HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Մանկատան շրջանավարտի համար գնված բնակարանում ուրիշ մարդիկ են ապրում

Մանկատան շրջանավարտ Արթուր Բարսեղյանը դեռեւս 2004թ.-ին «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում պետք է ստանար մեկ սենյականոց բնակարան:

Սակայն արդեն չորս տարի է նրա համար գնված բնակարանում ուրիշ մարդիկ են ապրում, որոնք պնդում են, որ բնակարանն իրենցն է:

Մինչ դատարանում կպարզեն, թե ո՞ւմ է պատկանում բնակարանը, Արթուրն իր կնոջ եւ երկու ամսեկան երեխայի հետ ապրում է վարձով: «Այսօր ես բնակարան չունեմ: Հիմնականում շինարարական աշխատանքներ եմ կատարում, սակայն աշխատավարձս չի բավականացնում, որ ես տան վարձ վճարեմ եւ ընտանիք պահեմ: Ինձ համար շատ բարդ է: Արդեն չորս տարի շարունակ խնդրում եմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությանը, որ եթե ինձ հատկացվելիք բնակարանի հետ խնդիրներ կամ վիճահարույց հարցեր կան, ապա ինձ ուրիշ բնակարան տան, որպեսզի ես գոնե բնակարանի վարձ չվճարեմ»,- ասում է Արթուր Բարսեղյանը:

Նախարարությունում նրան պատասխանում են, որ դա շատ լավ բնակարան է եւ լավ կլիներ, եթե նա ստանար այն, սակայն, դրա համար պետք է սպասել մինչեւ դատական գործընթացներն ավարտվեն: «Բայց այսքան տարի ես սպասել եմ, սա ավելի շատ խուսափողական պատասխան է, քան աջակցող: Մանավանդ, որ ես չեմ էլ հասցրել ստորագրել բնակարանի ընդունման պայմանագիրը», -ասում է Արթուրը:

2004 թվականին Աննա Բայաթյանը 4 մլն 900 հազ. դրամով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն է վաճառում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Լեփսուսի փ. 39 շենքի, 2ա բնակարանը (37.8քմ ընդհանուր տարածքով), որը պետք է փոխանցվեր Արթուր Բարսեղյանին 10 տարի ժամանակով, որից հետո նա կարող էր այն գրանցել իր անունով:

Սակայն այդ ընթացքում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան հայց է ներկայացնում Արսեն Մարդանյանը` պահանջելով անվավեր ճանաչել բնակարանի առուվաճառքի հետ կապված բոլոր պայմանագրերը` պնդելով, որ բնակարանի 1/2-րդն իրեն է պատկանում:

Նշված բնակարանը դեռեւս 1988 թվականին Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանից գնել էր Վարդուշ Մարդանյանը` Արսեն Մարդանյանի կինը, եւ հետո` 2002թ.-ին, վաճառել

Աննա Բայաթյանին, որն էլ 2004թ.-ին այն վերավաճառել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Այժմ գնորդները հայտնվել են փաստի առջեւ, քանի որ Վարդուշ Մարդանյանը մահացել է, իսկ ամուսինը պնդում է, որ բնակարանը վաճառվել է առանց նրա իմացության, քանի որ 2002-2005թթ.-ի ընթացքում նա բացակայել է Հայաստանից, եւ կինը բոլորին կեղծ տեղեկատվություն է տվել այն մասին, որ ամուսնացած չէ: «Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է եւ, հետեւաբար, ես նշված բնակարանի համասեփականատերն եմ, չնայած որ այն գնվել է կնոջս անունով»,- գրված է Արսեն Մարդանյանի հայցադիմումում:

Արսեն Մարդանյանի փաստաբան Մնացական Ղազարյանը հրաժարվեց պարզաբանումներ տալ, թե ինչպե՞ս է եղել, որ կինը գործել է առանց ամուսնու իմացության, մանավանդ որ նրանք երկու երեխաներ են ունեցել, կամ ո՞ւր է հիմա այն գումարը, որ կինը ստացել է բնակարանը վաճառելիս: Բնական է ենթադրել, որ այն փոխանցվել է կամ երեխաներին, կամ ամուսնուն: Կամ՝ ինչպե՞ս է եղել, որ պայմանագիրը նոտարիատում կնքելիս չի բացահայտվել կնոջ` ամուսնացած լինելու փաստը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Արամ Ղլեչյանը նշում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն ժամանակ, երբ առաջին անգամ վաճառվեց բնակարանը (2002թ.), Արսեն Մարդանյանը համարվում է տեղեկացված դրա մասին, հետեւաբար նա համարվում է տեղեկացված նաեւ իր իրավունքի խախտման մասին:

«Այդ ժամանակից սկսած՝ երեք տարվա ընթացքում նա կարող էր դիմել դատարան եւ վերականգնել իր խախտված իրավունքը: Սակայն, այդ ժամկետի ավարտից հետո, կիրառվում է հայցային վաղեմությունը, որը հայցի մերժման հիմք կարող է լինել»,- ասում է Արամ Ղլեչյանը:

Հաջորդաբար շահելով դատերը` կողմերն այժմ հայտնվել են Վերաքննիչ դատարանում: Եվ թեպետ տան հետ կապված վեճերը ոչ մի կապ չունեն Արթուր Բարսեղյանի հետ, սակայն արդյունքում ամենաշատը նա է տուժում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter