Շաբաթ, 22 սեպտեմբերի

Պատգամավոր Արագած Ախոյանը խախտել է ժամկետները և չի կատարել խոստումը



Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունը չի ավարտել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի շինարարությունը: Նախագծային մասնակի փոփոխությունների հիմքով ՀՀ կառավարության 2014թ.  դեկտեմբերի 18-ի որոշմամբ պայմանագրի կատարման ժամկետը երկարաձգվել է և վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականի հունիսի 30-ը: 

Վարդենիսի գյուղացիներին, ինչպես նաև մեզ հետ զրույցում Ա. Ախոյանը խոստացել էր, որ երեխաներն այս ուսումնական տարին կսկսեն նորակառույց դպրոցում. «Բացումը կլինի սեպտեմբերի 1-ին»,-«Հետքի» հետ զրույցում ասել էր պատգամավորը և խոստացել մեզ էլ հրավիրել դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Մինչդեռ Վարդենիս գյուղի երեխաները շարունակում են իրենց դասապրոցեսն անցկացնել վթարային շենքում: 

Հիշեցնենք՝ 100 աշակերտի համար նախատեսված երկհարկանի շինությունը այս գարնանը լցվել էր անձրևաջրերով, որովհետև պատգամավորի ընկերությունը նախորդ տարի չէր կարողացել տանիքի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնել: Չնայած դրան՝ անցյալ տարվա վերջին շինության ներսում գաջապատման աշխատանքներ էին կատարվել: Այնուհետև գարնանը, որպեսզի երկրորդ հարկը ջրից ազատեն, շինարարները ծակել էին պանելները: 

Դեռևս 2011-ին կառավարությունը հաստատել էր 430,7 մլն դրամ արժեքով Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները: 2013–ին ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պետական գնման պայմանագիր է կնքել կապալառու «Սպիտակ կամար» ընկերության հետ: Պայմանագրային արժեքը կազմել է 420 մլն դրամ:

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Սպիտակ կամար» ընկերության միակ բաժնետերը Արագած Ախոյանն է, տնօրենը՝ որդին՝ Հայկ Ախոյանը: 

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչո՞ւ մինչ օրս չի ավարտվել Վարդենիսի դպրոցի կառուցումը և աշակերտները չեն սկսել ուսումնական տարին նոր դպրոցում, ինչը խոստացել էր կապալառուն և նախատեսված էր պայմանագրով: 

Նախարարությունը տեղեկացրել է, որ դպրոցը նախատեսվել է ՀՀ 2013-2014 թթ. պետական բյուջեների հատկացումների հաշվին: Մինչ այժմ կատարվել են շուրջ 195 մլն դրաի շինաշխատանքներ: Դեռ կատարման ենթակա են 225 մլն դրամի շինաշխատանքներ: Ներկայացված կատարողականների շրջանակներում կառուցվել են դպրոցի ուսումնական մասնաշենքի հիմնակմախքը, տանիքը, սպորտդահլիճի և հանդիսությունների դահլիճի հիմքերն ու արտաքին պատերը, կաթսայատան հիմնակմախքը և մասնակի այլ աշխատանքներ։ 

Մեր հարցին թե որպես պատվիրատու, պայմանագրի 3.1 կետի համաձայն, ստուգվել է  կառուցման աշխատանքների ընթացքն ու որակը, նախարարությունը պատասխանել է.  «Շինարարական աշխատանքների բնականոն ընթացքը հսկվել է տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող լիցենզավորված (մասնագիտացված) կազմակերպությունների կողմից, վարման մատյանում համապատասխան գրառումներ կատարելու և կատարողական փաստաթղթերի փաթեթի ընդունումն ապահովելու միջոցով: Բացի այդ, ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ԾԻԳ» ՊՀ կողմից խնդիրը պարբերաբար ներկայացվել է լիազոր մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության քննարկմանը՝ ընդհուպ մինչև պետական գնման պայմանագրի միակողմանի լուծումը»։ 

Մեր մյուս հարցին, թե ենթարկվել է որևէ տույժի «Սպիտակ կամար» ընկերությունը ժամկետին կառուցապատումը չավարտելու համար, նախարարությունը հայտնել է, որ ավելի քան 6700.0 հազ. դրամի չափով ընկերության նկատմամբ կիրառվել են պետական գնման պայմանագրով սահմանված չափով տույժեր, որոնք կրում են շարունակական բնույթ՝ մինչև շինաշխատանքների ավարտը։ 

«Ըստ կապալառու կազմակերպության կողմից տրամադրած տեղեկատվության՝ աշխատանքների ավարտը նախատեսվում է 2015 թվականի դեկտեմբեր ամսին: Ներկայումս քննարկվում է կապալառու կազմակերպության կողմից շինարարությունը շարունակելու հետագա նպատակահարմարության հարցը»,- նշել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: 

Երկարացված ժամկետը նույնպես ավարտվել է, սակայն աշխատանքների կեսից ավելին դեռ չի կատարվել, իսկ նախարարությունը միայն հիմա է քննարկում կապալառու կազմակերպության կողմից շինարարությունը շարունակելու հետագա նպատակահարմարության հարցը: Վարդենիսում արդեն վաղուց ցրտերը սկսվել են, և վարդենիսցի երեխաները պատգամավորի ընկերության պատճառով ևս մեկ ձմեռ ստիպված են անցկացնել 4-րդ կարգի վթարային դպրոցում: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Հակոբ00:08 - 7 նոյեմբերի, 2015
Կարևորը ախոյանի վզի ծալքերը չպակասեն
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ