HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Սպասելի և անսպասելի տապալում Եվրախորհրդում

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում երկու օր առաջ ընդունվեց «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը, որը քննարկման և քվեարկության կդրվի Խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանում: Փաստաթուղթը, որով Հայաստանն ուղղակիորեն բնորոշվում է որպես Ադրբեջանի տարածքերը, այդ թվում ԼՂ-ն, օկուպացրած կողմ, և որով «ագրեսոր» Հայաստանին կոչ է արվում անհապաղ դուրս բերել զորքերը ԼՂ-ից, իր միակողմանիությամբ և իրողությունների խեղաթյուրման մակարդակով նախադեպը չունի ընդհանրապես ղարաբաղյան հիմնահարցի ողջ պատմության ընթացքում ստեղծված փաստաթղթերի կտրվածքով:

Այն պատրաստել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով հայտնի է Ադրբեջանի և այդ երկրի իշխանության հանդեպ իր առնաձնահատուկ ջերմ վերաբերմունքով: Զեկույցը փաստացի գրվել է ընդամենը մեկ անգամ Ադրբեջան կատարած այցի հիման վրա` Հայաստանի կողմից Ուոլթերի առաքելությունը բոյկոտելու պայմաններում: Չհամաձայնելով զեկույցի ուղղորդիչ ու միակողմանի բովանդակություն պարտադրող վերնագրի հետ և չկարողանալով կանխել թե նման զեկույցի պատրաստումը և թե քաղաքական հանձնաժողովի կողմից Ուոլթերին զեկուցող նշանակելու որոշման ընդունումը` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հրաժարվեց զեկույցի պատրաստման շրջնակներում համագործակցել Ուոլթերի հետ: Ավելին, Երևանը և Ստեփանակերտը, ըստ էության, բրիտանացի պատգամավորին թույլ չտվեցին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: Բայց դա իր գործունեությունն ավարտող Ուոլթերին չխանգարեց ոչ միայն արագացնել խայտառակ զեկույցի պատրաստումը, այլև դրանում դնել սպասվածից ավելի կոշտ և սուբյեկտիվ գնահատականներ:

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից զեկույցի ընդունումը հայաստանյան հասարակական-քաղաքական և լրատվական միջավայրում այնպիսի ռեզոնանս է առաջացրել, կարծես կատարվածն անակնկալ էր, իսկ Ուոլթերը Հայաստանի նկատամբ դավադրություն է իրականացրել: Հայաստանում ծայր է առել քավության նոխազների տենդագին փնտրտուք` որի առաջին և հիմնական «զոհը» դարձել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը: Վերջինի անդամները, հասկանալով, թե ինչ է այս մթնոլորտում իրենց սպասվում Երևանում, փորձում են արդարանալ, որ հնարավոր չէ պայքարել մի կառույցում, որը վերածվել է յուրատեսակ «Միլի Մեջլիսի» և դարձել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» գերին ու կամակատարը: Այլ կերպ ասած` մինչ դիվանագիտական ճակատում հերթական տապալումն է արձանագրվում, այս վտանգավոր ընթացքը կասեցնելուն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն Հայաստանում նախընտում են զբաղվել իրար մեղադրելու, յուրաքանչյուրն իրենից պատասխանատվությունը վանելու ժամավաճառությամբ:

Մինչդեռ թվում էր, թե իրերի նման դասավորությունից Հայաստանը ոչ թե պետք է հերթական ցնցակաթվածի մեջ ընկներ, այլ ի սկզբանե իր գործողությունները պլանավորեր հենց այսպիսի ելքի տրամաբանությամբ: Դրա համար Երևանն ուներ առնվազն երկու պատճառ:

Առաջինը դեռևս 2005թ. ԵԽԽՎ-ի ընդունած տխրահռչակ 1416 բանաձևի առկայությունն է: Բանաձև, որով դեռևս 2005թ. ԵԽ-ն Հայաստանին ճանաչել էր ագրեսոր և նրանից պահանջել հանել զորքերը ԼՂ-ից: Այսինքն ակնհայտ է, որ բացի քաղաքական շարժառիթներից, «խավիարային դիվանագիտությունից», ուոլթերյան զեկույցն ուներ ամուր իրավական հիմք` ի դեմս 1416 բանաձևի, որն Ադրբեջանի շահագրգռության պայմաններում ոչ հանձնաժողովը ու ոչ էլ Ոոլթերը շրջանցել չէին կարող: ԵԽ-ում Հայաստանի պարտությունների հիմքը դրվել է այդ ժամանակ, ինչի համար ոչ ոք քաղաքական ու բարոյական պատասխանատվություն չի կրել: Պարտությունների ներկայիս խայտառակ ընթացքը կասեցնելու լավագույն միջոցն այդ բանաձևը կամ դրա ազդեցությունը որևէ միջոցով չեզոքացնելն է, ինչը ուոլթերյան այս բանաձևի վերջնական ընդունման դեպքում կարող է գործնականում դառնալ անհնարին, նույնիսկ եթե ԵԽԽ գործուղվեն ամենաուժեղ դիվանագետներն ու ինչ-որ տեղից «պեղված» պոլիգլոտ պատգամավորները:

Երկրորդը Ուոլթերի առաքելությունը և ընդհանուր առմամբ զեկույցի պատրաստումը բոյկոտելու որոշումն էր, ինչ, ԵԽԽՎ-ում ստեղծված մթնոլորտի պայմաններում նախնական շրջանում թվում էր ամենաադեկվատ ու ամենաարժանապատիվ տարբերակը: Երևան ու Ստեփանակերտ Ուոլթերի մուտքը փակվեց կարծես թե հենց այդ մարտավարությունից ելնելով: Սակայն եթե դա իսկապես բոյկոտ կամ դեմարշ էր, որը հստակ մշակված և հաշվարկված քաղաքականության դրսևորում էր, ապա ո՞րն էր առհասարակ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին պատվիրակության մասնակցելու և զեկույցի ընդունումը լեգիտիմացնելու իմաստը: Եթե դա բոյկոտ էր, ապա պետք է շարունակվեր մինչև վերջ` այն պարզ պատճառով, որ կիսատ-պռատ բոյկոտ չի լինում: Ծիծաղելի է Ուոլթերին ԼՂՀ մուտքի արտոնագիր չտալուց հետո գնալ ու մասնակցել նրա կողմից ներկայացվելիք զեկույցի ընդունման թատերական ներկայացմանը, հետո դժգոհել արդյունքներից, երբ ակնհայտ էր, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը շատ խիստ է արձագանքելու իր կողմից նշանակված զեկուցողի առջև դռները փակելու որոշմանը: Այդ արձագանքը եղավ զեկույցն ավելի կոշտացնելուն ու ծայրահեղացնելուն միտված` Ադրբեջանի պատվիրակության բոլոր առաջարկություններն ընդունելը:

Բոյկոտի տարբերակն ընտրելը ենթադրում էր, որ այդ զեկույցը, դրա հետ կապված բոլոր գործընթացներին մասնակցությունը պետք է ընդհանրապես հանվեին Հայաստանի օրակարգից: Ավելին. Երևանն ի սկզբանե պետք է հասկանալի դարձներ, թե որոնք են լինելու իր պարտադիր հակաքայլերն ու պատասխանը` հնարավոր համարելով ընդհուպ այդ կառույցում իր անդամակցությունը միակողմանիորեն սառեցնելու որոշումը:

Իսկ ինչ  արեց դրա փոխարեն Երևանը: Այս տարվա հունիսի 11-ին, այսինքն երբ արդեն որոշված էր, որ զեկույցն ամեն դեպքում պատրաստվելու է և որ դա պատրաստելու է հենց Ուոլթերը, երբ Հայաստանին արդեն հասկացրել էին նման զեկույցի ընդունման անխուսափելիությունը,  Սերժ Սարգսյանն ընդունում է Հայաստանում Եվրոպայի խորհրդի  գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային ու նրան պատմում, թե Հայաստանը որքան գոհ է ԵԽ-ի հետ համագործակցությունից, թե ինչպես է այդ կազմակերպությունն օգնում Հայաստանին տարբեր հարցերում: Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ ակնարկ չկար այն մասին, որ նախագահը գոնե տողատակով, ռեպլիկի կարգով թեկուզ անհանգստություն հայտնած լիներ ԵԽ Խորհդարանական Վերաժողովում  Հայաստանի շուրջ ստեղծված մթնոլորտի, նրա նկատմամբ դրսևորվող ակնհայտ միակողմանի վերաբերմունքի, ԼՂ հիմնահարցի էությունը համառորեն խեղաթյուրելու, քիթն իրեն չվերաբերող այդ հարցի կարգավորման մեջ խոթելու փորձերի շուրջ:

Այսքանից հետո որքանո՞վ կարելի է լուրջ վերաբերվել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը վերածվել է «որդնած խնձորի», որը վարակում ու փչացնում է ԵԽ-ի առողջ  «խնձորները»: Արդյոք խնդիրը որդնած խնձորի՞ մեջ է, թե՞ նրան լիկվիդացնելու փոխարեն խնձորների ախտահարմանը հանդիսատեսի կարգավիճակով հետևող «այգեպանի», այսինքն Հայաստանի: ԵԽ-ի հանդեպ ամենաբարձր մակարդակով հիացմունք հայտնելու ֆոնին նման մեկնաբակությունները, մեղքը Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» վրա բարդելով ինքնարդարացումներն ավելին չեն, քան այն «թույլիկի» պահվածքը, որը սեփական անզորությունը թաքցնում է հակառակորդին քթի տակ հայհոյելով: Եթե չէիք կարողանալու դուրս գալ հայտարարված դեմարշի տակից, եթե այդ քայլի տակ հստակ հաշվարկված քաղաքականություն չէր դրվելու, ապա ի՞նչ իմաստ ուներ վերցնել ուժերից վեր «ծանրաձողը» և մնալ դրա տակ:

Այս տարվա սեպտեմբերին, երբ Եվրախորհդրարանը Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, ժողովրդավարության ոչնչացման և բռնատիրության հաստատման կապակցությամբ աննախադեպ կոշտ, ընդհուպ սանկցիաների կիրառման սպառնալիք պարունակող բանաձև ընդունեց այդ երկրի վերաբերյալ, Ալիևն արձագանքեց շատ արագ և պարզ ձևով: Նա հրամայեց ընդհանրապես դադարեցնել բոլոր տիպի հարաբերությունները ԵՄ-ի հետ, դուրս գալ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրից և դրա բաղադրիչը հանդիսացող «Եվրանեսթ»-ից: Եվ Բաքվի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը սկսեց փոխվել: Դա արտահայտվեց նրանով, որ Եվրոպական կազմակերպությունները, այդ թվում` Եվրախորհրդարանը, ոչ միայն ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող ճանաչեցին Ադրբեջանում կայացած խորհդարանական ընտրություններ, այլև դեռ ընտրությունների վերջնական, պաշտոնական արդյունքները հայտնի չդարձած` շտապեցին հայտարարել նոր ձևավորվող խորհրդարանի ու կառավարության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին: Ինչպե՞ս է ստացվում, որ սուլթանաթի վերածվող Բաքուն կարողանում է այդ լեզվով խոսել Եվրոպական կառույցների հետ ու հաջողել, իսկ Երևանը, մինչև իր շահերի լիակատար ոտնահարումը, շարունակում է հարմարվողականություն ցուցաբերել «միջզագային հանրությանը»: Առավելևս` ԵԽ-ի պարագայում, որից, մեծ հաշվով, քաղաքական որևէ ակնկալիք այլևս չի կարելի ունենալ` ԵՄ-ի հետ նոր հարաբերություններ կառուցելու քաղաքականության համատեքստում: Գուցե պատճառը սահմանդրական հանրաքվեից առաջ ԵԽ շրջանակում գործող Վենետիկի հանձնաժողովին չնեղացնելու՞ մեջ է...

Սա ոչ թե զուտ պատվիրակության և դրա անդամների, այլ ընդհանրապես ինքնահոսի մատնված արտաքին քաղաքականության որակի խնդիրն է, որն այդպես էլ, պարտությունից պարտություն, լուծում չի ստանում: 

Մեկնաբանություններ (5)

Ashot
Բոլորը բողոքում են փողի և ուժի պակասից, սակայն ավաղ ոչ ոք չի բողոքում խելքի պակասից:
Կարեն Միքայելյան
Հետո էլ ոմանք ասում են, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը խելացի է
Merujan
ևս մի ապացույց,որ մենք թույլ ենք քաղաքականության մեջ:
Հ.Շ.
ԵԽԽՎ-ի խնդրոյ առարկայ յայտարարութիւնը գարշելի, զզվելի արարք մըն է: --- Թէ ան գործնական արժէք ունի կամ ոչ, դա երկրորդական է: --- Հայաստանի եւ Հայութեան դէմ այս նորագոյն հարուածը նաեւ յաւելեալ ապացոյց մըն է թէ Արեւմուտքը միշտ ու մնայուն հակում ունի մեր դէմը լինելու, մեր դէմ դիրքորոշուելու, մեզ ծախելու: --- Սակայն այս խնդրին մէջ կայ պատասխանատվութեան մի բաժին, որ տակաւին ոչ մի տեղ չի նշվում այս գայթակղութեան մասին արտայատված գրութիւններում կան խօսքերում (փափկանկատութի՞ւն է սա, թէ այլ իմաստ կրող անտեսում) : --- Հարուածը գալիս է Եւրոպայից, հետեւաբար, հայոց Սփիւռքը նաեւ պատասխանատու է այս խնդրում: Եւ ոչ միայն Եւրոպայի Սփիւռքը, քանզի հայերի դէմ այս հարուածը կապուած է նաեւ համաշխարհային այլ ու այլազան նիւթերի: --- Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա --- http://www.shoushisummercamp.org/
Հ.Շ.
Հայաստանի պատվիրակութիւնը ոչ մէկ բան բէր կարող անել, կանխելու համար Եւրոպայի այս հարուածը Հայութեան ու Հայաստանի դէմ: --- Նոյնն է եղել վիճակը Հայաստանի բոլոր պատվիրակութիւնների, միջազգային բոլոր ժողովներին, ամբողջ Պատմութեան ընթացքում: ---Արեւմուտքը մեր դէմն է, եւ միշտ այդպէս է եղել: --- Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա --- http://www.shoushisummercamp.org/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter