HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական բոնապարտիզմ

Սարո Սարոյան, քաղաքական մեկնաբան

Քաղաքական վարքը առկա խնդիրների նկատմամբ իռացիոնալ, տրամաբանորեն չբացատրվող մոտեցումներ չի ընդունում։ Մարդկային գործունեության այս ոլորտում մի կողմից իրականության ընկալումը եւ մյուս կողմից արդյունքը նույն շղթայի երկու ծայրերն են։ Եթե չկա առաջինը, ապա քաղաքական իրավիճակի շուրջ գնահատականները, նախագծվող ծրագրերը, արվող քայլերը արդյունք չեն կարող ապահովել։

Մեր քաղաքական դաշտում իրականության ընկալումը երբեմն դառնում է գործող անձանց ու քաղաքական միավորների «Աքիլեսյան գարշապարը»։ Բացի քաղաքական «շուլերներից», ովքեր հստակ գիտեն՝ ինչ են ուզում եւ ումից, դաշտը լցված է նաեւ երազանքներով ապրող «առաքյալներով»։ Այն, որ հայաստանյան քաղաքական դաշտում ղեկավարներ կան, որոնք պատրաստ են իրենց խարխլված նավն անընդհատ տանել տարբեր խութերով՝ հայտնի փաստ է։ Նրանց հանցավոր ինքնավստահությունը երբեք թույլ չի տալիս տեսնել խութերը՝ իրականությանը նայել բաց աչքերով։

Իհարկե, անցյալի ու ներկայի միջեւ համեմատականներ անցկացնելու դեպքում կարելի է հանդիպել այդ «հիվանդության» բազում օրինակների։ Քաղաքական գիտակցության բացակայությունը, Սասունցի Դավթին՝ հայոց Մեսիային սպասելու եւ քաղաքական կուռքերի հանդեպ հույս ու հավատ տածելու երեւույթները մեր մեջ մշտապես ծնում են իրականությունից կտրված, ամբարտավան, ինքնահավան, բարձրաքիթ, մեծամիտ քաղաքական գործիչներ, ովքեր յուրաքանչյուր անհաջողությունից հետո շարունակում են հավատալ իրենց «փրկչական» առաքելությանը։ Իրականության ընկալումը չկորցնելու դեպքում այդ գործիչներն առնվազն պետք է հասկանային, որ քաղաքական դաշտում իրենք ոչ միայն ներկայում անելիք չունեն, այլ անգամ այն տարիներին, երբ առաջին իսկ «անհաջողությունից» հետո շարունակեցին հավատալ իրենց ուժերին ու պատը գլխով կոտրելու հնարավորությանը։

Բոլոր դեպքերում մեծամտությունը, սեփական «անհաջողություններն» իրենից դուրս եղած օբյեկտիվ հանգամանքներին վերագրելու մղումը, սեփական անձի՝ աշխարհի կենտրոնում գտնվելու եւ կատարյալ լինելու կեղծ զգացումները երեւի թե հայոց հոգեկերտվածքի անբաժան մասն են կազմում։ Որքան հայ, գրեթե այնքան նախագահի թեկնածու կա մեզանում, ովքեր իբրեւ մի նոր Նապոլեոն, ով «Եգիպտական արշավանքի» անհաջողությունից հետո պետք է Եվրոպան տիրելու ծրագիրը կյանքի կոչի, կամ թե մի նոր Չերչիլ, ով Առաջին աշխարհամարտում սեփական անհաջողությունից հետո Երկրորդ աշխարհամարտը պետք է շահի, պատրաստ են կրկին ու կրկին նետվել պայքարի՝ երկար սպասված իշխանափոխությունը իրականություն դարձնելու համար։

Սակայն, խնդիրն այն է, որ նույն այդ «առաքյալների», նրանց վկաների, հոգեւոր հոտի վերածված համակիրների եւ ընդհանրապես «կրոնական» գիտակցության կապանքներում գտնվող մեր ժողովրդի մոտ չկա տվյալ գործիչների քաղաքական գործունեությունը ըստ էության ընդունելու հատկությունը։ Չկա այն պարզագույն ճշմարտության գիտակցումը, որ նրանց դերակատարմամբ եղած բոլոր քաղաքական հանգուցալուծումները պարտություններ են, ոչ թե անհաջողություններ։ Այդ գիտակցումը չկա ո՛չ ժողովրդի եւ ո՛չ էլ իրենց Նապոլեոն պատկերացնող հենց այդ նույն քաղաքական գործիչների մոտ։

Առաջին հայացքից սեփական պարտությունը մերժելու եւ եղածը որպես ժամանակավոր անհաջողություն դիտարկելու մղումը կարելի է համարել իբրեւ անձի հոգեբանական պաշտպանական ռեֆլեքս։ Սակայն, երեւույթը շատ ավելի խորն է եւ կապված չէ այնպիսի հոգեվիճակների հետ, որոնք քաղաքական գործիչների մոտ ծնում են ինքնաարդարացման ցանկություն։ Այդ երեւույթը կապված է քաղաքական գործունեություն ծավալող անձանց՝ ի բնե սեփական անձի մասին ունեցած ինքնագնահատականի՝ իրեն որպես աշխարհի կենտրոն պատկերացնելու համոզմունքի հետ։

Անշուշտ, քաղաքական գործիչների տվյալ ինքնագնահատականը որպես մեզանում խոր արմատներ ձգած արատ գիտակցելն արդեն իսկ կարեւոր քայլ է, որպեսզի քաղաքական դաշտում արմատացած այդ երեւույթի դեմ մենք բոլորս սկսենք պայքարել։ Սակայն այդ գործում, բացի անցյալի ու ներկայի միջեւ համեմատականներ անցկացնելուց, առավել կարեւոր է պարզել, թե տվյալ արատը ինչպես է փոխանցվում ու ամեն անգամ զարգանում մեզանում։ Չէ՞ որ ամբարտավանությունը, ինքնահավանությունը, մեծամտությունը նախ հանրային ընդհանրական արատներ են, եւ հանրությունից ծնված նման հոգեկերտվածք ունեցող քաղաքական գործիչների առկայությամբ է երեւույթը ամբողջանում։

Ահա այդ հարցում մեզ օգնում են մեր դասագրքերը։ Այն գիտելիքի շտեմարանները, որոնք կոչված են հայ երեխային փոխանցելու մեր ժողովրդի ու պետության պատմությունը։

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի (Երեւան, 2009) ամբողջ շարադրանքը հեղինակները կամա, թե ակամա կառուցել են՝ հստակ պահպանելով մի սկզբունք։ Այն է՝ պատմական իրադարձությունների նկարագրություններում անորոշ ձեւակերումների միջոցով մշտապես շրջանցել հայոց արքաների կամ բանակների պարտությունների փաստերը։ Դրանք գրեթե ամենուր փոխարինված են անորոշ ձեւակերպումներով։

Այսպես՝ «Ք․ ա․ 743թ․ Թիգլաթպալասար III-ը կարողացավ կասեցնել Վանի տերության՝ Եփրատի հովտով դեպի Բաբելոն շարժվող զորքերը։ Ութ տարի անց՝ Ք․ ա․ 735թ․ Թիգլաթպալասար III-ն ի վիճակի եղավ արշավանք ձեռնարկելու դեպի Տուշպա (Վան)։ Մայրաքաղաքը գրավել նրան, իհարկե, չհաջողվեց, սակայն դրանով Ասորեստանը վերականգնեց իր դիրքերը՝ կրկին դառնալով Վանի տերության գլխավոր մրցակիցը Առաջավոր Ասիայում»։

Մեկ այլ տեղում կարդում ենք՝ «․․․ Օգտվելով դրանից՝ Ք․ա․ 714թ․ գարնանը Սարգոն II-ը արշավեց Վանի թագավորության դեմ։ Նա չունեցավ առանձնապես մեծ հաջողություններ, սակայն վերադարձին մտավ Արդինի-Մուսասիր եւ թալանեց Խալդիի գլխավոր տաճարը»։

Կոնկրետ հայոց բանակի պարտությամբ ավարտված ճակատամարտի մասին, որը համընդհանուր ճանաչման արժանացած փաստ է, կարդում ենք՝ «Ճակատամարտը սկսվեց Ք․ ա․ 69թ․ հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան եւ նույն օրն էլ ավարտվեց։ Հայկական զինված ուժերը երկարատեւ ռազմերթից հետո հանգստի կարիք ունեին։ Լուկուլլոսը նրանց զրկեց այդ հնարավորությունից։ Ենթարկվելով երկուստեք հարձակման (թիկունքից եւ ճակատից) եւ տալով զգալի կորուստներ՝ հայկական բանակը ստիպված էր նահանջել։ Քիչ չէին նաեւ հռոմեացիների կորուստները»։

Հայոց բանակի միանշանակ պարտությամբ ավարտված մի այլ ճակատամարտի մասին կարդում ենք՝ «Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Արածանի գետի հովտում՝ Արձնի գյուղի մոտ, 775թ․ ապրիլի 25-ին։ Ճակատամարտի սկիզբը բարենպաստ էր հայերի համար։ Արաբները նույնիսկ ստիպված էին նահանջել։ Ըստ Ղեւոնդի՝ հայերը, միմյանց քաջալերելով, ասում էին․ «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար»։ Հայերը կռվում են հերոսաբար, սակայն ապստամբական ուժերը չեն բավարարում, եւ շատերը զոհվում են։ Հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերում են Բագրատունյաց, Մամիկոնյան, Գնունյաց եւ բազում այլ տոհմերից նախարարներ, ինչպես եւ ռամիկներ՝ մոտ երեք հազար հոգի»։

Իհարկե, այս շարքը կարելի է շարունակել ու նաեւ բազում օրինակներ բերել նաեւ այլ հրատարակությունների 10-11 դասարանների «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերից։ Սակայն, եղածն էլ բավարար է՝ հասկանալու, որ գործ ունենք անորոշ, ոչ հստակ ձեւակերպումների միջոցով հայոց թագավորների ու բանակների վարած առանձին պատերազմների ու ճակատամարտերի մեզ համար ոչ ցանկալի արդյունքը` պարտության փաստը սքողելու հետ։

Հայրենասիրության մասին Հայաստանում տարածված հանրային հիմնական ընկալումները միանգամայն համահունչ են այն բանին, որ դասագրքում տեղ գտած մոտեցումը` պարտության փաստի փոխակերպումը, ընկալվի որպես երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության համար անհրաժեշտ պայման։ Ճշմարտության հետ առերեսվել չցանկանալը, ճշմարտությունից զատվելը, ոչ հստակ ձեւակերպումների միջոցով սեփական պարտության փաստը թաքցնելը պատմական անցյալից, անցյալի իրականությունից թաքնվելու, այն մերժելու ուղղակի վկայություն է։ Այս «հնոցում է կոփվում» երազանքներով ապրող, աշխարհին իռացիոնալ դիրքերից նայող, իրեն Նապոլեոն պատկերացնող, մեծամիտ, սնափառ հայ քաղաքական գործիչը, ով պատրաստ է պարտությամբ ավարտված իր յուրաքանչյուր նախաձեռնություն կամ քաղաքական գործընթացներին իր ներգրավումը մեկնաբանել որպես ժամանակավոր անհաջողություն եւ շարունակել նույն ոգով հարաբերվել հանրության ու գործող վարչախմբի հետ։

Պետք է նկատել, որ այստեղ բոլորովին նշանակություն չունի այն հանգամանքը, որ անկախ Հայաստանի պատմության դասագրքերը վերջին տարիների իրողություն են, եւ մեր քաղաքական գործիչները երբեք դրանցով չեն ուսանել։ Նշանակություն չունի, քանի որ հեղինակներն այդ դասագրքերը կազմելիս հանդես են եկել որպես այնպիսի մտածողություն ունեցող անհատներ, ովքեր չեն ընդունում պարտությունը։ Իրականությունը մերժելու, սեփական պարտությունը թաքցնելու մղումն է ընկած դասագրքրերի հեղինակների մոտ։ Դա մեր քաղաքական մշակույթն է, որը գալիս է սերնդեսերունդ եւ ծնում է մի կողմից «փրկիչներ» ու «առաքյալներ», իսկ մյուս կողմից՝ հավատացյալ զանգված։

Միայն սեփական կամ յուրայինի պարտությունը տեսնող ու ընկալող մարդն է ի վիճակի դուրս գալ երազային աշխարհից եւ մտածել պարտության պատճառների ու հետեւանքների մասին։ Միայն այդ մարդը կարող է պարտությանը նայել խնդիրների լուծման գործում սեփական բացթողումների դիտանկյունից, բացթողումներ, որոնք բերել են իր կամ յուրայինի պարտությանը։ Միայն այդ մարդը կարող է մտածել այլեւս պարտություններ թույլ չտալու մասին եւ իրականությանը նայել բաց աչքերով, առկա խնդիրներին վերաբերվել ռացիոնալ դիրքերից։

Մյուս բոլոր դեպքերում, երբ անձի համար պարտությամբ ավարտված ցանկացած հանգուցալուծում մեկնաբանվում է որպես ժամանակավոր իրողություն, որպես անցողիկ անհաջողություն, մեր մտածողությունը թույլ չի տալիս հրաժարվել այն համոզմունքից, որ աշխարհի կենտրոնում գտնվելու սեփական ինքնագնահատականը կեղծ է, հրաժարվել այն սին հավատից, որ սեփական ուժերը բավարար են «անհաջողությունը» հաղթահարելու համար, հրաժարվել հույսից, որ դիմացինը խուճապի մեջ է եւ ուր որ է կտապալվի։ Պարտությունը որպես անհաջողություն մեկնաբանող մտածողությունը մշտապես մարդու մեջ ծնում է Նապոլեոնին, ով իր գոռոզությամբ պատրաստ չէ լսել քննադատությունը, բայց պատրաստ է դառնալ կուռք իր պես երազների մեջ ապրող զանգվածների համար եւ հույս ու հավատ տածել, որ մի օր ինքը կարթնանա որպես երկրի նախագահ։

Ի տարբերություն հայերի, առաջադեմ ազգերը վաղուց գտել են ելքը: Քաղաքական գործունեության մեջ մեծ ու փոքր պարտություն ապրած ցանկացած գործիչ նախ ընդունում է իր պարտությունը եւ ապա հեռանում քաղաքական ասպարեզից` տեղը զիջելով նորերին: Կատարվում է առողջի, ուժեղի բնական ընտրություն: Եւ հանձին պարտվողների՝ լուսանցքում հայտնվելու ու նորերի ի հայտ գալու անդադար գործընթացի, երբ հաղթում է բնական այդ ընտրությունը, հաղթում է նաեւ տվյալ ազգն ու պետությունը:

Լուսանկարը՝ www.history.com-ի

Մեկնաբանություններ (5)

Հովիկ
Վերլուծությունները դառնում են ավելի ուղղորդող և երկիմաստ: Այս հոդվածից կարելի է եզրակացնել որ ամեն ինչ իր տեղում է` հաղթում է շատ ձայներ հավաքող թույլը...օրինակ նախագահական ընտրություններում, սակայն ի վերջո գահը բռնագրավում է քվեով պարտված `զոռբա` ուժեղը, իսկ հաղթողը չկարողանալով տեր կանգնել իրեն տված ձայներին դառնում է պարտված և չի ընդունում իր պարտությունը, որը ըստ վերլուծաբանի բոնապարտություն է կամ նման մի բան: Հաջորդ լոգիկ քայլը պետք է լիներ ասենք հաղթող-պարտվածների միավորումը, սակայ դա արդեն իսկ դատապարտվել է նույն պրն. Սարոյանի կողմից և պիտակվել է անարդյունավետության ախտանիշով ``Ընդիմության համախմբումը և մեր սպասելիքները`` նրա նախկին հոդվածում: Դուրս է գալիս որ ըստ վերլուծաբանի առկա է լուրջ ստրուկտուրային և սոցիալական խնդիրներ սակայն վերլուծաբանը նախապես բացառում է լուծման հնարավոր դեմոկրատական նախաձեռնումները: Հարց է առաջանում. իսկ ո՞րն է վերլուծաբանի վերլուծության նպատակը, արդյո՞ք դա թաքնված է հասարակությանը իներտ և հուսահատ պահելու մեջ: Երևի ոչ, սակայն ի՞նչու են բացակայում խնդրի լուծմանը ուղված բանալիները... Ամենահեշտ բանը կարծեմ քննադատելն է:
ominac
Հազար թուականէն իվեր մենք պարտութիւնէն զատ ուրիշ բան չի տեսանք։ Հայ պզտիկներուն շատ դժուար պիտի ըլլար բացատրել եղածը։ Ես համաձայն եմ ներկայի գրականութեան, բայց մինչեւ երկրորդականի տասներորդ դասարանը։ Ինչ որ չափով հպարտութիւնը կարեւոր է առողջ հոգեբանութեան համար։ Բայց վերջին երկու տարիներուն, պէտք է կտրուկ փոխեն եւ ձեր մտածած մօտեցումով գրուի։ Բառապաշարի կտրուկ փոփոխութեան կարիք կայ։ Օրինակ, ազատագրական պայքարը չեմ գիտեր եթէ իրականութեան մէջ գոյութիւն ունեցած է։ Խումբ մը մարդ աննպատակ ձայն կը հանէր, բայց այդ ազատագրական պայքարի հետ կը շփոթենք։ Հայ ժողովուրդ կըսենք, երբ Սեբաստացին հոգը եղած է Վանեցի հայերուն վիճակը։ Անունով Հայ էին, մեր այսօրուայ գիտակցած Հայը չէին։ Մի քանի հոգի Ռուսական բանակին մէջ ջոկատ կը կազմեն, հայկական բանակ անունին տակ կը խօսինք։ Յետոյ կարծես ապստամբութիւնները ամէն մէկը զատէն տարբեր օր կսկսին որպէսզի թուրքը ժամանակ ունենայ մէկէն մոյսին հասնի։ Եւ ինչու մենք չի հաւաքուեցանք մէկ շրջանի մէջ, մեծամասնութիւն կազմելու, որպէսզի մորթուելու տեղ ապստամբութեան դիմէինք։ 1915-էն առաջ արդէն քանի տարուայ մորթուելու փորձ ունէինք։ Հայկական կուսակցութիւն կըսենք, բայց ասոնցմէ ոչ մէկը կուսակցութիւն է, աւելի կարծես գողականնրեու խումբ ըլլան որ հակառակ կեցողները հետ կինան։ խնդիրները փոխուեցան, կառոյցներն ու մտածողութիւնը դեր նոյնն են։ Շատ նախապատրաստական աշխատանք պիտի ըլլար որպէսզի բոլոր այդ 1915-ի տակնուվրայութիւնը բանի մը գումարուէր։ Վերջին վայրկեանին առջեւէն վազելու մեծ հաւէս ունինք։
Edvard Aleqsanyan-Shaxbazyan
«Մերոնք», ոչ միայն ընդունում են իրենց սխալը այլ նորից այդ քաղցր սխալը անվերջ շարունակել են ուզում, հավերժորեն իշխանությանը կպած մնալու առիթով եմ ասում... Ես բացարձակորեն համաձայն չեմ Ս.Սարոյանի եզրահանգման կամ վերջին պարբերության հետ, որովհետև հասարակությունն է պարտավոր քաղաքական գործչի կատարած ցանկացած ապօրինի գործողություն գնահատել ու մեր պես թալանչի կառավարիչներ ունեցող երկրում, նմաններին իրենց ազգակործան սխալներով հանդերձ, ճանապարհել համապատասխան արժանավայր կամ անմիջապես ենթարկել դատ ու դատաստանի, ամբողջ ունեցվածքի բռնագանձմամբ ու նույնիսկ բռնի... Բա, որ հիմա մեզ բռնիորեն թալանում են ու մեր երկիրն ամայացնում կամ հայաթափում դա բռնություն չէ՞... Օրենք ու պետություն կոչեցյալներն ինքնին բռնություն են ցանկացած հանցագործի նկատմամբ այդ թվում նաև պետական հանցագործների, թալանչիների ու նրանց բոլոր հանցակից մերձավորների... Այո, մենք վաղուց բռնապետության մեջ ենք ապրում ու մեր հասարակությունը թեև շատ ուշացած, բայց իրավունքն ու կարիքն ունի վերակազմակերպվելու և առողջանալու: Ս.Սարոյանը նաև չի անրադարձել, խուսանավել է օտարին հավատարմորեն առ այսօր ծառայող դավաճան կուսակցությունների, ինչպես նաև հագևԱՆՈՐԱԿանության կողմից մեր երկրին պատճառած հսկայական՝ կործանարար վնասների մասին խոսելուց... Մնացածի հետ համամիտ եմ մասնակի ու ողջունում այն առումով, որ մենք ազգովի պիտի անընդհատ հաշվի նստենք դառն իրականության հետ, ինչքան էլ դրանք դառն են ու անմարսելի, քանի կանք ու ապրել-գոյատևելու ենք հավերժության մեջ որպես մեկ ազգ ու պետություն...
ominac
Հարիւր տարուայ պատմութիւն ունի ջարդը, տակաւին կարգին գրականութիւն չիկայ որ մէկը կարդայ հասկնայ թէ ինչու այս բոլորը եղաւ։ Բոլոր գիրքերն ալ ածականներով լեցուն են։ Հարիւրամեակին առթիւ գործի չի գացի որ մի քանի ամիս քիչ մը կարդամ որ այս բոլորը ինչու եղաւ։ Ափսոս, այն ինչ որ բռնուելիք է, օտար լեզուով է։ Այդ ամենէն շատ սիրտս կտրեց։
Սամվել Արամյան
Այս ընդհարացումները սխալէ կիրառել հայաստանյան քաղաքական դաշտում, որովհետև հաաստնյան քաղաքական դաշտը, որպես այդպիսին չկա և չի էլ եղել: Հայաստանում քաղաքական «շուլերներ»-են, որոնք միշտ իմացել են ինչ են ուզում և ումից: Նրանց ուզածը, որքան էլ ցավալի է, երկրի զարգացոմը և կառավարումը չէ, այլ ուրիշ է՝ սեփական գրպանը և գուցե ավելացրած ուրիշ ներմուծված շահեր, որոնք ոչ մի կապ չունեն երկրի ու ժողովրդի շահերի հետ: Եթե սպասենք, որ նրանք մի օր կսթափվեն և կընդունեն իրենց պարտությունը քաղաքական գործունեության մեջ, իրենց տեղը զիջելով ավելի ունակնրին, դա տեղի չի ունենա, բայց ոչ միյն նրա համար որ չեն ցանկաում դա, այլ նաև որ համոզված են որ այսորվա քաղաքական դաշտը ոչ-մի առավելություն չունի իրենց հանդեպ: Այնպես որ Ժողովուրդը նրանց պետք է օգնի աթոռներից պոկվել, իշխանությոնը վերցնելով իր ձերքը (իհարկե այդ ձերքը անհրաժեշտ է փնտրել այսօրվա քաղաքական դաշտից դուրս: Նման երկրները այլ ճանապարհ չունեն, իսկ նման քաղաքական ավանտյուրիսնեի հանդըրժե երկրի ղեկին ևս 25 տարի նշանակում է երկրի և ժողովրդ անդառնալի կորուստ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter