HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Georgia on My Mind». Ոչ սիրած կին, ոչ էլ՝ նահանգ… պարզապես գեղեցիկ մեղեդի

Նաիրա Հայրապետյան

Մինչ հանրահայտ դառնալն ու համաշխարհային հռչակ վայելելը «Georgia on My Mind» երգը, պարզվում է, ավելի քան 30 տարվա կյանք արդեն ուներ: Մինչդեռ երաժշտության պատմությունն այն առավելապես դրոշմել է սոուլի արքայի՝ Ռեյ Չարլզի անվան կողքին` ակամայից երգի ծնունդն էլ վերագրելով 60-ականներին: Իսկ սա, ինչպես համոզվել ենք, ամենևին էլ պատահական չէ:

1930թ. ամերիկացի երգիչ, դաշնակահար, երգահան և դերասան Հոուգի Քարմայքլի և երգահան Ստյուարտ Գորելի համագործակցության արդյունքում ստեղծվեց «Georgia on My Mind»-ը: Քարմայքլը երաժշտության, իսկ Գորելը՝ բառերի հեղինակն էր:

Georgia, Georgia,

The whole day through

Just an old sweet song

Keeps Georgia on my mind.

 

I said Georgia, Georgia,

A song of you

Comes as sweet and clear

As moonlight through the pines…

Դատելով երգի բառերից՝ կարելի է ընդունել, որ այն հավասարապես հնարավոր է համարել երգ՝ Ջորջիա անունով կնոջ մասին և, միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հարավային նույնանուն նահանգներից մեկի մասին: Սակայն կարծիքներն արդարացիորեն կիսված են երկու մասի: Եվ հաջորդ տողերն արդեն մտածելու առիթ են տալիս՝  «Other arms reach out to me, other eys smile tenderly». Սա, թեև ոչ լիարժեքորեն, այնուամենայնիվ,  արդեն ենթադրում է կնոջը ձոնված լինելու մասին:

Եվ, չնայած այս տարակարծությանը, 1979թ. ապրիլի 24-ին երգը պաշտոնապես ամրագրվեց որպես ԱՄՆ Ջորջիա նահանգի պետական հիմներգ: 

Տեղեկություններից մեկի համաձայն՝ Ինդիանայում ծնված և մեծացած Քարմայքլը, մինչ երգը գրելը, երբևէ ոտք դրած չի եղել Ջորջիա նահանգում, ուրեմն, եթե երգը տեղանուն է խորհրդանշում, հնարավոր է՝ իր մտահղացումը չի եղել: Գորելը ևս ծնունդով նույն նահանգից էր: Ըստ Քարմայքլի կենսագիր Ռիչարդ Մ. Սիդհալթերի՝ մտահղացման հեղինակը ջազային հայտնի սաքսոֆոնահար Ֆրենքի Թրամբաուերն էր, ով այդ ժամանակ հանդես էր գալիս նաև Քարմայքլի բենդում: Այս հարցին իր երկրորդ ինքնակենսագրականում («Sometimes I wonder». 1965թ.)  անդրադարձել է նաև Քարմայքլը՝ ասելով, որ երգը ստեղծվել է ջազ բենդի ղեկավար Ֆ. Թրամբաուերի առաջարկով: Երաժշտի մեկնաբանությամբ՝ Թրամբաուերը նաև նշել է, որ երգը սկսվի « Ջորջիա, Ջորջիա» բառերով, որոնց շարունակությունն ու ողջ տեքստը հետագայում գրվեց  Ս. Գորելի օգնությամբ:

«Georgia on My Mind»-ն առաջին անգամ ձայնագրվեց հենց 1930թ.՝ Քարմայքլի բենդի կատարմամբ: Բնօրինակը՝ Քարմայքլի վոկալով, միախառնված էր ջազի նուրբ ու զգայուն, միևնույն ժամանակ ստանդարտ երանգներով, որի վերջնամասում տրամադրությունը կոտրում և նոր լիցք է հաղորդում է Բիքս Բայդերբեքի շեփորը: Ի դեպ, 28 տարեկանում արդեն հայտնի և վաղամեռիկ այս շեփորահարի կյանքում սա վերջին ձայնագրությունն է դառնում:

Սակայն բոլորովին այլ էր սաքսոֆոնահար Ֆրենքի Թրամբաուերի տարբերակը, որը ձայնագրվեց և թողարկվեց մեկ տարի անց: Այն ընդգրկվեց ամերիկյան թեժ տասնյակում՝ դառնալով երկրի գլխավոր հիթերից մեկը: Դրանից հետո շատ ու շատ ջազային արտիստներ են երգը կատարել տարբեր մեկնաբանություններով, սակայն ոչ մեկին չի հաջողվել փոխել նրա ճակատագիրն այնպես, ինչպես դա արեց աշխարհահռչակ Ռեյ Չարլզը 1960 թվականին: Այն ժամանակ դեռևս նորահայտ, բայց արդեն հաստատուն քայլերով դեպի համաշխարհային ճանաչում գնացող երգիչը այս երգն ընտրեց իր  «The Genius Hits the Road» ալբոմի համար: Երգի սինգլը նույն թվականի նոյեմբերին արդեն հաստատուն տեղավորվել էր «U.S. Billboard Hot 100» –ի առաջին տեղում, որն այդպես էլ չզիջեց ոչ մեկի մեկ շաբաթ շարունակ: Ռ. Չարլզի  «Georgia on My Mind»-ը գլխավոր հիթ էր նաև Կանադայում: Նույն թվականին երգը Չարլզին երկրորդ անգամ հեղինակավոր «Գրեմի»-ի մրցանակակիր դարձրեց:

1961թ. մարտին՝ երգի թողարկումից և հիթային հաղթարշավից մեկ տարի անց, Օգաստա քաղաքում կազմակերպված համերգներից մեկում նախատեսված էր նաև Ռ. Չարլզի կատարումը՝ «Georgia on My Mind»-ը, սակայն երգիչը, ով ծնունդով Ջորջիայից էր, կտրուկ չեղյալ է հայտարարում իր մասնակցությունը համերգից ընդամենը մի քանի րոպե առաջ: Չարլզի այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ հայրենի Ջորջիան որոշել էր համերգն իրականացնել սևերի և սպիտակների միջև ավանդական խտրականությամբ. սպիտակները «Bell Auditorium»-ի հսկայական պարահրապարակում և սրահի ամենահարմար տեղերում, իսկ սևերը՝ պատշգամբների ամենավերջում՝ ուր պատահի մի կերպ խցկվելով: Չարլզը, դահլիճին իր հրաժարականի պատճառը ներկայացնելուց հետո անմիջապես հեռացավ քաղաքից: Նրա այս քայլը հետագայում դատարանի որոշմամբ 757 ԱՄՆ դոլար տուգանք արժեցավ, քանի որ երգիչը համարձակվել էր ոչ միայն դեմ դուրս գալ ամերիկյան կյանքին, այլև խախտել նախապես ստորագրված պայմանագիրը:

1979թ., երբ քաղաքացիական իրավունքների պայքարն ԱՄՆ-ում սևամորթ և սպիտակամորթ հանրության միջև հաշտեցման փուլում էր, Ռեյ Չարլզն, իբրև այս ընկալման խորհրդանիշ, երգը կատարեց Ջորջիայում՝ նահանգի գլխավոր ասամբլեայի առջև: Այս խորհրդանշական «ձեռքսեղմումից» մեկ ամիս անց, երգը ասամբլեայի կողմից ընդունվեց որպես Ջորջիա նահանգի պետական օրհներգ:

Ռեյ Չարլզի կատարումից ներշնչված են նաև մի շարք հայտնի երգիչներ և երաժիշտներ ձայնագրել «Georgia on My Mind»-ը: Սակայն նրանց մեջ առանձնանում է մեկը, որը իր ինքնատիպ մեկնաբանությամբ 1978թ. երգին երկրորդ «Գրեմի»-ն նվիրեց. դա հանրահայտ Ուիլի Նելսոնի cover-ն էր՝ քանթրի ռիթմերով:

Տարբեր տարիների, իրենց հատուկ ոճային և ժանրային առանձնահատկությամբ այս երգը կատարել են նաև Անիթա Օ’ Դեյը, Լուի Արմսթրոնգը, Էլլա Ֆիցջերալդը, Ֆրենքի Լեյնը, Դեն Մարթինը, Ջեյմս Բրաունը, Բիլի Հոլիդեյը, Ջերի Լի Լյուիսը, Թոմ Ջոնսը, Մայքլ Բոլթընը և ուրիշներ: Նրանց թվում են նույնիսկ հայտնի ռոք խմբեր և երաժիշտներ՝ «Deep Purple», «Coldplay», Էնի Լենոքս…

լուսանկարը՝ GSU University Library Blog-ից 

Իսկ ինչ վերաբերվում է «նահանգ, թե՞ սիրած կին» իմաստային տարակարծությանը, Ռեյ Չարլզին նման ենթադրությունները կարծես թե ամենևին էլ չեն հետաքրքրել: Մի առիթով նա ասել է, որ ոչ Ջորջիա անունով կնոջ է երբևէ ճանաչել, ոչ էլ երգելիս նահանգի մասին է մտածել, թեկուզև խոսքն իր ծննդավայրի մասին էր: «Դա պարզապես շատ գեղեցիկ և ռոմանտիկ մեղեդի էր… »,- ասել է Չարլզը:

լուսանկարը՝ Express Newspapers/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter