HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Պետական մարմիններից շատերը չեն սիրում հաշվետու լինել

«Հետքը» ուսումնասիրություն է իրականացնում Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հայաստանի պետական մարմինների իրականացրած ծրագրերի թափանցիկության վերաբերյալ: Ուսումնասիրության առաջին մասը` իրավապահ մարմինների մասին, ցույց էր տվել, որ պետական մարմինները հիմնականում չեն հրապարակում իրենց ստացած դրամաշնորհների մասին տեղեկատվությունը. դրանք կարելի է ստանալ միայն համապատասխան հարցում ուղարկելու դեպքում:

Եվրոպական միության կողմից հայաստանյան ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է դրամաշնորհների, պայմանագրերի, տեխնիկական և բյուջետային աջակցության տեսքով: ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցությունը համակարգում է Էկոնոմիկայի նախարարութունը: Այս երկուսի տարբերությունն այն է, որ տեխնիկական աջակցության դեպքում երկրին փաստացի գումարներ չեն տրամադրվում, և գործողությունների ու միջոցառումների իրականացումը անմիջականորեն ֆինանսավորվում է ԵՄ կողմից, մինչդեռ բյուջետային աջակցության դեպքում ֆինանսական միջոցները տրամադրվում են պետական բյուջեին` որպես բյուջետային եկամուտ: Ընդ որում, բյուջետային աջակցության արժանանալու նախապայմաններից մեկը բյուջեի թափանցիկ և վերահսկելի լինելն է. «բյուջեի մասին տեղեկությունը պետք է լինի հրապարակային»:

Ավելի քան 1,5 մլն եվրոյի ծրագիր և ոչ մի հրապարակում

Տեխնիկական աջակցության օրինակ է Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնումը 2010 թվականին: Ավելի ուշ` 2013-ին, մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիր` ուղղված դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: Այս ծրագրի արժեքը երկու տարվա համար (2013-2015թթ.) կազմել է 900 հազար եվրո: Այս տարի ԵՄ հայաստանյան պատվիրակության արդեն նախկին ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարել էր, որ ԵՄ-ը շարունակելու է ֆինանսավորման ծրագիրը մինչև 2017-ի մայիս: Չորս տարիների (2013-2017թթ.) ընդհանուր բյուջեն կկազմի 1 մլն 660 հազար եվրո: Այս տեղեկությունը տրամադրվել է «Հետքի» հարցմանն ի պատասխան, ԱԳՆ պաշտոնական կայքում ծրագրի մանրամասները հրապարակված չեն: 2010թ. տարեկան հաշվետվության մեջ, օրինակ, երկու տողով արձանագրված է միայն դպրոցի բացումը:

ԵՄ նոր ծրագրի մեկնարկը 2013թ. հուլիսի 1-ին: Ձախից՝ Տրայան Հրիսթեան և Էդվարդ Նալբանդյանը / Eunewsletter.am

Կրթության ոլորտի ծրագրերի մասին տեղեկությունը տարբեր աղբյուրներում է

Եվրամիության ֆինանսավորմամբ Կրթության և գիտության նախարարության իրականացրած ծրագրերը ընդգրկում են բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտները: Առաջինի դեպքում նախարարությունը նշում է «Տեմպուս» և «Թվինինգ» ծրագրերը: «Տեմպուս»-ի ծրագրերին, որոնք ուղղված են բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը, Հայաստանի գիտակրթական հաստատությունները մասնակցել են 1995թ.-ից: 2010-2015թթ. իրականացվել է 16 ծրագիր, որոնցից յուրաքանչյուրի բյուջեն, ըստ նախարարության հայտնած տվյալների, կազմել է 200 հազարից 1 միլիոն եվրո: Համատեղ իրականացվող այս ծրագրերը ԿԳՆ պաշտոնական կայքում համապատասխան բաժնով ներկայացված չեն: Փոխարենը նախարարությունն առաջարկում է ավելին իմանալ «Տեմպուս»-ի ազգային գրասենյակի պաշտոնական կայքից:

Եվրամիության «Թվինինգ» ծրագրի նպատակը համապատասխան մարմինների վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն օժանդակելն է, ինչպես նաև՝ ԵՄ համընդհանուր օրենսդրության հիման վրա համապատասխան օրենքներ և կանոնակարգեր մշակելուն աջակցելը: Այս ծրագրի շրջանակներում հատկացված գումարով ֆինանսավորվում են հիմնականում ԵՄ համապատասխան փորձագետների խորհրդատվական աշխատանքները:

Կրթության և գիտության նախարարությունը ուսումնասիրվող ժամանակահատվածում իրականացրել է նման մեկ ծրագիր, որը կոչվում է «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով»: Ծրագիրը մեկնարկել է 2014-ի հուլիսին, բյուջեն 1 մլն եվրո է, տևողությունը` 24 ամիս: Ծրագրում, նախարարության տրամադրած տեղեկության համաձայն, ներգրավված են շուրջ 60 միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից:

«Էրասմուս +» ծրագրի տեղեկատվական օր Երևանում, 2014թ. դեկտեմբերի 11-ին / Erasmusplus.am

Ավելի ծախսատար են եղել մյուս` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը: 2011-2015թթ. «Մասնագիտական կրթության ուսուցման բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական բյուջեին պետք է հատկացվի 21 մլն եվրո գումար (որից 19 մլն-ը` որպես բյուջետային, 2 մլն-ը` տեխնիկական աջակցություն):

Այսպիսով, ԿԳ նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն, 2010-2015թթ. ընթացքում կրթության բնագավառում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ընդհանուր գումարը կարող է կազմել մինչև 38 մլն եվրո: Ի պատասխան «Հետքի» հարցին՝ արդյոք այդ ծրագրերի հաշվետվությունները հրապարակվե՞լ են, նախարարությունից հայտնել են, որ կառավարություն են ներկայացվում եռամսյակային հաշվետվություններ, նախարարը ամեն տարի ներկայացնում է դրանք տարեվերջյան ասուլիսում, տեղեկատվություն է տեղադրվում «համապատասխան գերատեսչությունների կայքէջերում», հրատարակվում են բազմաթիվ նյութեր և մեկ պարբերական:

Ֆինանսական ծրագրեր չեն իրականացվել, հրապարակվել են ոչ ֆինանսականները

Քաղաքաշինության նախարարությունը, ի պատասխան «Հետք»-ի հարցման, հայտնել է, որ 2010-2015թթ. Եվրոպական միության ֆինանսավորմամբ ծրագրեր չեն իրականացվել: Այնուամենայնիվ, ԵՄ-ի հետ համատեղ իրականացվել են ոչ ֆինանսական ծրագրեր, ինչպես, օրինակ, Թայեքս (TAEX) գործիքի ներքո միջազգային փորձագետների առաքելությունը 2012-ին, բնակարանային ոլորտին առնչվող միջոցառումներ 2012-2013թթ., որոնք ներկայացված են նախարարության պաշտոնական կայքի «Միջազգային համագործակցություն» ենթաբաժնում հրապարակված հաշվետվություններում:

Էներգետիկայի ոլորտի ֆինանսավորումը չի հրապարակվում նաև հարցման դեպքում

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (ԷԲՊՆ) տեխնիկական աջակցության շրջանակներում որպես ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող առավել երկարաժամկետ ծրագիր նշել է INOGATE-ը, որը ստեղծվել է 1996-ին: Ծրագրի նպատակներն են՝ 11 գործընկեր երկրների կախվածությունը օրգանական հանածո վառելիքի և էներգակիրների ներմուծումից նվազեցնելը, էներգամատակարարման անվտանգությունը բարձրացնելը, ինչպես նաև՝ համընդհանուր կլիմայի փոփոխությունը մեղմելը:

«Հետքի» հարցմանն ի պատասխան ԷԲՊՆ-ի տրամադրած այս տեղեկատվությունն առկա է նաև նախարարության պաշտոնական կայքում, սակայն ո՛չ հարցման պատասխանը, ո՛չ էլ կայքը չեն պարզաբանում, թե ուսումնասիրության ժամանակահատվածում իրականացված ծրագրերի շրջանակում որքան գումար է հատկացվել գերատեսչությանը:

Պատասխան նամակում ԷԲՊ նախարարությունը գրել է նաև «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած վառելիքի կառավարման ռազմավարություն»  փաստաթղթի մշակման մասին, որի նպատակն է ռադիոակտիվ թափոնների և աշխատած վառելիքի անվտանգ կառավարումը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների հիմնական սկզբունքներին համապատասխան պահեստարանների նախագծումը և շահագործումը: Ծրագրի գործողության ժամկետը 2013-2015թթ. են, սակայն կրկին նշված չէ ԵՄ ֆինանսավորման չափը:

Կառավարությանն ուղղված մեր հարցմանը ԵՄ աջակցությունը համակարգող Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանել է, որ «ԵՄ-ն Հարևանության ներդրումային գործիքի միջոցով մասնակցում է մի շարք աջակցության ծրագրերի` Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ»: Որպես նման մի ծրագիր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նշել էր ««Գյումրի-2» ենթակայանի վերականգնում» վարկային ծրագիրը, որի արժեքը 2009-2016թթ. համար, ըստ փաստաթղթի, կազմում է 9,286 մլն եվրո: Ֆինանսավորում է Գերմանիայի Վերականգնման վարկերի (զարգացման) բանկը` KfW-ն, համաֆինանսավորում` Հայաստանի կառավարությունը: Պարզ չէ, սակայն, թե ինչու նախարարությունը չի նշել նույն բանկի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացված այլ ծրագրերի մասին տեղեկությունը, որն առկա է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված միակ` 2013թ. բյուջեի կատարողականում:

«Գյումրի-2» ենթակայանը / President.am

Ի դեպ, թեև ԷԲՊ նախարարության կայքում «Միջազգային համագործակցություն» բաժին կա, սակայն ակտիվ չեն մի քանի ծրագրերի, այդ թվում` «ԵՄ էներգետիկ համայնք»-ի ենթաբաժինները:

Մշակույթի նախարարությունը ԵՄ աջակցությամբ ծրագրեր չի իրականացնում

Մշակույթի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2010-2015թթ. ընթացքում ծրագրերի իրականացման նպատակով Եվրոպական Միության կողմից ֆինանսավորում չի ստացել: Նախարարության կայքում ԵՄ հետ համագործակցության մասին վերջին տեղեկությունը վերաբերում է 2007-ին:

«Միջազգային համագործակցություն» բաժնի գործող օրինակներ

Բնապահպանության նախարարությունից պատասխանել են, որ իրենց վերահսկողության ներքո իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի վերաբերյալ տեղեկանքը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքի «Միջազգային համագործակցություն» բաժնում: Հարցումից օրեր անց կայքում հրապարակված ԵՄ աջակցությամբ իրականացվող բնապահպանական տարածաշրջանային ծրագրերի ցանկում ներառված են հետևյալ ծրագրերը.

- Եվրոպական հարևանություն և համագործակցության գործիք - Բնապահպանական տեղեկատվական միասնական համակարգ, տևողությունը` 2010-2015, ֆինանսավորող` ԵՄ, բյուջեն` 3 մլն եվրո` 6 երկրի համար,

- Աջակցություն կլիմայի փոփոխության մեղմացմանը և հարմարվողականությանը ԵՀՔ արևելյան երկրներում և Ռուսաստանում, 2013-2016, Եվրոպական հանձնաժողով, 3 մլն եվրո` 3 երկրի համար,

- ԵՄ Ջրային նախաձեռնության ԱԵԿԿԱ բաղադրիչի Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման Ազգային քաղաքականության երկխոսության (ԱՔԵ) – Հայաստան, 2012-2015, ԵՄ, 3,2 մլն եվրո,

- Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն, 2012-2015, ԵՄ, 7,5 մլն եվրո` 7 երկրի համար,

- Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, 2013-2015, ԵՄ, 91,260 եվրո:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանն ուղղված մեր հարցումը մնացել է անպատասխան: Նախարարությունը միջազգային կառույցների, այդ թվում` ԵՄ-ի հետ իրականացրած ծրագրերը ներկայացրել է պաշտոնական կայքի «Միջազգային համագործակցություն բաժնում:

Ուսումնասիրված պետական մարմինները, այսպիսով, հիմնականում շահագրգռված չեն իրենց ստացած ֆինանսական աջակցության մասին ամբողջական տեղեկատվությունը հրապարակել: Որոշ դեպքերում այդ տեղեկությունները շատ կցկտուր են նույնիսկ տեղեկատվության մասին հարցում ուղարկելու պարագայում: Մեկ-երկու գերատեսչությունների կայքերում կարելի է գտնել համակարգված տեղեկություններ, թեև դրանց թարմացման պարբերականությունն էլ կասկածի առարկա է: Մնացած դեպքերում կայքի համապատասխան բաժինը թեև կա, սակայն պետական մարմինները նախընտրում են հաշվետու չլինել հարկատուներին:

Գլխավոր լուսանկարը՝ Azatutyun.am

Այս նյութը պատրաստվել է ԵՄ աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, եւ այն որեւէ ձեւով չի արտահայտում ԵՄ տեսակետը: 

Մեկնաբանություններ (1)

Մերուժան
Բավականին մեծ գումարներ տակով անելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter