան դառնալ: Լևոնը՝ ըմբշամարտիկ, Աստղիկը՝ պարուհի, իսկ Հովհաննեսը դեռ չի որոշել: Բայց գյուղում խմբակների ընտրություն չկա, սպորտով զբաղվելու հնարավորություն՝ նույնպես:

Արցախյան պատերազմի տարիներին Լուկաշինի հանրակացարանում կացարան է գտել նաև Խալաֆյանների ընտանիքը: 63-ամյա Անատոլի Խալաֆյանը կուրություն ունի, չի աշխատում, ստանում է 18.000 դրամ թոշակ: Նրան ու երկու երեխաներին խնամում է ընտանիքի կինն ու մայրը՝ Լիլիա Խալաֆյանը: Երեխաները դպրոցահասակ են. առաջինդասարանցի Ռաժդենն ու երրորդդասարանցի Լիան, ով ունի ունի նշիկների խնդիր: Խոնավ պայմաններից անընդհատ հիվանդանում է: Ծնողներին բժիշկներն ասել են, որ պետք է 180.000 դրամ, որ վիրահատեն երեխայի նշիկները: «Մենք նման գումարներ չունենք, հազիվ ձմեռը շոր, կոշիկ ենք վառում, որ երեխաները ցրտից չսառեն, ոնց մուծենք նման գումար վիրահատության համար»,- ասում է Լիլիան՝ դիմելով բարի մարդկանց, որ ձեռք մեկնեն իրենց:

«Մենք էդպես էլ մնացինք փախստական, ամեն ինչ թողեցինք ու եկանք, մտածեցինք, թե Հայաստանում, հայրենիքում լավ կապրենք, տուն կունենանք, աշխատանք, բայց ոչինչ չստացվեց»,- ասաց Լիլիա Խալաֆյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter