Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Գյուղացին համայնքապետից պահանջում է երեխաների ներկայությամբ ներողություն խնդրել կնոջից



Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:46-ին, Լոռու մարզի Քարկոփ գյուղի գյուղապետ Ժորա Այբեկյանը զանգահարել է համագյուղացի Խաչատուր Անդրեասյանին և նրան տնից դուրս կանչել:

«Քիչ անց վեճի ձայներ եկավ: Դուռը բացեցի, տեսա գյուղապետը քաշքշում է ամուսնուս: Մոտեցա հարցրի՝ ի՞նչ է եղել: Հարբած էր: Գյուղապետն էլ թե՝ ապօրինի ծառ եք տնկել այստեղ, պետք է ձեր ձեռքով էդ ծառը կտրեք»,- պատմում է Մարինեն՝ Խաչատուրի կինը: Վերջինս գյուղապետից պահանջել է հեռանալ:

Ժորա Այբեկյանը Մարինեին «գործ տվող» է անվանում: «Հետո սկսեց ինձ հայհոյել ու երեսիս ձեռքով խփեց: Աղջիկս՝ Հերմինեն, երբ տեսավ գյուղապետն ինձ խփում է, առաջ եկավ ինձ օգնելու»,- շարունակում է Մարինեն: «Ինքը խփեց ինձ, հետո ձեռքիցս քաշեց, երբ ես մամային օգնում էի»,- ասում է Հերմինեն: Մարինեի ասելով՝ ձեռնամարտ է տեղի ունեցել նաև ամուսնու և գյուղապետի միջև: Կինը ոստիկանություն է կանչել: Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական բաժանմունքի ավագ օպեր լիազոր Արամ Ռամազյանը մեզ հայտնեց, որ հոկտեմբերի 28-ին գնացել է դեպքի վայր, դատաբժշկի ստուգման ենթարկվելու համար նույն օրը ուղեգիր է տվել ծեծի ենթարկված ընտանիքի անդամներին: Մարինեի ասելով՝ ավագ օպեր լիազորը հետո իրենց զանգել և ասել է, որ դատական բժիշկը տեղում չէ, երբ գա իրենց կզանգի:

Նոյեմբերի 2-ի կեսօրին տուժածները դեռ դատական բժշկի կողմից չէին հետազոտվել: Գյուղապետի ապտակից Մարինեի այտի կարմրությունը 6-րդ օրը անցել էր: «Ամբողջ մարզում մեկ դատաբժիշկ է աշխատում: Ես ի՞նչ կարող եմ անել, կես ժամ առաջ էլ եմ դատական բժիշկ Անտոնյանին զանգահարել, ասաց՝ այս պահին Նոյեմբերյանում է, կես ժամ հետ դուրս է գալու, ճանապարհից կթեքվի Քարկոփ՝ տուժածներին տեղում նայելու»,- մեզ հայտնեց Ա. Ռամազյանը: Թումանյանի բաժնի ոստիկանապետ Արամ Ղազարյանն էլ «Հետքին» հավաստիացրեց, որ եթե դատական բժիշկը հաստատի, որ Մարինեի դեմքին ապտակի հետքեր կան, գյուղապետն ամենայն խստությամբ պատասխանատվության է ենթարկվելու:

Մարինեն բազմազավակ մայր է: Նրա 5 երեխաներից Հերմինեն վատ տեսողության պատճառով երրորդ խմբի հաշմանդամ է, իսկ 2011-ի փետրվարին ծնված 4-ամյա Անիտան մանկուց հաշմանդամ է՝ երեխան անդամալույծ է: Ընտանիքն ապրում է 33 հազար 500 դրամ նպաստով, Հերմինեի 16 հազար և Անիտայի 21 հազար 500 դրամ հիվանդության թոշակով:

Այսուհանդերձ, ինչու՞ է գյուղապետ Ժորա Այբեկյանը խախտել բազմազավակ և երկու հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքի անդորրը: Այբեկյանը մեզ հայտնեց, թե Խաչատուրի ընտանիքի հետ միջադեպ չի եղել, հիմա ոստիկանությունում քննություն է գնում՝ կպարզվի: Ըստ գյուղապետի՝ Խաչատուրն ու կինը տանը բարձր խոսում էին, ինքը դրա համար է տուն մտել: Նրա ասելով՝ Խաչատուրն ու Մարինեն իր հետ քաղաքական խնդիր են լուծում: Ամուսիններն էլ նշեցին, որ գյուղապետը իրենց դեմ կռիվ է եկել իր հորաքրոջ՝ Քարկոփի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Լորսաբյանի հրահրմամբ:

Քարկոփի թիվ 5 երկհարկանի շենքի՝ Խաչատուրի բնակարանի տանիքը վթարային է՝ նա ընտանիքով բնակվում է եղբոր սեփական տանը: «Մեր շենքի կողքի շենքը ազբոշիֆերի ընտիր տանիք ուներ: Մի երեք տարի առաջ մարզպետարանի ծրագրով առաջինը վերանորոգեցին այդ շենքի տանիքը: Մոտեցա, ասի՝ Ժորա, ամենագեշ վթարային շենքը մերն է, մարզպետարան դու ես ներկայացնում վերանորգման կարիք ունեցող շենքը»,- պատմեց Խաչատուրը: Գյուղապետը Խաչատուրին խոստացել է, թե հաջորդը նրա շենքի տանիքն է վերանորոգվելու: «Հավատացի: Հաջորդը սկսեցին էն շենքի տանիքը փոխել, որտեղ ինքը տուն ունի»,- ասաց Խաչատուրը: Կռվից 3 օր առաջ թիվ 5 շենքի հարևան Մխիթարը Խաչատուրին հայտնել է, որ նրա բնակարանից իր տուն ջուր է կաթում: «Բանալին վերցրի, գնացինք, տունը տեսավ: Բարձրացանք տանիք, Մխիթարն ասաց՝ Խաչո ձյաձյա, ճիշտ ես ասում, էստեղ մենք անելու բան չունենք»,- պատմեց Խաչատուրը:

Հետո շենքի բակում, երբ հարևաններով քննարկելիս են եղել տանիքի վիճակը, շքամուտք մտնելիս Խաչատուրը նկատել է գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Լորսաբյանին: Նա հարևան Մխիթարին առաջարկել է Կարինեին ևս ցույց տալ տան վիճակը: «Հիմա իմ տան տանիքը լրիվ փուլ է եկել, անձրևաջուրը թափվում է առաջին հարկ՝ Մխիթարանց տուն»,- Կարինեին ասել է Խաչատուրը:

«Նա՝ 4 անգամ դատված, հասարակությանը ոչ պիտանի մարդ, կանգնած սկսեց իր ձևերով խոսել: Ինձ չի հայհոյել, սուտ չեմ կարող ասել: Ինձ ասում էր՝ Մելիքից վախենում եք, դրա համար եք նրա տան տանիքը սարքում»,- մեզ հետ զրույցում հայտնեց Կարինեն: Մարինեն էլ բացատրեց, որ անհամությունը դրանից է սկսվել: Գյուղապետը եկել էր Խաչատուրի հետ կռվի, թե ինչու է Կարինեին ասել՝ արի կրիշի շիֆերը փոխի: Ամուսինները դժգոհեցին, որ Քարկոփի գյուղապետարանը սոցիալապես անապահով իրենց ընտանիքին երբևէ օգնություն չի տրամադրել: Ժորա Այբեկյանն էլ արդարացավ, թե Խաչատուրն ու կինը օգնության համար իրեն չեն դիմել:

Խաչատուրն ու Մարինեն Լոռու մարզպետարանի կայքում ուսումնասիրել և պարզել են, որ Ժորա Այբեկյանը համայնքի բյուջեից Քարկոփի ավագանու 04.09.2011 թ.-ի թիվ 15 որոշումով 30 հազար դրամ սոցիալական օգնություն է տվել աշխատակազմի քարտուղար, իր հորաքույր Կարինե Լորսաբյանի աղջկան՝ Անուշ Աքելյանին, 28.04.2011 թ.-ի ավագանու թիվ 10 որոշումով 50 000-ական դրամ օգնություններ է տվել իր կնոջը՝ Էմմա Եսայանին, հորաքրոջը՝ Կարինե Լորսաբյանին, գյուղապետարանի հաշվապահ Նարինե Նորեկյանին: Ավագանու 11.02.2011 թ. թիվ 3 որոշմամբ 50 հազար դրամ օգնություն է տվել նաև Կարինեի որդուն՝ Գագիկ Լորսաբյանին:

Մարզպետարանի կայքում Քարկոփի ավագանու ոչ բոլոր որոշումներն են տեղադրված: Ամուսինները վստահ են, որ այս դեպքում կհայտնաբերեին գյուղապետի կողմից իր հարազատներին համայնքի բյուջեի սուղ եկամուտները բաշխելու այլ փաստեր:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (12)
1. Մերուժան22:43 - 4 նոյեմբերի, 2015
ամբողջ Հայաստանն է այս օրին,մեղք էն չինովնիկները,քիչ էն լափել
2. Արթուր12:15 - 5 նոյեմբերի, 2015
Ինչպես հասկացա, այստեղ վեճի առարկան հանդիսանում է բնակչի թշնամանքը գյուղապետի հանդեպ: Պարզ երևում է, որ վերջինս, հակակրանք տածելով համայնքի ղեկավարի նկատմամբ, ուղղակի փորձում է շանտաժի ենթարկել նրան: Միթե կարող է ծեծի ենթարկված և նվաստացած ընտանիքը (ինչպես նկարագրված է), կարողանար անմիջապես նյութեր հավաքել համայնքում տրված սոցիալական օգնությունների մասին: Այսօր ժողովուրդը, լինելով միայն պահանջատերի կարգավիճակում, անտեղյակ է համայնքի առջև ծառացած խնդիրներից, դրանց լուծման բարդություններից, և աշխատում է ինչքան հնարավոր է վարկաբեկել , քննադատել իշխանավորներին, մտածելով, որ նրանց փոխարինելու են գալու կախարդական փայտիկներով հրաշագործներ:
3. Անահիտ13:20 - 5 նոյեմբերի, 2015
Ցավում եմ, որ փորձում են վարկաբեկել մի անձնավորության, որին ես անձամբ ճանաչում եմ: Իմ ճանաչած Ժորան չէր կարող ձեռք բարձրացնել իր բնակչի վրա, ու մնաց կնոջ՝ այն էլ հաշմանդամ երեխաների աչքի առաջ: Ժորա Այբեկյանի սխալը այն է, որ լսելով վիճաբանության ձայներ, անտարբեր չի անցել նախկինում 3 անգամ դատապարտված Խաչատուրի տան մոտով, և առաջինը որպես մարդ, երկրորդը որպես համայնքի ղեկավար մտել է տուն և փորձել հարթել վեճը՝ հայտնվելով այսպիսի վիճակում:
4. Դավիթ Ասլիկյան18:42 - 5 նոյեմբերի, 2015
Արթուր ու Անահիտ! Վախեցեք ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԻՑ։ Անահիտ ջան դժվար Ձեր նման գրագետ և տառաճանաչ Գեղեցկուհին անձամբ ճանաչի նման 《《Գյուղապետի》》։ Իսկ այսպես կոչված 3 անգամ դատվածը , վերջին անգամ բանտ են ուղարկել 7 տարով Վանո Սիրադեղյանի և Լևոն Տեր Պետրոսյանի շինծու Սարքած գործի հիման վրա, դեպքում երբ տվյալ ապանության ժամանակ նա նստած է եղել Ռուսաստանում։ Ինչ ես գրում եմ փաստաթղթերով կարող եմ ախացուցել։ Եվ սա իմ համարն է - 093931234 եթե կասկածում եք իմ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ
5. ԱՆՆԱ20:35 - 5 նոյեմբերի, 2015
Ինչպես կարելի է վարկաբեկել ու ցեխ շպրտել միմարդու,ով մշտապես կանգնած է ողջ գյուղի մեջքին։Ես շատ լավ եմ ճանաչում Ժորա Այբեկյանին,նրա մարդ տեսակը իրոք չէր կարող ձեռք բարձրացնել կնոջ վրա։Նա այն ղեկավարն է,ով մի քանի տարի առաջ լուսավորեց գյուղի փողոցները, ապահովեց խմելու ջրով և այլն։Իսկ ինչու այդ լավ արարքները թողած,շնորհակալության փոխարեն կեղտոտում են տվյալ մարդու անունն ու համբավը։ Ամոթ է Մարինե ,ամաչիր քո շրջապատից ,քո հարազատներից։
6. Մարիամ 21:53 - 5 նոյեմբերի, 2015
Հագելի (Խաչիկ) դու մի մոռացիր որ գյուղացիների բերքը գողացել ու այրել էիր հողը` ինքդ էլ այրվել էիր: Այդ նույն գյուղապետը տանից վերմակ բերեց քո հորեղբոր որդիների հետ քեզ տարավ հիվանդանոց, որոնց` ( բարոյական ) կինդ անվանում էր թափթփուկներ , որը կորած էր գյուղից: Ամոթ ......
7. Լարիսա Փարեմուզյան 22:32 - 5 նոյեմբերի, 2015
Բայց ինչ կապ ունի գյուղապետի արարքը , Խաչատուր Անդրեասյանի դատվածության հետ: Մարդը , եթե հանցանք է կատարել, կրել է նաև պատիժը:Հիմա ինչ, Ձեր կարծիքով նրա կինը և երեխաները մարդկային իրավունքներից պետք է զրկվե?ն: Ի դեպ, Քարկոփում աշխատելիս ես նկատեցի, որ գյուղապետ Ժորա Այբեկյանը և գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար նրա հորաքույրը իրենց թիմակիցներով հատուկ շարժում են սկսել այս ընտանիքի նկատմամբ: Միթե, Ձեր ասած գյուղի մեջքին կանգնած գյուղապետը , եթե իրոք նա այդպիսին է, չէր կարող կանգնել նաև այս խեղճ ու հաշմանդամ երեխաների մեջքին , չէր կարող մի բանով աջակցել, ձեռք մեկնել այս ընտանիքին: Ես ցնցված եմ , այդ ինչ մակարդակի մարդ է այս գյուղապետը, որ այս խեղճ ընտանիքի մեջ քաղաքական խնդիրներ լուծողի տեսնում: Այստեղ հաշմանդամ և անօգնական երեխաներ , իսկ գյուղապետը նրանց օգնելու փոխարեն, շատ սիրով 50 հազար դրամով օգնել եք իր առոջ տիկնոջը, հորաքրոջը, վերջինիս երկու զավակների, գյուղապետարանի հաշվապահին և էլի շատ օգնության կարիք չունեցող մարդկանց: Ես չեմ պատկերացնում , թե ինչպես կարելի է նման կերպ վարվել:
8. Լարիսա Փարեմուզյան 22:41 - 5 նոյեմբերի, 2015
Եվ իմացեք, ուզում է 20 անգամ նստած լինի Խաչատուրը, որևէ մեկը, նաև գյուղապետը, իրավունք չունի նրա հաշմանդամ երեխաներին ու կնոջը նեղացնելու: Ձեր ամոթներն էլ Ձեզ ուղղեք:
9. Մերուժան23:44 - 5 նոյեմբերի, 2015
լավ,որ էդպես կրծքով պաշտպանում էք գյուղափետին,ինչպես կբացատրեք հարազատներին օգնություն տրամադրելը,թե համայնքի բյուջեն արդեն իրենցն է:
10. Gagik00:14 - 6 նոյեմբերի, 2015
Մեկնաբանությունները կարդալիս զզվանքս եկավ. էտ ձեռներիդ քսայուղը վերցրեք ու Աշոտյան եղեք, որովհետև մինիթալանչի գյուղապետին պաշտպանող հենց ձեր նմաններն են քանդում այս երկիրը:
11. Աննա20:43 - 12 նոյեմբերի, 2015
Քաևկոփի գյուղաապետը խայտառակությունա ուղղակի,նա իրավունք չունի համայնք ղեկավարել,թյուրիմածությունա էդ մարդկանց գլղին,ու էնքան անգրագետա որ էսքան տարի աշխատումա,բոլոր լրագրողներից փախչումա,տանը փակվումա որ լրագրողի չըհնադիպի ու խայտառակ չլինի,քանի որ գիտակցումա որ անգրագետի մեկնա
12. Լիլիթ20:53 - 12 նոյեմբերի, 2015
Ընկեր Փարեմուզյան կեցցեք դուք որ կանգնել եք այսընտանիքի կողքին,շատ ճիշտ եք նկատել,էս գյուղում բոլորը դուրս են եկել այդ ընտանիքի դեմ,գյուղապեի ու նրա հորաքրոջ մաֆիան շատ լավ է աշխատում,ես մի բան կարող եմ ասել,ամոթ նման մարդուն,որ կարողանում է նման կերպ վարվել այս ընտանիքի հետ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ