HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Թալինի համոզմունքը՝ սագախոտը բազմազանություն կմտցնի խոհանոցում, կկերակրի մարդկանց, կկանխի արտագաղթը

Թալին Քեւոնյանն իր սագախոտով ուտեստն առաջին անգամ ներկայացրեց այս տարվա սեպտեմբերի 29-ին, բուսակերների փառատոնի ժամանակ, որտեղ առողջ ապրելակերպ քարոզող ի թիվս այլ միջացառումների, նախատեսված էր նաեւ բուսական սննդի անվճար հյուրասիրություն: Այդ օրը մոտ 200 մարդ համտեսեց նրա պատրաստած ուտեստը: Հացահատիկի այս տեսակին մինչ այդ անծանոթ հայաստացիները հավանեցին այն, իսկ օտարերկրացիները հաճելիորեն զարմացան իրենց ծանոթ սագախոտը հայաստանյան փառատոնում ներկայացված տեսնելով:

Իր սեղանիկից օգտվողների թիվը շատ մեծ չէր, սակայն Թալինը հուսադրված է· «10 տարի առաջ Ամերիկայում էլ շատ քչերը գիտեին այս հացահատիկի մասին, բայց այլեւս չեն կարող ապրել առանց սագախոտի: Հիմա այն ոչ միայն խանութներում է վաճառվում, այլեւ ընդգրկված է ռեստորանների ճաշացանկում: Արտասահմանում սագախոտի մասին արդեն բոլորը գիտեն»:

Թալինը սագախոտն այս տարի առաջին անգամ աճեցրել է Հալիձորում, տեղացիներից մեկի սեփական հողամասում: Նրանց ճանաչում է ավելի քան 13 տարի, այն ժամանակվանից, երբ Հայաստան եկավ որպես կամավոր ու մասնակցեց Տաթեւ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներին:

Լոսանջելեսաբնակ Թալինը հայրենիքի հետ կապը հաստատել էր դեռեւս 14 տարեկանում, երբ առաջին անգամ Հայաստան եկավ Լոս Անջելեսի ավարտական դասարանների աշակերտների հետ: «Ես 1996թ·-ից եմ եկել Հայաստան եւ արդեն 20 տարի է, ինչ գալիս եմ, երբեմն տարվա մեջ 3-5 անգամ: Մեկ՝ որպես կամավոր ընդգրկվելով «Երկիր եւ մշակույթ» ֆրանսիական կազմակերպության ծրագրերում, որի ժամանակ էլ մասնակցեցի Տաթեւի դպրոցի վերանորոգմանը, մեկ՝ որպես տարբեր գրասենյակների աշխատակից: 2004-2006 թթ.-ին Հայաստանում եմ ապրել եւ աշխատել»,- հայրենիքի հետ իր սերտացրած կապի մասին է պատմում Թալինը:

Անցնող 20 տարիներին նա բավականին երկար է ուսումնասիրել Հայաստանի տնտեսական, սոցիալական ու կլիմայական պայմանները եւ ինչպես ինքն է ասում, շարունակ մտածել է այնպիսի աշխատանք իրականացնել, որով կկարողանա  սոցիալական աջակցություն ցուցաբերել գյուղացիներին, եւ նրանք աշխատանք ունենալով չեն մտածի հայրենիքը լքելու մասին:

Հայաստանյան այցերը պարբերաբար ընդմիջվել են· կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Փարիզ, այնուհետեւ շարունակել Վաշինգտոնում՝ ուսանելով միջազգային կապեր եւ թափանցիկ կառավարում: Վաշինգտոնում բնակվելու 7 տարիներին, ինչպես ինքն է ասում, միտքը թափառում էր Հայաստանում, անվերջ մտմտում էր ինչ-որ բան անելու մասին, մի մտահղացումը փոխարինվում էր մյուսով եւ, ի վերջո ընտրեց գյուղատնտեսության ոլորտը:

«Այդ տարիներին աշխարհում քարոզվում էր բնական ու առողջ սննդի գաղափարը եւ, այդ իմաստով, միջազգային շուկայում շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել սագախոտը (Quinoa): Մասնագետները կարծում են, որ միայն այս բույսն ամբողջ աշխարհի քաղցն ու գործազրկությունը կարող է վերացնել: Այդ դեպքում, ինչո՞ւ Հայաստանը չմասնակցի այս գործին»,- ասում է Թալինը: Նրա տեղեկացմամբ՝ մի քանի երկրներում՝ Բոլիվիա, Պերու, Էկվադոր, այն լայնորեն աճեցնում են, բայց քանի որ աշխարհում արդեն սագախոտը շատ տարածված է, չեն հասցնում շուկան ապահովել: Բույսը տարածում ունի նաեւ Պակիստանում ու Հնդկաստանում, նաեւ՝ Ամերիկայի 2 նահանգներում են ցանքս իրականացնում:

Բազմաթիվ այցելությունների ժամանակ հասցրել էր համոզվել, որ Հայաստանում գյուղատնտեսությունը շատ միատարր է, իսկ սագախոտը բազմազանություն կարող էր մտցնել այս ոլորտում: Բացի այդ, այն շատ արժեքավոր սնունդ է, հատկապես, շաքարախտով հիվանդների եւ խոլեստերինից ձերբազատվել ցանկացողների համար: Բազմազան կիրառություն ունի նաեւ խոհանոցում· հեշտությամբ եւ արագ է պատրաստվում, օգտագործվում է ապուրների, աղցանների մեջ, կարող է օգտագործվել բլղուրի փոխարեն, տոլմա, կոտլետ եւ այլ ճաշեր ու աղցաններ պատրաստելու համար:

Պարզել է, որ այս բուսատեսակը նաեւ արժեքավոր պարարտանյութ է եւ հարստացնում է հողը, եթե մի քանի տարի նույն տեղում աճեցնեն՝ դրանով կվերացնեն աղակալումը:

«Մտահղացումս իրականություն դարձնելու համար դրամ էր պետք, եւ ես Վաշինգոտնի իմ վարձու բնակարանի մի մասը մեկ տարի օրավարձով էի տալիս, գումարը հավաքում էի, որպեսզի կարողանամ իրականացնել այն»,- պատմում է Թալինը:

Թալինի ընտրությունը Սյունիքն էր, որտեղ էլ հանդիպեցինք նրան: «Այստեղ այս բույսը վայրի տեսակով աճում է եւ կոչվում է թելուկ: Դա ինձ ոգեւորեց, ուրեմն բույսն այստեղ կարող է աճել: Այստեղ թելուկը հյուսում են եւ նրա կանաչ մասը` տերեւներն են գործածում, բայց սերմերը պետք է օգտագործեն»,- բացատրում է Թալինը:

Ասում է, որ սագախոտի 123 տեսակ կա աշխարհում եւ դրանցից յուրաքանչյուրը տարբեր կլիմայական պայմաններում է աճում: Դրանցից մի քանիսն այս տարի փորձարկել է տարբեր եղանակների, որպեսզի պարզի, թե որն է ավելի նախընտրելի Հայաստանի կլիմայական պայմանների համար: «Ընդ որում, ցանքատարածքի համար ընտրել եմ վատ հողամաս` քարքարոտ, թեք: Հալիձորցիները, որոնք ընդգրկված էին այս աշխատանքում, ինձ օգնեցին, որպեսզի հասկանամ, թե ինչ դժվարություններ կարող եմ ունենալ առաջիկա տարիներին: Մեր սխալների վրա սովորեցինք, հիմա բերքը պետք է լաբորատոր փորձաքննության տանեմ, որպեսզի որակը պարզեմ եւ պատրաստվեմ հաջորդ սեզոնին»,- ներկայացնում է Թալինը: 

Գո՞հ է ստացված արդյունքից, մեր հարցին նա պատասխանում է· «Սոցիալական կողմն ապահովված է, մարդիկ աշխատանք ունեցան: Աշխատանքն ամբողջությամբ կատարվել է ձեռքով, շարքացան չեմ ցանկանում կիրառել, որպեսզի նրանք աշխատանք ունենան եւ վարձատրվեն: Ձեռքով են մոլախոտը հանում, ձեռքով են բերքը հավաքում: Ես էլ եմ ռիսկի դիմում, երբ  կանխավճար եմ անում, բայց խնամքը նրանց վրա է, եթե ցանկանում են բերք ստանալ»:

Հաջորդ տարվա համար պլանավորում է 4-5 հա ցանքս կատարել, եւ դա ցանկանում է իրականացնել սահմանամերձ տարբեր բնակավայրերում, տարբեր մարդկանց հետ, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան: «Ուզում եմ Հայաստանում աճեցնել, Հայաստանում փաթեթավորել եւ հայաստանցիներին կերակրել սրանով»,- ասում է նա:

Սակայն տեղական արտադրանքը նաեւ շուկա պետք է ունենա: Սագախոտն աճեցնելուն զուգահեռ նա զբաղվել է արտադրանքը սպառողին ներկայացնելով· ամեն երկուշաբթի նոր բաղադրատոմս է տեղադրում արտադրանքի ֆեյսբուքյան էջում, որպեսզի ծանոթանան, կարողանան այն օգտագործել եւ տվյալ սեզոնի տեղական բանջարեղենի հետ համադրելու հնարավորություն ունենան: 

Փաթեթավորել է եւ ներկայացրել վաճառքի: Սագախոտն արդեն վաճառվում է տարբեր խանութներում՝ Հալեպի խանութներում, Շահինանց, Նուռ եւ այլն: «Մարդիկ սկսում են ճանաչել ու հետաքրքրվել, մի քիչ թանկ է հայաստանցիների առօրյա օգտագործման համար, բայց կամաց-կամաց պետք է տեղական արտադրությունը զարգացնել եւ բոլորի համար մատչելի դարձնել այն: Ես չեմ մտածում, թե հաջորդ տարում շահույթ եմ ստանալու, բայց պատրաստ եմ երկար ժամանակ զբաղվել դրանով, որպեսզի կարողանամ կայացնել այն»,- ասում է Թալինը: 

Մեկնաբանություններ (2)

gohar
Քանի որ քինվան սերմ է, թռչուններն էլ սիրում են սերմեր ուտել, բնականորեն այն պաշտպանվում է սապոնին կոչվող դառը նյութով։ Դրա համար, երբ լավ լվանցվում է , պետք է նաև Ձեռքով ջանասիրաբար տրորելով լվանալ։ Ես շատ եմ փորձել, հավատացեք գրածիս։
Gohar
Թալին ջան, շատ օգտակար բաներ արդեն գիտեի Քինուվայի մասին , բայց չ՛գիտեի որ այդ մաաաաանր , դառը սերմերը Թելուկինն են ։ նախքան եփելը ես այն հոսող ջրի ցնցուի տակ եմ պահում, մանր ,շատ մանր անցքերով քամիչի մեջ լցրած մոտ 10 րոպե։ դրանից նրա դառնությունը անցնում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter