HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Մանկատան 14 շրջանավարտ բնակարան չի ստանալու

1991 թվականին փակված Մեղրու «Որբ եւ անապաստան երեխաների» գիշերօթիկ դպրոցի շրջանավարտներն ընդգրկված չեն 2003թ.-ից գործող «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, որի նպատակն է սոցիալական աջակցություն եւ կացարան տրամադրել ՀՀ մանկատան 1990-ականների բոլոր շրջանավարտներին:

«Հայ օգնության միություն» ՀԿ-ն, համագործակցելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, 2006թ.-ին իրականացրել է այդ ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում նախատեսված էր ՀՕՄ-ի կողմից իրականացնել 23 շրջանավարտների նախնական հետազոտություն եւ ուսումնասիրություն, նրանց վերաբերյալ տվյալների բազայի եւ անհատական նկարագրի կազմում, 2006-2007 թվականների շահառուների նախնական ընտրություն եւ 2006թ.-ին ընդգրկված 56 շահառուների անհատական ծրագրերի եւ բնակարանի կարիք ունեցողների ցուցակների կազմում, աջակցություն մասնագիտական կողմնորոշման, ուսուցման, վերապատրաստման, աշխատանքի տեղավորման հարցերում, ինչպես նաեւ բժշկական, իրավական, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում:

«Հայ օգնության միության» ծրագրի կոորդինատոր, «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանի կարծիքով` անհրաժեշտ է որոշակի փոփոխութուններ մտցնել ծրագրի իրականացման մեխանիզմներում:

- Ինչո՞ւ է անհրաժեշտ ծրագրում ընդգրկել Մեղրիի գիշերօթիկի շրջանավարտներին, եւ ի՞նչն է պատճառը, որ դա չի արվում

- 1987 թվականին ուրբանիզացիայի դեմ պայքարի ընթացքում Գավառի մանկատնից 70 երեխա տեղափոխեցին Մեղրու «Որբ եւ անապաստան երեխաների» գիշերօթիկ դպրոց: 1990-ական թվականների սկզբին երկրում տեղի ունեցած փոփոխությունների ազդեցությամբ այդ դպրոցը փակվեց: Հետո այրվեցին Մեղրիի արխիվն ու այդ գիշերօթիկը, որը հետագայում վերակառուցվեց որպես զորամաս: Դպրոցի քանդվելուց հետո ոչ ոք տեր չկանգնեց երեխաներին: Ոմանք ինքնուրույն միջոցներ գտան եւ վերադարձան Գավառ, ոմանք էլ մնացին Մեղրիում, Ագարակում, Նյուվադիում եւ Լիճքում:

Հիմա մոտ 30 հոգու մասին մենք բացարձակ ոչ մի տեղեկություն չունենք: Ենթադրում ենք, որ կամ Հայաստանում չեն կամ էլ կենդանի չեն, այլապես կհայտնվեին: Մենք հաշվառել ենք 14 հոգու, ովքեր ծայրահեղ վիճակում են ապրել եւ շարունակում են ապրել: Չունենալով կրթություն, աշխատանք եւ երբեմն նույնիսկ մշտական օթեւան` նրանք չեն կարող ինքնուրույն լուծել կենսական անհրաժեշտության հարցերը: Մենք կարծում ենք, որ այդ մարդիկ նույնպես պետք է ընդգրկվեն այդ ծրագրում եւ ստանան աջակցություն, քանի որ միակ պատճառը, որ նրանք չեն օգտվում այդ ծրագրից, այն է, որ այն չի նախատեսում օգնություն գիշերօթիկ դպրոցների համար, իսկ Մեղրիի ապաստանը կոչվել է «Որբ եւ անապաստան երեխաների» գիշերօթիկ դպրոց: Այդ մարդիկ մինչեւ այժմ էլ տեղեկություններ չունեն իրենց կենսաբանական ընտանիքների մասին, եւ անարդար կլիներ միայն «գիշերօթիկ» անվան պատճառով զրկել նրանց աջակցության ձեւերից:

14-ից երկուսն այժմ ապրում են Մեղրիի շրջանի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վթարային հանրակացարանի 12 քմ ընդհանուր մակերեսով սենյակում: Ունեն անչափահաս երեխաներ եւ չեն աշխատում: Կոմբինատի տերերն այժմ պահանջում են ազատել հանրակացարանի սենյակները: Երկուսը գտնվել են ազատազրկման վայրում եւ հիմա անօթեւան են: Ապրում են պատահական ապաստարաններում կամ կատարում ծանր աշխատանք օրվա հացի համար: Աղջիկներից երկուսը հայտնվել են դատապարտյալներով բնակեցված Նյուվադի գյուղում, միայնակ մայրեր են եւ ընտանեկան նպաստով խնամում են անչափահաս երեխաներին ...

- Ծրագիրը չի ներառում գիշերօթիկի երեխաներին, ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Ինչպե՞ս վարվել գիշերօթիկներում մեծացած երեխաների հետ:

- Այս տարիների ընթացքում, միայն ուտելիք եւ տանիք ունենալու պատրվակով, շատ ծնողներ իրենց երեխաներին տարել են գիշերօթիկ: Այսօր իրականացվում է գիշերօթիկ դպրոցների բեռնաթափում: Երեխային ուղարկում են տուն, որտեղ ընտանիքներից մեծամասնությունը բնավ պատրաստ չէ նրանց ընդունել: Հույսը դնում ենք ընտանիքի ներուժի վրա, որ նա կընդունի երեխային եւ կկարողանա հաղթահարել դժվարությունները: Դա հարցի մի կողմն է: Բայց գիշերօթիկներում կան նաեւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, ովքեր գնալու տեղ չունեն: Մենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն առաջարկում ենք թույլատրել, որպեսզի մենք ուսումնասիրենք այդ երեխաներին եւ հստակ պատկերացնենք, թե քանի հոգի կարող է վերադառնալ ընտանիք, եւ ինչ անել մյուսների հետ, ովքեր տեղ չունեն գնալու: Ես կարծում եմ, որ մոտ 50 հոգի այդ կարգավիճակում է: Մենք առաջարկում ենք դասակարգել գիշերօթիկի սաներին եւ ծրագրում ներգրավել միայն երկկողմանի ծնողազուրկ եւ փոքր տարիքից լքված երեխաներին:

Հակառակ դեպքում մենք հիմա 2003 թվականից իրագործում ենք այդ ծրագիրը, օգնում ենք 1990-ականների շրջանավարտներին, բայց վաղը նորից հայտնվելու ենք նույն վիճակում եւ նորից պետք է միջոցներ գտնենք, որ լուծենք գիշերօթիկների այն սաների խնդիրները, ովքեր ծնողազուրկ լինելու պատճառով հայտնվել են անորոշ վիճակում: Տպավորություն ունեմ, որ պետությունը ապագայի վերաբերյալ չունի հստակ ռազմավարություն այս հարցում:

1991 թվականից ի վեր, չափահաս դառնալուց հետո շուրջ 150 շրջանավարտներ չեն ունեցել բնակարան եւ հիմնականում բնակվել են մայրաքաղաքի տարբեր հանրակացարաններում եւ պատահական վայրերում: Նրանց 30 տոկոսը եղել է անօթեւան եւ գիշերել է շենքերի նկուղներում, ձեղնահարկերում եւ պատահական վայրերում, 90 տոկոսը չի ունեցել մշտական աշխատանք, 10 տոկոսը` մասնագիտություն, իսկ որոշ մասը` փաստաթղթեր: Դրա հետեւանքով մանկատան սաների շրջանում գրանցվել են մարմնավաճառության, գողության, թրաֆիկինգի բազմաթիվ դեպքեր: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ այս վիճակը կրկնվի:

- Էլ ի՞նչ առաջարկներ ունեք ծրագրի իրականացման հետ կապված

- Մենք ուզում ենք ներկայացնել ծրագրի իրականացման նոր մոդել, որն առայժմ մշակման փուլում է:

Ծրագրի համաձայն` մանկատան շրջանավարտը բնակարան ստանում է 18 տարեկանում, եւ մանկատան տնօրենից պահանջում են, որ երեխայի 18 տարին լրանալուց հետո անմիջապես դուրս գրի: Բայց 18-ից 23 տարեկան մարդը դեռեւս պատանի է եւ շատ հարցեր չի կարողանում ինքնուրույն լուծել: Մանավանդ, որ տեղական ինքնակառավարման մարմիններում դեռեւս չեն գործում սոցիալական պաշտպանության մեխանիզմները: Մենք ուզում ենք առաջարկել, որ 18 տարին լրանալուց հետո երեխային ներգրավենք ծրագրում, բնակեցնենք պետության կողմից վարձած բնակարանում, օգնենք, որ ստանա կրթություն, գտնի աշխատանք եւ միայն 23 տարեկանում տրամադրենք բնակարան: Այդ տարիների ընթացքում նա արդեն կհասունանա, եւ մենք հանգիստ կլինենք, որ 23 տարեկանում նա արդեն կկարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել:

- Ի՞նչ դժվարություններ են առաջանում ծրագրի իրականացման ընթացքում, եւ ի՞նչ առաջարկություններ ունեք:

- Իմ կարծիքով` ավելի ճիշտ կլինի, եթե պետական ծրագրերում ներգրավված պետական մարմիններում աշխատող մարդիկ ծրագրի իրականացման ժամանակաշրջանում ստանան լրացուցիչ վարձատրություն: Դա որոշ չափով կաշառակերության կանխարգելիչ միջոց կլինի: Մեր հաշվետվությունում ՀՀ աշխատանքի նախարարությանը ներկայացրել ենք նաեւ դժգոհության պատճառները որոշ բնակարանների վերաբերյալ եւ առաջարկել ենք բնակարանների հանձնման-ընդունման համար ստեղծել անկախ մասնագիտական հանձնաժողով եւ հանձնաժողովում լիարժեք ձայնի իրավունք տալ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ մանկատների ներկայացուցիչներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter