HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդիմության հիմնական գործառույթը քաղաքացիական հասարակության զարգացմանն օժանդակելն է

2015թ. մայիսի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովի արդյունքներով Արցախի խորհրդարանում հայտնվեցին 5 կուսակցություններ: Նրանցից ամենաքիչ ձայներ ստացել է ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որն էլ մեկ պատգամավորով ձևավորել է «Վերածնունդ» խմբակցությունը: Հարցազրույցը ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ է:

-«Վերածնունդ» խմբակցությունն ընդամենը մեկ պատգամավոր ունի 33 տեղանոց Ազգային ժողովում: Որպես խորհրդարանական փոքրամասնություն, ի՞նչ եք տեսնում որպես Ձեր հիմնական գործառույթը:

-Ցանկացած երկրում ընդդիմության հիմնական գործառույթը պետք է լինի քաղաքացիական հասարակության զարգացմանն օժանդակելը: Օբյեկտիվ հանգամանքներից ելնելով` իշխանական ուժերը քիչ են մտահոգված քաղաքացիական հասարակության զարգացմամբ, ավելին, նրանք առավելապես ձգտում են վարչական ռեսուրսների կատարելագործման և հասարակության վրա հսկողության նոր մեխանիզմներ ստեղծելուն: Փոքր ռեսուրսներ ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժն այս պարագայում դատապարտված է դառնալու քաղաքացիական հասարակության մաս և պայքարելու քաղաքացիների ակտիվ մասնակցության և որոշումների ընդունման վրա նրանց ազդեցության մեծացման համար:

-Պարոն Խանումյան, Արցախում ժողովրդի մեջ Ազգային ժողովն ունի պասիվ կառույցի իմիջ:  Արդյո՞ք այդ իմիջը փոխվում է 6-րդ գումարման ԱԺ ձևավորումից հետո:

-Ազգային ժողովի պասիվ լինելու վերաբերյալ եղել է քննադատություն, դա մասնավորապես պայմանավորված է եղել նախորդ գումարման Ազգային ժողովի կիսամշտական բնույթով և խորհրդարանում ընդդիմության բացակայությամբ: Փաստը, որ նախորդ հինգ տարում 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները ընդամենը 17 օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, շատ բանի մասին է վկայում: Նամանավանդ, որ այդ պատգամավորների մեջ կային բավականին երկար ժամանակ մշտական հիմունքներով աշխատող, փորձառու քաղաքական գործիչներ:

6-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից սկսած մենք արդեն ունենք մշտական հիմունքներով Ազգային ժողով, 2015թ. մայիսյան ընտրությունների արդյունքում նաև ընդդիմությունն է հայտնվել խորհրդարանի ներսում: Ժողովուրդն Ազգային ժողովից սպասում է ոչ միայն օրենքների մշակում կամ ընդունում, այլ նաև քաղաքական ուժերի հրապարակային գործունեություն, ներկայացուցչական ֆունկցիայի նորմալ իրագործում, քաղաքական ակտիվություն: Վեցերորդ գումարման Ազգային ժողովն այս առումով արդեն իսկ տարբերվում է, հուսով եմ առաջիկայում ևս ակտիվությունը պահպանվելու է: Այս ակտիվությունը միգուցե քիչ տեսանելի է ժողովրդի համար, քանզի Արցախում քիչ լրատվամիջոցներ կան, իսկ Հանրային հեռուստատեսությունն էլ ամեն ինչ անում է Ազգային ժողովի գործունեությունը քիչ լուսաբանելու համար:

-Ինչո՞վ է պայմանավորված Արցախի հանրային հեռուստատեսության նման վարքագիծը:

-Արցախի իշխանությունների համապատասխան հրահանգով: Արցախի հանրայինում իրականացվում է իրական գրաքննություն, քիչ թե շատ քննադատական ելույթները դուրս են մնում եթերից, նույնիսկ օրենքով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հաղորդման շրջանակում չեն հնչում պատգամավորների հայտարարությունները ինչպես հարկն է, իմ ելույթն օրինակ, ենթարկվում է ծիծաղելի մակարդակի մոնտաժի:

-Ազգային ժողովում Ձեր ելույթների ժամանակ սովորաբար իշխանական խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ լքում են նիստերի դահլիճը, արդյո՞ք դա վկայում է քաղաքական անհանդուրժողականության մասին: Արդյո՞ք սա չի նվազեցնում Արցախի քաղաքական ուժերի փոխհամագործակցության մակարդակը:

-Այո, այդպիսի դեպքեր եղել են, երբ իմ գործընկերներից ոմանք, ի պատասխան իմ կողմից կառավարության հասցեին հնչեցրած քննադատության, լքել են նիստերի դահլիճը: Դա ես ոչ թե քաղաքական անհանդուրժողականության վկայություն եմ համարում, այլ անմիջական քննադատությունը լսելու չկամություն: Ենթադրում եմ, որ նման դեպքերը չեն կրկնվի, նամանավանդ, որ կարևոր հարցերի շուրջ համախմբման ներուժ կա, ինչն արտահայտվել է, օրինակ, բոլոր հինգ խմբակցությունների համատեղ հայտարարությունում: Վստահ եմ, որ Արցախի ճակատագրին վերաբերվող բազմաթիվ հարցեր կան, որտեղ այդ համախմբումը պետք է արտահայտվի:

-Ի՞նչ հարցեր եք Դուք հիմնականում բարձրաձայնում Ազգային ժողովում, ի՞նչ օրինագծերի շուրջ եք աշխատում:

-Մեր կուսակցությունն իր ձևավորումից ի վեր հանդես է գալիս տեղական ինքնակառավարման զարգացման օգտին: Վերջերս ես լրացում եմ առաջարկել «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում, որը թույլ կտա իրական մեխանիզմներ ստեղծել տեղական բյուջեների օրենքով նախատեսված աղբյուրների ապահովման համար: Խոսքը վերաբերում է եկամտահարկի, շահութահարկի և բնապահպանական հարկի` համայնքներին տրվող մասհանումներին: Փոփոխություններ ենք առաջարկել նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում, մասնավորապես Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմավորման մասով, այս օրինագծի վրա դեռևս աշխատանքներ կան այն քաղաքական ուժերի կողմից ընդունելի դարձնելու նպատակով: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում իմ առաջարկած փոփոխություններն աշխույժ քննարկում առաջացրին Ազգային ժողովում, ինչի արդյունքում որոշեցինք աշխատանքային խումբ ստեղծել կանոնակարգում փոփոխություններ անելու համար: Իմ առաջարկած փոփոխությունները հիմնականում վերաբերվում էին հանձնաժողովների թվաքանակից քիչ պատգամավորներ ունեցող խմբակցություններին: Այժմ Ազգային ժողովում է կառավարության մշակած ԼՂՀ քաղաքացիական օրենսգիրքը, այստեղ մենք առաջարկում ենք տուժանքների սահմանափակման կետ: Բազմաթիվ քաղաքացիներ են մեզ դիմում պարտքերի հարցով, այդ պարտքերին ու տոկոսներին հաճախ գումարվում են նաև մեծածավալ տուժանքներ, մենք առաջարկում ենք սահմանափակել տուժանքները պարտքի գումարի քսան տոկոսի չափով:

Առաջիկայում մեր գործունեությունն ու առաջարկներն ուղղված են լինելու նրան, որ առավելապես օգտակար լինենք քաղաքացիական հասարակության կայացմանն ու քաղաքացիների` որոշումների ընդունման վրա իրական ազդեցություն ունենալուն:

Հարցազրույցը` Կ. Առաքելյանի

Մեկնաբանություններ (1)

Վահրամ
«Պարոն Խանումյան, Արցախում ժողովրդի մեջ Ազգային ժողովն ունի պասիվ կառույցի իմիջ:» Իբր թէ սա հայերէն է՞...Կիսախառն ռուսերէնի է նմանւում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter