Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Դունյա տատը 90 տարեկանում էլ ասեղնագործությամբ է զբաղվում


«Մինչ օրս նույնիսկ հատած բուրգի ծավալն եմ հիշում»,- ասում է երևանաբնակ 90-ամյա Դունյա տատն ու կապույտ աչքերով անթարթ նայում ինձ: Ժպտում եմ, ինքը շարունակում է, թե իր տարիքում հիշում է մաթեմատիկայի դպրոցական հին ծրագիրը, աչքերը փակ կարող է լուծել խնդիրները:

Դեղնավուն լույսը հազիվ է լուսավորում հյուրասենյակը: Այնտեղ արհեստական ծաղիկների առատություն է՝ մեխակներ, վարդեր, պատին փակցված ծղոտե նկարներ՝ շրջանակներով: Մակագրված են՝ «Դունյա Սարգսյան, 1925 թ.»: Զգեստապահարանից հանում է ասեղնագործ 2 աշխատանքներ, որոնց վրա փոքր թերթիկներ են փակցված: Մեկը նվիրելու է Կոմիտասի տուն-թանգարանին, մյուսը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

15 տարիների ընթացքում Դունյա տատը հասցրել է 130 աշխատանք նվիրել եկեղեցիներին ու իր բարեկամներին: Սեղանի վրա դրված օրացույցի մաքուր հատվածներում գրառումներ է արել: Այդտեղ նրանց անուններն են, որոնց նվիրել է իր աշխատանքներից: Չնայած ցուցակը 130 հոգու անուն է ներառում, բայց ավելի շատ է նվիրել: «Էս մայիսի 9-ին 90 տարեկան եմ դարձել, մի րոպե ալբոմս վերցնեմ»,- ասում է ու ցաքուցրիվ իրերով սեղանին փնտրում է այն: Սեղանին ասեղներով բարձիկն է, տոպրակով թելեր, գրքեր, ասեղնագործ աշխատանքներ, թերթեր ու թերթերի արանքում թարմ կանաչու «պոչեր» : «Մի քիչ խառն եմ, էսօր բարեկամներիցս եկել են պատուհանները մաքրեն, ես արդեն չեմ կարողանում, բայց կեղտոտ էլ չեմ ուզում թողնել, մի քիչ ֆըսֆըսիկ եմ, կեղտոտ բան չեմ սիրում»,- նշում է նա՝ բացելով ալբոմը:

Մայիսի 9-ին տատը դարձել է 90 տարեկան: Հիմա էլ ասեղնագործության անվճար դասեր է տալիս: Մատներն արդեն դեֆորմացվել են, ցուցամատը վնասվել է ասեղի շարժումներից, բայց, ասում է, չի կարող չաշխատել: Նախկինում աշխատում էր բարակ թելով, հիմա՝ քիչ ավելի հաստ թել է ընտրել, որը մշակում է: Բազմոցի փայտե հենակն է ցույց տալիս, որը, կարծես, դանակի հարվածներով կտրտած լինի: Թելը մշակում է այդ հենակին՝ այնքան է տարուբերում, որ ձիգ դառնա: Փափուկ թելով գործը չի ստացվի: Սա տատի կարծիքն է:

Ոտքերի ցավից դժվար է շարժվում, ոտքի վրա մնալուց հոգնում է: Զգեստապահարանից իր կարած զգետներն է ցույց տալիս: Իր հագուստը հիմնականում ինքն է կարել: «Հիմա, չէ, մատներս չեն կարող»,- հագուստին նայելով՝ ասում է տատը: Ապա շարունակում է, թե խանութից գնած զգեստներն էլ էր ձևափոխում, իսկ դպրոցում զարմանում էին, որ իր հագուստը միշտ տարբերվում էր:

«Նայի, աղջիկ ջան, էս շորը կարել էի մեր դպրոցի 10-ամյակի առթիվ: Երկու օրում եմ կարել, պատկերացնո՞ւմ ես»,- ժպտում է: Տատը խոսում է ընդհատումներով, բառերը ձգվում են: Երբեմն չի լսում մեզ, ներողություն է խնդրում:

Ասեղնագործն ու թվերը

Դունյա տատը ծնվել է Գյումրիում: Ծնողները գաղթել են 1915-ին. հայրը Սեբաստիայից էր, մայրը՝ Կարսից: Ամուսնացել են 1922 թ: Ընտանիքում եղել են 6 երեխա՝ 3 քույր և 3 եղբայր: Դունյա տատը երկրորդն է երեխաների մեջ: Երեք քույրերն էլ ձեռագործություն սովորել են մորից: Դպոցական տարիներին օգնում էին նրան՝ սավաններ, բարձեր էին կարում: Ավագ քույրը հելյունագործի վարպետ էր, ինքը՝ ասեղնագործի, իսկ փոքր քույրը՝ շյուղերով է լավ գործում:

6-րդ դասարանում կշռավար է աշխատել Գյումրիի ճակնդեղի մթերման կայանում, իսկ երեկոները ձեռագործություն էր անում: Ասում է՝ մաթեմատիկան միշտ սիրել է, մտածում էր դպրոցն ավարտելուց հետո ինստիտուտ ընդունվել, բայց այդ ժամանակ հայրը չէր վերադարձել ռազմաճակատից (Հայրենական պատերազմի մասնակից էր): «Դե, մամայիս պիտի օգնեի, դրա համար շարունակեցի աշխատել»,- նշում է նա: Հարցնում եմ՝ այդպես էլ չընդունվե՞ց ինստիտուտ, խնդրում է չխանգարել, որովհետև ինքը «հերթով»է գալիս:

Դունյա տատն ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիուտի ֆիզմաթ բաժինը, ապա կրթությունը շարունակել է Երևանում: Մի քանի տարի աշխատել է որպես հաշվապահ: Մինչև 1999 թ. մաթեմատիկայի ուսուցչուհի է եղել սկզբից Ախուրյան գյուղում, հետո՝ Երևանում: Մի քանի ամիս տնարարության ուսուցչին էր փոխարինել: Սա առանձնակի է շեշտում: Ասում է՝ աղջիկներին ասեղնագործություն էր սովորեցնում, տղաներին՝ «շտոպկա»: «Դե բանակում հաստատ պետք էր գալու նրանց»,- ավելացնում է տատը: 1999-ին դպրոցից դուրս է եկել: Ասում է՝ ոտքերը, ձեռքերը ցավում էին, արդեն դժվար էր դպրոց գնալ-գալը: «Երբ արդեն ի վիճակի չէի, դուրս եկա դպրոցից, տանը նստեցի ու սկսեցի ասեղնագործություն, կար անել»,- պատմում է տատը:

«Մի րոպե, մի բան ցույց տամ»,- ասում է՝ կրկին հասնելով զգեստապահարանի մոտ: Դրա դարակներում ասեղնագործ աշխատանքներն են: «Ասեղնագործության բոլոր տեսակներով գործել եմ: Նայի, գիշերանոցի ամանս է, վրան էլ իմ անվան առաջին տառն եմ գրել»,-մահճակալին դրված ձեռագործն է ցույց տալիս: Հետո մահճակալներից վերև փակցված երկու մեծ լուսանկարներն է ցույց տալիս: «Եղբայրս է, իմ բաժին եղբայրը ու ես՝ ջահել ժամանակ»,- հոգոց է հանում, թախիծի մի շերտ փռվում է նրա խոսքի մեջ:

Եղբայրն աշխատում էր երկաթգծի կայարանում: Այնտեղ երկաթյա տնակ էին տվել, ապրում էր իր ընտանիքով: «Եղբայրս ընկավ գնացքի տակ, մահացավ: Վիրավոր ժամանակ պապայիս, քրոջս ասաց, որ երեխային լավ նայեն: Դրա համար չեմ ամուսնացել, մնացի, որ լավ նայեմ երեխային: Չգիտեմ...»,- սա ասելուն պես տատը նայում է ձեռքերին: Եղունգներին լաքի հետքեր են: «Հիմի մենակ նստած եմ: Կյանքս անցավ»,- շարունակում է նա:

Դունյա տատն ասում է՝ նույնիսկ 60 տարեկանում ամուսնության առաջարկ է ստացել, բայց մերժել է: Հարցական նայում է ինձ, թե «մնացել-մնացել 60-ում էի ամուսնանալո՞ւ»: Գործընկերներից մեկն էլ ասել է, թե եթե չամուսնանա, ամբողջ կյանքում մենակ կմնա: Իսկ ինքը պատասխանել է, որ մենակ չի մնա, աշակերտները, բարեկամները կգան-կգնան:

«Էս տունը որ ստացա, խնդրել էի , որ պադվալը տային ինձ: Ուզում էի ձեռագործության դասեր անցկացնեի էդտեղ: Բայց պադվալը չտվեցին ինձ»,- ասում է տիկին Դունյան:

90-ամյա կնոջ խնդրանքը

Դունյա տատը երկրորդ կարգի հաշմանդամ է, միայնակ թոշակառու: Տատը նշում է, որ իր ժառանգորդի պատճառով զրկվել է նպաստից: 1991-ից ժառանգորդը՝ քրոջ աղջիկը, տատի ասելով, չի հետաքրքրվում իրենով: «2004-ին օրենքի մեջ փոփոխություն են արել, որ եթե ժառանգորդ ունես, նպաստ չես կարող ստանալ: Իմ 60.000 դրամով հազիվ կոմունալ վճարումներն եմ անում ձմռանը, գոնե նպաստս վերականգնեն. 17.000 դրամը ահագի՛ն գումար է ինձ համար»,- նշում է նա:

Դունյա տատն իր զգեստները պահարանում տեղավորելուց հետո խոսում է երկրի մասին: Ասում է՝ եթե մեր ղեկավարները մի քիչ սրտացավ լինեն, իրար հարգեն, իրեր լսեն, միահամուռ մտածեն ժողովրդի մասին, լավ կլինի: «Բայց որ ամենքն իրանցն են քաշում, վիճակը գնալով վատանում է: Ես էդպես եմ մտածում»,- ասում է նա:

Ժպտում է ու ուշադիր նայում մեզ: «Կուզենայի, որ այդքան շատ երգ ու պար, մերկ աղջիկներ ցույց չտային, արատավորեցին, էս ի ՞նչ դարձրեցին ժողովրդին, ես տանել չեմ կարողանում դա, աստված եմ կանչում, որ ինձ տանի, ես էն դարի մարդ եմ, էս դարն իմ ուղեղի մեջ չի մտնում»,- ասում է նա:

Զրույցից հետո մեզ շոկոլադ է հյուրասիրում, հրաժարվում ենք, ինքը պնդում է՝ «անպայման մի բան պիտի վերցնեք»: Ծիծաղում ենք, ապա խնդրում է, որ իրեն հաճախ հյուր գնանք:


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։