Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Սահմանամերձ անտառները ոչնչացվում են



«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի  անտառտնտեսության վերահսկողության ու պաշտպանության տակ են գտնվում Ճոճկանի, Բրդաձորի, Խոժոռնու և Ախքյորփիի 13 851,1 հա  անտառածածկ տարածքները:

Նոյեմբերի 5-ին Մադան-Ջիլիզա  անտառամիջյան ճանապարհի երկայնքով ականատես  եղանք անտառահատումների աննախադեպ պատկերի: Ճանապարհի տարբեր հատվածներում փայտակույտեր էին թափված։  Բոլոր  փայտակույտերը տերեր ունեին: Փայտակույտերին մեր մոտենալուն պես նրանք փախչում էին:

Անտառի «տերերը» չէին խնայել նաև Ջիլիզայի սահմանային գոտու անտառները: Հսկա փայտակույտերի հանդիպեցինք նաև սահմանային գոտում:  Որքան էլ ջանացինք անտառում մեզ չհաջողվեց հանդիպել Ջիլիզայի անտառտնտեսության որևէ պատասխանատուի: Մադան գյուղից դեպի Ջիլիզա ճանապարհի  հազիվ 500 մետր հատելուց հետո մենք հանդիպեցինք անտառի մեջ  մխրճված  առանց պետհամարանիշի  մի բեռնատարի: Վերջինիս մոտ շուրջ  8 խմ փայտ էր թափված:

Կաճաճկուտ գյուղի բնակիչ Համլետ  Կիրակոսյանն ասաց, որ ավտոմեքենայի համարանիշը հանել է անձրևի պատճառով: Եղանակը, սակայն, անձրևային չէր: Հ. Կիրակոսյանը  մեզ ներկայացրեց  «Լալվարի անտառտնտեսության» Շամլուղի տեղամասի անտառապետ Ա. Բեկթաշյանի ստորագրությամբ թափուկ փայտանյութի օգտագործման  տոմս, որտեղ բացակայում էր 8 խմ  փայտի տեղափոխման ամսաթիվը:

Սա հենց այն  տոմսերից էր, որի  միջոցով կարելի էր անտառից անվերջ ապօրինի փայտանյութ  դուրս բերել: Ճանապարհին մեզ հանդիպած փայտի բեռնման սպասող բեռնատարների մեծ մասը նույնպես առանց պետհամարանիշի էին:

Այսօր վաղ առավոտյան  Ջիլիզայի անտառտնտեսության տնօրեն  Արամ Բարոյանի կողմից միջնորդության  հեռախոսազանգ ստացա՝ նրա պահպանությանը վստահված  անտառների թալանի մասին հոդված չգրելու համար: Մեզ հետ  հեռախոսազրույցում Արամ Բարոյանն ասաց , որ 2015թ.-ին  Ջիլիզայի անտառտնտեսությանը  ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից 1800 խմ փայտանյութի պատրաստման և վաճառքի պլան է իջեցվել: 

Տարվա ամբողջ  եղանակին Ջիլիզայի անտառներում,  բնակչության զարմանքը առաջացնող  մեծաքանակ  անտառահատումներ կատարելուց հետո, Արամ Բարոյանը մեզ հայտնեց, թե  առաջադրված պլանից դեռ մոտավորապես մի 700-800 խմ  փայտանյութ  մնացել է պատրաստելու: Երբ Ա.Բարոյանին ասացինք, որ անտառապետները և տնտեսության մյուս աշխատողները մեզ տեսնելուց փախել են, նա ասաց. «Դե տգետ մարդիկ են, էլի, փոխանակ մոտենան բացատրեն, բոլորը փախչում են»: Ա.Բարոյանը չէր էլ մտածում, որ անտառում օրինական փայտանյութ պատրաստող մարդը, լրագրողից խուսափելու  պատճառ չի կարող ունենալ:

Ջիլիզայի եւ Մադան գյուղի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ Ա. Բարոյանը Վանաձորում է ապրում և հազվադեպ է հայտնվում իր աշխատատեղում։ «Ջիլիզայի անտառների  գլխավոր ոչնչացնողը անտառների պահպանության գծով նրա տեղակալ Արմեն Այդինյանն է, ով էլ վերահսկում է սահմանամերձ Ջիլիզայի անտառների սպանդը»,- ասաց Ջիլիզայի բնակիչներից մեկը։ Նա չուզեց հրապարակել իր անունը: Ջիլիզայից հետ վերադարձին անտառի փեշից մեր ճանապարհը փակեցին երկու եղնիկներ:  Վարորդը արգելակեց մեքենան: Ես դուրս թռա մեքենայից՝ լուսանկարելու: Չհասցրեցի: Նրանք  կորան ճանապարհաեզրի մացառուտների մեջ: Ճանապարհը հատելիս նկատեցինք  նաև աղվեսի:

Ջիլիզայի  նախկին սաղարթախիտ ու կուսական անտառները մացառուտների են  վերածվել: Ջիլիզայի բնակիչները խուճապի մեջ են: Ջիլիզայի անտառների ոչնչացման նկատմամբ ակնհայտորեն աչք են փակում Լոռու մարզի դատախազը և ոստիկանությունը:

Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը հոկտեմբերի 26-ին մերժեց Լոռու մարզի օպերատիվ վիճակի, այդ թվում Լոռու անտառներում ապօրինի անտառահատումների մասին տեղեկատվություն հաղորդելու մեր խնդրանքը: Դատախազի քարտուղարությունից մեզ պատասխանեցին, թե դատախազը այդ մասին մեզ հետ կարող է խոսել միայն մարզի  օպերատիվ իրավիճակը տարեվերջին ամփոփելուց հետո:

Այսօր մեզ չհաջովեց  Ջիլիզային անտառների ապօրինի հատումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ «Հայանտառ»  ՊՈԱԿԻ տնօրեն Մ. Մաթևոսյանից, գլխավոր անտառապետ Ռ.Պետրոսյանից կամ  անտառների պահպանության որևէ պատասխանատուից:  «Հայանտառ» ՊՈԱԿ-ից մեզ հայտնեցին, թե Մ.Մաթևոսյանը գնացել է Սյունիք, գլխավոր անտառապետը  գտնվում է հանրապետությունից դուրս, իսկ անտառների պահպանության  բաժնի պետը տեղում չէ:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (6)
1. Մերուժան 20:53 - 6 նոյեմբերի, 2015
Այսինքն այս երկրի 1-ին թշնամիները ղեկավարներն են:Թող ձեր լափած գումարները ձեր քթից գա,՝հարգելի՝պատասխանատուներ:Շնորհակալություն Հետքին իր գործը ազնվորեն կատարելու համար:
2. stepan20:40 - 8 նոյեմբերի, 2015
Ես ամբողջ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում բազմաթիվ անգամ գնացել եմ գյուղ՝իմ ազգականի մոտ: Իմ կանգառը գտնվում Մխչյան գյուղի սկզբնամասում՝ ջրատար մագիստրալի մոտ: Այս գյուղից է Հովիկ Աբրահամյանը: Այդտեղ միշտ տեսել եմ կանգնած 3-4 բեռնատար՝ այս փայտով բեռնված: Այսինքն այս երկրի 1-ին թշնամիները ղեկավարներն են:
3. David Hadley09:56 - 9 նոյեմբերի, 2015
Thank you Larisa Paremuzyan for your work to highlight this important problem.
4. ani18:39 - 10 նոյեմբերի, 2015
what a corrupt,degenerated,foolish Country !! I wait for the next earthquake ! They claim to be christians, but they are worse than pagans ! No fear of GOD, no ethic values-- just abominable
5. Մ-վ17:10 - 11 նոյեմբերի, 2015
ոսկերիչը խելքի չի գալիս հո զոռով չի, մադանից մինչև ջիլիզի սահմանը ավագ անտառակերի հետ ջնջումա: կուզիկին գերեզմանննա դզում:
6. Կարեն17:23 - 13 նոյեմբերի, 2015
ասում են ոսկերիչը սաղ գեղով մինա արել թե վլաստը փոխվելա, գործերս լավացելա, զարմանում էս ինչ վլաստա փոխվել, որ բոլորը նույնն են: երևի վարչապետի ու մարզպետի վլաստը իրան օգուտ բերեց: ասա այ ոսկերիչ գոնե աշխարհով մին մի արա լուռ ձենտ կտրած մնա, թե թե չէ բոլորն էլ գիտեն էտ քու գիդեցածը: այսինքն 13 տարվա վաղեմի երազանքտ փորումտ չմեռար. իրականցավ: բայց վերջտա գովելի այ անգրագետ, շակալ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ