HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սինթետիկ կենսակտիվ սննդային հավելումների օգտակարության առասպելը

Գոհար Ջրբաշյան

Մաս 1

Վիտամինային համալրումները շատ տարածված են ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում մուլտիվիտամինները հասանելի են դարձել 1930-ականների կեսերին: Դա երանելի ժամանակներ էին, երբ այդ հավելումները պատրաստվում էին բնամթերքի խտանյութերից: Հետագայում, վաղ 1940-ականներին, որոշ արտադրողներ սկսեցին արտադրել սինթետիկ հաբեր, սկիզբ դնելով մի խելացնորության, որն արդեն վաղուց դարձել է համաշխարհային մակարդակի հանրային առողջապահության խնդիր: Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ցանկանում են ճիշտ սնվել վիտամիններով և հանքանյութերով հարուստ սննդակարգով, որը կօգնի իրենց ապրել առողջ ու երկար, և լինել ֆիզիկապես ակտիվ ամբողջ ժամանակ ու դրա հետ մեկտեղ գեղեցիկ տեսք ունենալ՝ լինել ձիգ ու սլացիկ: Բայց այդ անմեղ, միամիտ, և սնուցիչների բուն էության մասին տարրական գիտելիքներ չունեցող մարդիկ որևէ ընկալում չունեն այն մասին, որ մեծ «ապրանքանիշերի» վիտամինահանքային հավելումներն իրականում լեցուն են սինթետիկ տոքսիններով, որոնք ոչ միայն չեն նպաստում քաջ առողջությանը, այլև կարող են մուտացիաներ ու քաղցկեղներ, և այլ հիվանդություններ դրդել: Սա նշանակում է, որ դրանք կարող են թունավորել մարմինը, նպաստելով հիվանդությունների և խանգարումների առաջացմանը, այդ թվում արթրիտ, օստեոպորոզ, փխրուն ոսկորներ, քաղցկեղ, կաթված, և Ալցհեյմերի հիվանդություն՝ ի թիվս այլոց: Սինթետիկ սնուցիչների և սննդային հավելումների հետ կապված այս մղձավանջի մեջ հայտնվելը շատ հեշտ է, եթե մարդը մանրամասն տեղյակ չէ հավելումների մասին: Այնինչ դրանք կարող են հանգեցնել ակնկալվածի ճիշտ հակառակ արդյունքին։ Օրինակ՝ խմիչքների, աղանդերների, քաղցրավենիքի, կաթնամթերքի, ծամոնների, քաշը վերահսկող ապրանքների մեջ թույլատրված է օգտագործել ասպարտամ՝ առանց հաշվի առնելու դրա պոտենցիալ տոքսիկությունը (1): Այնինչ, բարակ աղու բակտերիաներն այն տրոհում են ասպարտաթթվի (aspartic acid), ֆենիլալանինի (phenylalanine), և մեթանոլի (methanol): Մեթանոլը, որն առավել հայտնի է որպես փայտի սպիրտ, իր հերթին տրոհվում է ֆորմալդեհիդի (formaldehyde) և մրջնաթթվի (formic acid): Վերջինը համարվում մեթանոլի թունավորման հիմնական գործոն, իսկ ֆորմալդեհիդը հայտնի քաղցկեղածին է (2): 

Հստակ պետք է հասկանալ, որ ալյուրի սինթետիկ պրեմիքսներով «հարստա­ցումը» շատ քիչ բանով է տարբերվում վիտամինահանքային հավելումից՝ արդյունքը նույնն է լինելու, ընդամենը ժամանակի հարց է, քանի որ և՛ չմետաբոլացված ֆոլաթթուն և՛ երկաթը կուտակվում են մարմնում: Միայն թե, եթե կամավոր հավելման դեպքում մարդը գիտի թե օրական ինչ չափաբաժնով է այս կամ այն վիտամինահանքային հավելումն ընդունում և կամայա­կան պահի կարող է ընդհատել, ապա ալյուրի պարտադիր հարստացման պարագայում, հատկապես քաղաքաբնակները գրեթե վստահաբար զրկված են լինելու ընտրության հնարավորությունից, անգամ եթե ֆոլաթթուն կամ երկաթի որևէ միացություն հակացուցված լինեն իրենց՝ թերևս միայն հացաբուլկեղենից, հրուշակեղենից, մակարոնե­ղենից և բարձր ու առաջին կարգի ալյուրից պատրատված որևէ սննդամթերքից լիովին հրաժարվելու գնով, ինչը հաց շատ ուտող հայերի համար շատ բարդ է:

Սննդի պարտադիր հարստացումն անթույլատրելի է քանի, որ վիտամինների և հանքանյութերի ավելցուկը նույնքան և իրականում նույնիսկ ավելի վտանգավոր է, քան դրանց անբավարարությունը: Սա հատկապես ճիշտ է սինթետիկ վիտամինների և հանքանյութերի համար: Եվ քանի որ բոլորի մոտ չէ, որ վիտամինահանքային անբավարություն կա, ապա հավելումները պետք է անհատական լինեն` ըստ կարիքի: Երկրորդ, «ֆորտիֆիկացման» նյութերը արհեստական ծագում ունեն և տեղից էլ սինթետիկ պարարտանյութերով աճեցված մեր սնունդն էլ ավելի լցոնել քիմիայով՝ անթույլատրելի է, առավել ևս, որ մարդու լյարդը ֆոլաթթուն օգտագործելի տեսակների ֆոլատների փոխարկելու նվազ ունակություն ունի, ինչի պատճառով չմետաբոլացված ֆոլաթթուն հայտնվում է արյան շրջանառության համակարգում և բացասական հետևանքների հանգեցնում։

Հարկ է նշել, որ առ այսօր որևէ հետազոտություն չկա ֆոլաթթվի երկարաժամկետ օգտագործման հետևանքների մասին: Մեծ Բրիտանիայի «Առողջապահության, սոցիալական ծառայությունների և հանրային անվտանգության դեպարտամենտի» և «Սննդի ստանդարների գործակալության» հանձնարարությամբ իրականացված «Սննդակարգի և սնուցման ազգային հետազոտությունը» (2015թ.) վերահաստատելով Սնուցիչների գիտական խորհրդատվական կոմիտեի «Ֆոլատ և հիվանդությունների կանխարգելում» (2006թ.) զեկույցում արտահայտած հստակ դիրքորոշումը, պնդում է. «չմետաբոլացված ֆոլաթթվի երկարաժամկետ կենսաբանական ազդեցությունները մարդկանց վրա անհայտ են» (3): Նույն կարծիքի է նաև ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների Սննդային հավելումների գրասենյակը. «Գրեթե բոլոր 1-8 տարեկան երեխաները սննդային հավելումների միջոցով օրական ընդունում են առնվազն 200մկգ ֆոլաթթու որը գերազանցում է նրանց տարիքային առավելագույն թույլատրելի չափաբաժինը: ԱՄՆ պատասխանատուներն այնուհետև նշում են. «Սակայն, պարզ չէ, թե արդյոք սա մտահոգիչ է թե՞ ոչ, քանի որ քիչ բան է հայտնի ֆոլաթթվի բարձր չափաքանակների երեխաների վրա ունեցած երկարաժամկետ հետևանքների մասին (4, 5, 6)»: Հատկանշական է, որ 100գ հաց ուտելու հետ յուրաքանչյուր հայաստանաբնակ կստանա 100մկգ ֆոլաթթու։ Քանի որ հայերը հաց և հացամթերք շատ են ուտում, հատկապես երեխաները և ծերերը, ապա շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում ևս երեխաներից շատերի օրական ստացած ֆոլաթթվի քանակը կգերազանցի նրանց տարիքային առավելագույն թույլատրելի չափաբաժինը՝ հանգեցնելով անցանկալի հետևանքների։

«Սնուցում» ամսագրում (Journal of Nutrition) 2014թ. դեկտեմբերին հրապարակված NHANES 2007-2008թթ. տվյալների հիման վրա արված հետազոտությունը նշում է, որ չմետաբոլացված ֆոլաթթու հայտնաբերվել է ԱՄՆ-ում ≥1տ. տարիքի ողջ բնակչության 95%-ի արյան մեջ (7): Իսկ ահա «Սնուցման բրիտանական ամասագրում» (British Journal of Nutrition) 2015թ. հրապարակված NHANES 2011-12թթ. տվյալների վերլուծության համաձայն՝ չմետաբոլացված ֆոլաթթու հայտնաբերվել է ԱՄՆ բնակչության 99,9%-ի մոտ (8):Նորածնային շրջանից սկսած արյան մեջ չմետաբոլացված ֆոլաթթվի առկայության (9) իրական հետևանքները հնարավոր կլինի գնահատել տասնամյակներ անց, առնվազն 2-3 սերունդ դրա ազդեցությանը ենթարկվածների հետազոտությամբ միայն։

Մյուս կողմից, երկաթն աստիճանաբար կուտակվում է մարմնում՝ այն արտազատելու միջոցներ չլինելու պատճառով։ Երկաթի ավելցուկը խրոնիկ հիվանդությունների նշանակալի ռիսկի գործոն է, և նպաստում է օրինակ՝ շաքարախտի, քաղցկեղի, լյարդի, սրտանոթային, նեյրոդեգեներատիվ և այլ հիվանդությունների առաջացմանը։ Միկրոտարրերի ավելցուկը նույնիսկ ավելի վտանգավոր է քան դրանց չափավոր անբավարարությունը: «Արյան շրջանառություն» (Circulation) ամսագրում 1999թ. տպագրված «Երկաթը և սրտանոթային հիվանդության գենետիկան» խմբագրական հոդվածում «երկաթի հիպոթեզի» հեղինակ Սուլիվանը նշում է. Անհերքելիորեն, սրտի իշեմիկ հիվանդությունը զգալիորեն ավելի մեծ առողջապահական խնդիր է, քան երկաթի պակասը: Չկա մահերի ոչ մի համաճարակ երկաթի անբավարարության կամ նույնիսկ երկաթ-անբավարարության անեմիայի պատճառով: Երկաթ-անբավարարության անեմիան ընդհանուր առմամբ կարող է հաջողությամբ բուժվել, և ինքնին մահվան հաճախ պատահող փաստացի պատճառ չի հանդիսանում, ի տարբերություն սրտի իշեմիկ հիվանդության (10), որի կապն ավելցուկ երկաթի հետ վաղուց է ապացուցված:

Վիտամինային հավելումների համաշխարհային «ինքնաբուժման» շուկան դարձել է բազմա­միլիարդ դոլարի արդյունաբերություն և «սննդային հավելումների» ոլորտն աճում է մեծ արագու­թյամբ: ԱՄՆ շարունակում է մնալ սնուցիչների և հավելումների մանրածախ վաճառքի ամենամեծ շուկան աշխարհում: Ի համեմատ 25,0մլրդ դոլարի (2009թ.), սնուցիչների և կենսակտիվ սննդային հավելումների վաճառքը 2010թ. հասել է 28,04մլրդ դոլարի, և 30,0մլրդ դոլարի՝ 2013թ.: Կենսակտիվ սննդային հավելումների օգտագործումը շատ տարածված է ամերիկացիների շրջանում: Այսպես, երեխաների (սկսած 2 ամսականից) ավելի քան 30%-ը վիտամինա­հանքային հավելումներ են ընդունում: Եթե 1988-1994թթ. հավելումներ օգտագործում էր ԱՄՆ չափահաս բնակչության 40%-ը, ապա 2003-2006թթ.՝ կեսից ավելին, իսկ 2007-2011թթ. այն տատանվել է 64-69%, որից 48-53%-ը կանոնավոր (11, 12, 13, 14, 15): Ըստ Մեծ Բրիտանիայի «Պարենի ստանդարտների գործակալության», 2008թ.-ին յուրաքանչյուր երրորդ բրիտանացին ինչ-որ տեսակի կենսակտիվ սննդային հավելում է ընդունել և բոլոր տնային տնտեսությունների կեսը երեխաներին վիտամիններ կամ միներալներ է տվել: Սննդային հավելումների վաճառքը Մեծ Բրիտանիայում £400մլն է կազմել 2012թ. (16):

Չնայած բազմաթիվ ապացույցներին, որ վիտամինների երկարաժամկետ և առավել ևս մեծ դեղաչափերով ընդունումը վնասում է առողջությունը, այս միլիարդավոր դոլարների արդյունաբերությունը պարզապես շարունակում է բարգավաճել ու իր ցանցի մեջ ներքաշել նորանոր զոհերի` անհատների ու երկրների (սննդի պարտադիր հարստացման օրենքներ պարտադրելու միջոցով): Մարդկանց մեծամասնությունը, սննդային հավելումների մասսայականացման պատմությունից և ապացուցողական բժշկության արդյունքներից անտեղյակ, պատկերացնել անգամ չի կարող, որ մեծագույն մի ԱՌԱՍՊԵԼ է խթանել դրանց տարածումը, և սննդային հավելումների ոլորտը կանոնակարգող ԱՄՆ (որը հաճախ համարվում է ընդօրինակման մոդել) կոնգրեսի ընդունած օրենքներն ուղղված են ոչ թե բնակչության առողջությունը պահպանելուն այլ ՄԵԾ ՖԱՐՄԱՅԻ (դեղագործական ֆիրմաների) շահերը:

Վիտամինահանքային հավելումների ընդունումը դարձել է մոդայիկ, որոշակի սոցիալական ստատուսի դետերմինատիվ: Կենսակտիվ սննդային հավելումներն առանձնապես շատ սիրված են բնակչության իրենց առողջությամբ մտահոգ գիտակից հատվածի կողմից, հատկապես հարմարության պատճառով: Ո՞վ չի գերադասի «սնուցող հաբ», որը պարունակում է օրական պահանջվող բոլոր սնուցիչները: Չէ՞, որ դա այնքան հարմար է: Այդ դեպքում ինչու՞ են Ջոն Հոփկինս բժշկական համալսարանի բժիշկ հետազոտողները պնդում, որ սինթետիկ վիտամինները չպետք է օգտագործվեն խրոնիկ հիվանդությունների կանխարգելման համար: Տարածված համոզմունք է, որ վիտամինները հակաօքսիդանտ են և, հետևաբար, կարող են պաշտպանել բազմաթիվ առողջական խնդիրներ առաջացնող օքսիդատիվ սթրեսից: ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ԴԱ ԱՅԴՊԵՍ Է:

«Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր» և «Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր. նոր բացահայտումներ» հոդվածներն արդեն ներկայացրել են բնական B9 վիտամինի (ֆոլատ) և սինթետիկ B9 վիտամինի (ֆոլաթթու) տարբերությունները, սննդի հարստացման և համալրման ազդեցությունը արյան համակարգում շրջանառվող չմետաբոլացված ֆոլաթթվի մակարդակի վրա; ֆոլաթթվի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա: Երկաթի բնական կուտակման երևույթի և դրանից բխող ավելցուկ երկաթի բացասական հետևանքների մասին ներկայացվել է «Ավելցուկ երկաթը՝ խրոնիկ հիվանդությունների ռիսկի նշանակալի գործոն և հանրային առողջապահության մարտահրավեր» հոդվածում։

Սույն հոդվածը ևս ապացուցողական բժշկության լայնամաշտաբ կլինիկական փորձարկումների արդյունքների հիման վրա ներկայացնում է, որ առողջ մարդկանց մոտ սինթետիկ վիտամինները խթանում են հիվանդությունների տարածումը: Մանրամասն ներկայացվում է, որ սինթետիկ վիտամիններն էապես տարբերվում են ամբողջական սննդից ստացվող բնական վիտամիններից։ Հոդվածն անդրադառնում է նաև ճարպակալման հիմնախնդիրներին՝ սինթետիկ կենսակտիվ սննդային հավելումների և ցածր յուղայնության (կամ յուղազերծ) սննդի տեսակետից: Կտեղեկանաք նաև մեծագույն առասպելին, որը հիմք դրեց սինթետիկ վիտամինահանքային հավելումների և սննդի հարստացման «խելահեղությանը» ողջ աշխարհում՝ ի վնաս մարդկանց առողջության և նրանց քսակի:

Օգտակարության առասպելը սննդային հավելումների հաղթարշավի հիմքում

Մեր ժամանակներում բավականին տարածված է այն կարծիքը, որ վիտամինահանքային հավելումները բարելավում են մեր առողջությունը և օգուտ են տալիս, օրինակ կանխում են որոշ հիվանդություններ: Բայց դա այդպես չէ, դա ընդամենը ժամանակակից առասպել է՝ 20-րդ դարի մեծագույն առասպելներից մեկը: Վիտամինահանքային հավելումները ձեզ համար լավ են, այնպես չէ՞: ՈՉ, ասում է ամերիկյան մանկաբույժ Պոլ Օֆֆիտը: Նա իր «Դուք հավատու՞մ եք մոգությանը. Այլընտրանքային բժշկության իմաստն ու անհեթեթությունը» գրքում գրում է. «Վիտամինների արտադրությունը միլիարդավոր ֆունտ արժողությամբ խաբեություն է: Վիտամինային հավելումները հեռու են համադարման (պանացեա) լինելուց և բարձր դեղաչափերն իրականում կարող են վնասել ձեր առողջությունը, մեծացնել ձեր սրտի հիվանդությունների և քաղցկեղի ռիսկերը:» Նա ասում է, որ վտանգավոր մի ԱՌԱՍՊԵԼ է վիտամինների արդյունաբերությունը գործողության մեջ դրել: Դոկտոր Օֆֆիտը ներկայացնում է թե այս ամենն ինչից է սկսվել և տալիս է մի կոնկրետ անձի անուն՝ Լայնուս Պոլինգ (Linus Pauling). մոլեկուլային կենսաբանության հիմնադիրներից մեկը, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր (1954թ. – քիմիա, և 1962թ. – խաղաղության), ով 1966թ.-ից ի վեր, սկսել է քարոզել C վիտամինի «հրաշագործ» ազդեցության մասին, բարձրագոչ բուժիչ հատկություններ վերագրելով նրան: Նա 1970թ. իր «C վիտամինը և ընդհանուր մրսածությունը» և հետագայում տպագրված այլ գրքերում պնդում էր, որ օրական 3000մգ C վիտամինի ընդունումը ի սպառ կվերացնի մրսածությունը: Այժմ գիտենք, որ C վիտամինը չի կանխում կամ բուժում ընդհանուր մրսածությունը, այլ կարող է որոշ չափով թեթևացնել ախտանիշերը:

Պոլինգի հաջորդ հայտարարությունն այն էր, որ C վիտամինի հավելումները կարող են բուժել քաղցկեղ, սրտի հիվանդություն, հոգեկան հիվանդություն, թոքաբորբ, հեպատիտ, պոլիոմիելիտ, և այլն: Պնդում, որը որևէ գիտական հիմնավորում չուներ, և արդեն իսկ հակառակն ապացուցող փաստերը պարզապես թույլ չեն տալիս լռել: Պոլինգը գուցե և իսկապես հավատում էր իր պնդումներին, բայց վիտամիններ արտադրողներն ունեցել են շատ ավելի ցինիկ դրդապատճառ՝ փողը: 1972թ.–ին, երբ ԱՄՆ Պարենի և դեղերի վարչությունը (Food and Drug Administration - FDA) մտադրվել է օրական հանձնարարելի չափաբաժինը 150%-ով գերազանցող վիտամինային հավելումների անվտանգության ապացույցներ պահանջել, սննդային հավելումների արդյունաբերությունը վարձում է սենատոր Պրոքսմայըրին, ում հաջողվում է կասեցնել այդ օրինագիծը: Դրանում լրջագույն դերակատարություն են ունեցել Լայնուս Պոլինգի գրքերը և «գիտական» հոդվածները: Օֆֆիտը եզրահանգում է. «Լայնուս Պոլինգի, փողի, և քաղաքականության «շնորհիվ»՝ սպառողները չգիտեն, որ մեգավիտամիններ ընդունելը կարող է մեծացնել քաղցկեղի և սրտային հիվանդությունների ռիսկը և կրճատել իրենց կյանքը» (17, 18):

Ներքին բժշկության տարեգրքում (Annals of Internal Medicine) 2013թ. հրապարակված «Բավական է: Դադարեցրեք վատնել ձեր գումարները վիտամինների և հանքային հավելումների վրա» խմբագրական հոդվածի հեղինակները եզրակացնում են․«β-կարոտին, վիտամին E, և, վիտամին A բարձր չափաբաժինների հավելումները վնասակար են: Հակա­օքսիդանտ համարվող ֆոլաթթուն և B վիտամինները, և մուլտիվիտամինահանքային հավելումները անարդյունավետ են հիմնական խրոնիկ հիվանդությունների պատճառով մահացությունը կամ հիվանդացությունը կանխելու համար: Չնայած նրան, որ հասանելի փաստերը չեն բացառում փոքր օգուտները կամ վնասները, կամ խոշոր օգուտները կամ վնասները բնակչության մի փոքր ենթախմբի համար, մենք վստահ ենք, որ գործը պետք է փակել – սննդային հավելումները պատշաճ սնվող մեծահասակների հանքային կամ վիտամինային հավելումների մեծամասնությունը չունի հստակ օգուտ, և կարող է նույնիսկ վնասակար լինել: Այս վիտամինները չպետք է օգտագործվեն խրոնիկ հիվանդությունների կանխարգելման համար: «Կուտակված մեծաքանակ ապացույցները հանրային առողջապահական և կլինիկական կարևոր նշանակություն ունեն: Ապացույցները բավարար են ռուտին կերպով հավելումներ ընդունելը խորհուրդ չտալու համար: Ուղերձը շատ պարզ է՝ հավելումների մեծամասնությունը չեն կանխում խրոնիկական հիվանդությունները կամ մահը, դրանց օգտագործումը արդարացված չէ, և դրանցից պետք է խուսափել: Պատգամը հատկապես ճիշտ է սնուցիչների անբավարարության հստակ ապացույցներ չունեցող բնակչության համար, որոնց մեջ հատկապես շատ են սննդային հավելումներ ընդունողները Միացյալ Նահանգներում և այլ երկրներում:» ԲԱՎԱԿԱՆ է (19):

Ներքին բժշկության տարեգրքի խմբագրականը նշում է, որ մուլտիվիտամինների սպառումը առողջ մարդկանց կողմից ոչ միայն փողի վատնում է, այլև որոշ վիտամինների ընդունումը (հատկապես մեծ դեղաչափերով) կարող է նույնիսկ վնասակար լինեն: Բացահայտվել է, որ մուլտիվիտամինների ամենօրյա ընդունումը անարդյունավետ է քաղցկեղ, սրտի հիվանդություն, և տկարամտությունը (dementia) կանխելու համար: Համալրումների մեծ մասը չեն կանխում խրոնիկական հիվանդությունները կամ մահը: Դրանց տված օգուտի որևէ ապացույց չկա, փոխարենը կան վնասի փաստերը: Խմբագրականը հորդորում է մուլտիվիտամինների վրա գումարներ անտեղի չվատնել և հավելումների փոխարեն, գումարները ծախսել մի բանի վրա, որը կարող է տրամադրել երկարաժամկետ պաշտպանություն՝ սննդարար ուտելիքի և ֆիզիկական վարժանքի վրա, որոնք փողի շատ ավելի լավ օգտագործում են (20, 21, 22): Ներքին բժշկության տարեգրքի վերը հղված խմբագրականը վերաբերում է հետևյալ երեք կլինիկական փորձարկումների արդյունքենրին:

«Ներքին բժշկության տարեգրում» (Annals of Internal medicine) 2013թ. հրապարակված այս հոդվածը ներկայացնում է 5947 տղամարդու մտավոր գործունեության վրա 12 տարի շարունակ մուլտիվիտամինների ընդունման ազդեցության ուսումնասիրության արդյունքները։  Հեղինակները հանգել են այն եզրակացության, որ մուլտիվիտամինները չեն կրճատել մտավոր անկման (հիշողության կորուստը կամ մտածելու դանդաղումը) ռիսկը (23): Մինչև 55 ամսվա ընթացքում բարձր չափաբաժնով մուլտիվիտամինների կամ պլացեբո ընդունած 1708 ինֆարկտը վերապրածների այս պատահականացված փորձարկումը գտել է, որ կրկնվող ինֆարկտի, ինսուլտի, կորոնար ռեվասկուլարիզացիայի, անգինայի պատճառով հոսպիտալացման, կամ մահվան ռիսկը չի տարբերվում միոկարդի ինֆարկտ տարածների մոտ, ովքեր օրական ստացել են մուլտիվիտամինների ու հանքանյութերի բարձր չափաքանակ կամ պլացեբո: Այսպիսով, մուլտիվիտամինների ու հանքանյութերի բարձր չափաքանակները օգտակար չեն սրտանոթային իրադարձությունների երկրորդային կանխարգելման համար (24): ԱՄՆ Կանխարգելիչ ծառայություններ աշխատանքային խումբը (U.S. Preventive Services Task Force - USPSTF) «Վիտամինահանքային հավելումները սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջնային կանխարգելման մեջ» 352311 անձ ներառող 27 պատահականացված, կրկնակի կույր, պլացեբո վերահսկվող լայնածավալ հետազոտությունների համակարգված վերլուծության հիման վրա եզրակացրել է, որ մուլտիվիտամինների և միկրոտարրերի համալրումները չեն նվազեցնում սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը: Առանց սնուցիչային փաստված անբավարարության առողջ անձանց սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կամ մահացության վրա վիտամինահանքային հավելումների սննդային չափաբաժինների (nutritional doses) որևէ ազդեցության ապացույց դիտարկված հավելումների մեծամասնության համար չի գտնվել: Լավագույն դեպքում դրանք ունենում են պլացեբո ազդեցություն: Վիտամին E և β-կարոտինի որևէ օգուտի բացակայությունը հստակ գրանցվել է դիտարկված մի շարք փորձարկումներում (25):

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter