HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Դատավորը հարցեր ուներ Կենտրոնական բանկին, որ այդպես էլ չտվեց. վճիռը կկայացվի առանց պատասխանների

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արտաշես Հովհաննիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի» գործով դատաքննությունը: Վճիռը կհրապարակվի նոյեմբերի 13-ին:

«Ամերիաբանկի» նախկին փոքր բաժնետեր Արտաշես Հովհաննիսյանը, հիշեցնենք, պահանջում է վերադարձնել իր հինգ բաժնետոմսերը:

«Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել էին (համախմբում), որի արդյունքում փոքր բաժնետերերից մեկի՝ Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են կոտորակային բաժնետոմսի, ապա հետ գնվել բանկի կողմից առանց նրա իմացության:

Հայաստանում Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքի 37-րդ հոդվածն արգելում է կոնսոլիդացված բաժնետոմսերի հետգնումը: «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի՝ բաժնետոմսերի կոնսոլիդացիայի և հետգնման որոշման հիմքում ընկած է Կենտրոնական բանկի պաշտոնական պարզաբանումը, որը լրացուցիչ մեկնաբանում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը:

ԿԲ-ի այս պարզաբանման մեջ նշված է, որ Կենտրոնական բանկը իրավունք ունի թույլատրել կոնսոլիդացված բաժնետոմսերի հետգնումը՝ քննելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատուկ փաստերը: Դատաքննության նախավերջին նիստին, արդեն գրել ենք, հայցվորի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը գործով երրորդ անձ Կենտրոնական բանկին հարցրեց՝ որոնք են այս գործարքի առանձնահատուկ փաստերը: ԿԲ ներկայացուցիչ Քաղցրիկ Ավագյանի պատասխանը չբավարարեց Հայկ Հովհաննիսյանին և անհասկանալի թվաց դատավոր Գագիկ Խանդանյանին:

Դատավորը ասաց (մեջբերված է բառացի). «Ճիշտն ասած ձեր ընդհանուր խոսելուց ես էլ բան չհասկացա, ես ավելի հստակ եմ հարցեր տալու, ասեմ, իմանաք»:

Սակայն, պարզվում է, իրավիճակը փոխվել է հոկտեմբերի 30-ի նիստին:

Դատավորն այդպես էլ հնարավորություն չի ունեցել տալ իր «հստակ հարցերը», որովհետև Կենտրոնական բանկի որևէ ներկայացուցիչ չի եկել դատական նիստին: Նրանք խնդրել են վեճը քննել առանց իրենց մասնակցության: Դատավոր Գագիկ Խանդանյանը հոկտեմբերի 30-ին փակել է դատաքննության փուլը: Նա վճիռը կայացնելու է՝ իր անպատասխան հարցերով:

«Հետք»-ը տեխնիկական պատճառներով չկարողացավ ներկա գտնվել հոկտեմբերի 30-ի նիստին: Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը փոխանցեց, որ նիստի ժամանակ դատավորին նաև միջնորդություն են ներկայացրել գործի ապացույցների շարքում ներառել «Ամերիաբանկի» գործարքի հետ կապված ողջ փաստաթղթաշրջանառությունը:

«Մենք ցանկանում էինք ստանալ ԿԲ-ի դրական վերահսկողական դիրքորոշումը և նաև բոլոր փաստաթղթերը, որովհետև «Ամերիաբանկը» դիմել է Կենտրոնական բանկին և փաստաթղթաշրջանառություն է եղել: Նրանք վստահ չեն եղել, դիմել են Կենտրոնական բանկին և կարծիք են ուզել, և այդտեղ ինչ-որ բաներ, այդ թվում՝ նրանց իրավական դիրքորոշումը կբացահայտվեր, այսինքն՝ մեզ հետաքրքրում էր փաստաթղթերի ամբողջ փաթեթը, որը վերաբերում էր այս գործին, որտեղ մեզ սեփականության իրավունքից զրկելու հստակ դրույթներ կան. մեր մեջքի հետևում երկար գործընթաց է եղել»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը: Դատավորը մերժել է միջնորդությունը:

Նույն փաստաթղթերը Հայկ Հովհաննիսյանը գրավոր հարցմամբ մինչև դատական նիստը խնդրել է նաև Կենտրոնական բանկից և մերժում ստացել:

Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը

«Դա ես նույնպես դատարանին ներկայացրի, ասացի՝ տեսեք էլի դիմել եմ, մերժել են: Հույս ունեինք, որ իրենք կգան նիստին և կբերեն այդ փաստաթղթերը, բայց չեն եկել, չեն բերել, սա էլ իրենց գրավոր մերժումն է: Քանի որ այդ փաստաթղթերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար, բայց մենք չենք կարողանում դա մեր ուժերով ձեռք բերել, խնդրեցինք որպես հայցի ապահովում պահանջել, որ բերեն, այն էլ դատարանը մերժեց»,- ասաց Հայ Հովհաննիսյանը:

Կենտրոնական բանկի` Հայկ Հովհաննիսյանին ուղղված պատասխանի մեջ նշված է, որ «Ամերիաբանկի» և Արտաշես Հովհաննիսյանի միջև վեճը կրում է մասնավոր բնույթ, և Կենտրոնական բանկի ներգարվվումը տվյալ գործում իրենք համարում են ոչ նպատակահարմար: Հայկ Հովհաննիսյանը շեշտում է, որ թեև վեճը մասնավոր է, բայց գործարքն իրականացվել է պետական մարմնի` Կենտրոնական բանկի տված պարզաբանման հիման վրա:

«Պետական մարմինը նպատակահարմարությունից ելնելով իրավունք չունի գործելու, ինքը պետք է գործի իրեն տրված լիազորությունների և պարտականությունների շրջանակներում, ինքը նպատակահարմարության հարց իրավունք չունի բարձրացնելու»,- նշում է նա:

«Ամերիաբանկի» ներկայացուցիչ Արման Մարտիրոսյանը 

Դատաքննության նախավերջին նիստին, որին ներկա էինք, «Ամերիաբանկը» միջնորդություն ներկայացրեց գործը տեղափոխել նախպատրաստական փուլ, քանի որ ներգրավվել էր նաև երրորդ անձ ԿԲ-ն:

Հայցվոր կողմը դեմ եղավ միջնորդությանը, սակայն դատավոր Գագիկ Խանդանյանը կողմերի համար հետևյալ լուծումը գտավ. եթե Կենտրոնական բանկը ցանկանար, կարող էր փաստաթղթեր ներկայացնել և գործին կցել նաև դատաքննության փուլում, ինչը չի թույլատրվում:

Այսինքն` եթե Կենտրոնական բանկը ուզեր, կարող էր փաստաթղթեր ներկայացնել. մնում է ենթադրել, որ եթե դատավորը հոկտեմբերի 30-ին չի բավարարել Կենտրոնական բանկից փաստաթղթերը պահանջելու միջնորդությունը, ուրեմն ԿԲ-ն պարզապես չի ուզել:

Հայցվորի փաստաբանը դատական նիստերին բազմիցս նշել է, որ գործարքը նախադեպային է և հայցը չբավարարվելու դեպքում հայաստանյան մի շարք բանկերի փոքր բաժնետերերի իրավունքները վտանգի տակ են: Եթե մինչ այժմ նրանց պաշտպանում էր «Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքը», ապա «Ամերիաբանկի» գործարքն արդարացնելու դեպքում բանկերի խոշոր բաժնետերերի համար գործիք է դառնալու Կենտրոնական բանկի պարզաբանումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter