HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մի քանի հարյուր դրամ «տնտեսելու» հետեւանքները. 16 հոգի վարակվել է հեպատիտ C-ով

Անցյալ տարեվերջին Քաջարանի բժշկական կենտրոնում հայտնաբերված հեպատիտ C-ի վարակի գործով լաբորատոր հետազոտություններն ավարտվել են: Այս մասին «Հետքին» հայտնել են առողջապահության նախարարության աշխատակազմից:

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Սյունիքի մարզի Քաջարանի ԲԿ-ում տեղի է ունեցել վիրահատված անձանց՝ հեպատիտ C-ով վարակման մասսայական դեպք: Այդ մասին ահազանգել էր այն ժամանակ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Վիրաբ Մանասյանը: Առողջապահության նախարարի հրամանով «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն ուսումնասիրություններ էին սկսել Քաջարանում: Հայտնաբերվել էին որակական շեղումներ, որոնց մասին տեղեկացվել էր ԲԿ-ի հիմնադիր Սյունիքի մարզպետարանը: Մարզպետի կարգադրությամբ էլ դեկտեմբերի 25-ին ձեւավորվել էր հանձնաժողով, որի աշխատանքներում ներգրավվել էին նաեւ ԱՆ աշխատակիցները: Հանձնաժողովը սկսել էր լաբորատոր հետազոտության ենթարկել հիվանդանոցում վիրահատված անձանց եւ նրանց հետ անմիջական շփում ունեցած բուժանձնակազմի արյան նմուշները: Մինչեւ մարտի 14-ը վիրահատարանը փակ էր, անհետաձգելի վիրահատություններն էլ կատարվում էին Կապանում:

Անցյալ տարի Քաջարանի ԲԿ-ում վիրահատվել է 192 մարդ: ԱՆ-ի վերջնական տվյալներով՝ հետազոտության է ենթարկվել 98 հոգու արյան նմուշ: Սրանցից 71-ը եղել են վիրահատվածներ, իսկ 27-ը՝ բուժանձնակազմից: 16 հոգու մոտ հայտնաբերվել է հեպատիտ C: Սրանցից 9-ի մոտ, որոնք եղել են վիրահատվածներ, գրանցվել է սուր հեպատիտ C, իսկ 7-ի մոտ արձանագրվել է քրոնիկ ընթացք: Այս 7-ից մեկը բուժաշխատող է: Լաբորատոր հետազոտություններն ավարտվել են, արդյունքները հանձնվել են քննչական կոմիտեին: 

Ինչպես արդեն գրել ենք, հեպատիտ C-ն վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է լյարդը: Շատ դեպքերում այն ընթանում է թույլ ու անորոշ ախտանիշներով, եւ միայն վարակվածների 15-ի տոկոսի մոտ են ի հայտ գալիս սուր ախտանշաններ: Եթե վարակն օրգանիզմում առկա է 6 ամիս անց, ուրեմն սկսվել է քրոնիկական ընթացք: Վերջինս նկատվում է վարակվածների 80-85 տոկոսի մոտ: Քրոնիկական հեպատիտ C-ն կարող է սպիեր առաջացնել լյարդում եւ տարիներ անց դառնալ լյարդի ցիռոզի պատճառ, որն իր հերթին կարող է հանգեցնել լյարդի քաղցկեղի: Ընդ որում՝ լյարդի ցիռոզի դեպքերի 27 տոկոսն ու լյարդի քաղցկեղի դեպքերի 25 տոկոսը հենց հեպատիտ C-ի հետեւանք է:

ԱՆ առողջապահական պետական տեսչությունն իր հերթին հարուցել էր վարչական վարույթ, որի արդյունքում տնօրենի պաշտոնակատար Վիրաբ Մանասյանը ենթարկվել էր վարչական տույժի:

Քաջարան. զանգվածային վարակ՝ առանց կասկածյալների

Հեպատիտ C. 7 հոգու մոտ հայտնաբերվել է քրոնիկ ընթացք, հիվանդանոցի փոխտնօրենը վարչական տույժի է ենթարկվել

Հայտնի է, որ կատարվածի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հունվարի 17-ին քրեական գործ էր հարուցվել, որի վարույթը գտնվում է կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության (ՀԿԳ) գլխավոր վարչությունում: Գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով եւ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Առաջինը նշում է. «Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 200-ապատիկի չափով (200.000 դր), կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»: Իսկ երկրորդով սահմանվում է. «Սպառողների կյանքի կամ առողջության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել 2 կամ ավելի անձանց առողջությանը, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատակի չափով (300.000-500.000 դր), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա»:

Բավական երկար ժամանակ կասկածյալներ ու մեղադրյալներ չկային: Մեր հարցումներից մեկին ի պատասխան՝ քննչական կոմիտեն ապրիլ ամսին նշել էր, որ հիվանդանոցի նախկին անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը բազմիցս հարցաքննվել է իբրեւ վկա, իսկ նախկին տնօրեն Վարդան Ավագյանն աշխատանքից ազատվելուց հետո մեկնել է ՀՀ-ից, այդ իսկ պատճառով դեռ չի հարցաքննվել: Գրել էինք, որ այս վարակից հետո Քաջարանում ու Կապանում նախկին «նարկոզիստի» մասին բազմաթիվ լուրեր էին պտտվում, որոնք անմիջական կապ ունեին դեպքի հետ: Դե իսկ Սյունիքի ոստիկանապետ Վախթանգ Ավագյանի եղբոր՝ բժիշկ Վարդան Ավագյանի երկարատեւ բացակայությունը, իսկ հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելն այս վարակի ֆոնին բավական հետաքրքիր էր:

Հիշեցնենք, որ, ըստ Սյունիքի մարզպետարանի, նախկին տնօրեն Վ. Ավագյանը 2014-ի սեպտեմբեր-նոյեմբերին վերապատրաստվում էր արտերկրում (Մոսկվայում), իսկ նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը եղել է չվճարվող արձակուրդում: Այս ամբողջ ընթացքում նրա պարտականությունները կատարել է տեղակալ Վ. Մանասյանը: Դեկտեմբերի 10-ին Ավագյանը զանգել էր տեղակալին ու ասել, որ հիվանդ է, անաշխատունակության թերթիկ ունի, իսկ 2015-ի հունվարի 29-ին իր դիմումով ազատվել է աշխատանքից: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ով մոտ հարաբերությունների մեջ է Ավագյանի հետ, «Հետքին» ասել էր, թե բժիշկ-տնօրենը Մոսկվայում վերապատրաստում անցնելուց հետո այնտեղ մասնագիտությամբ աշխատելու ցանկություն ուներ, դրա համար էլ դուրս է եկել Քաջարանի ԲԿ-ում զբաղեցրած վարչական պաշտոնից:  

Այդուհանդերձ, փաստն այն է, որ Վարդան Ավագյանն ու Երվանդ Ավագյանը, ինչպես նաեւ Վիրաբ Մանասյանը, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանը ներկա պահին մեղադրյալ են: Նրանց քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՕ 277-րդ հոդվածի 2-րդ մասով. «Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով»: Այսինքն՝ 277-րդի 1-ին մասը, որը նախատեսում էր առավելագույնը 3 տարվա ազատազրկում, վերաորակվել է ավելի խիստ 2-րդ մասի, որում շեշտվում է առողջությանը հասցված ծանր վնասը (Քաջարանի պարագայում) կամ մահը:

Ըստ քննչական կոմիտեի՝ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականի ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը եւ ծայրադիրներն օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները եւ ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպն» ախտահանվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջների խախտումներով: Արձանագրվել են նաեւ սանիտարահամաճարակային ոլորտի այլ խախտումներ: Կոմիտեի տեղեկացմամբ՝ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակի մեկ հատի շուկայական գինը 300 դրամ է, սակայն 196 վիրահատության ժամանակ օգտագործվել է ընդամենը 7 հատ մեկանգամյա խողովակ, իսկ արտածծիչ սարքի խողովակը եւ ծայրադիրները, որոնք միասին արժեն 900-1000 դրամ, ընդհանրապես չեն փոխվել:

Բոլոր մեղադրյալների հանդեպ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:    

Ներկայում «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը քիթկոկորդականջաբան Հովիկ Դավթյանն է, ով զանգվածային վարակի տարածումից հետո նշանակվել էր տնօրենի պաշտոնակատար: 

Լուսանկարները՝ kajaranmed.am-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter