Կիրակի, 23 սեպտեմբերի

67 մլն դրամով վերակառուցված Ալավերդու զբոսայգին նորից քանդվում է



Զբոսայգու քանդվող շինությունների տեղում կկառուցվի մանկապարտեզ

Երկու տարի շարունակ`2014-2015թթ. վերակառուցվող Ալավերդու Էնգելս թաղամասի զբոսայգու շինարարական աշխատանքներն ավարտվել են այս տարվա սեպտեմբերին: Զբոսայգու վերակառուցման շինարարական աշխատանքների ավարտի կատարողական ակտերը ստորագրել է Ալավերդու նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը իր լիազորությունները  սեպտեմբերի 17-ին դադարելուց առաջ: Վերակառուցման համար համայնքի բյուջեից ծախսվել է 67 մլն դրամ:

Զբոսայգին դեռևս չէր շահագործվել, սակայն Ալավերդու նորընտիր քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հանձնարարությամբ այնտեղ վերակառուցված շինությունները քանդվում են: Հոկտեմբերի 28-ին մեր այցելության պահին կիսաքանդ վիճակում էր զբոսայգու  նորակառույց զուգարանը, քանդման շեմին էր պահակի համար նախատեսված շինությունը: Հանվում էին դեռևս չօգտագործված նստարանները, քանդված  էր զբոսայգու վերակառուցված բեմը: Տարածքում թափված էին մանկապարտեզի գազոններից հանված բետոնյա նոր եզրաքարերը, որոնց մեծ մասը ջարդված և անօգտագործելի էր:

Զբոսայգում աշխատող «Տաշիր գրուպ»-ի շինարարները  հայտնեցին, որ քանդվող տարածքում Կարեն և Սամվել Կարապետյանների հիմնադրամի կողմից մանկապարտեզ է կառուցվելու. «Այդ մանկապարտեզի կառուցումը մեզ շատ անհրաժեշտ է: Քաղաքի ռելիեֆը մեզ թույլ չտվեց այլ տեղ կառուցել այն: Մենք առաջարկել ենք ներքևի հատվածում 4-5 տեղ, բայց  մանկապարտեզը 1-ի կարգի շինություն է, այսինքն՝ այն երկաթգծից  120 մետր, իսկ հենապատը՝ գետի կողմից 10 մետր հեռու պետք է լինի: Մենք ճիշտ գտանք զբոսայգու 3200քմ տարածքը հատկացնել 1,8 մլն դոլար նախահաշվային արժեքով ռուսերեն և անգլերեն լեզուներով մանկապարտեզ կառուցելու համար»,- բացատրեց Կ. Փարեմուզյանը:

Վերջինիս հիշեցրինք, որ զբոսայգում կառուցածը քանդելը համայնքի բյուջեի 67 մլն դրամ եկամուտների վատնում է նշանակում: Կ. Փարեմուզյանը բացատրեց, թե կառուցողին պարտավորեցվել է զբոսայգու ծայրամասում գտնվող լողավազանը հողով ծածկել, տարածքը ամբողջովին բարեկարգել և քանդվող շինությունների փոխարեն համայնքի բյուջեի ներդրումներին համապատասխան այնտեղ կառուցել նոր զուգարան և պահակի սենյակ: «Քանդվող տարածքի բաց բեմի փոխարեն զբոսայգու մյուս ծայրում հողով ծածկով լողավազանի վրա և շրջակա տարածքում կկառուցվի տանիքով  բեմ»,- պարզաբանեց քաղաքապետը:

Կարեն Փարեմուզյանը, սակայն, չէր նկատում, որ 3200քմ վրա մանկապարտեզի շինարարությունը սկսելուց հետ երկու կողմից զբոսայգու տարածքը կվերածվի շինհրապարակի, որտեղ առաջացող շինարարական աղբի, փոշու և աղմուկի պատճառով որևէ ալավերդցի չի այցելի զբոսայգի: Այս դեպքում արդեն զբոսայգու շահագործումը պայմանավորվելու է մանկապարտեզի շինարարության ավարտով:

Նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսվել և զբոսայգում տեղադրվել էին մանկական խաղասարքեր: Թեև դրանք մանկապարտեզի համար նախատեսված տարածքում չէին, տեղադրված էին  զբոսայգու կենտրոնական մասում, սակայն  նույնպես հանված էին: «Խաղասարքերը մեկ ամիս չանցած՝ շարքից դուրս են եկել, որովհետև զբոսայգում չի ապահովվել կատարված աշխատանքների պահպանություն: Ես ասել եմ հավաքեն էդ խաղասարքերը: Դրանք կվերականգնենք և կտանք մանկապարտեզներին: Իսկ զբոսայգում արդեն մի քիչ ամուր խաղասարքեր պետք է տեղադրվեն»,- բացատրեց Կ. Փարեմուզյանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վալերի Մինասյանի խոսքով՝ «շարքից դուրս եկած» խաղասարքերի  նախահաշվային արժեքը կազմել է 3մլն 360 հազար դրամ: Հիշեցնենք, որ «Հետքը» 2015թ. հուլիսի 11-ի հրապարակմամբ ահազանգել էր համայնքի բյուջեի 1,2 մլն դրամ ներդրումով զբոսայգու տարածքում տնկված ծաղիկների ու ծառերի չորանալու մասին: Հիմա զբոսայգում դրանց հետքն անգամ չկա:

Ալավերդին այլ զբոսայգի չունի: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (15)
1. ԱՐՄԱՆ15:44 - 30 հոկտեմբերի, 2015
Քաղաքս նոր շունչ է ստանում , ապրեն բոլոր մասնակիցները Շարունակեք աշխատել նույնի ոգով
2. Աշոտ18:37 - 30 հոկտեմբերի, 2015
Կարելի է ասել,որ քաղաքային զբոսայգի հասկացությունը վերանում է;Առաջ մեր ղեկավարները թող մտածեն արտագաղթը վերացնելու մասին հետո մանկապարտեզ կառուցեն;Զբոսայգին դառնում է մանկապարտեզի բակ,որ մեկս ենք մեր երեխաներին տանելու մանկապարտեզի բակում խաղալու;Այսօր Ալավերդուն նոր կառուցվող մանկապարտեզ անհրաժեշտ չէ,կարելի էր մանկապարտեզների քանդված խմբերը վերանորոգել և այդքանը բավարար կլիներ,իսկ տրամադրվող գումարը ավելի նպատակին օգտագործել;
3. Նունե22:20 - 30 հոկտեմբերի, 2015
Շատ լավ է ասված,այդ գումարին կարելի էր քաղաքի բոլոր բնակելի շենքերի տանիքները վերանորոգել և միանքամից կլուծվեր ավելի կարևոր խնդիր;Այլ ոչ թե սարքածը քանդել ու կառուցել մի բան որի կարիքը բոլորովին չկա;
4. Դավիթ12:08 - 31 հոկտեմբերի, 2015
Զբոսայգու տարածքի վրա երևի վաղուց աչք են ունեցել,մանկապարտեզի անվան տակ կառուցվող շինությունը հետագայում կդառնա որոշ մարդկանց սեփականությունն ու կծառայի ալավերդցիներին հայտնի մի քանի մարդկանց բիզնես շահերին,իսկ հիմնավորումներ միշտ էլ կլինեն/օրինակ`կպարզվի որ եդքան երեխա չկա ու շենքը փրկելու ,,ազնիվ,, նպատակներով կդառնա հյուրանոց:Էսա վերջնական նպատակը,դրան պլյուս արեք սպասվող ,,ատկատները,, ու պարզ կլնի ում համար է կառուցվում էս շինությունը` քաղաքի թե...
5. Աննա17:25 - 31 հոկտեմբերի, 2015
Ուղղակի անհասկանալիա,թե սենց քայլ անելուց առաջ ինչով եք մտածել.....ողբամ քեզ իմ քաղաք
6. Հրաչ19:08 - 31 հոկտեմբերի, 2015
Նոր շունչը դեռ հունվարի մեկից հետո կտենաք,երբ որ նոր շունչ տվողի պատճառով գործազուրկների թիվը կավելանա հարյուրներով, դրանք սովոր են ուրիշի ունեցվածքը գողանան ու սեփականացնեն :
7. Կարինե Մ.19:50 - 31 հոկտեմբերի, 2015
էստեղ են ասել՝ խոզի գլուխը խալիչու վրա չի մնում։ մեկ դժգոհում են, որ էս քաղաքում ոչ մի բան չկա, աշխատատեղ, ժամանցի վայրեր, խաղահրապարակներ ու շատ այլ բաներ, բայց հենց մի բան են կառուցում, սարքում, քարի վրա քար դնում, էլի սկսվում են քննադատությունները։ Էս քաղաքում սիրուն բանը չի սազում ոնց էրևում ա։ Նույն ալավերդցին եթե երևանում ապրի, իրա էրեխուն կտանի մի էլիտար մանկապարտեզ ամիսն էլ 50–60 հազար ամենաքիչը վճար կտա։ բողոքելու գենը նստած ա էս ժողովրդի մեջ, չնայած նենց չի որ էս մանկապարտեզի կառուցումով շատ մարդ չի ուրախացել։ Իսկ էդ զբոսայգին ուղղակի խայտառակություն ա։ Քաղաքապետարանը ի դեմս Վարոսյանի էդքան միլիոններով ոչ թե զբոսայգի է կառուցել, այլ մի քանի տասնյակ միլիոնով տարածքը մաքրել է մացառներից։ Սա ավելի լուրջ քննարկման թեմա է, քան էն, որ մանկապարտեզ են սարքում
8. Դավո20:58 - 31 հոկտեմբերի, 2015
էս ձևի մի քանի հատ նոր շունչ տալուց հետո քաղաքը արհեստական շունչ տալու կարիքա ունենալու:Թազա բան սարքելու համար պարտադիր չի էղածը քանդեն,մարդիկ էտքան սպասւմ եին որ վերջապես քաղաքում զբոսայգի են ունենալու: մշակույթի տունն էլ քանդեցին ու մարսեցին,ուրա մեր ,,մշակութային,,քաղաքի մշակույթի տունը,գոնե էդ փողը կդնեիք մշակույթի տան կառուցման վրա:Նենց բան արին որ Մեջլումյանն էլ էրես թեքեց քաղաքից,մի օր էլ դնի լարի Մշակույթի պալատից,ինչ եք անելու:
9. ՍԱՄՎԵԼ22:01 - 1 նոյեմբերի, 2015
Նախ բան գրելուց առաջ մի քիչ մտածեք նոր գրեք հարգելի ընթերցողներ ոչ մեկտ մի հատ լուրջ բան չգրեցիք : Նախ ինչ սադի մասինե խոսքը , եթե տարածքը մաքրվում է ու բարդուրներ է շարվում դա չի նշանակում ,որ դարձավ սադ , եվ հետո չեք հասկանում որ սադի հետագա ճակատագիրը և միակ փրկությունը նոր ներդրումն է , որը արվում է և նաև հետագա պահպանման հարցն է լուծվում : Եկեք մի քիչ խոհեմ լինենք և հասկանանք և չփնտրենք առիթ մեր անիմաստ թարախությունները շաղ տալու : Կարապետյանները 2 մլն դոլլար ներդրումեն անում մանկապարտեզ կառուցելու համար Դուք անբախ զանբախ խոսում եք էս կդնեին էն կդնեին այ մարդ մարդիկ մանկապարտեզ են կառուցում խո պատվերով չի մի քիչ մտածեք նոր խոսացեք ավելի լավա մտածեք որ ինչպես Լարիսանա գրել 67 մլն դրամ անիմաստ ծախսելու տեղը , որը հիմա այս նույն ծրագրով տարածքը կմաքրվեր մի քանի հարյուր հազար կծախսվեր քաղաքը կեղտից կմաքրվեր : Բա ինչու չեք գրում ,որ քաղաքը մաքրվումա 4 տարվա կեղտից , չի կարելի այդքան անճիշտ բաներ գրել ամոթա խո սա աբիժնիկների ակումբ չի : Բա խաղալիքները սադի լավե ամոթա գոնե մեկ խոսա թողեք մարդիկ իրենց գործը անեն :
10. ԳԱԳԻԿ22:07 - 1 նոյեմբերի, 2015
ԴԱՎՈՒԼԻԿ այ տղա ամոթա գոնե մեկ խոսա քո նմաներն են մեղավոր ,որ Մեջլումյանը լարողա դառցել այս քաղաքում ինչ ունի արած քաղաքիտ համար , որ միհատել թարսվելա թե ,որ ասում Ալավերդցիկ մի վեդրո մոշովելեն աշխատում քեզ դզզզզզումա ախպերս հը :ՏՂԱ ամոթա մի խոսացեք տենց իսկ եթե տեղյակ չես բալիկ ջան Մեջլումյանը չի կարա ոչինչ ասի մշակույթի մասով , որովհետեվ պայմանագիր կա ,որ պիտի նորը կառուցի եթե չի ցանկանում իր պալատում աշխատեն
11. ՄԱՐԻԱՄ22:12 - 1 նոյեմբերի, 2015
Նունե ջան կարողա քեզ համար չկա լա հարցրու Դեբեդի եվ Էնգելսի ծնողներին տես կա թե չե դրելեք ամեքտ Ձեր Էշի գնիցեք խոսում Ես ավելի լավ առաջարկ ունեմ Կարեն Կարապետյանին ասենք 2 մլ դոլարը բաժաներ ժողովրդին ՃՃՃՃՃՃՃ Մարդը լավ բանա սարքում ու վերջին 100 տարում երեվի Ալավերդի նոր բան չի սարքվել գոնե ուրախանանք լա մեզ : Ասումեմ Օբամային ասենք ամոթ չի լա քեզ Ալավերդում 1000 խնդիր կա դուն Ամն ում նոր դպրոցներես կառուցում
12. Կարինե Մ.11:00 - 2 նոյեմբերի, 2015
Նենց էլ բերաներդ լիքը քաղաքային զբոսայգի կամ սադ եք ասում: Սադը սովետի տարիների սադն էր, որ էս քաղաքում ամենքի օրը կարող էր տոն դարձնել, էլ չեմ ասում մայիսի մեկերը: Նորից եմ կրկնում Վարոսյան Արտավազդը 67 մլն բնապահպանական գումարները ծախսեց մի կարգին մացառուտ մաքրելու վրա մինչդեռ քաղաքը կեղտի մեջ լող էր տալիս: Անկյունի կադրերը մարդ նայում ա ու ամաչում, գետինը մտնում, էր էսքան տարի էս աղբանոցի մեջ ենք ապրել: բա էդ սադի խաղասարքերը... ամոթ-աբուռ էլ չունեն: 0-1 տարեկան երեխաների համար: էդ խաղալիքներին նայում էիր ու հասկանում, որ 2 տարեկանից բարձր էրեխեն ըտեղ զբաղմունք չուներ: դրանց գնման հարցում էլ լափելու անկուշտ ցանկությունը մի փոքր անգամ չեն կարացել մեղմել ու կարգին բան առնել: մի խոսքով էդքան ԱՆշնորհակալ չի կարելի լինել: ինչ վերաբերում է քաղաքին նոր շունչ տալուն այո էս քաղաքը հազիվ սկսել է շնչել մարդիկ գոնե նոր բան անելու, ստեղծելու մասին են սկսել մտածել: քննադատելը հեշտ է, թող էդ բոլոր քննադատողները գոնե իրենց հարց տան ինչ են արել իրենք էս քաղաքի համար, խոսքս մեծ բաների մասին չէ, այլ մանրուքների:
13. Հայկ18:26 - 2 նոյեմբերի, 2015
Մեծ-մեծ խոսալով չի,թե ինչա արել Մեջլումյանը ,չէ դուք եք արել: Էսօր 120 մարդուս ձեռին կրճատման թուղթ կա ,որ կրճատվենք մեզ տեղաորելու էք էդ մանկապարտեզում,մեր ղեկավարնին դրա մասին թող մտածեն,որ արտագաղթի ճանփեն ենք բռնելու,գոնե մարդիկ իրենց հացի փողը տան դռանը ստանում էին:Սաղ ձեր մեծ մեծ խոսալնա մարդկանց էս օրը գցում,թե քաղաքում միբան արելա եդ Մեջլումյաննա արել ոչ թե իշխանավորնին:
14. LAYRA21:55 - 2 նոյեմբերի, 2015
Հայկ ինչ որ մի տեղ ճիշտ ես ասում բայց ........................... Ծաղկաշատցիներինել ասումա Մեջլումյանը գյուղը քանդեմ Ձեզել տեղ տամ Ղարաբաղ տեղաբոխվեք , ինչ էդ մարդիկ համոզվեն ? որ 120 մարդ չկրճատվի ? շատ ցավոտա կրճատումները բայց մի քիչ ինքնասիրություն ունեցեք ու չեմ հասկանում իշխանությունները ինչ կապ ունեն կարող բան կա մենակ դու գիտես ասա մենքել իմանանք :
15. Ani20:18 - 9 նոյեմբերի, 2015
Ոչ մեկ չխոսաց էն մասին որ էս սադում անորակ շինարարւոյթւնա արվել 67 մլն դրամա ծախսվել,բայց սադ էլ չի դարձել մի բան էլ,շինարարներն ու նախկին իշխանություները լավ փող են կերել,իսկ են որ էս քաղաքին մանկապարտեզա պետք դա հաստատա,բացի այդ մարդի ասում են որ էն ինչ քանդվումա Կարապետյանների կողմից վերականգնվելուա այգու մյուս հատվածում
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ