HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Դարբինյան. «Վանաձորի ընտրողների 30 տոկոսն իմ հորական և մորական կողմից բարեկամներ են»

«Հետքի» հարցերին պատասխանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը 

- Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ասելով՝ Վանաձորը մարզի ամենաչզարգացող համայնքն էԴուք ի՞նչ  կասեք:

-Ես չգիտեմ, իհարկե, մարզպետն ինչու է այդպես ասել: Չի կարելի ասել՝ Վանաձորը չի զարգանում, բայց Վանաձորը բավականին խնդիրներ ունի: Վանաձորի ամբողջ արդյունաբերական համակարգը այսօր կրախի է ենթարկված: Տեսեք, էս տարիների ընթացքում  մի քանի անգամ փորձեցին «Քիմպրոմը» նորից վերագործարկել` չստացվեց:  Վանաձորը եղել է արդյունաբերության բնագավառի 42 հազար աշխատող ունեցող քաղաք, այսօր Վանաձորում ընդամենը աշխատում է 2 կարի ֆաբրիկա, էնտեղ աշխատում են 2000  կարող բանվորուհիներ և այլ աշխատողներ:

-Այս պահին քանի՞ գործազուրկ կա Վանաձորում

-Գործազուրկների թիվը էդպես հստակ չի, որովհետև դե, եթե աշխատանք չկա, մի մասը արտագնա աշխատանքի է գնում, մի մասը լրիվ այլ պրոֆիլի աշխատանքեր է կատարում:    

- Դուք արդեն 16 տարի ղեկավարում եք քաղաքը, մի՞թե չէիք կարող փրկել արդյունաբերական այդ շենքերը՝ այլ նշանակությամբ օգտագործելու համար:

- Մինչև իմ քաղաքապետ ընտրվելը  դրանք դարձել են մասնավոր սեփականություն: Եթե  մարդն ասում է իր սեփականությունը քանդում է, որ էդ տարածքում ձուկ աճեցնի, մյուսն էլ ասում է՝ քանդում եմ, որ այլ արտադրություն դնեմ, քաղաքապետը նման դեպքերում չի կարող նրանց արգելել: Դա պետական խնդիր պետք է լիներ:  

-Ինչպե՞ս եք գնահատում Վանաձորի կառուցապատման ներկա վիճակը:

-Վանաձորը էսօր կառուցապատման մեծ խնդիրներ չունի, որովհետև, եթե նախկինում Վանաձորում 172 հազար բնակիչ էր եղել, էսօր ընդամենը 100 հազար է: Բնակելի տարածքների կառուցապատում չի պահանջվում, բայց բնակարանի կարիքավորներ դեռ կան: Իհարկե, նրանց մի մասը հենց երկրաշարժի հետևանքով  գյուղերից եկան  և այլևս չվերադարձան, մնացին տնակային ավանում և խնդիր առաջացավ արդեն նրանց բնակարաններ տալու: 

 -Նկատել եմ, որ Վանաձորը զբոսայգիների կառուցապատման լուրջ խնդիր ունի:

-Իհարկե, դա Ձեր կարծիքն է: Եթե մենք տվյալ այգիները դնում ենք մրցույթի, ոչ ոք չի ուզում, այսինքն՝ դա շահավետ չէ: Մենք նույնիսկ Սայաթ-Նովայի և Քիմիագործների այգիներն ենք մրցույթով տվել գործարարներին, բայց նրանք հետո ոչ մի աշխատանք չկարողացան կատարել, որովհետև սրճարաններ դրեցին՝ չաշխատեց, կառուսելներ դրեցին՝չաշխատեց: Սայաթ-Նովայի այգին հիմա էլ անընդհատ մրցույթի ենք դնում, բայց ցանկացողներ չկան:

 -Դուք  համայնքի բյուջեի միջոցներով Վանաձորի միջհամայնքային ճանապարհները տարիներ շարունակ վերանորոգում եք միայն Ձեզ և Ձեր եղբորը պատկանող  «Արգիշտի-1» և «Լոռի ՃՇՇ» ընկերությունների միջոցով:

-Ճիշտն ասած իմ և իմ եղբոր հիմնարկությունով ոչ մի աշխատանք չի կատարվել: Հիմնական աշխատանքերը կատարվել է ոչ թե «Արգիշտի-1» ՍՊԸ-ի, այլ «Լոռի ճանշինի» -ի միջոցով:

- Դա էլ է ձերը, պարոն քաղաքապետ:

-Դա ընդամենը հավատարագրման կառավարման է տրված, բայց ասֆալտ, բնականաբար, Ալավերդուց կամ Ստեփանավանից չէին կարող բերել Վանաձոր, որովհետև դուք գիտեք, ասֆալտը սառում է:

-Համայնքի բյուջեից տարեկան որքա՞ն գումար եք հատկացնում Վանաձորի փողոցների փոսանորոգումների համար:

-Մենք փոսային նորոգումների համար տարեկան 80-100 մլն դրամ ենք հատկացնում: Իմ քաղաքապետ եղած 16 տարիներին Վանաձորի ներհամայնքային 200 կմ ճանապարհից 20 կմ ճանապարհ է կապիտալ վերանորոգման ենթարկվել:

-Ի՞նչ կասեք Վանաձորի Արջուտում գտնվող աղբավայրի մասին:

-Արջուտի աղբավայրը մասնավոր սեփականություն է, քաղաքապետարանինը չէ: Երբ ես քաղաքապետ եմ դարձել, դրա 10 տոկոսն է եղել քաղաքապետարանի սեփականությունը:

- Բայց աղբը ձերն է, չէ՞: Վանաձորի աղբն արդեն Արջուտի գյուղաբերանին են թափում

-Աղբը մերն է: Այդ խնդրի լուծման համար արդեն KFW բանկի հետ համագործակցում ենք: Նոր աղբավայր կառուցելու համար 7 մլն եվրոյի կարգի գումար է հարկավոր: 

- Վանաձորի կոյուղաջրերի հարցն ինչպե՞ս է լուծվելու, դեռ որքա՞ն պետք է այն Դեբեդ գետը թափվի:

-Դա կառավարության խնդիրն է, ինչպես գիտեք կոյուղին և ջրմուղը լրիվ առանձնացված հիմնարկ է, տրված է «Լոռի-ջրմուղկոյուղուն», որն էլ պետք է այդ աշխատանքերը կատարի: Էստեղ հիմնականում ֆինանսների խնդիր է: Մոտ 6 մլն եվրո է հարկավոր, որպեսզի կոյուղագծի մաքրման կայանի խնդիրը լուծվի: Գիտեք ինչ, լրագրողների համար շատ հեշտ է ասել Վանաձորի աղբահանությունը վատ է, Արջուտի աղբվայրի վիճակը վատ է:

-Իսկ լավ է ու վա՞տ ենք ասում, պարոն քաղաքապետ:

 -Իսկ 2 միլիարդ 150 մլն դրամով  հեշտ է 54 հիմնարկ ձեռնարկություններ պահել, որոնցից 20 ձեռնարկությունը մանկապարտեզներ են, որտեղ 2150 երեխաներ են հաճախում: Նաև ասենք, որ Վանաձորի կոյուղագծերը արդեն շարքից դուրս եկած են:

- Իսկ Դուք մասնակցություն չեք ունեցել Վանաձորի կոյուղու մաքրման նոր կառուցված  կայանի խողովակների յուրացման և շենքը քանդելու գործում:

-Կոյուղու մաքրման կայանի խողովակաշարերը և ընդհանրապես թալանը, ես հենց էդպես էլ ասում եմ, կատարվել է իմ քաղաքապետ լինելուց  5-6 տարի առաջ: Եվ երբ մենք էդ կառույցը ընդունել ենք, դա արդեն դուրս գրված կառույց է եղել: Երբ մենք ընդունել ենք մաքրման կայանի շինությունները, էնտեղ արդեն ոչ մի բան չկար:  Խողովկաշար չի էլ եղել, ինչը պետք է տանեինք: Մենք  ընդամենը մոտ 65 մլն դրամով կայանը վաճառել ենք: Առնողը ժելեզաբետոնը քանդել է, մեջի մետաղյա արմատուրաներից, որը պիտանի է եղել, ծախել է: 

-Լոռու նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության վարկածներից մեկը առնչվում է Ձեր և Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ: Շրջանառվում է, որ դատախազը  ձեր երկուսի կողմից  վերոնշյալ մաքրման կայանում խոշոր յուրացումների փաստեր էր բացահայտել

 - Յուրաքանչյուր քրեական հանցագործություն պետք է հիմնավորում ունենա: Բոլորն էսպես խոսակցություններ են: Ուրեմն հանրապետության դատախազությունը, քննչական վարչությունը, և բոլոր իրավապահները մի քանի ամիս անընդհատ իմ, եղբորս, եղբորս տղայի, իմ տղաների բոլոր հեռախոսազանգերը վերծանեցին և որևէ մի բան չգտան, որ կարողանան դա հիմք ընդունեն: Իմ զբաղվածությունը, մարդկային շփումները յուրաքանչյուրի հետ և բոլորի հետ ուսումնասիրվել է:

-Քաղաքապետի պաշտոնով ինչ հարստություն եք ստեղծել ձեզ համար:

-Ես ինչ ունեցել եմ նրանց մի մասն էլ քայքայվել է: Քաղաքապետի պաշտոնավարման տարիներին ոչ մի բան ձեռք չեմ բերել: Իմ բոլոր ունեցվածքները կառույցներ են: Ես կոպեկներով գնված ոչ շինություններ ունեմ, ոչ էլ կառույցներ:  

 -Միթե դուք կոպեկներով չեք գնել Ձեզ պատկանող Արգիշտի հյուրանոցի շենքը: Քաղաքապետի պաշտոնով չեն հզորացել «Արգիշտի 1» և «Լոռի ՃՇՇ» ձեր ընկերությունները:

-Ես «Արգիշտի» հյուրանոց ունեմ: Սկզբում մանկապարտեզի շենք է եղել, դրա նկարներն էլ կա՝ երկրաշարժից հետո վթարային դարձած: Միայն 30 մեքենա էնտեղից աղբ եմ հանել: Բայց դա ոչ թե քաղաքապետ եղած տարիներին է եղել, այլ ես դա գնել եմ 1996 կամ 1997թ.-ին:

-Պարոն Դարբինյան, դուք նորից առաջադրվելու ե՞ք Վանաձորի քաղաքապետի թեկնածու:  

-Այո:

-Ակնկալում եք, որ նորից կընտրվեք քաղաքապետ:

-Իհարկե: Ես արդեն 56 տարեկան եմ, և այս տարիներին այն խնդիրը, որին գաղափարապես համոզված չեմ, երբեք չեմ փորձել:

-Եվ նորից քաղաքապետարանում պաշտոններ կբաշխեք Ձեր բարեկամներին:

-Ասենք քաղաքապետարանի ենթակայության 1300 աշխատողներից 30-ը իմ բարեկամներն են, 20 մանկապարտեզի տնօրեններից 3 իմ բարեկամն են: Քաղաքապետարանի աշխատակազմից 10-ը թող լինեն իմ բարեկամները: Ասենք փեսաս է էստեղ աշխատում, աներձագս, իրա տղաները ու վերջ: Ես դրա իրավունքը չունե՞մ: Գիտեք ինչ, էտենց սաղ վանաձորցիք են ինձ բարեկամ: Դարբինյանները Վանաձոր քաղաքում և էդ Ղշլաղի տարածքում, 3000 հոգի են : Եթե նայում ենք իմ ազգությունը, իմ ընկերությունը և իմ շրջապատը շատ մեծ է:

 -Վանաձորի քաղաքապետ երևի հենց էդ բարեկամներով էլ ընտրվում եք:

-Նաև: Վանաձորի ընտրողների 30 տոկոս իմ հորական և մորական կողմից բարեկամներ են: 

Մեկնաբանություններ (7)

Գայանե
Տարոն 4-ում մի շենքի հիմք կա, որտեղից պարոն քաղաքապետը դատարկել է խիճը ու այժմ որպես աղբանոց է օգտագործում: 10 տարի քաղաքի աղբը լցվում է այդ հսկայական փոսը: Աղբանոցը այժմ անուն ունի` Սամոյի աղբանոց: Հաց փախցնող Դալլաքյան Վիկտորը փոսի մոտ կանգնած աչքերը փակում էր. : Հիմա տեսնենք, թե Մարուքյանի տեսողությունն ինչպես է: Չնայած` հիմա էլ ճանապարհ չկա Տարոն գնալու համար: Վանաձորի ֆուտբոլասեր հասարակությունը Տարոն-4 վերածել է համակենտրոնացման ճամբարի, թե բա մենք ֆուտբոլի ակադեմիա ենք սարքում: Ֆուտբոլի ապագա ակադեմիկոսներն էլ Դպրոցի ճամփան Դժվար է, երկար՝ արտասանելով ցեխակոլոլ հասնում են դպրոց:
Գայանե
Այ քեզ հետաքրքիր նորություն: Տարոնցիներն էլ ուրախանում են , որ վերջապես Մարուքյանի պես գրագետ պատգամավոր ունեն: Բանից պարզվում է, որ կույր, խուլ ու համր պատգամավոր են ընտրել , կարիք էլ չկա տեսողությունը ստուգելու:
Վահրամ
Փաստորեն Վանաձորը ամբողջովին կղանքի մեջ է էլի:
Դավիթ
Գայանե ջան բա Դալլաքյանից ինչ ցանկացանք? Թե Դալլքյանը համեղ տեղեր ունի?
Մերուժան
տարեկան հազիվ մի 100քառ.մետր է փոսավերանորոգվում:ստացվում է ամեն քառ.մետր ասֆալտը համայնքի բյուջեի վրա միլիոն դրամ է նստում:Էդպես էլ ապրում ենք:
Սարգիս
...կարծում եմ 16-ը բավականին երկար ու ձիգ տարիներ էին Վանաձորն ավելի բարեկեցիկ տեսնելու համար, որ այդպես էլ և ոչ մի վանաձորցի չտեսավ: Հիմա մնում է միայն կրկին չսխալվենք ընտրության հարցում
Անահիտ
Մի նրբության կա մենակ. Տարոն 4-ը ընդգրկված է թիվ 29 ընտրատարածքի մեջ, որից մեծամասնական ընտրակարգով ընտրված է Արկադի Համբարձումյանը: Այնպես որ, Համբարձումյանի տեսեղությունն է պետք ստուգել և ոչ թե Մարուքյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter