HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենի տեղակալ. «Դատապարտյալը չէր գիտակցում իր գործողություններն ու արարքները»

«Էրեբունի» ԲԿ-ից «Հետքին» հայտնեցին, որ նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց չի տեղափոխվել ցմահ բանտարկյալ Կարեն Բոյաջյանը` հերքելով ՀՀ ԱՆ ՔԿՎ-ի տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ երեկ «Հետքը» լուր էր տպագրել, որ նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ Կարեն Սերգեյի Բոյաջյանը: 

ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի տեղակալ Երանուհի Թումանյանցը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ ցմահ դատապարտյալ Կարեն Բոյաջյանին տեսակցել է 2013 թ-ին. «Ես չգիտեմ, թե ինչպես այդ տեսարանը նկարագրեմ բառերով: Նա չէր գիտակցում իր գործողությունները, արարքները: Դատապարտյալը չէր հասկանում անգամ, թե ինչպես է հոգում իր կարիքները, բնական կարիքները հոգում էր հենց խցում: Իրականում շատ ծանր իրավիճակ էր: Կարեն Բոյաջյանն ուներ փսիխոզներ, թուլամտություն, խցի սանիտարահիգիենիկ պայմանները անմխիթար էին: Սկզբում խցակիցների հետ էր: Իսկ ՄԻ պաշտպանի միջամտությունից հետո առանձնացվեց նրա խուցը, պայմանները հնարավորինս ապահովվերցին: Այնուհետև ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչները այցելեցին: Դրանից հետո միայն արդարադատության նախարարությունն արձագանքեց և նրան արդեն 2014 թ-ի հուլիսին տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունք»,- նշեց ՄԻ պաշտպանի տեղակալ Երանուհի Թումանյանցը:  

ՄԻՊ ներկայացուցիչները ուսումնասիրել են Կարեն Բոյաջյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, որոնք ցույց են տվել` դատապարտյալի հոգեկան հիվանդությունները համապատասխանում են Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի հետագա կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին:

Երանուհի Թումանյանցը նշեց, որ Կարեն Բոյաջյանը չէր կարող գիտակցել, հասկանալ իրավիճակը և անձամբ ներկայացնել դիմում օմբուդսմենին: Չկային նաև հարազատներ, ովքեր բարձրացնեին հարցը: Ըստ ՄԻՊ պաշտոնյայի, տվյալ դեպքում պետք է պետական մարմինը, այսինքն` քրեակատարողական հիմնարկը, հանդես գար որպես խնամակալ և բարձրացնեին Կարեն Բոյաջյանին պատժի հետագա կրումից ազատելու հարցը: 

«Պատժի նպատակներից մեկն էլ անձին ուղղելն է, բայց այստեղ պատժի նպատակի իրագործման մասին խոսք լինել չի կարող, քանի որ անձը չէր գիտակցում իր արարքները»,- նշեց Երանուհի Թումանյանցը:

«Հետքը» զրուցեց նաև ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանի հետ, ով նշեց, որ 2014 թ-ի ամռանը խմբի անդամները տեսակցել են Կարեն Բոյաջյանին «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ քննարկվել է հանձնաժողով հրավիրելու հարցը ցմահ բանտվածին հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու հարցը:

Հիշեցնենք, որ Կարեն Բոյաջյանը դատապարտվել էր մահապատժի 18 տարեկանում 1992 թ-ին` ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով` մեղադրվելով մեկ անձի սպանության մեջ: Նա համարվում է անկախ Հայաստանում առաջին մահապատժի դատապարտվածներից մեկը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter