HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բարեգործության գինը

Սերոբ Տեր-Պողոսյանը երեկ ձերբակալվել է: ԱԱԾ քննչական վարույթում հարուցվել է քրեական գործ' Քր. օր.-ի 140-րդ հոդվածի հատկանիշներով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը):

Տարիներ առաջ' 2002-ին, Միացյալ Նահանգներում բացահայտվեց սկանդալային մի պատմություն այն մասին, թե ինչպես են կաթոլիկ եկեղեցու սպասավորները տարիներ շարունակ սեռական ոտնձգություններ կատարում սաների նկատմամբ: Հրապարակված փաստերից ամերիկյան հասարակությունը շոկի մեջ էր բառիս բուն իմաստով: Եկեղեցու շատ անդամներ նույնիսկ հրաժարվեցին եկեղեցուց: Կաթոլիկ եկեղեցու սպասավորները Աստծո անունից քարոզներ էին անում, իսկ հետո սեռական բռնությունների ենթարկում անչափահասներին՝ Ավետարանը կողքներին:

«Հետքի» հրապարակումից հետո «Մեթըլ փրինս» կորպորացիայի նախագահ Ս. Տեր-Պողոսյանը ստորագրահավաք էր կազմակերպում տարբեր կոլեկտիվների անունից եւ ուղարկում «Հետքին»: Այդ նամակներում ասվում էր, որ Ս. Տեր-Պողոսյանը բարեգործություն է անում, եւ մենք իրավունք չունենք նման մարդուն մեղադրանքներ ներկայացնել: Գրում էին, որ նա աշխատատեղեր է ստեղծել, փրկել է սովից մեռնող ախթալացիներին:

Մի խոսքով, Ս. Տեր-Պողոսյանը սուրբ է, իսկ «Հետքը» նրա պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավն արատավորում է: Այսինքն՝ մարդիկ մտածում են, որ բարեգործություն անողները սրբեր են, եւ մենք պետք է հեռու պահենք մեր «կեղտոտ» ձեռքերը նրանցից: Նամակներում մարդիկ, շրջանցելով մանկապղծության մասին փաստը, ասում էին, որ եթե Ս. Տեր-Պողոսյանի հետ մի բան պատահի, այդ աշխատատեղերը կփակվեն, եւ իրենք սոված կմնան:

Դեռեւս անցած տարի «Հետքը» գրել էր, որ Սերոբ Տեր-Պողոսյանը 15 հազար դոլար է տրամադրել Ալավերդու ոստիկանության շենքի վերանորոգման համար: «Հետքի» լրագրողի հարցին՝ ճի՞շտ է այս տեղեկությունը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, եթե երկու բառով ասենք, պատասխանել է այսպես. Սերոբ Տեր-Պողոսյանը շատ հայրենասեր անձնավորություն է:

Ոստիկանապետը նաեւ ասել էր, որ նա բարեգործ մարդ է, մի քանի համակարգիչ է նվիրել ոստիկանությանը: Ի՞նչ է նշանակում ոստիկանությանը բարեգործություն անել. որպեսզի նա դառնա հասարակական խորհրդի անդա՞մ, դա չէ՞ր տվյալ դեպքում Ս. Տեր-Պողոսյանի բարեգործության գինը:

Այսքանից հետո ոստիկանությունը կարո՞ղ էր գործ հարուցել մի մարդու նկատմամբ, ով իրեն նվիրատվություն էր անում, ով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասնակցությամբ քեֆեր էր կազմակերպում: Բարեգործության գինը նաեւ այն չէ՞ր, որ երբ գրում էինք, որ այդ նույն գործարարը Շամլուղի բաց հանքն ապօրինի է շահագործում եւ դրա համար համայնքին նույնիսկ հողի հարկը չի վճարում, անտառներ է հատում, պետական բոլոր մարմիններն աչք էին փակում:

Այս ամենն ի՞նչ առնչություն ունի բարեգործության հետ: Հարյուրավոր մարդիկ բարգործություն են արել. տուն են գնել փախստական ընտանիքի համար, ուսանողի ուսման վարձ են վճարել, վիրահատությունների համար գումար են հատկացրել... ու խնդրել են չհրապարակել իրենց անունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter