Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Սողոմոն Քոչարյանը 15 օր ապրեց ազատության մեջ



Գիշերը 2-ին մոտ զանգահարեց Սողոմոն Քոչարյանի մայրը. «Սողոմոնը մահացավ, գնաց աղջկա ու կնոջ մոտ»: Զինա Քոչարյանն ասաց, որ իր միակ մխիթարությունն այն է, որ որդին մահացավ որպես ազատ մարդ. «15 օր ապրեց ազատության մեջ, բայց ուշացած ազատություն էր. գոնե ոտով ման գար, արև տեսներ»:

Սողոմոն Քոչարյանի մայրն իր ընտանիքի անունից երախտագիտության խոսքեր ասաց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությանն ու սրտաբանական բաժանմունքի ողջ անձնակազմին մարդկային, պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար, նաև բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են իրենց կողքին ու Սողոմոնի վերջին օրերին ուրախություն պարգևել նրան:

Սողոմոն Քոչարյանի մայրն ասաց, որ վերջին երեք օրերին Սողոմոնն անտանելի սուր ցավերի մեջ է եղել, անընդհատ շունչը կտրվել է, օրական մի քանի անգամ նրան ցավազրկողներ են ներարկել: «Վերջում զգում էր, որ մահանում է, ջոկատի տղաներին ասեց` զինվորական շորեր առեք իմ համար»,- պատմեց տիկին Քոչարյանը` նկատելով, որ որդին վերջին օրերին մտքերով անընդհատ կնոջ ու աղջկա հետ էր, ասում էր, որ երկու մարդ իրեն կանչում են, որ ինքը պիտի գնա նրանց մոտ:

Վերջին անգամ այս շաբաթվա սկզբին Սողոմոն Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանի հետ այցելեցինք Սողոմոնին հիվանդանոցում: Ցավազրկողներ էին ներարկել, համեմատաբար հանգիստ էր ու այդ երեկո երկար խոսեցինք: Նա մոտ երկու ժամ պատմում էր պատերազմի տարիներից ու ամենայն մանրամասնությամբ նկարագրում, թե ինչպես է այդ ժամանակ` 1993-ին, ծանոթացել ապագա կնոջ հետ, կարոտով հիշում էր աղջկան` Սյուզաննային, ում 19 տարվա մեջ տեսել էր ընդամենը 4 անգամ:

Հիշեցնենք, որ 20 տարի անազատության մեջ անցկացրած Սողոմոն Քոչարյանը դատապարտվել էր մահապատժի 1995 թ-ին` մեղադրվելով ԻԻՀ քաղաքացի Իրաջ Փուր Միրզաբեկի սպանության մեջ: Սակայն 20 տարի անց «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ մահապատժի դատավճիռը եղել էր ՀՀ գլխավոր դատախազության վրա Իրանի դեսպանի կողմից քաղաքական ճնշման հետևանք: Պատժի կրման 20 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ, 2-րդ կարգի զինվորական հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը կորցրել էր ողջ ընտանիքը: Կինը մահացել էր ծանր հիվանդությունից, աղջիկը` 19 տարեկան Սյուզին, ինքնասպանություն էր գործել 2014 թ-ի մարտի 1-ին: Աղջկա մահից հետո մեկ տարվա ընթացքում վատացել է Սողոմոն Քոչարյանի առողջությունը: Թե՛ «Հետք»-ը, թե՛ Սողոմոնի մայրը վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար բարձրաձայնել են նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության մասին: Սակայն միայն այս տարվա օգոստոսի 18-ին է նա տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ` ստացիոնար բուժման: Ապա օգոստոսի 25-ին տեղափոխվել էին «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից էլ մեկ օր անց մոր ու փաստաբանի դիմումի հիման վրա`  «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Այս տարվա հոկտեմբերի 22-ին դատարանի որոշմամբ Սողոմոն Քոչարյանն ազատվել էր պատժի հետագա կրումից` ծանր հիվանդությունների հիմքով: Սա առաջին դեպքն էր անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ ցմահ բանտարկյալը ազատվում էր պատժի հետագա կրումից: Նրա մոտ ախտորոշվել էր Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի սրտի իշեմիկ հիվանդություն, 3-րդ աստիճանի սրտային անբավարարություն և արագ զարգացող լիմֆոմա` քաղցկեղ: Վերջին հիվանդության մասին «Հետք»-ը չէր գրում, քանի որ Սողոմոն Քոչարյանը պարբերաբար ցանկանում էր կարդալ իր մասին հրապարակումները:

Սողոմոն Քոչարյանի ընտանիքը դեռ չի որոշել, թե որտեղ է կազմակերպվելու հոգեհանգստի ու թաղման արարողությունը:


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Խեղված ճակատագրեր» թեմայով
Մեկնաբանություններ (18)
1. Գեւորգ14:17 - 8 նոյեմբերի, 2015
Անասելի ցավ ու ողբերգություն կա է այս զուսպ տողերում, մի հայ մարդու կյանքի ու ընտանիքի ահավոր ճակատագիր: Խոր ցավակցություն հարազատներին, եւ Զարուհի Մեջլումյանին, ով այդքան աշխատեց օգնել նրանց:
2. Կարեն ԱԳՈՒԼՅԱՆ17:29 - 8 նոյեմբերի, 2015
Սիրելի Զարուհի, փոխանցիր, խնդրում եմ Սողոմոնի մայրիկին, որ իր հետ միասին Փարիզում ողբում ենք այս ահավոր կորուստը։ Իսկ քեզ` անձամբ շնորհակալություն արածդ Գործի ու կերածդ կաթի համար, որ ապացուցում ես թե Հայաստանում դեռ Տղամարդիկ կան։ Խոնարհվում եմ… Թող Աստված լուսավորի Քոչարյան երրորդության հոգիները։ Ամեն…
3. Դավիթ Հարությունյան18:59 - 8 նոյեմբերի, 2015
Ափսոս, հազար ափսոս, մեզնից հեռացավ հայ ազգի արժանավոր զավակներից մեկը, ցավակցում եմ Սողոմոնի հարազատներին և մեզ բոլորիս, որովհետև նա գնաց մեզանից, շատ անգամ գրել եմ որ Սողոմոնը դատապարտյալ չի եղել, այլ եղել է սերժիկի գլխավորած թյուրք-թաթարական բանդայի գերին և սա էլ ևս գալիս է ապացուցելու գրածս, չէ որ երբ ազերիները գերի էին վերադարձնում նախապես նավթ էին ներարկում, որ երկար չապրի, այս պարագայում ուղակի սպասեցին այնքան որ տեսան երկար չի ապրի ու նոր ազատեցին,
4. Վրույր20:24 - 8 նոյեմբերի, 2015
Ցավալի է շատ... Իսկ իր մասին Զարուհու միջոցով իմացողներս կարճատև ուրախացել էինք, որ վերջապես ազատ է... Հանգստություն տանջված հոգուն...
5. Արմեն20:54 - 8 նոյեմբերի, 2015
Սա մարդակեր պետություն է, որտեղ մարդու կյանքը գրոշ չարժի: Ի՞նչ տարբերություն ստալինյան ռեժիմի ու ներկայիս գեղացիների վարչակազմի: Մարդը իրենց համար դիմում-բողոք է, կբավարարեն կամ կմերժեն նրա ապրելու իրավունքը:
6. Տիգրան Բաղիշջանյան20:57 - 8 նոյեմբերի, 2015
Ցավում եմ.........Տեղին է հիշել .......Գոնե մի տարի շուտ ազատեին,գոնե աղջկան տեսներ անհագ ծարավի տառապանքով չապրեր դստեր հեռակա ներկայությունը......Մարդ մնաց ու Մարդ գնաց.....
7. Անահիտ Մարկոսյան21:28 - 8 նոյեմբերի, 2015
Մեծագույն վիշտ ապրեցի ստանալով Մեծն Հայրենասեր, Հերոս Ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի մահվան լուրը: Ոչ ոք չկարողացավ կոտրել քո Ազատ ոգին: Հանգչիր խաղաղությամբ Մեծ ՀԱՅ: Ընդունեք մեր ցավակցությունները:
8. Արուսյակ23:26 - 8 նոյեմբերի, 2015
Ափսոս, ազգի հերոսը պետք է ապրեր: Ափսոս, հազար ափսոս: Հանցավո՛ր անբան, ազատության մեջ Հանդես ես գալիս իշխողի դերում, Մեր ազգին կյանքով նվիրյալներին Կտտանք ես տալիս, բանտերը նետում: Հեռացի՛ր, անբա՛ն, ազգի դավաճա՛ն, Բա՛վ է խոշտանգես երկիր-հայրենին, Չքվի՛ր մեր երկրից, կորի՛ր դու անհետ. Ողջո՛ւյն, փա՛ռք ազգի նվիրյա՛լներին: 20.04.2015թ. Ա.Ա.
9. Արման02:34 - 9 նոյեմբերի, 2015
Թարգեք ըլի ժողովուրդ: Ըս մարդը քսան տարի ըսկի ծխախոտ չուներ, ըսկի աղ չուներ բալանդի մեջ լիքը լցներ, որ չուտվող բանի համը խափեր ու ուտեր. Ի՞նչ խոր ցավակցություն. Ու՞մ եք խաբում՝ ձե՞զ:
10. Վեհարի06:57 - 9 նոյեմբերի, 2015
Չի կարող մեր ազգի լավագույններին նենգաբար կալանավորողները, ծախու դատարաններով ցմահ դատապարտողները չպատժվեն: Դրսի գրանդներով այսքան Մարդ սպանողները, ցեղասպանությունը շարունակողները անպատճառ կպատժվեն:
11. Մանյա10:44 - 9 նոյեմբերի, 2015
Մարդկային դառը ՃԱԿԱՏԱԳԻՐ...
12. Ժորժետա Մեսրոպյան10:55 - 9 նոյեմբերի, 2015
Ցավում եմ Սողոմոնի համար, որ գնաց, նրա ազատ Հոգին շատ քիչ տեսավ ազատությունը, չզգաց ազատության քաղցրությունը: Սողոմոնը մեր հիշողության մեջ մնալու է որպես Արցախյան ազատագրական պայքարի հերոս, հետախույզ: Ցավակցում եմ....
13. Նելլի12:19 - 9 նոյեմբերի, 2015
Անչափ ցավում եմ ու ցավակցում հարազատներին: Շատ ցավալի է, որ մեր պնակալեզ պաշտոնյաների պատճառով մի ողջ նտանիք կործանվեց: Եթե մի քիչ հայրենասեր լինեին, բանտարկությունից որոշ ժամանակ անց ազատ կարձակեին և ոչ թե մահվան մահճում: ԱԴրբեջանցիները հային սպանողին հերոսացնում են, իսկ մերոնք` սպանում:
14. СОГОМОН22:10 - 9 նոյեմբերի, 2015
Надо было в этот день когда огласили приговор Армению присоеденить к Ирану
15. СОГОМОН22:29 - 9 նոյեմբերի, 2015
Я так понял что моё комментарие не понравилась вам поэтому и не печатаете,бог с Вами
16. Հասմիկ Ա. Ա.01:59 - 10 նոյեմբերի, 2015
Խաղաղություն Սողոմոն Քոչարյանի լուսավոր հոգուն: Շնորհակալություն «Հետքին», սիրելի Զարուհուն, Գրիշա Բալասանյանին: Ցավակցում եմ ... բոլորին: ...
17. Վահան Ասրապեան (Պէյրութ)16:16 - 11 նոյեմբերի, 2015
Վստահ եմ որ Իրանեան դեսպանատան հետ համաձայնեցնելէ (дабро-ն ստանալէ) ետք միա՛յն, ՀՀ իշխանութիւնները համարձակեցան ազատ արձակել արդէն մահուան դուռը հասած Սողոմոնին: Ափսո՛ս էր Սողոմոնը:
18. ՀԱՅՈՒՀԻ17:36 - 13 նոյեմբերի, 2015
Քանի օր է չեմ գրում, միայն կարդում եմ, որովհետև շատ վատ եմ, շատ, ես հիվանդացել եմ մեր դաժանագույն իշխանությունների պատճառով կատարվող անարդարությունների պատճառով, սպանեցին տղային, սպանեցին, հիմա կշտացա՞ք, արնախումներ, ազատամարտիկի արյունը մարսում եք ձեր ապարանքներում վեր ընկած, անիծվեք դուք և եվրոպաներում բոշություն անող ձեր զավակները, դուք ցեղասպան թուրքից ու սաֆարովներից վատն եք, արդարադատ եք իբր, ինչքան անեծք պիտի ուտեք, որ հասկանաք, որ էսպես չի կարելի, մարդակերներ, գլխակերներ, արնախումներ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ