HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իշխանություններն օգտագործեցին պատեհ առիթը

Վահե Սարուխանյան
Էդիկ Բաղդասարյան

Պարզունակ սցենար

Ժիրայր Սեֆիլյանի ընկերները միանշանակ համոզված են, որ նրան մեկուսացրել են խորհրդարանական ընտրությունների պատճառով, քանզի Ժիրայրն ունի մեծաթիվ համախոհներ, եւ նա կարող էր նաեւ ընդդիմության համախմբման առանցք դառնալ:

Սակայն, եթե իշխանություններն իսկապես վախեցել են Սեֆիլյանից եւ կալանավորել նրան, ապա հետագա գործընթացներից բնավ չզգացվեց, թե ընդդիմադիր ուժերը կարող էին միավորվել ինչ-որ գաղափարի, առանցքի շուրջ, այլապես հենց կալանավորման փաստը կարող էր նրանց միավորել:

Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ժ. Սեֆիլյանի կալանավորումը հստակ սցենար է ունեցել: Սակայն ԱԱԾ աշխատակիցները կարողացել են հաշվարկել ընդամենը մի քանի պարզունակ քայլ:

Այսպես՝ Ժիրայր Սեֆիլյանի զինակիցներից մեկին` Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Վահան (Վանո) Արոյանին, ԱԱԾ-ի աշխատակիցները տեղեկացնում են, որ Ժիրայրին ձերբակալելու են: Վանոն զանգում է Ժիրայրին եւ այդ մասին հայտնում նրան: Ժիրայրի կողմնակիցների կարծիքով՝ ԱԱԾ-ին էլ հենց դա էր պետք, որովհետեւ հետագայում ԱԱԾ-ի աշխատակիցները, ձեւականորեն այս զանգի վրա հիմնվելով, պիտի «այցելեին» Վանոյին:

Ժիրայրի ձերբակալությունից 19 օր անց ԱԱԾ-ն Սեֆիլյանի եւ Մալխասյանի գործի շրջանակներում կալանավորում է Վանոյին եւ նրա տանը մեծ քանակությամբ զինամթերք է «հայտնաբերում» ( Արոյանի «վնասազերծումը» ԱԱԾ-ն պետք է հանրությանը ներկայացներ որպես իր օպերատիվ եւ մանրակրկիտ աշխատանքի արդյունք ) : Իսկ Վանոյի տանը հայտնաբերված զինամթերքը, ԱԱԾ-ի դիտարկմամբ, կուտակվել է՝ իբր Սեֆիլյանի եւ նրա կազմակերպությունների ծրագրերն իրագործելու համար: Սակայն Վանոյի զենքերի մասին ԱԱԾ-ն քաջ գիտեր, որովհետեւ Վանոյի հետ ԱԱԾ-ում ծանոթ են եղել:

« Վանոն սերտ հարաբերություններ ուներ ԱԱԾ-ից շատերի հետ: Ապրելով սահմանին մոտ՝ նա ազատ մուտք ու ելք ուներ ուղեկալներ: Դրանց պետերը պարբերաբար դիմել են իր օգնությանը: Գիտեմ, եւ նույնիսկ հեռուստատեսությամբ է ցուցադրվել, որ այնտեղ Վանոն մասնակցել է ինչ-որ իրավապահ օպերացիաների: Ոստիկանությունում էլ շատ ծանոթներ ուներ»,- փետրվարի 20-ին մեկուսարանում պատգամավորական խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ ասում է Ժ. Սեֆիլյանը, ով, իր իսկ խոսքերով, տեղյակ չի եղել Վանոյի զինամթերքի մասին: Ժիրայրի կողմնակիցների հավաստմամբ՝ Արոյանը զենքի նկատմամբ սեր միշտ էլ ունեցել է, իսկ պատերազմի ժամանակ նրա տանը կուտակված զենքը զինադադարից հետո օգտագործվել է սահմանախախտների դեմ, եւ հիմա այս ամենը ԱԱԾ-ն շուռ է տվել Սեֆիլյանի դեմ:

Եվ եթե ԱԱԾ-ն հայտարարի, որը ինքը տեղյակ չէր Վանոյի տանը այդչափ զենքի առկայության մասին, նշանակում է երկրի նախագահը պարտավոր է այդ կառույցն անմիջապես լուծարել, որովհետեւ այդ զենքերի մասին գիտեր ցանկացած լուսառատցի:

Ժ. Սեֆիլյան. «Սա քաղաքական պատվերով սարքված գործ է»

Անդրադառնանք պատգամավորական խմբի հետ զրույցում Սեֆիլյանի տված պատասխաններից մի քանիսին:

Իր կենսագրականում Սեֆիլյանն ասում է, որ 1994-ին անդրանիկ որդու ծննդյան առիթով մեկնել է Բեյրութ: Մյուս կողմից՝ հայտնի է, որ այդ ժամանակ ընթանում էր «Դրոյի» գործի նախաքննությունը («Դրո» խմբի ահաբեկչությանը զոհ էին դարձել 3 հոգի), եւ Սեֆիլյանը կասկածյալների թվում էր: Մամուլում գրվել է, որ Սեֆիլյանը նախաքննության ժամանակ հաջողացրել է հեռանալ ՀՀ-ից: Մեջբերենք «Առավոտ» օրաթերթի 29.03.2006 համարում տպագրված հոդվածից մի հատված. « Ժամանակին մենք հրապարակել ենք «Դրո» գործի այն նյութերը, որոնք վկայում են, թե Ժիրայր Սեֆիլյանն այդ ահաբեկչական խմբի վարչության մարմնի անդամ էր, եթե ոչ հենց ղեկավարը: Այդ ժամանակ պրն Սեֆիլյանը դաշնակցական էր (հետո հեռացվեց), եւ նրանով ավարտվո՞ւմ էր շղթան, թե՞ ոչ՝ հայտնի չէ: Քանի որ նախաքննության ընթացքում պրն Սեֆիլյանը բարեհաջող հեռացավ Հայաստանից Լիբանան եւ վերադարձավ միայն իշխանափոխությունից հետո: Իրավապահներն այլեւս փորձ չարեցին նրան հարցեր ուղղել այդ գործի մասին: Մի անգամ մենք փորձեցինք ուղղել «Դրոյի» նյութերից բխող հարցադրումներ, սակայն պրն Սեֆիլյանը հրաժարվեց՝ նշելով, թե դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ»:

Թերեւս հենց այս նախադեպն է Սեֆիլյանի նկատմամբ կալանք կիրառելու հիմք տվել ԱԱԾ քննչական խմբին եւ դատարանին, ինչն էլ զայրացրել է վերջինիս փաստաբան Վահե Գրիգորյանին: Փաստաբանն անհեթեթ է համարում դատարանի այն հիմնավորումը, թե Սեֆիլյանը, ազատության մեջ լինելով, կարող է թաքնվել: Սեֆիլյանն իր կենսագրության մեջ չի նշում նաեւ, որ 1999-ին հեռացվել է ՀՅԴ շարքերից:

ԱԱԾ-ն գտնում է, որ «Հայ կամավորականների համախմբման» հավաքում արված իշխանափոխական որոշ հայտարարություններ հակասում են օրենքին: «Եթե իշխանափոխության կոչը հանցանք է, ապա այդ մեղադրանքով կարելի է դատել Հայաստանի բնակչության առնվազն կեսին»,- մեկուսարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է Սեֆիլյանը:

Իշխանափոխության կոչը, իհարկե, մեր օրենսդրությամբ հանցանք չէ, սակայն հանցանք է համարվում բռնի ուժով, զենքով ու զինված պայքարով իշխանափոխությունը, ինչի կոչեր էլ, ըստ ԱԱԾ-ի, արվել են հավաքի ընթացքում. «Օր առաջ զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով, ամեն մի միջոցներ պիտի գործի դնենք, որ ազատվենք այս քողարկված թուրքերից, որ միայն ազգանունն է հայ... Սրանց հետ պիտի իրենց ձեւով պայքարել՝ արյուն, կրակ թշնամու վրա, բոլոր ձեւերով, բոլոր միջոցներով: Կարճ, ուղիղ՝ երկիրը զավթված է թշնամու կողմից, թշնամին ոչ թե ճակատում, այլ ներսում է, պիտի ազատագրենք: Բոլոր ձեւերով (Վ. Մալխասյան): Եկեք միջոցների մեջ խտրականություն չդնենք: Ես համաձայն եմ, իրոք, չդնենք... Մենք ընդդիմությանը խոսք կարող ենք հասկացնել, սկիզբը խոսքով, եթե պետք լինի՝ նաեւ վախեցնելով, պարտադրելով (Ժ. Սեֆիլյան)»:

Այս հայտարարությունները, ըստ ԱԱԾ-ի, դատապարտելի են ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (« Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» ):

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Սեֆիլյանի մոտ ձերբակալման պահին հայտնաբերվել է ապօրինի հրազեն: ««Մակարով» տեսակի ատրճանակը պարգեւ է, որ ստացել եմ բանակի հրամանատարությունից: Որպես սպա՝ ես 1990 թ.-ից մշտապես ատրճանակ եմ կրել»,- հակադարձում է Սեֆիլյանը: Տրամաբանական է այն, որ Սեֆիլյանի նման հարուստ զինվորական կենսագրություն ունեցող մարդը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին փոխգնդապետը անվանական ատրճանակ կունենար: Սրան հավելենք նաեւ փաստաբան Վ. Գրիգորյանի պատմածը «Հայկական ժամանակին», ըստ որի՝ Սեֆիլյանն ինքն է ԱԱԾ աշխատակիցներին տեղեկացրել, որ իր մոտ ատրճանակ կա, երբ ձեռնաշղթաներով արդեն գտնվելիս է եղել ավտոմեքենայում:

Ժ. Սեֆիլյանը եւ նրա կողմնակիցները համոզված են, որ այս ամբողջ պատմությունը (Սեֆիլյանի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը երկու անգամ անհիմն ձեւով մերժելը, ակտիվիստների ձերբակալությունը) քաղաքական նպատակ ունի: « Վերջին 5-6 տարիների ընթացքում ԱԱԾ աշխատակիցներն ինձ պարբերաբար հրավիրել են զրույցի: Բոլոր դեպքերում պատճառը իմ հասարակական ակտիվությունը, ընդդիմադիրների հետ ունեցած շփումներն ու ընդհանուր ընդդիմադիր կեցվածքն է եղել: Վերջին անգամ հրավիրել են 2006թ. մարտի վերջին: Ամենախիստ խոսակցությունն էր, սպառնացին, որ եթե չդադարեցնեմ «անօրինական» գործունեությունս, ապա կվտարեն: Հայտարարված պատճառը æավախքի հարցում իմ ավելի արմատական դիրքորոշումն էր, բայց իրականում ավելի շատ անդրադարձան հայտնի զույգի դեմ (Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան) իմ ելույթներին»,- ասում է Սեֆիլյանը:

Նա վստահ է, որ Քոչարյան-Սարգսյան զույգն իրեն չեզոքացնելու պատճառներ ունի. «Ո՛չ Արցախի, եւ ո՛չ էլ æավախքի խնդիրները իմ ձերբակալության ուղղակի պատճառները չեն: Առաջնահերթ պատճառը ընտրություններն են: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ թե՛ Արցախի, եւ թե՛ æավախքի հարցում այս ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը շատ կարեւոր է: Բացի այդ, հրատապ է դարձել ներքին բարոյական մթնոլորտը բարեփոխելու խնդիրը: Ուստի որոշել էինք, որոշ չափով նաեւ նախապատրաստվել էինք եւ հայտարարեցինք, որ բռնելու ենք կեղծարար ձեռքը եւ թույլ չենք տալու, որ ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա: Դրա համար անհրաժեշտ էր կազմակերպվել, եւ մենք աշխատում էինք այդ ուղղությամբ: Մենք ակնկալիքներ չունեինք այդ ընտրություններից, այլ համախմբվում էինք՝ ծառայելու համար: Սա էր հիմնականը եւ այն նոր երեւույթը, որ սարսափեցրեց իշխանություններին: Բացի այդ, մենք ինտենսիվ շփումներ եւ որոշակի ազդեցություն ունեինք որպես ընդդիմադիր հանդես եկող քաղաքական ուժերի վրա: Որոշների հետ մեր կապերը բավականին սերտ էին, եւ վերարտադրվել փորձող իշխանությունները դրանում նույնպես կարող էին վտանգ տեսնել»:

Ամենայն հավանականությամբ, «Հայ կամավորականների համախմբման» հավաքում հնչած ծայրահեղական կոչերն ու հայտարարությունները Սեֆիլյանին չեզոքացնել ցանկացող իշխանություններին ակամայից լավ առիթ են տվել գործի անցնել արդեն օրենքի շրջանակներում՝ թաքցնելով իրական նպատակները: Սա թերեւս գիտակցել է նաեւ ինքը՝ Սեֆիլյանը, ինչն ապացուցվում է նրա փաստաբանի հետեւյալ խոսքով. «Ժիրայրը հրաժարվում է նախաքննության մարմնին ցուցմունք տալուց: Նա մեկ-երկու նախադասությամբ ցուցմունք է տվել այն մասին, որ իր նկատմամբ հետապնդումը քաղաքական նպատակ ունի, պարզապես դրսեւորումը քրեաիրավական է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter