HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալյուրի հարստացման կողմնակիցները չէին մասնակցում այդ թեմայով գիտաժողովին

Այսօր «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական (ՀԱՍՔ) նախաձեռնությունն ու Սպառողների ազգային ասոցիացիան ցորենի ալյուրի հարստացման թեմայով գիտաժողով էին կազմակերպել: Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել երկու օրինագիծ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացրումներ կատարելու մասին» (դեռևս 2011-ին կառավարությունը հավանություն էր տվել ցորենի հարստացման մասին հայեցակարգին):

Առաջին օրինագծի համաձայն՝ Հայաստանում օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվելու է պրեմիքսներով, այսինքն՝ վիտամինահանքանյութային հավելումներով: Մեր երկրում այդպիսի 7 ալրաղաց կա, որոնց օրական ընդհանուր հզորությունը 1395 տ է: Դրանց արտադրած ալյուրը կազմում է շուկայում իրացվողի 80-85 տոկոսը: Այսինքն՝ բնակչությանն իբրև այլընտրանք են թողել 15 տոկոսը բավարարող փոքր ալրաղացներին:

Ծրագրի նախաձեռնողը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն է՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը: Վերջինս հայտարարել է, որ անվճար տրամադրելու է սարքավորումներ և մեթոդաբանական գիտելիքներ: նախորդ տարվա դեկտեմբերին ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ սարքավորումներն արդեն ներկրել են: Սա՝ այն դեպքում, երբ այս տարվա հունվարին օրինագծի քննարկումը ԱԺ-ում 1 տարով հետաձգվել է:

«ՀԱՍՔ» նախաձեռնության անդամ Աննա Սարգսյանն ասում է, որ այսօրվա գիտաժողովը նպատակ ուներ մեկտեղել բոլորին, լսել կողմ-դեմ կարծիքները: Սակայն գիտաժողովին ներկա չէին ալյուրի հարստացմանը կողմ արտահայտվող գերատեսչական, միջազգային կառույցների ներկայացուցիչները: Աննայի խոսքով՝ մասնակցության հրավեր էին ուղարկել խորհրդարանական խմբակցություններին (ներկա էին միայն ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը), առողջապահության, էկոնոմիկայի նախարարություններին, գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությանը, կրթության և գիտության նախարարությանը (որոշ դպրոցներում ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրվող հարստացված սննդի մասին հարցերին պետք է պատասխաներ), Առողջապահության համաշխարհայաին կազմակերպության հայաստանյան գրասենյակին, ՅՈւՆԻՍԵՖ-ին:

«Մենք ակնկալում էինք, որ նրանք չեն մասնակցելու, քանի որ չունեն հզոր հակափաստարկներ, որոնք կարողանան ներկայացնել, և բանավիճել մասնագետների հետ»,- նշում է Ա. Սարգսյանը: Իսկ թե ինչու չկան շատ բժիշկներ, վերջինս ասաց, որ բժշկական համալսարանի անդամներից ոմանց հրաժարվելը միանշանակ խոսում է այն մասին, որ առողջապահության նախարարությունը պրեսինգի է ենթարկում իր մասնագետներին:

Գիտաժողովը նաև հարստացված ալյուրի ռիսկերի մասին տեղեկացնելու միջոց է: Մասնակիցներին, ըստ մեր զրուցակցի, տրամադրվել էին տպագիր, էլեկտրոնային նյութեր, ապացուցողական բժշկության փաստարկներ, տեսանյութեր:

«Առողջապահության նախարարության ներկայացուցիչները խոսում են ՍՍՀՄ տարիներին ալյուրի հարստացման մասին, ասում են, որ այդ ժամանակ ոչ ոք չէր բողոքում: Այդ տարիներին հարստացվում էր միայն առաջին և բարձր տեսակի ալյուրը, որն օգտագործվում էր գրեթե միայն հրուշակեղենի և մակարոնեղենի արտադրության մեջ, իսկ հացը թխվում էր չտեսակավորված ալյուրից, այսինքն՝ այդ հավելանյութերը չէին մտնում շուկայում մեծ քանակությամբ սպառվող հացի մեջ»,- ասում է նա:

Աննան ասում է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ն ունի հետաքրքիր վերլուծություններ, որտեղ հաշվի են առնվել ՀՀ օրենսդիր մարմնի, ՀՀ սպառողների և ալյուր արտադրողների բոլոր թույլ կողմերը: «Նրանք նույնիսկ օրենսդիր մարմնի սեռային, տարիքային պատկանելությունն են հաշվի առել, թե ինչ մարդկանց հետ պիտի գործ ունենան, ինչպես պետք է ներազդեն նրանց վրա, որպեսզի ընդունվի օրինագիծը, անգամ ինչ սերիալների ժամանակ պետք է օրենքի այդ գովազդն անեն, որպեսզի մարդիկ դրական ընդունեն: Նրանք նշում են ալյուր արտադրողների թույլ կետերը, որ չկա ոչ մի մոնիտորինգ: Այսինքն՝ հսկայական օրենք են անցկացնում, որի համար ոչ մի մոնիտորինգ չի արվել»,- նշում է Ա. Սարգսյանը:

Ըստ նրա՝ օրինագծի ընդունումը միանշանակ հնարավոր է կանխել, եթե լինի պատգամավորների, հանրության, լրատվական միջոցների ակտիվ աշխատանքը: 

Մեկնաբանություններ (1)

parandzem
Բարև ձեզ սկսենք էստեղից որ եթե այն մարդիք որոնք ցանկանում են ալյուրը հարստացնել հենց սկզբից թող այդ ալյուրը իրենք օգտագործեն.իսկ եթե նրանք կհրաժարվեն այդ անել քանի որ կփաստարկեն իբր իրենք հվանդ չեն ու դրա կարիքը չունեն,ապա կարելի է հարցնել,իսկ ինչ միթե մյուս առողջները կարիք ունեն այդ ամենին, որ դուք այդ մարդասպամ ծրագիրը իրականացնելն ստիպում եք և ուրեմն հոժարեք կամ ըստ ձեր ծրագրի ընդունել այդ չափաբաժինը գոնե մի անգամ ու հետո նաև ստուգվել ու այդ ամենից հետո ընդ որում ստուգման արդյունքներից հեո գոնե ձեր մեջ կարթնանա ձեր իսկ անձի հանդեպ խղճմտանք ուզում եմ հավատալ ու այդ դեպքում արդեն դուք կվարվեք ըստ խղճմտանքի այլ ոչ որպես կամակատար ,հավատացեք եթե անգամ ձեզ ինչևից բաներ էլ են խոստացել այդ ամենը նախագծողները հաստատ համոզված եմ նրանց կամակատարը դառնալուց հետո ձեզ հետ կվարվեն այնպես ինչպես դուք վարվեցիք ամբողջ մի ժողովրդի հետ իսկ այ խոստացած գանձերը իրաք կլինեն իբրև Տրոյական ձի ,չգիտեմ արդյոք նման գիտելիքներ ունեք որ հասկանաք թե տրոյական ձին ինչպիսի վնաս հասցրեց տրոյա ընդունողներին ուստի բարի եղեք մարդկության պատմության մի քանի դառը կենսափորձեր ուսումնասիրել մինչ կմտածեք ինչ որ անձանց շահերից ելնելով ձեր իսկ գլուխները գիլյոտինին մոտեցնելու համար լավ մտածեք արդյոք այն մահվան գործիքը որն դուք կիռառելու եք մի ամբողջ ազգ ոչնչացնելու համար արդյոք ձեր առջև էլ չի դրվի ձեր սև գործը անելուց հետո մի մտածեք իմ խոսքերի դառնության հապա արդյունքների մասին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter