HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարդաշեն» ՔԿՀ-ում շարունակվում է հացադուլը

«Վարդաշեն» ՔԿՀ-ում այս պահին հացադուլի մեջ է ութ դատապարտյալ, որոնցից յոթի բողոքն ուղղված է պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի գործողությունների դեմ: Այս մասին «Հետքին» հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ տեղեկացնելով, որ հացադուլավոր 8 դատապարտյալների առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար:

Հացադուլավորներից երկուսը՝ պահեստազորի գնդապետ, անցյալ տարի 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը և ազատամարտիկ Հովսեփ Տերտերյանը հացադուլը սկսել են հոկտեմբերի 30-ից: Իսկ հաջորդ օրը նրանց են միացել Փայլակ Խանամիրյանը և սպա Ռաֆայել Մկրտչյանը: Այնուհետև հացադուլ են հայտարարել նաև ազատամարտիկ Գևորգ Հարությունյանը, Արմեն Վարդանյանը և պահեստազորի փոխգնդապետ Գեղամ Ասատրյանը:

Սպա Ռաֆայել Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակում ասված է. «Մեկ ամսվա նորաթուխ սպա լինելով՝ որդիս՝ Ռաֆայել Մկրտչյանը, դատապարտվել է ազատազրկման  յոթ տարի ժամկետով, որից հետո Վճռաբեկ դատարանը մեղմել է պատիժը կրճատելով  վեց ամսով, նաև վեց ամսով կրճատվել  է համաներման արդյունքում: Մնացած վեց տարուց հինգ տարին արդեն կալանավայրում է: Ես՝ որպես մայր և որպես քաղաքացի, չեմ կարող  հասկանալ,  թե ինչու է ամեն անգամ մերժվում որդուս վաղաժամկետ ազատման դիմումը, այն դեպքում երբ այս հինգ  տարիների ընթացքում արդեն  յոթ անգամ կալանավայրի ղեկավարությունը որպես օրինակելի ու կարգապահ կալանավոր նրան ներկայացրել է վաղաժամկետ ազատման: Ուզում եմ նշել նաև, որ ունի խրախուսանք տրված  կալանավայրի ղեկավարության  կողմից, իսկ «անկախ» հանձնաժողովը ամեն անգամ մերժում է՝չտալով ոչ մի պատճառաբանություն»:

Իսկ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին անկախ հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ է մերժում պայմանական ազատել:

Բանտերից պայմանական ազատվողների թիվը գնալով նվազում է

Անկախ հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2006 թ-ից սկսած հայաստանյան բանտերից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվողների թիվը սկսեց տարեցտարի նվազել: Ըստ վիճակագրության, եթե 2006 թ.-ին քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովները պայմանական ազատման համար անկախ հանձնաժողովներին են ներկայացրել այդ իրավունքը ունեցող դատապարտյալների 85 տոկոսին, ապա 2013 թ.-ին՝ միայն 18 տոկոսին: Այսօր պայմանական ազատության իրավունք ունեցողների միայն 5%-ն է պայմանական վերադառնում հասարակություն: Ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ունեցած տվյալների, եթե 2013-ին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի որոշմամբ ազատվել է 226 դատապարտյալ, ապա 2014-ին նրանց թիվը եղել է 184:

Քրեակատարողական հիմնարկներից պարբերական են դատապարտյալների բողոքները, որոնք պնդում են՝ պայմանական  վաղաժամկետ չեն կարողանում ազատվել: Իրավապաշտպաններն էլ ահազանգում են, որ ՀՀ նախագահի հրամանագրով գործող անկախ հանձնաժողովները չունեն մարդկանց պայմանականորեն ազատություն վերադարձնելու չափորոշիչներ:

Հիշեցում

ՀՀ նախագահի 2006 թ. հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրով սահմանվում են պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, անկախ հանձնաժողովների կազմերը, գործունեության ֆինանսավորումը։ Անկախ հանձնաժողովների անհատական կազմերը, ըստ սպասարկվող քրեակատարողական հիմնարկների, հաստատում է ՀՀ նախագահը: Հանձնաժողովները բաղկացած են 8 անդամից, մեծամասնություն են կազմում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները՝ Ոստիկանություն, Առողջապահության նախարարություն, Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ նախագահի աշխատակազմ, ԱՆ ՔԿՎ։ Ներառվում է նաև մեկական անդամ հանրային խորհրդից, ՄԻՊ գրասենյակից, ԵՊՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոնից։

Մեկնաբանություններ (5)

Անահիտ
Այս արատավոր երևույթը կշարունակվի այնքան, քանի դեռ անկախ հանձնաժողովը կգործի միայն մեկ մարդու՝ հժ-ի նախագահի կամքով:Վերջինս արհամարհում է մնացած ութ անդամների կարծիքը: Դեռ դատապարտյալին չներկայացրած, դեռ չքննարկած, հանձնաժաղովի նախագահը հնչեցնում է իր կարծիքը, որին ընդդիմանում են 2-3-ը գուցե, իսկ մնացածը հլու-հնազանդ հետևում են իրենց ՝ չմտածելով, որ այդ բառի տակ քանի ճակատագրեր են կործանվում...քանի մայր է սպասում իր երեխայի վերադարձին, քանի երեխա է անհայր կամ անմայր մեծանում...քանի...Հարգելի անկախ հանձնաժողով ուշքի եկեք վերջապես, աշխատեք օրենքի տառին համահունչ, անկողմնակալ, արդար, որպեսզի գլուխներդ հանգիստ դնեք բարձին , որպեսզի այս կարճ կյանքում ձեզ չայցելեն մղձավանջները...
Nune
հարգելիներս ճիշտ եք անում,որ հրապարակում եք ախր նորմալ մարդն ել անտեսումից ու անարդարությունից հանցագործ կդառնա
Էմիլյա
ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ԹԵ «ԱՆԿԱԽ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԱՅԴ ԿԱՐՃ ՇՓՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ,ԻՆՉԻ՛Ց,ԵՎ ԻՆՉՊԵ՛Ս ՈՐՈՇԵՑ, ՈՐ ՆՐԱՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱՐՁԱԿՎԵԼ, ԵԹԵ ԿԱԼԱՎԱՅՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ,ՈՐ ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ ՇՓՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՀԵՏ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՆՐԱՆՑ,ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒ ԿԱՐԳԱՊԱՀ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ:...
Անահիտ
ԳՈՆԵ ՄԵՑԱՐԳՈ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԼՍԵԼԻ ԼԻՆԵՐ ՁԵՐ ԱՐՁԱԳԱՆՔԸ... ԱՅՆ,ՈՐ ՆՐԱՆՑ ՆՇԱՆԱԿԵԼ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ոչ թե ժողովրդին իրենց ծառայեցնելու
Հաբեթ
Շնորհակալություն նյութի համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter