HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը դատարանում «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրեց պահանջվող տեղեկատվությունը

Դեռևս յոթ ամիս առաջ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից հայցված տեղեկատվությունը ՀՀ ոստիկանությունից հնարավոր եղավ ստանալ դատական կարգով: ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, հոկտեմբերի 30-ին կայացրել է կարճման որոշում` վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով, քանի որ ոստիկանությունը դատարանում ներկայացրեց այն ինֆորմացիան, որը «Հետաքննող լրագրողները» հարցմամբ պահանջում էին դեռ 7 ամիս առաջ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին «Հետքը» դիմել էր ոստիկանություն` հարցմամբ, թե վերջին 5 տարվա ընթացքում քանի՞ բողոք է ներկայացվել ոստիկանություն քաղաքացիներ Նաիրա Մերուժանի Ասատրյանի և Վարուժան Ցոլակի Մարգարյանի դեմ: Ի՞նչ բովանդակությամբ կամ հիմքով են դրանք ներկայացվել: Ինչպե՞ս են լուծվել բողոքները: Հարուցվել են արդյոք քրեական գործեր: Եթե քրեական գործի հարուցումը մերժվել է, ապա ինչ հիմքով:

Սակայն ՀՀ ոստիկանությունը, մեջբերելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, տեղեկատվության տրամադրումը մերժել էր` հիմնավորելով, որ հայցվող տեղեկատվության տրամադրումը կխախտի անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն 2015 թ.-ի մայիսին դիմել էր Վարչական դատարան` ինֆորմացիայի տրամադրման պարտավորեցման հայցով: Գործի դատական քննության ընթացքում պատասխանող ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Պիվազյանը փոխեց դիրքորոշումը և պատրաստակամություն հայտնեց տրամադրել տեղեկությունները:

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի կողմից հարցում էր կատարվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններ: Պարզվել էր, որ Վարուժան Մարգարյանի և Նաիրա Ասատրյանի վերաբերյալ դիմումներ ստացվել են միայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում, ապա  նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քնչական կոմիտե:  

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի դատական քննության ընթացքում պատասխանող ՀՀ ոստիկանությունը դատարան ներկայացրեց և հայցվոր կազմակերպությանը տրամադրեց հայցվոր կազմակերպության կողմից հայցվող տեղեկությունները՝ այնքանով, որքանով առկա են պատասխանողի տնօրինության ներքո, դատարանը նման պայմաններում կողմերի միջև վեճը համարում է սպառված»,- նշված է Վարչական դատարանի կարճման որոշման մեջ:

«Փաստացի, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը հաղթեց, քանի որ մենք ստացանք պահանջվող ինֆորմացիան: Ավելին` ոստիկանությունն էլ դատարանում ընդունեց, որ անձնական կյանքի անձեռնմխելիության մասին խոսք չի կարող լինել: Բայց եթե պետք է դատարանում ներկայացվեր հայցվող տեղեկատվությունը, ապա ոստիկանությունը կարող էր տեղեկատվությունը տրամադրել նաև յոթ ամիս առաջ: Բնականաբար, գործը դատարան չէր հասնի»,- նշեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Դատարանը փաստաբանական վճարի ողջամիտ չափ է համարել 50.000 դրամը, որը բռնագանձման է ենթակա ՀՀ ոստիկանությունից: Բացի դրանից, ոստիկանությունը պետք է վճարի նաև դատական ծախս համարվող 4000 դրամ:

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիների բողոքների հիման վրա «Հետքը» մի քանի հոդված է հրապարակել Նաիրա Ասատրյանի և Վարուժան Մարգարյանի վերաբերյալ: Բողոքող քաղաքացիները  պատմել են, թե ինչպես են տոկոսով գումարներ վերցրել Նաիրա Ասատրյանից ու Վարուժան Մարգարյանից, սակայն տոկոսները չմարելու պատճառով զրկվել ու զրկվում են իրենց բնակարաններից: «Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիներն այս տարվա ապրիլի 13-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որպեսզի վաշխառության հատկանիշներով մեղադրանք առաջադրվի վերը նշված անձանց նկատմամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter