HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովի 7 պատգամավոր եկամուտները չի հայտարարագրել. էթիկայի հանձնաժողովը սպասում է գրավոր դիմումների

Ազգային ժողովի յոթ պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցությունից Արման Սահակյանը, Շուշան Պետրոսյանը, Ռուբեն Սադոյանը, Հովհաննես Սոֆոյանը, ԲՀԿ խմբակցության անդամներ Վահան Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը, վերջերս ՕԵԿ շարքերը լքած, այժմ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չեն ներկայացրել 2014 թ. գույքի ու եկամուտների հայտարարագրեր: Նշված տարում հայտարարագրեր չեն ներկայացրել նաև նրանց հետ փոխկապակցված անձինք՝ ամուսինը, զավակները, ծնողները:

Դժվար է ասել, թե ինչ արձագանք կլիներ եվրոպական որևէ երկրում, եթե բարձրաստիճան պաշտոնյա անտեսեր օրենքի պահանջը և չհրապարակեր տարվա ընթացքում իր եկամուտների, դրամական միջոցների վերաբերյալ տեղեկություններ: Հայաստանում քար լռություն է:

«Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքով հայտարարագիր ներկայացնելը պարտադիր է:

Հոդվածով 32. «Բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր»:

Նշված օրենքը չի կարգավորում հայտարարագիր չներկայացնելու, ոչ ճիշտ ներկայացնելու կամ ակնհայտ սխալ ներկայացնելու իրավական հետևանքները: Օրենքի այդ բացն էլ օգտագործելով՝ բարձրաստիճան պաշտոնյաները չեն ներկայացնում գույքի ու եկամուտների հայտարարագրեր, իսկ ներկայացված հայտարարագրերի մի մասն էլ մեղմ ասած կասկածելի է:

«Հետքը» դեռևս հուլիսին անդրադարձել էր, որ հայտարարագիր չի ներկայացրել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը: Անցել են ամիսներ, սակայն մինչ օրս Ս. Լոքյանը հայտարարագիր չի ներկայացրել, ինչը ցույց է տալիս, որ հայտարարագրման ինստիտուտը ձևական է, ժողովրդավարություն, թափանցիկություն խաղալու միջոց, և պատասխանատուներն ամենևին էլ շահագրգռված չեն պաշտոնյաներին բերել օրենքի դաշտ:

Օրենքով սահմանված են բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները: Դրանք նորմերի համակարգ են, որոնք միտված են ապահովելու վերջիններիս պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ։ Այդ էթիկայի կանոներից են, օրինակ՝ հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, իրենց գործունեությամբ նպաստել զբաղեցրած պաշտոնի և իրենց ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը և այլն:

«Հարգել օրենքը և ենթարկվել օրենքին» դրույթը վերաբերում է նաև հայտարարագիր ներկայացնելուն, ինչը պարտադիր է: Սակայն վերը նշված պատգամավորները ոչ հարգել, ոչ էլ ենթարկվել են օրենքի պահանջին և չեն ներկայացրել հայտարարագրեր: Նրանք առնվազն կատարել են էթիկայի կանոնների խախտում, սակայն ԱԺ էթիկայի հանձնաժողովը չի շտապում նրանց ենթարկել պատասխանատվության:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մեկ օր է՝ ինչ նշանակվել է հանձնաժողովի նախագահ, և ինքը որևէ գրավոր դիմում չի ստացել բարձրացված հարցի վերաբերյալ:

Վահան Բաբայանն ասաց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը չի կարող իր նախաձեռնությամբ կամ մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ հարուցել, անհրաժեշտ է գրավոր դիմում: Այդ պահանջն ամրագրված է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով:

«Եթե գրավոր դիմում ներկայացվի, օրենքով սահմանված կարգով հարցը կքննարկվի»,- ասաց Վահան Բաբայանը:

Ի՞նչ կարողություն ունեն հայտարարագրեր չներկայացրած պատգամավորները

Վահան Կարապետյան

ԲՀԿ-ական պատգամավորը Ազգային ժողովում աչքի չի ընկնում օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներով: Ինչպես շատերը, այնպես էլ նա, գալիս է սեղմում իր «հասանելիք» կոճակը և պարտքը համարելով կատարած հեռանում է:

Վահան Կարապետյանը աշխատավարձով ապրող պատգամավորների թվին չի պատկանում: Օրինակ՝ 2012 թ. հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է մոտ 2 մլն դրամ, սակայն նրա հաշվին առկա դրամական միջոցները մի քանի հազար անգամ գերազանցել են եկամուտը: Նշված տարում նա ձեռք է բերել «MERCEDES-BENZ G 55 AMG KOMPRESSOR» մակնիշի ավտոմեքենա՝ 60 հազար դոլար արժեքով: Իսկ 2013-ին 400 միլիոն դրամով գնել է արտադրական նշանակության շինություն, 40 հազար դոլարով՝ «LEXUS GX 460» մակնիշի ավտոմեքենա:

Քանի որ ոչ ճիշտ հայտարարագիր ներկայացնելու համար օրենքով պատասխանատվություն սահմանված չէ, պատգամավորները երբեմն «մոռանում» են, թե ինչ են հայտարարագրել նախորդ տարի ու սկսում են «ստեղծագործել»:

Այդպես է վարվել նաև Վահան Կարապետյանը: Հայտարարագրում պաշտոնյաները նշում են տարվա սկզբին  և վերջին ունեցած դրամական միջոցները: Նախորդ տարվա վերջի հայտարարագրած թիվը պետք է նույնությամբ համընկնի հաջորդ տարվա սկզբի հետ: Սակայն, Վահան Կարապետյանը գրել է այն, ինչ ինքն է ցանկացել: Օրինակ՝ 2013 թ. սկզբին հայտարարագրել է ոչ թե 5 մլն դոլար, որը 2012-ի տարեվերջին ունեցած դրամական միջոցն է, այլ՝ 4 մլն, իսկ 600 հազար եվրոյի փոխարեն՝ 250 հազար:

2013 թ. 30 հազար դոլարով «MERCEDES-BENZ E 350» մակնիշի ավտոմեքենա է գնել պատգամավորի կինը՝ Սառա Մելքոնյանը: Անհասկանալի է մնում, թե նրան որտեղից այդ գումարը, երբ 2012-2013 թթ. ոչ դրամական եկամուտ է հայտարարագրել, ոչ էլ եկամուտ:

Պատգամավորի ու նրա կնոջ 2014 թ. ունեցած եկամուտների, դրամական միջոցների ու գույքի մասին տեղեկատվություն չկա: Նրանք չեն ցանկացել հայտարարագրել ունեցվածքը:

Վահան Կարապետյանի դրամական միջոցները
Create column charts

Արման Սահակյան

Արման Սահակյանը նախորդի նման ևս լուռ է Ազգային ժողովում: Փոխարենը բավականին աշխույժ է բիզնես ոլորտում: Նա է հիմնադրել լրատվական գործունեություն իրականացնող «Մեդիա Սթայլ», մամուլի տարածմամբ զբաղվող «Պրես Ստենդ», «Սովռանո», «ՖՖԱ Ինվեստմենտ» ընկերությունները, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, «Կրպակ» սուպերմարկետների ցանցը և այլն:

Արման Սահակյանը և նրա կինը ներկայացրել են միայն մեկ տարվա՝ 2013 թ. հայտարարագիրը: Ըստ դրա՝ պատգամավորի մեկ տարվա եկամուտը կազմել է 329 մլն դրամ, որից միայն 3 մլն դրամն է աշխատավարձը, մնացածը՝ շահաբաժին է և վարձակալությունից ստացված գումար:

Բացի այդ, պատգամավորն իր հաշվին ունեցել է 83 մլն 600 հազար դրամ և 96 հազար դոլար:

Կինը՝ Մարինա Խանզատյանը, իր հաշվին ունեցել է 12 մլն 350 հազար դրամ:

Կարեն Բոթոյան

Պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքից: Կարեն Բոթոյանը պատգամավոր ընտրվեց իր աներոջ՝ գործարար Սերյոժա Մանուկյանի (Եվրոպայի Սերգեյ) աջակցությամբ:

2012 թ. 2 մլն 636 հազար դրամի եկամուտ, իսկ 8 մլն դրամով գնել է «RANGE ROVER Supercharged 5.0» մակնիշի ավտոմեքենա:

2013-ին Կարեն Բոթոյանի եկամուտները կազմել են 3 մլն 348 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Կարեն Բոթոյանի դրամական միջոցները
Create column charts

Ռուբեն Սադոյան

Պատգամավորը թեև ընտրվել է 2012-ին, սակայն ներկայացրել է միայն 2013 թ. հայտարարագիրը: 2012 և 2014 թվականները բացակայում են: Նրա հետ փոխկապակցված անձանց՝ կնոջ և երկու զավակների անվան դիմաց դատարկ է. նրանք ընդհանրապես հայտարարագիր չեն ներկայացրել:

Ռուբեն Սադոյանի 2013 թ. եկամուտը կազմել է մոտ 3 մլն դրամ, իսկ դրամական միջոցները՝ 138 մլն դրամ, 1 մլն 50 հազար 658 դոլար և  139 հազար եվրո:

Նշենք, որ 2014 թ. հայտարարագիր չներկայացրած մյուս պատգամավորները ավելի համեստ եկամուտներ ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter