HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

«Էրեխուն մանկապարտեզ եմ տվել ցերեկվա սնունդի, մեկ էլ տաք ըլնելու համար»

40-ամյա Նազելին իր հինգերորդ երեխային մանկապարտեզ տանելուց հետո գնացել էր հարևանի տուն՝ տաքանալու: Իր տանը փայտ չի վառում, իսկ ամռան ընթացքում հավաքած ստվարաթղթերը, հին կոշիկներն ու շորերը պահում է ձմռանը տաքանալու համար:

«Անհարմար եմ զգում, բայց… այ սենց, զիբիլը հավաքում ենք, որ բերենք վառենք: Փետի հնարավորություն ընդհանրապես չունեմ: Իմ էրեխուն ես մանկապարտեզ եմ տվել զուտ ցերեկվա սնունդի, մեկ էլ տաք ըլնելու համար. երեք տարեկան չկա, երկու տարի ութ ամսական աղջիկ երեխա ա: Հագցնելն էլ… ամեն մեկը մի բան ուղարկում ա, հագցնում եմ»,- ասում է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի երկսենյականոց մի տանն ապրող Նազելին:

Նազելիի մյուս աղջիկները՝ Աստղիկն ու Անահիտը, սովորում են դպրոցում: Անահիտի գրքերի գումարը դեռ չեն տվել: Մայրն ասում է, թե ուսուցիչը գումարն իրենց փոխարեն տվել է, զանգել իրեն ու ասել՝ «որտեղից կուզես՝ ճարի բեր»:

Հարցնում եմ՝ ինչպես են սովորում դպրոցում: «Էրեխեքը գերեզանց չեն սովորում:- պատասխանում է Նազելին,- Շատ բաներ կախված ա ունենալուց: Շատ ժամանակ էլ չեմ հասցնում նույնիսկ տետրերը գնել: Իրենք ընկճվում են, որ չեմ կարողանում...»: Երեխաները, մոր խոսքով, մի քանի օր բացակայել են դասերից, երբ չեն կարողացել պատճենահանման կամ պահանջված այլ գումարները տանել:

Նազելին ցույց է տալիս իրենց անդուռ զուգարան-բաղնիքը: «Տունն ենք լողացնում: Ամոթ էլ ա ասել՝ ձեռ ու ոտ են լվանում, գլուխ են լվանում, ամիսը մի անգամ չեն կարողանում էրեխեքը լողանան»:

Նազելիի՝ ութ հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է 52 հազար դրամ նպաստով և ամուսնու մոր թոշակով: Ամուսինը՝ Արթուրը, աշխատել է Հրազդանի ավտոկայանում՝ օրական ստանալով 1500-2000 դրամ գումար: Վերջերս գնացել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց գործ չգտնելով՝ «դատարկ» հետ է եկել: Հիմա մեծ տղայի՝ 17-ամյա Սաշիկի հետ, գնացել է Երևան: Ապրում են Նազելիի մոր հետ՝ ժամանակավոր գործեր կատարելու հույսով:

Տան դիմաց փոքր հողամաս կա, որտեղ կարտոֆիլ ու լոբի են ցանում: Բայց բերքը մեծ չէ, կաղամբով, կարտոֆիլի սերմով ու այլ անհրաժեշտ մթերքով էլ օգնում են հարևանները: Օրեր առաջ մի խումբ քաղաքացիներ հագուստ, կոշիկ ու սնունդ են տարել ընտանիքին: Նաև ցելոֆան են տարել՝ պատշգամբի պատուհանները ծածկելու համար: «Մինչև էսօր իրանց բերած բրինձ, ձավար, մակարոնով եմ յոլա գնացել: Ինձ համար մեծ բան էր դա, որ գիտես՝ էրեխեդ իրիկունը գոնե էդ ցամաք հացը կուտի կքնի»,- հուզված պատմում է հինգ երեխաների մայրը:

«Ուրիշների տված կաղամբներն ա, նոր մի քիչ առաջ են ուղարկել՝ տար թթու դիր»:

Նազելիի մյուս տղան՝ 15-ամյա Ռուբենը, տեղի ուսումնարաններից մեկում «ավտոսարքավորում» է սովորում: Ուսումն անվճար է, ամսական 4500 դրամ էլ տրանսպորտի գումար է ստանում, բայց քանի որ տունը ուսումնարանից հեռու չէ, գումարը մնում է իրեն: «Գազարը քանդել էինք, կանաչին ունեինք, սոխը տատիկը առել էր, գազարը դրած տունը, չկարողացանք պերեց անենք: Էդ գումարին մի հատ ձեթ ա առել, երեք հատ տոմատ, բերել ա, մենք պերեց ենք փակել, որ ձմեռն ուտեն»,- պատմում է մայրը:

«Մի երկու փակոց ենք արել, էն էլ վախտ ա գալիս, ասում եմ բացեմ, մաման ասում ա՝ բա էն նեղ օրը»:

Ձմռանն ընտանիքը հավաքվում է տան երկու սենյակներից մեկում, որտեղ վառարան կա: Հարցնում եմ, թե ինչ լավ բան կա այդքան խնդիրների մեջ: «Լավ բանը իմ էրեխեքն են, իրանցով եմ ապրում»,- ասում է: Նազելիի համար առաջնայինն այն է, «որ երեխաների սնունդը տեղը լինի…»: Ասում է, որ ինքը կարող է կար ու ձև անել, եթե անասնագոմը վերանորոգեն, անասուններ էլ կկարողանան պահել:

«Հինգ-վեց տարի ա՝ ամուսիններով գետնին ենք քնում ձմեռը: Ութ հոգի ո՞րտեղ քնի»: 

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Եթէ Հովիկ Աբրահամեանը իր տեղափոխութիւններուն համար առանձին օդանաւ վարձելու փոխարէն՝ հերթական օդանաւով ճամբորդէ,-- ինչպէս կ'ընեն Հայաստանէն 10 անգամ աւելի հարուստ երկիրներու վարչապետերը,-- ապա խնայուած գումարով կարելի է բազմաթիւ այսպիսի աղքատ ընտանիքներու ընթացիկ հարցերը լուծել եւ քիչ մը ուրախութիւն խառնել անոնց կեանքին:
Meruzhan
Ես էլ 1-2 երեխա ունեցողների հոգեբանությունը չեմ հասկանում:Մի երեխա են ունենում,որը մեծանում է լկստված,պահանջող,հետագայում էլ թքած ունի ծնողների վրա էլ,հայրենիքի վրա էլ:Իսկ նման ընտանիքներին հովանավորել է պետք,թեկուզ քաղքենի կարծիքը չգրելով,պատճենահանման և այլ գումարներով չնեղելով:Սրանք են երկիրը պինդ դարցնում,քան տաք պաշտոնում նստածը,որը մտածում է թե էլ ոնց գողանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter