HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց Ձոր. ապօրինի և օրինական աղբավայրերը

Հայաստանի հարավ տանող միջպետական ճանապարհն անցնում է Վայոց Ձորի մարզի մի քանի համայնքներով: Հենց այդ ճանապարհի երկու կողմերում իրարից ոչ հեռու կարելի է նկատել աղբանոցներ, շինարարական և մետաղի  թափոններ: Մարզի համայնքապետարանների ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ իրենց համայնքի բնակիչները մեղավոր չեն ճանապարհի կողքերին թափված աղբի համար: Հարցին, թե այդ դեպքում որտեղից է գոյացել աղբը, բոլորի պատասխանը մեկն է՝ չգիտենք:

Եղեգնաձորի քաղաքապետարանը տարեկան 32 մլն 322 հազար 700 դրամ է տրամադրում աղբահանությանը: Քաղաքի հիմնական աղբավայրը գտնվում է մոտ 2 կմ հեռավորության վրա: Այդ աղբանոցը դարպասներով փակում են, որ այլ համայնքներից աղբ չթափեն այնտեղ: Սանիտարական աշխատանքների և աղբի տեղափոխման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Եղեգնաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի հետ: 

Ստորև ծանոթացեք Վայոց Ձորի մարզում «Հետքի» արձանագրած ապօրինի և օրինական աղբավայրերին՝ ըստ տեղակայման դիրքի և մեծության:

Նույն ընկերության հետ պայմանագիր է կնքել նաև Մալիշկայի համայնքապետարանը: Հայաստանում իր մեծությամբ երրորդ գյուղի՝ Մալիշկայի աղբահեռացումը, կայանում է գյուղապետարանի և տնտեսությունների համատեղ ֆինանսավորմամբ: Համայնքապետ Մհեր Մովսիսյանի խոսքով՝ գյուղապետարանը տարեկան 135 հազար դրամ է հատկացնում աղբահանության աշխատանքներին. «Գումարած դրան, յուրաքանչյուր տնտեսություն 500 դրամ է վճարում: Պաշտոնապես մոտ 1800 տնտեսություն ունենք, բայց դրանց մեծ մասը Հայաստանից գնացել են: Աղբահանության գումար վճարում են մոտ 400-500 ընտանիքներ»,- ասում է Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանը:

Վայքի քաղաքապետարանը ստեղծել է «Վայք համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, որին տարեկան վճարելով 7 մլն 200 հազար դրամ, լուծում է քաղաքի աղբահանության խնդիրը: Ինչպես «Հետքի» հետ զրույցում նշում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը, Վայքում շաբաթական երեք անգամ աղբի մեքենա է շրջում և հավաքում բնակիչների գոյացրած թափոնները: Քաղաքի հիմնական աղբանոցը գտնվում է Վայքից մոտ 2.5 կմ հեռավորության վրա: Օրեցօր ավելացող աղբից միակ ազատման միջոցն այրելն է:

Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակչության կեսը վճարում է աղբահանության համար, կեսը՝ ոչ: Այս համայնքի աղբահանությունն իրականացնում է «Ագարակաձորի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Ագարակաձորի գյուղապետարանի առաջատար մասնագետ Արտյոմ Հովհաննիսյանը «Հետքին» հայտնեց, որ գյուղն ունի մոտ 240 տնտեսություն, որի կեսն է միայն վճարում 500-ական դրամ՝ աղբահանություն կազմակերպելու համար: Մեր հարցին, թե չվճարողները որտեղ են թափում աղբը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ով էլ չի վճարում, ասում է, թե գյուղից դուրս է հանում, չգիտեմ: Պիտի կամաց-կամաց ստիպենք, որ բոլորն էլ վճարեն»:

Վայոց Ձորով անցնող միջպետական ճանապարհին են գտնվում նաև մի շարք առևտրի և սննդի կետեր, որոնց կողքով հոսում է Արփա գետը: Ի տարբերություն այլ մարզերի՝ պետք է նշել, որ այստեղ գործող սննդի օբյեկտները գրեթե չեն աղտոտում գետը. Հարակից տարածքներում տեղադրված են աղբամաններ, որոնց մեջ հավաքված աղբը, ըստ առևտրականների, աղբատար մեքենան հավաքում է:

Պատրաստեցին

Էդիկ Բաղդասարյանը

Անի Հովհաննիսյանը

Մեկնաբանություններ (2)

Վալոդյա Սմբատյան
Հարգելի հեղինակներ, ցանկալի է , որ նյութի լուսնկարներում տեղ գտնեին նաև Եղեգնաձորի աղբավայրի լուսանկարները, որի մուտքը բոլորովին չի հիշեցնում աղբավայր, քանզի 2010 թվականից պարբերաբար իրականացված ծառատնկման և բարեկարգման աշխատանքների արդյունքում, մայրուղուց բաժանման հատվածում աղբավայրի մուտքը և հարակից տարածքից բաժանման հատվածը պատված են կանադական բարդիների, հացենիների, թխկենու, թեղիի և ակացիաների ծառերով: Իսկ աղբավայրում պարբերաբար կատարվում է աղբի շերտի վարակազերծում և հողածածկում:
էմմա
շնորհք +հնարավորություն-թալան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter