HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ցմահ նշանակված համայնքապետեր

Սահմանադրության նախագիծը ՏԻՄ ոլորտում  նահանջ է ժողովրդավարությունից

Հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծով տեղական իշխանությունների՝ համայնքի ղեկավարի ու ավագանու համար 5 տարվա պաշտոնավարման շրջան է սահմանվում՝ առանց վերընտրվելու իրավունքի սահմանափակման: 2006 թ·-ին ՏԻՄ օրենքում կատարված օրենսդրական փոփոխությամբ խորհրդարանը վերացրեց տեղական իշխանությունների՝ համայնքի ղեկավարի ու ավագանու անդամի համար վերընտրվելու սահմանափակումը: Մինչ այդ, 2002թ.-ին ընդունված հիշյալ օրենքի 24-րդ հոդվածում ամրագրված էր. «Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ»: Միաժամանակ, գործող Սահմանադրությամբ (հոդված 107) 10 տարի առաջ տեղական իշխանությունների համար սահմանված եռամյա պաշտոնավարման շրջանը դարձրին քառամյա:

Այս փոփոխությունների արդյունքում որոշ համայնքների ղեկավարներ, որոնք իրենց պաշտոնավարումն սկսել էին նախորդ՝ խորհրդային հասարակարգում զբաղեցնելով գյուղական խորհրդի նախագահի պաշտոնը, շարունակում են ղեկավարել համայնքը  ավելի քան 30 տարի: Նոր Սահմանադրության նախագիծը հաստատվելուց հետո նրանք կդառնան ցմահ համայնքապետեր, որովհետեւ այս ժամանակամիջոցում մի բան, որին նրանք կարողացան կատարյալ տիրապետել՝ վարչական ռեսուրսը հօգուտ իրենց բարեկեցության ծառայեցնելն էր:

Հարկ է նշել, որ օրենսդրական այս փոփոխությունը կատարվեց այն ժամանակ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարար էր` համակարգող նախարարի գործառույթներով (2005-2007 թթ·): Այսօր նա դարձյալ կառավարման ղեկին է եւ շարունակում է արդեն ոչ թե օրենսդրորեն, այլ Սահմանադրության մեջ ամրագրել համայնքները կատարյալ վասալության վերածելու իր քաղաքականությունը:

Թե ինչու չի՞ գոհացնում համայնքների ղեկավարների քառամյա կառավարումը, ինչ իրավիճակների վերլուծության արդյունքում իշխանությունները որոշեցին, որ  անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի ու ավագանու անդամի պաշտոնավարման շրջանը եւս մեկ տարով երկարաձգել ՝ առանց ղեկավարման շրջանը սահմանափակելու, չի մեկնաբանվում:

Սահմանադրության նախագծով նաեւ համայնքի ղեկավարի ուղղակի` այսինքն ընտրությունների միջոցով կամ անուղղակի ընտրություն է նախատեսվում, այսինքն՝ նշանակվում է (հոդված 181):

Դրան էլ եթե հավելենք այն, որ ՏԻՄ ղեկավար եւ ավագանի ընտրվելու համար տարիքային շեմը սահմանում է 18 տարին` լիովին կարելի է պատկերացնել, թե ինչպիսի վերաբերմունք ունի բարձրագույն իշխանությունը տեղական ինքնակառավարման եւ համայնքների նկատմամբ` առհասարակ: 

«Ընտրությունների ժամանակ ընտրելու եւ ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» (48 հոդված),

Սահմանադրության այս նախագիծը համայնքի ղեկավարի մոտ աշխատելու, մրցակցելու ոչ մի մոտիվացիա չի առաջացնելու: 18 տարին բոլորած ու համայնքապետ նշանակված անձը շատ լավ գիտի, որ լավ աշխատանքով, բնակչության վստահությունն ու համակրանքը շահելով չի ապահովելու պաշտոնավարման շարունակականությունը:

Նախագիծն արարողները չէին կարող չնկատել, որ ՏԻՄ ոլորտի կարգավորումը ոչ միայն չի համապատասխանում ժողովրդավարության արդի պահաջներին, այլեւ հակասում է Սահմանադրության նախագծի կոնցեպցիային:

Մասնավորապես, «Դատարանները եւ բարձրագույն դատական խորհուրդը» գլուխը արմատական փոփոխություններ է կրել այս նախագծում: Փոփոխվել է դատարանների նախագահների նշանակման կարգը, միաժամանակ սահմանափակվել է նրանց պաշտոնավարման շրջանը: Այսպես·

  • Նույն անձըՍահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: 2. Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի:
  • Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է հանրապետության նախագահը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան պալատի կազմից, վեց տարի ժամկետով:
  • Նույն անձը Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ եւ այլն:

«Ցմահ» նախագահների ինստիտուտը վերացնելու իմաստն այն էր, որ դատարանների նախագահներն իշխող դիրք չգրավեն գործընկեր դատավորների նկատմամբ, իշխանական լծակներ չկիրառեն եւ համակարգում կոռուպցիան խրախուսողներից չդառնան:

Ինչո՞ւ այս գաղափարը կարող է ընդունելի լինել մի ոլորտի համար, բայց չխրախուսվի մյուսի համար:

Հանրաքվեն, որպես ուղիղ ժողովրդավարության գործիք, Սահմանադրության մեջ ամրագրելու հարցի հետ կապված տարակարծություններ կային խորհրդատվական մասնագիտական հանձնաժողովի եւ իշխող քաղաքական ուժի միջեւ դեռեւս նախագծի հայցեցակարգը մշակելու ժամանակ: Հարցադրումը հետեւյալն էր՝ Սահմանադրության մեջ ամրագրե՞լ հանրաքվեն, թե՞ ոչ: Ամրագրելու դեպքում հանրաքվեի արդյունքները պարտադիր հաշվի՞ առնել, թե՞ հանրաքվեն օգտագործել ընդամենը խորհրդատվական նպատակով:

Ասվեց, որ Վենետիկի հանձնաժողովն առաջ է քաշել տեղական ժողովրդավարության ամրապնդման գաղափարը` այսինքն ամրագրել հանրաքվեն եւ հաշվի առնել արդյունքները, սակայն վերջնական տեսքով ԱԺ-ի հաստատած նախագծում հանրաքվեն դարձյալ մնաց իբրեւ սոցհարցման գործիք: Այսիքն՝ ՏԻՄ ոլորտում եւս մեկ նահանջ արձանագրվեց ժողովրդավարությունից:

Հոդված 190. Համայնքների միավորումը եւ բաժանումը· «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։

Այս ոլորտի վերաբերյալ ասելիքս պետք է ուղղեմ ՀՀ վարչապետին եւ հիշեցնեմ, որ իրենից հետո տարածքային կառավարման նախարար նշանակված Արմեն Գեւորգյանը պաշտոնն ստանձնեց մի իրավիճակում, երբ համայնքների 95%-ի բյուջեն կալանքի տակ էր գտնվում՝ աշխատավարձերի եւ այլ հիմնարկներին ունեցած պարտքերի պատճառով: Համայնքները կազմալուծված էին եւ որպես գործող մարմին գոյություն չունեին: Իր պաշտոնավարման 6 տարիներին Ա· Գեւորգյանի ջանքերն ուղղված էին տեղական ինքնակառավարումը որպես համակարգ կայացնելուն:

Իմ հրապարակումներից մեկում (Ա. Գեւորգյանի հրաժարականի առիթով) նշել էի. «Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացումն ու իշխանության ապակենտրոնացումն իրականություն դարձնելը շատ ուղղակի կապված է նոր նախարարի պատկերացումներից, նրա ունեցած արժեհամակարգից, ինչպես նաեւ ոլորտի գործընկերների՝ հասարակական կազմակերպությունների մոտեցումներից: Կկարեւորե՞ն նրանք տեղական իշխանության ապակենտրոնացմանը եւ տեղական ժողովրդավարության գաղափարի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, թե՞ ոլորտի համար կսկսվի փորձությունների մի նոր շրջան, պարզ կլինի մի քանի ամսից»:

Վերադառնալով գործադիր կառույցի ղեկին՝ վարչապետ Հ· Աբրահամյանն առաջին հերթին գլխատեց տարածքային կառավարման նախարարությունը՝ այն միավորելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Վերջին մեկ տարին ՏԻՄ քաղաքականությունն այդ նախարարությունը չի իրականացնում եւ ոլորտում ձեւախեղումները հաջորդում են իրար: Այսօր արդեն հստակ կարող ենք ասել, որ մեկ տարի առաջ սկսված ՏԻՄ ոլորտի փորձությունների շրջանը կավարտվի տեղական ժողովրդավարության լիակատար պարտությամբ, եթե Սահմանադրության այս նախագիծը դառնա երկրի մայր օրենքը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter