HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնասպանության փորձի մասին ահազանգ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Օրեր առաջ «Հետքը» նամակ էր ստացել «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Հովիկ Բաբայանից,  որտեղ նա նշել էր, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել, և որ պատճառը իր վերաբերյալ քրեական գործն է. «Եթե ինձ` իմ կյանքի հետ բան պատահի (խոսքը սուիցիդի մասին է), ապա դրա մեղավորներն են ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ ՀՔԾ-ն»,- նշված է «Հետքին» հասցեագրված նամակում:

Երեկ մենք ահազանգ ստացանք մի անձից, ով չցանկացավ նշել անունը: Նա պարզապես «Հետքին» հայտնեց, որ Հովիկ Բաբայանն իրագործել է այն, ինչ գրել էր մեզ նամակով:

Մենք փորձեցինք ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից պարզել եղելությունը: ՔԿՎ հանրային կապերի բաժնից «Հետքին» տեղեկացրեցին, որ «Վարդաշեն» ՔԿՀ կալանավոր Հովիկ Բաբայանը երկու օր առաջ բողոքել է առողջությունից, նրան տարել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև տեղափոխել քրեակատարողական հիմնարկ: Սակայն ՔԿՎ-ից հերքեցին ինքնասպանության փորձի մասին տեղեկատվությունը:

Այսօր «Հետքի» ահազանգով «Վարդաշեն» ՔԿՀ են այցելել ՄԻ պաշտպանի ներկայացուցիչները, հանդիպել կալանավորի ու վարչակազմի հետ: ՄԻՊ տեղակալ Երանուհի Թումանյանցը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ նույն կալանավորը նաև դիմում է գրել ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին, որտեղ դժգոհել է իր նկատմամբ հարուցված քրեական գործից: Տիկին Թումանյանցի փոխանցմամբ, պաշտպանը գրություններով դիմել է համապատասխան պետական մարմիններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել: Ինչ վերաբերում է ինքնասպանության փորձին, ապա ՄԻՊ ներկայացուցիչներին Հովիկ Բաբայանը հայտնել է, որ ինքնասպանության փորձել է կատարել, քանի որ իր գործը չի կարճվում, թեպետ կան բոլոր իրավական հիմքերը: «Վարչակազմի հետ զրույցից պարզվել է, որ կալանավորի բանավոր հայտարարության հիման վրա, ըստ որի ինքն ընդունել է դեղահաբեր, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ կատարվել է ստամոքսի լվացում: Այժմ նա գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ի բժիշկների հսկողության տակ: Վարչակազմից հայտնել են, որ դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում»,- նշեց Երանուհի Թումանյանցը:  

Այսօր կալանավոր Հովիկ Բաբայանը զանգահարեց մեզ ու հայտնեց, որ երկու օր առաջ ինքնասպանության փորձ է արել. «Ես 72 դեղահաբ եմ խմել, որոնցից 61 հատը ճնշում իջացնելու դեղեր էին, մյուսները` տարբեր դեղեր: Ես դուռը ծեծեցի ու հսկիչի ներկայությամբ խմեցի բռիս մեջ լցրած դեղերը: Հետո շատ աշխատակիցներ եկան, բժիշկներ, առաջարկեցին լվացում անել, ես հրաժարվեցի: Դրա մասին էլ դիմում գրեցի պետին: Մի երկու ժամից շատ եմ վատացել ու կորցրել գիտակցությունս, տարել են հիվանդանոց: Մի գիշեր մնացել եմ էնտեղ, երեկ ինձ հետ են բերել»,- ասաց կալանավոր Հովիկ Բաբայանը`նշելով, որ ինքնասպանության մտքից չի հրաժարվելու. «Ինձ հետ պահող բան չկա, քանի որ գիտեմ, թե ՀՔԾ-ի ուղարկած մեղադրանքը ինչ է լինում դատարանում»:

Հովիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 178 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, որը պատժվում է 4-8 տարվա ազատազրկմամբ: Սակայն կալանավորը պնդում է, որ չի կատարել իրեն վերագրվող արարքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter